
Հրազդանը քաղաքապետ է ընտրում
Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում այսօր տեղի են ունենում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Հրազդանցիներն իրենց ընտրական իրավունքը կիրացնեն 28 ընտրատեղամասերում: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու:
Թեկնածուներից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ Սևակ Միքայելյանն է՝ ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդին: Սևակ Միքայելյանը ինքնաառաջադրվել է, «Քաղաքացիական պայմանագիր»-ը «նպատակահարմար չի գտել» պաշտպանել նրա թեկնածությունը: Մեկնաբանելով Սևակ Միքայելյանի ինքնաառաջադրումը և ՔՊ-ի կողմից նրա թեկնածությունը չպաշտպանելը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ լավ երևույթ չէ քաղաքական պրոցեսներում ընտանեկան ավանդույթների առկայությունը: Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ 25-ամյա Սևակ Միքայելյանը աշխատում է «Գազպրոմ Արմենիա»-ի «Մալաթիա-Սեբաստիա» տարածքի արտադրաշահագործման ծառայությունում՝ որպես գազի առաքման, իրացման և չափագիտության հսկիչ: Նա ընտրություններին մասնակցում է «Նոր իրողություններ, նոր Հրազդան» կարգախոսով:
Հրազդանի քաղաքապետի մյուս թեկնածուն 24-ամյա Լևոն Ստեփանյանն է: Նա «Մայ քորնըր» ՍՊԸ-ի հիմնադիրն է: «Մայ քորնըր»-ը հակասրճարան-գրախանութ է Հրազդանում: Մասնագիտությամբ տնտեսագետ Լևոն Ստեփանյանն անկուսակցական է, Հրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին ինքնաառաջադրվել է: Նա ընտրություններին մասնակցում է «Միասին կերտենք նոր Հրազդան» կարգախոսով:
Հիշեցնենք, որ 2002 թվականից Հրազդանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած ՀՀԿ-ական Արամ Դանիելյանն այս տարվա հունիսի 25-ին հրաժարական տվեց, որը ավագանու կողմից ընդունվեց հուլիսի 2-ին: Ըստ նախկին քաղաքապետի՝ իր հրաժարականը պայմանավորված է եղել երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 10-ի որոշմամբ՝ Հրազդանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Լիլիթ Ստեփանյանը:
Մեկնաբանել