HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղեգնաձորի արտադրական մեծ պոտենցիալից միայն հուշ է մնացել

Եթե խորհրդային տարիներին քաղաքատիպ ավան համարվող Եղեգնաձորում գործում էին տարբեր գործարաններ, որոնք ոչ միայն բազմատեսակ արտադրանք էին տալիս՝ սննդից մինչեւ սարքավորումներ, այլեւ զբաղվածության խնդիր էին լուծում, ապա այսօր Վայոց ձորի մարզկենտրոնում, ըստ քաղաքապետարանի, ընդամենը 3 գործարան է աշխատում:

Եղեգնաձորը քաղաքատիպ ավանի կարգավիճակ է ստացել 1960-ին, իսկ 1996-ին դարձել է քաղաք:

Հին ու բարի ժամանակներ

1977-ին լույս տեսած Հայկական սովետական հանրագիտարանը նշում է, որ Եղեգնաձորում կան պահածոների, պանրի գործարաններ, Երեւանի «Էլեկտրասարք» արտադրատեխնիկական միավորման եւ «Հայգորգ» ֆիրմայի մասնաճյուղերը, «Հայգյուղտեխնիկա» միավորման շրջանային բաժանմունքի նորոգման արհեստանոցներ, տեղական արդյունաբերության եւ կենցաղսպասարկման կոմբինատներ, ծխախոտի մթերման, մեքենամելիորատիվ կայաններ: Ընդ որում՝ 1977-ին ավանն ուներ շուրջ 6000 բնակիչ:  

Իր արտադրանքով Հայաստանում ու դրանից դուրս հայտնի էր Եղեգնաձորի ամենախոշոր ձեռնարկությունը՝ 1967-ին Երեւանի ռելեի գործարանի հիմքի վրա ստեղծված նմանատիպ հիմնարկը: Այսօր էլ Եղեգնաձորի ռելեի գործարանը քաղաքի տնտեսության ամենանշանակալի բաղադրիչներից է: 1967-ին հիմնադրված պահածոների գործարանն էլ, ըստ սովետական հանրագիտարանի, տարեկան արտադրում էր 5 մլն պայմանական տուփ: 1969-ից շրջանի Ելփին գյուղում գործող «Էլեկտրասարք» միավորման մասնաճյուղը 1974-ին տեղափոխվել էր Եղեգնաձոր: Շրջանում առաջատարներից էր 1969-ին ստեղծված Եղեգնաձորի տեղական արդյունաբերության կոմբինատը: Շրջանի արդյունաբերական համախառն արտադրանքում մեծ է եղել «Հայգորգի» Եղեգնաձորի մասնաճյուղի (ստեղծվել է 1957-ին) տեսակարար կշիռը: Գորգագործության համար հումք էր ծառայում շրջանում բուծվող բալբաս տեսակի ոչխարի բուրդը: Եղեգնաձորի պանրի գործարանն իր հերթին հայտնի էր ոչխարի «բրինզա» պանրով:

Ըստ Վայոց ձորի մարզպետարանի կայքի՝ մինչեւ 1990-ականները Եղեգնաձորի ռելեի գործարանում աշխատում էր 1100 մարդ, տրիկոտաժի ֆաբրիկայում՝ 500 հոգի, «Էլեկտրասարքում»՝ 300, պահածոների գործարանում՝ 250, կոշիկի ֆաբրիկայում՝ 200: Արդյունաբերական ձեռնարկությունները, որոնցում աշխատում էր Եղեգնաձորի բնակչության 35 տոկոսը, ներկայում չեն գործում:

2018 թ. ապրիլի 1-ի դրությամբ, համաձայն պետական վիճակագրական տվյալների, Եղեգնաձորի բնակչությունը 7500 մարդ է. քաղաքում, ըստ համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի, 3 գործարան է աշխատում՝ ռելեի (36 աշխատատեղ), պանրի (12 աշխատատեղ), պահածոների (42 աշխատատեղ):

Եղեգնաձորում այծի պանիր են արտադրում

Պանրի նոր գործարանը հնի հետ առնչություն չունի: Խորհրդային ժամանակների գործարանը վաղուց չի աշխատում, իսկ նոր գործարանը հիմնադրել է Խաչիկ Մարտիրոսյանը, ով 2000 թվականից զբաղվում է այծաբուծությամբ: «Գոլդեն գոութ» ընկերության եւ դրա «ոսկե» այծերի մասին գրել էինք դեռ 4 տարի առաջ:

Այծի պանիր արտադրող գործարանը Հայաստանում վերականգնել է խորհրդային ժամանակների ավանդույթները: Խ. Մարտիրոսյանն ասում է, որ այծի կաթը փոխարինում է մայրական կաթին. ի տարբերություն կովի՝ այծը սնվում է ծաղիկներով, եւ դրա կաթը հարուստ է սպիտակուցներով, իսկ խոլեստերինը քիչ է: Եղեգնաձորի այծի պանիրը վաճառվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ արտահանվում է:  

Պահածոների գործարանը ընդլայնում է տեսականին

Ի տարբերություն պանրի գործարանի՝ պահածոների գործարանը 1967-ին հիմնադրված արտադրության շարունակությունն է: Գործարանի աշխատակազմի ղեկավար Անուշ Պողոսյանը պատմում է, որ այն վերագործարկվել է 2015-ին: Եղբայրը՝ Սարգիս Պողոսյանը, «Եղեգնաձորի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրենն է: Ըստ Ա. Պողոսյանի՝ գործարանի սեփականատերը եղբայրն ու նրա մի քանի ընկերներն են:

Աշխատակազմի ղեկավարը պատմում է, որ անկախությունից հետո գործարանը կրկին մասնավորի ջանքերով մի քանի ամիս աշխատել է, սակայն հետո նորից պարապուրդի է մատնվել: Ներկա ղեկավարության օրոք մթերումները սկսվել են հենց 2015-ին, նույն տարվա հունիսից արտադրանք են տվել: Մայիսին, երբ այցելեցինք գործարան, արտադրամասը վերանորոգման փուլում էր. Անուշն ասում է, որ ամեն տարի սեզոնի բացումից առաջ այն վերանորոգում է անցնում: Իսկ սեզոնը տեւում է հունիսից մինչեւ դեկտեմբեր: Այդ ընթացքում, ըստ մեր զրուցակցի, այստեղ մինչեւ 200-250 հոգի է աշխատում:  

Այսօր գործարանն արտադրում է շուրջ 40 տեսակի բանջարեղենային պահածոներ, 15 տեսակի մուրաբաներ, ջեմեր, 13 տեսակի կոմպոտներ: Այս տարվանից պատրաստելու են նաեւ մսային պահածոներ՝ տոլմաներ: Լինելու է պահածոյացված տոլմայի մի քանի տեսակ՝ խաղողի թփով, կաղամբով, բրնձով, ոսպով, պասուց տոլմա: Ըստ Ա. Պողոսյանի՝ 2016-ին Մոսկվայի «Պրոդէքսպոյում» պահածոյացված տոլմայի նմուշները ոսկե մեդալ են շահել որպես ինովացիան ապրանք: Այս տարի թողարկելու են նաեւ մրգային օղիներ, ջուր, ջերմուկ եւ գազավորված ըմպելիքներ: Գործարանն իր տեսականին արտահանում է Ռուսաստան, ԱՄԷ՝ Դուբայ, Չեխիա եւ ԱՄՆ՝ Լոս Անջելես: Հայաստանում այն ներկայանում է «Այգեպան» ապրանքանիշով, ՌԴ-ում՝ «Вкус Армении», իսկ մյուս երկրներում՝ «Taste of Armenia»:

Աշխատակազմի ղեկավարն ասում է, որ իրենց հումքը տեղական է, հիմնականում Վայոց ձորից են մթերումներ անում, սակայն մյուս մարզերից էլ են օգտվում: Նշում է, որ գործարանի պահածոն միջին սեգմենտի գին ունի, մասնավորապես Ռուսաստանում իր որակի հաշվին բավականին մրցունակ է նաեւ ռուսական արտադրանքի հետ:

Եղեգնաձորից՝ հայտնի մեքենաշինական ընկերություններին

Ռելեի գործարանը գտնվում է Եղեգնաձորի կենտրոնում՝ դեպի վեր բարձրացող Միկոյան փողոցի վերջում: Այն մի տեսակ իշխում է քաղաքի մյուս կառույցների վրա: Բայց այսօր գործարանի երբեմնի հզորության մասին խոսում է, թերեւս, միայն հսկա շենքը: 1967-ին հիմնադրված ռելեի գործարանն այժմ կոչվում է «Ռաֆէլգրիգ» ՓԲԸ, որի գլխավոր տնօրենը Ռաֆայել Գրիգորյանն է (վերջինս պահածոների գործարանի տնօրեն Սարգիս Պողոսյանի աներն է):

Գործարանի հիմնական թիրախում ավտոարդյունաբերության մեջ գործածվող ռելեներն են: Ոչ վաղ անցյալում այստեղ ռելեներ էին արտադրում էին նաեւ ինքնաթիռների համար: Ձեռնարկության արտադրանքը կիրառվում է հետխորհրդային երկրներում մեծ տարածում ունեցող մակնիշների մեքենաների վրա («ԿամԱԶ», «Լադա», «ՈւԱԶ», «ՊԱԶ», «ԳԱԶ», «ԶԻԼ», «Ուրալ», «Իժ», «ԿԱվԶ», «ՄԱԶ», «ԿրԱԶ», «ԲելԱԶ»): Դրանք թեթեւ մարդատար ու բեռնատար մեքենաներ են, ավտոբուսներ, տրակտորներ, գյուղատնտեսական եւ հատուկ տեխնիկա:

Այդուհանդերձ, որքան էլ սերտ լինի համագործակցությունը արտասահմանյան ընկերությունների հետ, մեծ գործարանն այսօր աշխատում է իր նախկին հզորության մի մասով միայն: Ժամանակին ավելի քան 1000 հոգու աշխատատեղ ծառայած հիմնարկը հիմա մի քանի տասնյակ աշխատող ունի:

Եղեգնաձորում արտադրական ձեռնարկությունների բացակությունը մեկն է այն պատճառներից, որոնք քաղաքի երիտասադրությանը դրդում են տեղափոխվել, օրինակ, Երեւան: Քանի որ մարզկենտրոնում ընդամենը 1 բուհ կա (ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը), երիտասարդության մեծ մասը մայրաքաղաքում սովորելուց հետո փորձում է աշխատանք գտնել ու հաստատվել այստեղ:  

Մեկնաբանություններ (1)

GB
Armenia does not have proper marketing system due to lack of interest by investors and government corrupted elements! These lovely products can be export to Western world if they meet EU safety standard!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter