HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արարատցեմենտի» գործով Կապանի նախկին համայնքապետի հանդեպ համաներում է կիրառվել. նա չի առարկել

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կողմից Կապանում ցեմենտի աղացման արտադրամասի կառուցման առնչությամբ քրեական գործը կարճվել է՝ հիմք ընդունելով համաներման մասին ԱԺ օրենքը:

Հիշեցնենք, որ քրգործը hարուցվել էր այս տարվա օգոստոսին ՔՕ 3152 հոդվածով, որը վերնագրված է այսպես՝ «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը»: Քրեական հոդվածը վերաբերում է պաշտոնատար անձանց, այսինքն՝ գործի թիրախում ոչ թե «Արարատցեմենտն» էր, այլ պաշտոնյաները:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի փոխանցմամբ՝ քրգործի շրջանակներում հարցաքննվել է Կապանի նախկին համայնքապետ Աշոտ Հայրապետյանը: Վերջինս դիմում է ներկայացրել կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, թե չի առարկում, որ իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվի, եւ քրգործով վարույթը կարճվի՝ հիմք ընդունելով Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդված 1-ին մասի 13-րդ կետը. «Քրեական գործ չի կարող հարուցվել, եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե ընդունվել է համաներման մասին օրենք»:

«Աշոտ Հայրապետյանի նկատմամբ ՔՕ 3152-րդ հոդվածով եւ 309-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար քրեական հետապնդում չի իրականացվի, եւ քրեական գործով վարույթը կարճվել է «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ»,- «Հետքին» հայտնել է Նաիրա Հարությունյանը:

ՔՕ 3152-րդ հոդվածում նշվում է. «Պաշտոնատար անձանց կողմից, որոնց վրա իրավական ակտերով դրված է պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականությունը, հողամաuերի ինքնակամ զավթումը, շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ դիտավորությամբ չձեռնարկելը, ինչպես նաեւ հողամաuերը ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացնող կամ իրականացրած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները դիտավորությամբ չկիրառելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով եւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով կամ ազատազրկմամբ մեկից երկու տարի ժամկետով եւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով» (ընդգծումը մերն է- Մ.Մ.): Այսինքն՝ մեղավորներին սպառնում էր 1 մլն դրամ տուգանք կամ 1-2 տարվա ազատազրկում:

ՔՕ 309-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորություններն անցնելը») 1-ին մասը սահմանում է. «Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը), պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով» (ընդգծումը մերն է- Մ.Մ.): Այս դեպքում օրենքը, փաստորեն, նախատեսում է 300-500 հազար դրամի տուգանք, 2-3 ամիս կալանք կամ մինչեւ 4 տարվա ազատազրկում:

«Ես ոչ թե դիմել եմ խնդրանքով, որպեսզի համաներում կիրառվի, այլ չեմ առարկել, որ համաներում կիրառվի,- ասում է Աշոտ Հայրապետյանը,- պատճառը հետեւյալն է. ես ներկայացրել եմ իմ փաստարկները, եւ այնպես չէ, որ գործով ապացուցված է եղել իմ մեղքը, այլ ուղղակի հաշվի առնելով, որ դա տեւական պրոցես է, իսկ ես խնդիր ունեմ՝ ընտանեկան հանգամանքներից ելնելով հաճախակի բացակայելու հանրապետությունից, ցանկություն չեմ ունեցել, որ այդ հնավորությունից զրկված լինեմ: Ուղղակի չեմ առարկել, որ քրեական գործը կարճվի, այնուամենայնիվ, ներկայացրել եմ իմ բոլոր բացատրությունները դիմումի մեջ, բոլոր փաստարկները, որոնք, ըստ իս, վկայում են, որ գործել եմ օրենքի շրջանակներում»:

Այս տարեսկզբին գրել էինք, որ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությանը Կապանի համայնքապետարանը 600 հազար դրամով տուգանել է ինքնակամ, առանց թույլտվության շինարարություն իրականացնելու պատճառով: Աշոտ Հայրապետյանը մեզ տեղեկացրել էր, որ «Արարատցեմենտին» տուգանելու որոշում են կայացրել դեռ 2017-ի նոյեմբերի 13-ին:

Միայն դրանից հետո՝ դեկտեմբերի 22-ին էր ՓԲԸ-ն դիմել համայնքապետարան՝ ցեմենտի աղացման արտադրամասի կառուցման համար նախագծման թույլտվություն ստանալու խնդրանքով: Դեկտեմբերի 25-ին ընկերությանը տրամադրվել էր թիվ 13 նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանք):

Հետագայում՝ ապրիլի 9-ին, արտադրամասի տարածքում աշխատող բանվորները մեզ հայտնել էին, որ շինաշխատանքները 3-4 ամսից կավարտեն: Սա տարօրինակ էր, քանի որ ընկերությունը դեռ շինթույլտվություն էլ չէր ստացել, ընթացքի մեջ էր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացը: Այս պարագայում Աշոտ Հայրապետյանին հարցրել էինք, թե ինչու համայնքապետարանը չի կարողանում վերահսկել իր վարչական տարածքում ընթացող շինարարությունը, որը, փաստորեն, օրենքից դուրս է, եւ ինչ փաստացի լծակներ ունի համայնքի ղեկավարությունը՝ շինարարությունը կասեցնելու համար:

Հայրապետյանն էլ նշել էր, ՀՀ օրենսդրության համաձայն՝ համայնքի վարչական սահմաններում շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելու համար տեղական ինքնակառավարման մարմինները որպես վարչական պատասխանատվության միջոց իրավասու են կիրառելու տուգանքի նշանակում՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց նկատմամբ 200 հազար դրամի չափով, իսկ նման իրավունք չունեցող անձանց նկատմամբ՝ 400 հազար դրամի չափով: Այսինքն՝ քանի որ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն տուգանվել էր 600 հազար դրամով, կարել էր եզրակացնել, որ այն ինքնակամ շինարարություն էր սկսել նաեւ իրեն սեփականության կամ օգտագործման (կառուցապատման) իրավունքով չպատկանող հողամասում: Նախկին համայնքապետը նաեւ հայտնել էր, որ ընկերությունն ամբողջությամբ վճարել է տուգանքը:

Մեր հարցումից հետո համայնքապետարանը կրկին վարչական վարույթ էր հարուցել «Արարատցեմենտի» նկատմամբ: Համայնքի ղեկավարը նշել էր, որ եթե հավաստի տվյալներ արձանագրվեն շինարարության իրականացման վերաբերյալ, ապա կքննարկվի «Արարատցեմենտի» նկատմամբ կրկնակի վարչական պատասխանատվության հարցը: Շաբաթներ անց Հայրապետյանը տեղեկացրել էր, որ 600 հազար դրամով տուգանվելուց հետո ՓԲԸ-ն շինաշխատանքներ չի կատարել, կառույցները գտնվում են նույն վիճակում: Նախկին ղեկավարը նշել էր, թե համայնքապետարանը հետեւում է տարածքում ընթացող գործողություններին. ըստ այդմ՝ «Արարատցեմենտ» ընկերությունը միայն իր ձեռքբերած մեքենա-սարքավորումները, ագրեգատները եւ կոնստրուկցիաներն է տեղափոխել իր սեփականություն հանդիսացող տարածք եւ կատարել բեռնաթափման, պահեստավորման կամ տեղակայման բնույթ կրող աշխատանքներ, որոնց համար շինարարության թույլտվություն չի պահանջվում:

Կապանցի բնապահպանների ու ակտիվիստների դժգոհություններ էր առաջացրել այն հանգամանքը, որ ցեմենտի աղացման արտադրամասը, չնայած համայնքապետարանի հավաստիացումներին, գրեթե կառուցման ավարտին է հասցվել: 

Քրգործի հարուցման պատճառը եղել է հետեւյալը. ըստ մեր աղբյուրի՝ ապրիլին հարուցված երկրորդ վարչական վարույթի շրջանակներում Աշոտ Հայրապետյանը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 2191 հոդվածներով պարտավոր լինելով կանխարգելել եւ կասեցնել ինքնակամ շինարարությունն ու օրենքով սահմանված կարգով ապահովել դրանց հետեւանքների վերացումը, ինչպես նաեւ կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ հողամասն ինքնակամ զավթած եւ ինքնակամ կառույց իրականացրած անձի նկատմամբ, դիտավորությամբ չի կիրառել օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները, այն է՝ հիմք ընդունելով ընկերության ներկայացուցչի բացատրությունները, առանց բավարար իրավական հիմքերի և հիմնավորումների 2018 թ. մայիսի 10-ին կայացրել է թիվ 415-Ա որոշումը վարչական վարույթը կարճելու մասին:

Հիշեցնենք, որ Կապանի համայնքապետարանում տեւական ժամանակ ընթանում են «Արարատցեմենտի» արտադրամասի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին հանրային լսումները, որոնք պարբերաբար տապալվում են կապանցի ակտիվիստների կողմից: 

Լուսանկարում՝ Աշոտ Հայրապետյանն ու Գագիկ Ծառուկյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter