
Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այս մասին հաղորդում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:
ՀԱՊԿ կայքը նշում է, որ հաստատված կարգի համաձայն՝ հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովի վաղաժամկետ հետկանչման գործընթացն ավարտվել է:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը կլինի Վալերի Սեմերիկովը:
Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին «Մարտի 1-ի գործով» մեղադրանք առաջադրելուց հետո Հայաստանի Հանրապետությունը դիմել էր ՀԱՊԿ-ին՝ սկսելու Յուրի Խաչատուրովին գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու գործընթաց։
Յուրի Խաչատուրովին հուլիսի 26-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Խաչատուրովը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր 5 մլն դրամ գրավը:
Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի մայիսի 2-ից: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը չի բացառել, որ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ:
Լուսանկարը՝ РИА Новости / Михаил Воскресенский
Մեկնաբանել