HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

426 մլն դրամ 17 ծրագրի համար. կառավարությունը հաստատել է Շիրակի մարզի 2019թ.-ի հրատապ ծրագրերի ցանկը

Շիրակի մարզին կառավարության որոշումով հրատապ ծրագրերի իրականացման համար հատկացվել է 426 մլն դրամ: Մարզպետ Կարեն Սարուխանյանի փոխանցմամբ, ներկայացված ծրագրերը եւ ակնկալիք գումարները շատ ավելին են եղել:

«Ես ներկայացրել էի 18 մլրդ-ի ծրագիր, այսինքն` այդքան պետք էր, որ մարզում առկա ներկա բոլոր հիմնախնդիրները լուծվեին: Քննարկումների արդյունքում, գումարը սկզբում պակասեց մինչեւ 1,8 մլրդ դրամ, հետո՝ մինչեւ 800 մլն, ի վերջո որոշվեց մոտ 430 մլն դրամի սահմաններում ֆինանսավորել 17 ծրագիր»,- ասում է Կարեն Սարուխանյանը՝ շեշտելով, որ վերջին տարիներին Շիրակի մարզին հատկացված ամենամեծ գումարն է սա:

Առաջնահերթություն տրվել են դպրոցական եւ բժշկական հաստատություններում վերանորոգման աշխատանքներին, անօթեւանության խնդրի լուծմանը, համաֆինանսավորվող որոշ ծրագրերի եւ այլն: Գյուղական դպրոցական հաստատություններից զատ, գումարներ են տրամադրվել նաեւ մարզկենտրոնի մի քանի դպրոցների: Գյումրու թիվ 18 դպրոցի ջեռուցման հարցը լուծելու համար նախատեսվել է 17,2 մլն դրամ: Գյումրիի թիվ 7 դպրոցին եւս հատկացվել է 9 մլն դրամ անցած տարի սկսած ու կիսատ մնացած դուռ-լուսամուտների նորացման գործընթացն ավարտին հասցնելու համար:  24 մլն դրամ էլ տրամադրվել է Գյումրու մարզային բարձր վարպետության դպրոցին:

Արթիկի նախկին վարչատարածքում գտնվող Մեղրաշեն համայնքի դպրոցի վերանորոգման համար հատկացվել է 24 մլն դրամ, նույն տարածաշրջանի մեկ այլ գյուղի՝ Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոցին՝ 19 մլն 200 հազար դրամ, Տուֆաշեն գյուղի միջնակարգ դպրոցին՝ 24 մլն դրամ, Աշոցք խոշորացված համայնքի կազմում գտնվող Սարագյուղի հիմնական դպրոցին՝ 9,6 մլն դրամ, Ախուրյան խոշորացված համայնքի կազմում գտնվող Կառնուտի միջնակարգ դպրոցի վերանորոգման համար՝ 14,5 մլն դրամ, Սարապատ խոշորացված համայնքի կազմում գտնվող Ցողամարգի միջնակարգ դպրոցի դռների եւ պատուհանների նորացման համար հատկացվել է 7,2 մլն դրամ: Ամասիա խոշորացված համայնքի ամենափոքր բնակավայրի՝ Հովտունի տարրական դպրոցի վերանորոգման համար նախատեսվել է մոտ 20 մլն դրամ: Այս դպրոցում սովորում է 15 աշակերտ: Ամենամեծ գումարը՝ 70 մլն դրամ հատկացվել է Մարմաշեն խոշորացված համայնքի Հացիկ բնակավայրի միջնակարգ դպրոցին:

«Մոտ 21 մլն դրամ հրատապ ծրագրերի շրջանակում տրամադրել ենք Ամասիայի բրդի վերամշակման գործարանին,- ասում է մարզպետը,- պարզվեց նախկին կառավարությունն այդ գումարը խոստացել էր, ու հիմա մենք պետք է տայինք, այլապես ծրագիր կձախողվեր, ի վերջո 20 աշխատատեղ է ստեղծվում, չէր կարելի գործը կիսատ թողնել»: Հիշեցնենք, որ այս տարի, մայիսի 20-ին, Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում տեղի ունեցավ Եվրամիության տարածքային զարգացման պիլոտային ծրագրի կողմից համաֆինանսավորվող «ԵՄ-ն Շիրակի մարզին՝ նոր աշխատատեղերի շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի բացումը: 24 ամիս տեւողությամբ եւ 549.819.00 եվրո արժողությամբ (ԵՄ ներդրումը 350 հազար եվրո) ծրագրի գործընկերներն են «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, Շիրակի մարզի առեւտրաարդյունաբերական պալատը եւ Ամասիայի համայնքապետարանը:

Բուժհաստատություններից գումարներ են հատկացվել Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի տանիքի վերանորոգման համար՝ 19 մլն 200 հազար դրամ, Գյումրու հոգեկան առողջության շենքի ներքին հարդարման համար՝ 24 մլն դրամ: Արթիկի բժշկական կենտրոնի պրոբլեմներին «Հետք»-ն անդրադարձել էր 2017թ.-ին: Գրել էինք, որ անձրեւների ու ձյան տեղումների ժամանակ բժշկական կենտրոնի երկրորդ հարկի սենյակները վերածվում են «վենետիկյան նրբանցքների»: Հիվանդասենյակներում, միջանցքներում, վիրահատարանում ու վիրակապարանում հայտնվում են տարատեսակ դույլեր, թասեր եւ մեծ քանակությամբ լաթեր: Անսարք տանիք, փլվող առաստաղներ, խոնավությունից քայքայված պատեր, լոկալ ջեռուցման բացակայություն, խմելու ջրի անկանոն մատակարարում, հին բուժսարքավորումներ՝ սա Շիրակի մարզի երկրորդ քաղաքի՝ Արթիկի բժշկական կենտրոնի ներկայիս նկարագիրն է: Հրատապ ծրագրի շրջանակում Արթիկի բժշկական կենտրոնին հատկացվել է 24 մլն դրամ:

Մարզում առկա 4-րդ վթարայնություն ունեցող բնակելիների եւ դպրոցական շենքերի հետ կապված կրկին սպասողական վիճակ է լինելու, ինչպես եւ նախորդ տարիներին: «Հետք»-ը 2016 թ.-ին անդրադարձել էր Կապս գյուղի դպրոցի  անմխիթար վիճակին: Դպրոցը վթարային էր դարձել երկրաշարժից եւ 30-րդ տարին է՝ սպասում է հիմնանորոգման: Հրատապ ծրագրերից Կապսի դպրոցն այս անգամ էլ է դուրս մնացել: «Մենք Կապսի դպրոցի վիճակում եւս մեկն էլ ունենք՝ Հովունիի դպրոցն է, ամեն մեկի համար մոտ 200 մլն դրամ կպահանջվի, եթե սկսենք հիմնանորոգել,- ասում է մարզպետ Կարեն Սարուխանյանը,- հիմա մեզ հատկացված գումարն ընդամենը 426 մլն է, եթե այս երկու ծրագիրը վերցնեինք, ուրեմն էլ ոչինչ չէինք կարողանալու անել: Հետո մեկ հանգամանք էլ կա, որ մտածում ենք, կոնկրետ Կապսի դպրոցի դեպքում ոչ թե հիմնանորոգել, այլ քանդել, մեկ հարկանի նոր դպրոց սարքել, որ ավելի էժան կնստի մեր վրա, նաեւ հաշվի առնենք, որ երեխաների քանակն էլ է քիչ, ու պետք չէ այդ երկհարկանի հսկա շենքը պահել»:

Հրատապ ծրագրերի շրջանակում գումարային աջակցություն է հատկացվելու Պեմզաշեն գյուղի 4-րդ կարգի վթարային բազմաբնակարանի 11 ընտանիքի եւ մեկ ընտանիքի էլ Առափի գյուղից: Առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով արդեն իսկ մաքրվել է Ոսկեհասկ գյուղի հեղեղատարը, որի համար պետբյուջեից հատկացվել է 10 մլն 800 հազար դրամ, իսկ 1 մլն 200 հազար էլ տրամադրվել է համայնքային բյուջեից: Հեղեղատարից հանվել է 2800 խորանարդ մետր աղբ: Իսկ ահա Ոսկեհասկ գյուղի հարեւան Հայկավանում դեռ պետք է սպասեն:

Այստեղ գարնանային անձրեւներից մասնակի փլուզում էր գրանցվել մշակույթի նախկին երկհարկանի շենքում, որտեղ տեղավորված է համայնքապետարանը:  Համայնքապետ Սամվել Մխոյանի նախնական հաշվարկներով մոտ 22 մլն դրամ պետք կլինի տանիքի նորոգման եւ փլուզված հատվածի վերականգման համար: Համայնքը պատրաստ է այդ գումարի 50 տոկոսը ներդնել եւ ակնկալում է պետության աջակցությունը, այլապես շենքն ամբողջությամբ կկորցնեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter