HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրիկ Խաչատրյանին և Աղվան Հովսեփյանի որդուն առնչվող ընկերությունների հանդեպ վարույթներ չեն հարուցվել. պարզաբանում է տեսչական մարմնի ղեկավարը

«Գեղի Գօլդ» և «Տելիա Մայնինգ» ՍՊԸ-ների հանդեպ վարչական վարույթներ չեն հարուցվել, հետևաբար, չեն էլ կարճվել: ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը քաղաքացիներից դիմում-բողոքներ է ստացել, որոնք ուսումնասիրելուց հետո վերահասցեագրել է համապատասխան նախարարություններին, քանի որ բարձրացված հարցերը իր լիազորություններից դուրս են եղել: Այս մասին մեզ հայտնել է տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:

Օգոստոսին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի ստորաբաժանման պետ Լևոն Պետրոսյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասել էր, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «Գեղի Գօլդի» և նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որդուն՝ Միսակ Հովսեփյանին առնչվող «Տելիա Մայնինգի» նկատմամբ վարչական վարույթները կարճվել են և վերահասցեագրվել բնապահպանության ու էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություններին:  

Արթուր Գրիգորյանը նշում է, որ «վարույթները կարճվելու» մասին ձևակերպումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ տեսչական մարմնում այդ ընկերությունների նկատմամբ վարույթ չի իրականացվել: Սխալ կամ թերի տեղեկատվության համար, ըստ տեսչական մարմնի ղեկավարի, դիտողություն է տրվել Սյունիքի ստորաբաժանման պետին: Բացի դրանից, ըստ Ա. Գրիգորյանի, այլ հարցերի համակցությամբ տեսչական մարմինը պատրաստվում է առանձին ծառայողական քննություն իրականացնել նշված ստորաբաժանման մի քանի աշխատակիցների նկատմամբ:

Բացի նշված ընկերություններից՝ անդրադարձել էինք նաև «Արարատցեմենտ» ՓԲԸ-ին, որի հանդեպ վարչական վարույթ տեսչական մարմինը հարուցել է: Հիշեցնենք նաև, որ «Արարատցեմենտի» կապանյան արտադրամասի կառուցման առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Գործը, սակայն, անմիջականորեն ընկերությանը չի վերաբերում:

Լուսանկարում՝ Սուրիկ Խաչատրյանն ու Միսակ Հովսեփյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter