HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

ARTsakh Fest. փառատոն, որը «չի ավարտվում». զրույց Նազարեթ Կարոյանի հետ

Ամփոփվեց Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի վթարային շենքում անցկացվող ARTsakh Fest ժամանակակից արվեստի նախագիծ- փառատոնը։

Հոկտեմբերի 5-7-ը Ստեփանակերտի սրտում գտնվող ճարտարապետական յուրահատուկ կառույցը, չնայած իր անմխիթար վիճակին, հյուրընկալեց միջազգային եւ տեղացի արվեստագետներին, «շնչեցին» շինության սենյակները, մաքրվեց սնկով պատված, տեղ-տեղ արդեն քանդված հատակը, բեմն իր վրա կրեց քանդակները, բեմական փոսը՝ ինստալացիա․․․

Երեք օր շարունակ ստեփանակերտցիները հնարավորություն ունեցան անցնելու իրենց սիրելի թատրոնի շենքի հիմնական ու հետբեմական սրահներով, մասնակիցը դարձան ինտերակտիվ ինստալիացիաների, հանդիպեցին փերֆորմանսների հեղինակներին,  մտան Դիմա Եգորովի ուտոպիական բար- սրճարանն ու կիսվեցին, թե ինչքան են երազում թատրոնի շենքը վերկանգնված տեսնել։

Դեռ սեպտեմբերին, երբ զրուցում էի ARTsakh Fest փառատոնի գաղափարի հեղինակ, համադրող, Ժամանակակից Արվեստի ինստիտուտի ծրագրերի ղեկավար Աննա Կամայի հետ, մի բան պարզ էր․ հիմնական նպատակը  փառատոնային միջամտությամբ թատրոնի կառուցվածքային եւ բովանդակային իմաստը վերկանգնվելուն միտված փորձի իրականացումն է։

Այսօր, երբ արդեն Ժամանակակից Արվեստի ինստիտուտի լաբորատորիայում մշակված փառատոն-նախագիծը կյանքի կոչվեց, կարելի է ասել, որ «միջամտությունը» ստացված է, քանի որ համայնքը համախմբվել էր նշանային կառույցի շուրջը, որի վերականգնման հայտը ամրագրվել է։

Փառատոնի արդյունքների, արվեստային միջամտությունների եւ ընթացքի մանրամասների շուրջ զրուցեցի Ժամանակակից արվեստի ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, արվեստի քննադատ, համադրող Նազարեթ Կարոյանի հետ։

Սկսենք Ստեփանակերտի եւ ժամանակակից արվեստի հնարավոր առնչության մասին։ Որպես ժամանակակից արվեստի փառատոն՝ ARTsakh Fest-ը կայացա՞վ այս միջավայրում։

Փառատոնի հիմքում, գիտեք, ընկած է Աննայի «հայտնագործությունը», որ կապված է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի հետ։ Աննան բավականին ակտիվ եւ թափանցող անձնավորություն է, կարողանում է տարբեր միջավայրեր կապակցել, որը ժամանակակից արվեստի պրակտիկ տեսանկյունից շատ կարեւոր է։

Ստեփանակերտի թատրոնի շենքում ժամանակակից արվեստի փառատոն անցկացնելու միտքը մեր ինստիտուտի գործունեության ռազմավարության հետ էր համընկնում, որովհետեւ ԺԱԻ գործառույթներից մեկը նաեւ ապակենտրոնացումն է՝ Երեւանից դուրս արվեստային գործունեություն ծավալելը։

Ինձ համար «ժամանակակից» ժամանակակից արվեստը մի գործունեություն է, արտադրություն եւ գոյավիճակ, որը ուղղակիորեն առնչվում է համայնքի հետ, համայնքի սրտում լինելու հետ, համայնքի սրտի աշխատանքի հետ։ Իսկ Ստեփանակերտի թատրոնը տեղի մշակութային կյանքի սիրտն է։

Որքան, որ ես հասցրեցի նկատել, փառատոնային այս երեք օրերի ընթացքում տեղացի դիտողը, այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ բացատրության կարիք ուներ նաեւ։

Միանշանակ։ Ժամանակակից արվեստի ցանկացած նախագիծ եւ՛ իր հայտնվելու կերպով, եւ՛ իր ներկայությամբ բացատրության կարիք ունի, եւ, եթե «հայտնաբերողը», մարդը, ով առնչվում է այդ ներկայությանը, չի տիրապետում ժամանակակից արվեստի ստեղծագործությունն ընթերցելու «կոդերին», ուրեմն իրեն պետք է այդ «կոդերը», պայմանական նշանները բացատրել․․․ Բացատրելուց անմիջապես հետո հստակ կդառնա արտաքնապես շատ անսովոր, նույնիսկ արվեստի հետ առաջին հայացքից որեւէ առնչություն չունեցող կազմվածքը, ինստալիացիան։

Հետաքրքիր է, որ ամերիկացի արվեստագետ Քենդի Չանի «Խոստովանություններ» ինստալիացիային տեղացիներից շատերը մասնակցեցին։

Փառատոնի մեկ այլ մասնակից՝ Վիլլին, եկավ, խնդրեց մի քանի «խոստովանություն» թարգմանել անգլերեն (դրանք արդեն փակցված էին ինստալացիայի մաս կազմող գրատախտակներին)։

Խոստովանաթերթիկներից մեկի վրա մի կին գրել էր, որ սիրում է իր ամուսնուն։ Վիլլին զարմացավ, ասաց՝ արդյոք այստեղ ամուսնուն անմիջապես չի կարելի ասել զգացմունքը բանավոր կերպով։ Այս հարցի շուրջ ես էլ սկսեցի մտածել։

Մասնակցողը այս դեպքում փաստորեն «բացատրության» կարիք չունի ինքը «խոստովանում» է՝ գուցեեւ հեռանալով կոնցեպտից։

Քենդի Չանի ինստալիացիան ինտերակտիվ է։ Ամբողջ հարցն այն է, որ ինտերակտիվ ստեղծագործությունները ենթադրում են խաղային մոտեցում, իսկ երբ խաղի պայմանները պարզ են մասնակցի համար, ինքը կարողանում է խաղալ այդ խաղը։

Տվյալ դեպքում խոսքը ոչ թե էլեկտրոնային ինտերակտիվ միջամտության, այլ, այսպես ասած, ֆիզիկական ինտերակցիայի մասին է, եւ նրանք, ովքեր հասկանում են, թե ինչ տիպի ինտերակցիա է իրենցից պահանջվում, կարողանում են հարաբերության մեջ մտնել ժամանակակից արվեստի գործի հետ։

Քենդի Չանի այս ինստալիացիան անցյալ տարի Երեւանում էլ իրականացրեցինք։ «Խոստովանությունների» մեծ մասը քաղաքական քարոզ էր կամ քննադատություն․ մասնակիցները կարծում էին, որ հենց դա է «խոստովանությունը»․ այսինքն մի բան, որ ամեն վայրկյան տեղի է ունենում ֆիզիկական տարածության կամ մեդիատարածության մեջ։

Շատ հաճախ նման քննադատությունը բացարձակապես կապ չունի խոստովանություն լինելու հետ, բայց նախագծի հիմքում մի բան կա՝ անանունությունը, որը թույլ է տալիս ազատվել ինչ-ինչ բաներից․․․ Եվ հնարավոր է, որ ինչ-որ մեկը քաղաքական քննադատություն կամ զայրույթ արտահայտելու կարիք ունի․ ինքը հաշվի չի առնում, որ դա, այսպես ասած, «խոստովանական ժանրից» դուրս է, որովհետեւ անանունությունը նախ թույլ է տալիս արտահայտվել։

Եվ ինչ-որ առումով տվյալ ինստալիացիան դառնում է արտահայտման հարթակ փաստորեն։

Այո, դա կլինի քաղաքական քննադատություն, կլինի զայրույթ կամ պարզապես կարծիք արտահայտելու հնարավորություն․ այսինքն ստացվում է՝ մենք ավելի շատ գործ ունենք ազատագրման գործիքի հետ, որը հետո բառիս բուն իմաստով դառնում է «խոստովանելու» գործիք։

Այս ինստալիացիան իրականացրեցինք նաեւ ARTsakh Fest-ի շրջանակներում՝ հակված լինելով, որ Արցախի մեկուսացած հասարակությանը նման գործիքը թույլ կտա արտահայտվել, պատկերացումներով եւ իղձերով կիսվել, բացել հոգեբանական շերտերի խորքերում գտնվող մոտիվները, որոնցից արվեստագետն առաջարկում է «ազատվել»։

Փառատոնի մասնակցային պրոցեսն ինչպե՞ս եք գնահատում առհասարակ։

Շատ բարձր։

Ինձ թվաց, որ լքված ու արդեն քայքայվող թատրոնի շենքը նաեւ նոստալգիկ տրամադրություն է ստեղծում։

Նոստալգիկ տարր կա, կա նաեւ երազանքները գոնե կարճ ժամանակով, սիմվոլիկ ձեւով իրականացված տեսնելու մի հնարավորություն, որից էլ բխում էր մասնակցային ակտիվ, բարձր մակարդակը։

Ինչու՞ եմ ասում «բարձր», որովհետեւ սկսած պատկան մարմիններից՝ Մշակույթի նախարարությունից, Ստեփանակերտի քաղաքապետարանից մինչեւ քաղաքացին եւ կամավորը, տարբեր կերպով ապահովեցին իրենց մասնակցությունն ու հնարավոր աջակցությունը։

Որպեսզի ավելի պարզ լինի, մի հետաքրքիր հոգեբանական դրվագ պատմեմ փառատոնի իրականացման աշխատանքային պրոցեսից։

Շենքի արտաքին լուսավորության աշխատանքները կազմակերպելու համար հատուկ մեքենա էր պետք, որը շարժական աշտարակ-զամբյուղ կունենար՝ բարձր կետերում էլեկտրալարերն անցկանցելու համար։ Աշխատանքային պրոցեսում մի վարորդի հետ ծանոթացա, ում միջնորդությամբ այդպիսի մեքենա գտանք։

Վարորդը եկավ, իր պայմաններն ասաց (պայմանները հարմար էին, եւ սակարկելու կարիք չկար անգամ)։ Երբ կարծես համաձայնության եկանք, սկսեց փառատոնի մանրամասների մեջ մտնել, հարցեր տալ, հասկացավ, որ փառատոնն իրականացվում է ինչ-որ առումով ամեն մեկի անձնական «զոհաբերությունների», նվիրումի շնորհիվ։

Այդ զրույցից հետո սկսեց իրեն վատ զգալ, հասկացավ, որ ինքը չի կարող նման «զոհաբերություն» անել, որովհետեւ մեքենան ծախսեր է ենթադրում, բայց մյուս կողմից էլ ինքը չի ուզում դիտարկվել որպես մեկը, ով նմանտեսակ մթնոլորտում «փող պիտի աշխատի»։

Ես փորձեցի բացատրել, որ մեկը մյուսի հետ կապ չունի, բայց, չեք պատկերացնի, հրաժարվեց, թողեց-գնաց՝ ասելով, որ գտնենք մեկին, ով այդ աշխատանքն անվճար կանի։ Խնդրեցի, ասացի, որ վճարելն ավելի հարմար է, որովհետեւ ժամանակ չկա, որովհետեւ Ստեփանակերտում դժվար է այսպիսի մեկ այլ մեքենա գտնել, բայց համոզել չկարողացա․․․ Այնպիսի իրադրության մեջ էր, որը ենթադրում էր՝ եթե ինքն այս նախագծին աջակցել չի կարող, ուրեմն նաեւ չպիտի գումար աշխատի։

Ահա այսպիսի դրսեւորումների եւ պատմությունների միջով է անցել ARTsakh Fest-ի մասնակցային պրոցեսը, որի արդյունքում էլ այն «բարձր» եմ գնահատում։

ARTsakh Fest-ը շարունակական դարձնելու միտում կա՞։

Իրականում չգրված, բայց գոնե իմ կողմից փայփայված հույսերից մեկը, եթե վերածենք նախադասության, այս է․ փառատոնն ուզում եմ նույնացնել կյանքի հետ․․․ Այսինքն փառատոնը կարող է սկսվել, բայց չավարտվել, անընդհատ ինչ-որ բաներ տեղի ունենան։

Ցանկացած գործողություն, միջամտություն, որը կկատարվի թատրոնի շենքի հետ կապված, այդ առումով հենց Ձեր նշած «չավարտվելու» ընթացքը կապահովի։

Կուզեի այդ գործողությունները եզրագծվեին փառատոնի շուրջ։

Գուցե հարցս մի քիչ դուրս է ընդհանուր զրույցի կոնտեքստից, բայց, հաշվի առնելով, որ փառատոնի անցկացմանը վայրը կոնկրետ էր եւ թիրախային, ուզում եմ հարցնել որպես արվեստի քննադատի ժամանակակից արվեստի ակտը գրավման խնդիր ունի՞, թե՞ կոնկրետ այս դեպքում տեղի ունեցածը տարածքին նոր շունչ հաղորդելու միջամտության փորձ կարելի է դիտարկել։

Ժամանակակից արվեստը չունի գրավելու խնդիր․ դա բնորոշ է մոդեռն արվեստին։ Ժամանկակից արվեստն ունի միջամտության խնդիր․ միջամտել եւ վերականգնել պատռվածքները․․․

Այդ դեպքում նաեւ տարածքը չի՞ վերափոխվում։

Վերափոխվում է տարածքը, եւ արվեստն ինքն էլ է վերափոխվում։ Այսպես, թե այնպես ժամանակի ընթացքում ձեւավորված հյուսվածքը նոր ժամանակի մեջ վերաաշխատացնելը  ենթադրում է այդ հյուսվածքի այլ ֆունկցիոնալություն ունեցող օղակների հետ գործ ունենալ։

Շարժումն անընդհատ է։

Միանշանակ։ Ժամանակակից արվեստի շարժման հետեւանքը մեծ հաշվով պատերը հանելն է եւ արվեստի նախնական միասնությունը վերականգնելն է։ Այլ կերպ ասած՝ ժամանակակից արվեստի մեծ ճանապարհին արվեստի եւ ոչ արվեստի, արվեստագետի եւ ոչ արվեստագետի միջեւ ընկած պատերը հանելու գործառույթն է։

Դադար

Պատմությունը, որ պատմեցի քիչ առաջ՝ կապված շենքի արտաքին լուսավորության գործընթացի հետ (աշտարակ-զամբյուղով մեքենայի վարորդի մերժումը), ունի նաեւ իր երկրորդ մասը։ Կիրակի օրը եկավ նոր մեքենան, նոր վարորդը, խոսեցինք ինչ-որ գնի շուրջ, ասացի, որ մի քիչ պիտի պակաս լինի, համաձայնեցին։  Ու իրենք պիտի աշխատեին մինչեւ մթնելը, բայց զամբյուղի մեջ աշխատող տղան ասաց, որ մինչեւ չավարտեն դիմային պատը, չեն գնա։  Ոգեւորությունն ու նվիրումը լրիվ այլ մակարդակի էր։ Ինքն էլ էր իրեն փառատոնի մաս համարում։

Ես քաջատեղյակ չեմ տեղի ներքին մշակութային կյանքին, փոփոխություններին, բայց ակնհայտ էր, որ տեղի ունեցածը ստեփանակերտցիների համար շատ սպասված էր եւ կարեւոր։

«Խոստովանությունների» պատերը դուրս կգան, բայց գործողությունն ինչ-որ իմաստով դեռ կշարունակի ապրել։

Արդեն վերափոխված հոգիների հետ գործ կունենանք։ Եվ անանուն գրառման հեղինակ կնոջ ընտանիքում, ով չէր կարողանում իր ամուսնուն բանավոր կերպով սեր խոսոտովանել, այսուհետ գուցե  իշխող լույսն արդեն ուրիշ կլինի։

ՀԳգլխավոր լուսանկարում՝ ԺԱԻ հիմնադիր-տնօրեն Նազարեթ Կարոյանը եւ ARTsakh Fest փառատոնի հեղինակ, համադրող Աննա Կամայը (Ստեփանակերտ, Դրամատիկական թատրոնի բակ)։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter