HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մի քանի ցմահ ազատազրկվածի վաղաժամկետ ազատման վերաբերյալ դրական եզրակացություն է տրվել

Ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանը հոկտեմբերի 16–ի դատական նիստով պայմանական վաղաժամկետ ազատվել է, ինչը կարելի է բնորոշել աննախադեպ, քանի որ տարիներ շարունակ որևէ ցմահ ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ դատարանը նման որոշում չի կայացրել։

Արդարադատության նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը «Հետք»-ի հետ զրույցում ողջունեց դատարանի այդ քայլը՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական։

«Ցմահ ազատազրկված անձինք ևս իրավունք ունեն օգտվելու պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությունից, իրադրության փոփոխության արդյունքում պարզ է դառնում, որ կառավարությունն այլ կերպ է նայում ցմահ ազատազրկվածների հարցերին։ Մենք գտնում ենք, որ այո, ցմահ ազատազրկվածը ևս որոշակի ժամանակահատված հետո հնարավոր է ուղղված լինի, և այլևս  որևէ վտանգ չներկայացնի հասարակության համար, իսկ այդ տեսակի անձինք բնականաբար այլևս ոչ մի անելիք չունեն ազատազրկման վայրում։ Սա առաջին դեպքն է, և կարծում եմ վերջինը չէ, այլ դեպքեր ևս կլինեն»,-ասաց Հովհաննիսյանը։

Փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ նախարարությունն այս հարցով շատ փոփոխություններ է նախատեսում, հորդորում պատկան մարմիններին, որպեսզի գործող մեխանիզմներն ու իրավակիրառ պրակտիկան ավելի արդյունավետ կիրառվեն։

«Իսկ դրանց չկիրառումը բերում է ՔԿՀ-ներում գերբեռնվածության․ վերջիվերջո սայլը տեղից շարժվեց, և մենք ունենք լավ նախադեպ, որն, ինձ թվում է, տրադիցիա կդառնա»,-նշեց Արթուր Հովհաննիսյանը։

Փոխնախարարի ժամանակավոր պաշոնակատարը մանրամասնեց

«Ցմահ ազատազրկվածների հետ կապված մեկը չէ, այլ մի քանի գործեր արդեն նախարարությունն ուղարկել է, այսինքն հանձնաժողովը որոշել է, որ ցմահ ազատազրկման դատապարտված մի քանի անձ պետք է պատժից վաղաժամկետ ազատվի, մնացածն արդեն դատարանը կորոշի»։

Տեղեկացնենք, որ այս տարվա ապրիլից պայմանական վաղաժամկետ ազատման համար եզրակացություն տրվում է ՔԿՀ-ի և պրոբացիոն ծառայության ներկայացրած եզրակացությունների հիման վրա, ինչն էլ դրական լինելու դեպքում դատարանում քննարկման առարկա է դառնում։

Մեր հարցին՝ հնարավո՞ր է համաներումը տարածվի նաև ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վրա, Հովհաննիսյանը պատասխանեց

«Քանի որ համաներման ակտի նախագիծը քննարկվելու է փակ ձևաչափով, քննարկումից հետո պարզ  կլինի, թե ում վրա է տարածվելու համաներումը հիմա փակագծեր չեմ բացի»։

Հիշեցնենք, որ գործադիրը հոկտեմբերի 4-ի նիստում հավանություն տվեց համաներում հայտարարելու նախագծին, այն քննարկվեց գաղտնի ռեժիմով, նմանատիպ քննարկում լինելու է նաև ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում, որից հետո հարցը կընդգրկվի լիագումար կամ արտահերթ նիստի օրակարգ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter