Ըստ Կապանի համայնքապետի՝ Ծառուկյանի ընկերությունը դադարեցրել է շինարարությունը
«Արարատցեմենտ» ՓԲԸ-ին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումից հետո ընկերությունը շինարարությունը չի շարունակել, կառույցները գտնվում են նույն վիճակում: Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշել է Կապանի համայնքապետ Աշոտ Հայրապետյանը:
«Արարատցեմենտ» ընկերությունը պատկանում է «Ծառուկյան» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին: Հիշեցնենք, որ ընկերությունը Կապանի մուտքի մոտ՝ քաղաքի օդանավակայանի անմիջական հարևանությամբ, սկսել է կառուցել ցեմենտի աղացման արտադրամաս: Ընկերության՝ շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային լսումները դեռ չեն ավարտվել, չի տրվել շինթույլտվություն, բայց արտադրամասը մասամբ կառուցվել է, ինչի համար Կապանի համայնքապետարանը 600 հազար դրամով տուգանել է ընկերությանը:
Այս տարվա ապրիլին եղել ենք արտադրամասի տարածքում: Շինարարաները մեզ հետ զրույցում նշել էին, որ առավելագույնը 3-4 ամսից ամբողջապես ավարտելու են աշխատանքները: Մենք նկատել էինք, որ տարածքում շարունակվում է շինարարությունը, բայց, փաստորեն, Ա. Հայրապետյանը հակառակն է պնդում:
Վերջինս նաև նշել է, որ համայնքապետարանը հետևում է տարածքում ընթացող գործողություններին. ըստ այդմ՝ «Արարատցեմենտ» ընկերությունը միայն իր ձեռքբերած մեքենա-սարքավորումները, ագրեգատները և կոնստրուկցիաներն է տեղափոխել իր սեփականություն հանդիսացող տարածք և կատարել բեռնաթափման, պահեստավորման կամ տեղակայման բնույթ կրող աշխատանքներ, որոնց համար շինարարության թույլտվություն չի պահանջվում:
Հիշեցնենք նաև, կապանցի բնապահպանները այս արտադրամասի կառուցմամբ բնապահպանական ռիսկեր են տեսնում: Օրեր առաջ նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել են ժամանակավորապես դադարեցնել մարզում բնապահպանական խնդիրներ առաջացնող մի շարք տնտեսական (հիմնականում հանքարդյունաբերական) ծրագրերի գործունեությունը. այդ ցանկում է նաև «Արարատցեմենտի» ցեմենտի աղացման արտադրամասը:
Մեկնաբանել