
Քևին Օքսուզի նկատմամբ Հայաստանում հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով
ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ թուրք Քևին Օքսուզի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցված և Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի վարույթը նոյեմբերի 8-ին կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան` հայտնել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Հիշեցնենք, որ Քևին Օքսուզը Հայաստանում 2017 թվականի սեպտեմբերին հիմնել էր «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը, որը զբաղվում էր տարատեսակ միջոցառումների կազմակերպմամբ: Այս տարվա սեպտեմբերին Քեմալ Օքսուզի կողմից խոշոր չափերի հարկեր չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով մասով հարուցվել էր քրեական գործ:
ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող Քևին Օքսուզը օգոստոսի 29-ին ձերբակալվել էր Երևանում: Ամերիկյան կողմը մինջնորդություն էր ներկայացրել ՀՀ դատախազություն Օքսուզին հանձնելու վերաբերյալ: Վերջինս ԱՄՆ-ում մեղադրվում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու և ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու (4 դրվագ) մեջ:
Հայաստանի գլխավոր դատախազի որոշմամբ՝ բավարարվել էր Քևին Օքսուզի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով ԱՄՆ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը: Ինչպես «Հետք»-ին տեղեկացրին դատախազության հանրային կապերի բաժնից, գլխավոր դատախազությունը հանձնարարել է ՀՀ իրավասու մարմիններին Քևին Օքսուզի հանձնումը ԱՄՆ-ին իրականացնել սեղմ ժամկետում:
Քևին Օքսուզի նկատմամբ քրեական հետապնդում են ցանկացել իրականացնել նաև Թուրքիայում: Օքսուզը կասկածվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ) համար աշխատելու մեջ: Անկարայի դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել Օքսուզին Թուրքիային հանձնելու վերաբերյալ, սակայն ՀՀ դատախազության փոխանցմամբ՝ Քևին Օքսուզի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ Թուրքիայի իրավասու մարմինների միջնորդությունը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ամերիկյան միջնորդությունը բավարարելուց հետո:
Քևին Օքսուզի գործունեության մասին, ով մինչև ԱՄՆ քաղաքացի դառնալը կրում էր Քեմալ անունը, առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
Մեկնաբանել