
Նախնական տվյալներով՝ Էջմիածնի համայնքապետարանում ստուգումներ կիրականացվեն բոլոր ուղղություններով
Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ մարզպետարանում աշխատանքային քննարկումների ժամանակ արդեն տվել է հանձնարարականներ Էջմիածնի համայնքապետարանում ստուգումներ իրականացնելու վերաբերյալ: Մարզպետի խոսքով՝ համայնքապետարանում ստուգումներ կարող են իրականացվել բողոքների հիման վրա, եթե իհարկե չկան պլանային ստուգումներ, իսկ Էջմիածնում եղել են նման բողոքներ:
Մարզպետը տեղեկացրեց, որ համայնքի ավագանու կողմից քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականն ընդունելուց հետո նշանակվելու է ժամանակավոր պաշտոնակատար և մարզպետարանը դիմելու է վերջինիս, որպեսզի տրամադրվեն բարձրաձայնված հարցերի պատասխանները:
Տեղեկացնենք, որ քիչ առաջ Էջմիածնի ավագանին միաձայն որոշեց ընդունել Կարեն Գրիգորյանի հրաժարականը:
Մարզպետն ասաց, որ նախնական տվյալներով համայնքապետարանում ստուգումներ իրականացվելու են բոլոր ուղղություններով՝ ֆինանսական, հողահատկացման, քաղաքաշինական, կրթական, առողջապահական և այլն:
«Նամակով կդիմենք քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին, եթե լինեն, իհարկե խնդիրներ, այս պահին չեմ կարող ասել, նա բարձրաձայնի այդ մասին, ստուգման թեման կփակվի, այսինքն՝ չենք գնա ինքնանպատակ ստուգումների, պետական ռեսուրս չի ծախսվի»,- ասում է Գագիկ Միրիջանյանը:
Մարզպետից հետաքրքրվեցինք՝ Էջմիածնից բացի, հնարավո՞ր է այլ համայնքներում ևս ընդվզումներ լինեն:
«Իհարկե՝ այո: Առաջին իսկ օրվանից արդեն կան ընդվզումներ: Ես բազմիցս հայտարարել եմ, որ ցանկացած կողմին պատրաստ եմ լսել և կառուցողական մոտեցում ցուցաբերել: Այս պահին փոքր ընդվզում կա Արմավիր քաղաքում: Ես երիտասարդներին չեմ կարող հորդորել գալ ինձ մոտ, բայց այսօր հայտնեցին, որ ցանկություն ունեն ինձ հետ հանդիպելու, պատրաստ եմ ընդունել նրանց, զրուցել»,-ասաց Գ. Միրիջանյանը:
Գագիկ Միրիջանյանն ասում է, որ ընդվզումներով, բողոքի ակցիաներով ժողովուրդն իր դժգոհությունն է արտահայտում այս կամ այն երևույթի նկատմամբ, և այս պահին այլ կարծիք չունի դրա վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Կարեն Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունիսի 18-ին: «Ես` Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով», - ֆեյսբուք էջում գրել էր Կ. Գրիգորյանը: Հրաժարականից առաջ ԱԱԾ-ն նրա հոր՝ Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատներում խուզարկություն էր կատարել եւ հրապարակել՝ տեսանյութ։ Իսկ դրանից առաջ՝ մի քանի օր շարունակ էջմիածնեցիները պահանջում էին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը։
Մեկնաբանել