HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ազատամուտցիները համայնքապետի հրաժարականի պահանջով հանդիպել են մարզպետին

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ավագանու որոշ անդամներ, մի խումբ գյուղացիներ և համայնքապետ Ժորա Մարտիրոսյանը երեկ հանդիպել են Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին:

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց ավագանու անդամ Վահագն Ալավերդյանը, ազատամուտցիները համայնքապետի նկատմամբ ունեցած դժգոհությունների համար որոշել էին երեկ փակել Իջևան-Նոյեմբերյան հանրապետական նշանակության ճանապարահը, սակայն կիրակի օրը երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ցուցարարներին հորդորել էր դադարեցնել բողոքի ակցիաները և չխանգարել կառավարության բնականոն աշխատանքին: Փաշինյանի այս կոչը լսելով՝ գյուղացիները որոշեցին չփակել ճանապարհը:

Մինչ մարզպետ Վահե Ղալումյանի հետ հանդիպումը, գյուղացիները փորձել են համայնքապետարանում հանդիպել համայնքապետ Ժորա Մարտիրոսյանի հետ, սակայն ավագանու անդամի փոխանցմամբ՝ վերջինս խուսափել է: Տեղեկանալով գյուղացիների դժոգոհությունների մասին՝ մարզպետ Վահե Ղալումյանը ցուցարարներին խնդրել է մարզպետարանում հանդիպել իր հետ: Մարզպետը լսել է ավագանու անդմաների և գյուղացիների պահանջներն ու բողոքները:

Այդ հանդիպումից հետո ներկա գյուղացներն ու ավագանու անդամները մարզպետի հետ համայնքապետարան են եկել և հանդիպել համայնքապետ Ժորա Մարտիրոսյանին, ում մոտ պահվում են ավագանու անդամների տարիներ շարունակ պահանջած փաստաթղթերը: Այդ հանդիպման ընթացքում համայնքապետը ավագանու անդամներին է փոխանցել նրանց կողմից պահանջվող փաստաթղթերի մի մասը։ «Պայմանավորվել ենք, որ եղած փաստաթղթերը մենք կուսումնասիրենք և կորոշենք մեր հետագա անելիքները, և, թե ինչ ավել փաստաթուղթ է մեզ պետք: Բնակչության պահանջը առաջին հերթին այն էր, որ  համայնքապետը իր գործելաոճով արդեն սպառել է իրեն և ժամանակն է, որ նա հեռանա: Մարզպետը խնդրեց, հորդորեց` ավելի լավ կլինի փաստաթղթերը ուսումնասիրենք, որ ավելի հիմնավորված պահանջը ներկայացնենք»,- նշեց Վահագն Ալավերդյանը:

Ամենայն հավանականությամբ ավագանու անդամները մարզպետին կհանդիպեն վաղը՝ համայնքապետից ստացած փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո:

Մեր նախորդ հրապարակումներում հայտնել էինք, որ Ազատամուտում մոտ երկու տարի տարաձայնություն կա համայնքի ղեկավարի և ավագանու որոշ անդամների միջև։ Ավագանու նախորդ անդամներից ոմանք չէին ներկայանում նիստերին, քանի որ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանն ավագանու նորընտիր անդամներին կրկին հրաժարվում էր տեղեկություններ տրամադրել 2016 թվականի ծախսերի և 2017-ի բյուջեի վերաբերյալ, ինչպես նաեւ հրապարակել այն անձանց անունները, ովքեր աշխատավարձ և սոցիալական օգնություն են ստացել համայնքային բյուջեից։ Նիստերի ընթացքում էլ համայնքապետի հետ հաճախ վեճեր են եղել։ Նախորդ տարի մեզ հաջողվել էր ստանալ սոցիալական օգնություն ստացած անձանց ցանկը, զրուցել էինք նրանցից մի քանիսի հետ, որի արդյունքում պարզվել էր, որ ցանկում ներառվածներից երկուսը համայնքապետից օգնություն չէին ստացել։

Այդ հրապարակման հիման վրա հարուցվել էր քրեական գործ, պարզվել էր, որ Ազատամուտում կեղծվել են սոցօգնություն ստանալու որոշ դիմումներ։ Սակայն հարուցված քրեական գործը կարճվել էր, և մերժվել էր քրեական հետապնդում իրականացնելու մասին որոշումը։

Նշենք, որ 2017 թվականի նոյեմբերի 16-ին կառավարությունը որոշեց, որ մարտի 11-ին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում ավագանու անդամների արտահերթ ընտրություն կանցկացվի, քանի որ 2016 թվականի սեպտեմբերի 18-ին ընտրված ավագանու 9 անդամներից 5-ը մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել են ավագանու նիստերի ավելի քան կեսից։ Ավագանու անդամ Ալիկ Էլարյանը դատի էր տվել կառավարությանը՝ պահանջելով անվավեր ճանաչել ընդունած որոշումը։ Սակայն վարչական դատարանը փետրվարի 22-ին մերժել էր Ազատամուտի ավագանու անդամ Ալիկ Էլարյանի հայցադիմումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter