HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Էդմոն Մարուքյան. «Դեկտեմբերի 9-ին քաղաքացիները ընդդիմություն են ընտրելու, որովհետև իշխանության հարցը լուծված է»

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին քաղաքացիներն ընտրելու են ընդդիմություն, քանի որ իշխանության հարցը լուծված է: Նման կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) նախագահ Էդմոն Մարուքյանը՝ նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսին:

Ըստ Մարուքյանի՝ «Լուսավոր Հայաստան»-ն ընտրությունների արդյունքներով ակնկալում է լինել երկրորդ քաղաքական միավորը.

«Հեղափոխություն իրականացրած ուժը դոմինանտ աջակցություն է ունենում ընտրություններում հեղափոխություններից հետո և բնականաբար ձևավորելու է քաղաքական մեծամասնություն: Շատ կարևոր է, որ քաղաքական համակարգի առողջացման առումով մեր կուսակցությունը իր հավակնած տեղը զբաղեցնի և իր մոտեցումներով, պրոֆեսիոնալ կադրերով պետական շինարարության, նոր համակարգի կառուցման մեջ իր ներդրումն ունենա, որը կլինի ի շահ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության զարգացման»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ընտրություններին կմասնակցի «Լուսավորիր Հայաստանը» կարգախոսով: Էդմոն Մարուքյանը նշեց, որ համամասնական քարոզոչություն իրականացնող մի խումբը՝ իր գլխավորությամբ, լինելու է Հայաստանի 47 համայնքներում, իսկ քարոզարշավը մեկնարկելու են հարավից՝ Սյունիքի մարզի Ագարակ համայնքից: Քարոզչական մյուս խումբը՝ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, լինելու է Երևան քաղաքում:

Հարցին, թե ինչպես է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կազմակերպելու իր քարոզարշավը՝ որպես ընդդիմությու՞ն, թե՞ այլընտրանք, և հիշատակմանը, թե կուսակցությունը սովորույթի ուժով շարունակել է քննադատել Հանրապետական կուսակցությանը՝ անտեսելով ներկայումս իշխող քաղաքական ուժին, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ եթե իրենց Հանրապետական կուսակցության մասին հարց չուղղեն, իրենք այլևս չեն խոսի այդ թեմայից.

«Երբ ասում ենք, որ դեկտեմբերի 9-ին քաղաքացիները ընդդիմություն են ընտրելու, նկատի ունենք, որ ընտրելու են 7-րդ գումարման Ազգային ժողովի ընդդիմություն: Ինչ վերաբերում է նախորդ 6 ամիսներին, մենք թույլ չենք տվել, որ խորհրդարանում սաբոտաժներ արվեն: Իսկ այն փաստը, որ Հանրապետականը ասում է՝ միայն մենք ենք քննադատել, միայն մենք կարող ենք լինել ընդդիմություն, կարող եմ ասել, որ քննադատելով Հայաստանի Հանրապետությունում ոչ մեկը ընդդիմություն չի դարձել»,- ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդը»:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ եթե Հանրապետական կուսակցությունը ցանկանում է լինել ընդդիմություն, պետք է այրեն կամուրջներն անցյալի հետ և ընդունեն սխալները: Ըստ Էդմոն Մարուքյանի ընդդիմությունն ապագա իշխանությունն է, և ինքը չի կարծում, որ ՀՀ քաղաքացիները ՀՀԿ-ին տեսնում են որպես ապագա իշխանություն:

Անդրադառնալով Մանե Թանդիլյանի՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական տալու մասին թեմային՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ պատասխանատվություն ստանձնող քաղաքական միավորը կոալիցիայի կարիք չունի, և ԼՀԿ-ն չի պատրաստվում արհեստական կոալիցիաների մաս կազմել:

Հարց հնչեց նաև ՀՀԿ-ի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության միջև կապերի վերաբերյալ խոսակցությունների մասին, ինչին ի պատասխան՝ Մանե Թանդիլյանն ընդգծեց, որ ոչ մեկին երբեք չի հաջողվել ապացուցել այդ ամենը: Թանդիլյանի կարծիքով՝ քաղաքացիները չեն հավատում այդ խոսակցություններին, քանի որ նրանց գիտակցության մակարդակը վեր է բամբասանքների մակարդակից: Նա վստահություն հայտնեց, որ սև փիառն ու հակաքարոզչությունը այլևս ոչ մի արդյունք չեն տալու: Նույն կարծիքը հայտնեց նաև ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter