HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կստուգվի Ազատամուտի վերջին 4 տարիների ֆինանսական գործունեությունը

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի հանձնարարականով կստուգվի Ազատամուտ համայնքի վերջին 4 տարիների ֆինանսական գործունեությունը: Այս մասին տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքից:

Ազատամուտ համայնքի ավագանու 5 անդամները երկու անգամ՝ հունիսի 18-ին և հունիսի 26-ին, դիմել են մարզպետ Վահե Ղալումյանին` տեղեկացնելով, որ համայնքի ղեկավարից բազմիցս տեղեկատվություն են պահանջել նրա աշխատակազմի, համայնքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ, որը, սակայն, նա երբեք չի տրամադրել:

Ավագանու անդամները առաձնացված կերպով նշել են պահանջվող տեղեկատվությունը, խնդրել մարզպետի միջնորդությունը դրանք սահմանված կարգով ստանալու համար: Նրանք մարզպետին ներկայացրած դիմումներում կասկած են հայտնել, որ Ազատամուտի բյուջեում տեղ չեն գտել բնակչությունից փաստացի գանձված տեղական վճարները:

Ավագանու անդամների բարձրաձայնած հարցերին պատասխանելու համար մարզպետը հանձնարարել է ստուգել Ազատամուտի վերջին 4 տարվա ֆինանսական գործունեությունը, որի նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Դրանում ընդգրկվել են մարզպետարանի մի շարք վարչությունների աշխատակիցներ:

Նշենք, որ հունիսի 27-ին ազատամուտցիները և համայնքի ավագանու որոշ անդամներ համայնքապետի հրաժարականի պահանջով հանդիպել էին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի հետ:

Այդ հանդիպումից հետո ներկա գյուղացիներն ու ավագանու անդամները մարզպետի հետ համայնքապետարան էին եկել և հանդիպել համայնքապետ Ժորա Մարտիրոսյանին, ով ավագանու անդամներին է փոխանցել տարիներ շարունակ նրանց պահանջած փաստաթղթերի մի մասը:

Մեր նախորդ հրապարակումներում հայտնել էինք, որ Ազատամուտում մոտ երկու տարի տարաձայնություն կա համայնքի ղեկավարի և ավագանու որոշ անդամների միջև։ Ավագանու նախորդ անդամներից ոմանք չէին ներկայանում նիստերին, քանի որ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանն ավագանու նորընտիր անդամներին կրկին հրաժարվում էր տեղեկություններ տրամադրել 2016 թվականի ծախսերի և 2017-ի բյուջեի վերաբերյալ, ինչպես նաեւ հրապարակել այն անձանց անունները, ովքեր աշխատավարձ և սոցիալական օգնություն են ստացել համայնքային բյուջեից։ Նիստերի ընթացքում էլ համայնքապետի հետ հաճախ վեճեր են եղել։ Նախորդ տարի մեզ հաջողվել էր ստանալ սոցիալական օգնություն ստացած անձանց ցանկը, զրուցել էինք նրանցից մի քանիսի հետ, որի արդյունքում պարզվել էր, որ ցանկում ներառվածներից երկուսը համայնքապետից օգնություն չէին ստացել։

Այդ հրապարակման հիման վրա հարուցվել էր քրեական գործ, պարզվել էր, որ Ազատամուտում կեղծվել են  սոցօգնություն ստանալու որոշ դիմումներ։ Սակայն հարուցված քրեական գործը կարճվել էր, և մերժվել էր քրեական հետապնդում իրականացնելու մասին որոշումը։

Նշենք, որ 2017 թվականի նոյեմբերի 16-ին կառավարությունը որոշեց, որ մարտի 11-ին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում ավագանու անդամների արտահերթ ընտրություն կանցկացվի, քանի որ 2016 թվականի սեպտեմբերի 18-ին ընտրված ավագանու 9 անդամներից 5-ը մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել են ավագանու նիստերի ավելի քան կեսից։ Ավագանու անդամ Ալիկ Էլարյանը դատի էր տվել կառավարությանը՝ պահանջելով անվավեր ճանաչել ընդունած որոշումը։ Սակայն վարչական դատարանը փետրվարի 22-ին մերժել էր Ազատամուտի ավագանու անդամ Ալիկ Էլարյանի հայցադիմումը։

Լուսանկարում Ազատամուտի համայնքապետ Ժորա Մարտիրոսյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter