HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ծալը պակաս կաշառակեր, պլանավորված ընտրության առաջարկ. քարոզարշավի հինգերորդ օրը

«Հետք»-ն ամփոփում է նախընտրական քարոզարշավի հինգերորդ օրը:

Ծալը պակաս կաշառակեր

«Իմ քայլը» դաշինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շրջել է հանրապետության կենտրոնական մարզի՝ Կոտայքի քաղաքներում՝ Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Նոր Հաճն և Աբովյան:

Եղվարդում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի բացառում Հայաստանում կաշառակերության դրսևորումները, սակայն նշեց, թե զարմանում է նախ այն քաղաքացու վրա, ով «նոր Հայաստանում» կաշառք է տալիս, և առավել ևս այն պաշտոնյայի, ով այդ կաշառքը վերցնում է.

«Այն պաշտոնյան, որը այսօր Հայաստանում կաշառք է վերցնում, առնվազն ծալը պետք է պակաս լինի, որովհետև ինքն իր հաջորդ քայլով բանտում է հայտնվելու, անխուսափելիորեն: Այսօր չբռնենք, վաղը կբռնենք, վաղը չբռնենք, մյուս օրը կբռնենք»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Աբովյան քաղաքում Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ցուցակի 4-րդ համար Նաիրա Զոհրաբյանի այն խոսքին, թե Գագիկ Ծառուկյանը ներդրումներ է անում, և պետք է քաղաքացին իր քվեով հնարավորություն տա նրան շարունակել ներդրումները: Փաշինյանի խոսքով՝ Զոհրաբյանի հայտարարությունը չի արտացոլում Հայաստանում առկա տնտեսական և քաղաքական իրավիճակը: Ըստ «Իմ քայլը» դաշինիքի առաջնորդի՝ ներդրման և քվեի կապը նշելը ճիշտ չէ, քանի որ դա «հին Հայաստանի» սիմվոլն է: Վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց, որ կառավարությունը երաշխավորում է ներդրումների անվտանգությունը:

Բանավեճ՝ միայն վարչապետի մասնակցության պարագայում

«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր բնակիչների հետ հանդիպումներ է ունեցել Վայոց ձորի և Արարատի մարզերում: Ինչպես քարոզարշավի նախորդ օրերին, այսօր ևս Գագիկ Ծառուկյանը հիմնականում խոսել է տնտեսական թեմաներից: Նա ասում է, որ տնտեսական ճգնաժամի պարագայում պետք է ամեն ինչ անել ժողովրդի մատից փուշ հանելու համար, պետք է քաղաքացիներին ապահովել անհրաժեշտ աշխատանքով: Ըստ Ծառուկյանի՝ բանկերի առաջարկած տոկոսադրույքները պետք է նվազեցվեն, քանի որ ներկայում գործող բարձր տոկոսադրույքների առկայությամբ բանկերը գերշահույթ են ստանում: ԲՀԿ առաջնորդը եղեգնաձորցիներին խոստացավ բնակարաններ կառուցել երիտասարդ ընտանիքների համար, եթե քաղաքապետը շինարարության համար հող տրամադրի:

Դեկտեմբերի 5-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ընտրություններին մասնակցող ուժերի առաջին համարների մասնակցությամբ սպասվող բանավեճի մասին Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ինքը կմասնակցի միայն այն դեպքում, եթե վարչապետը մասնակցի, հակառակ դեպքում ինքն այնտեղ «անելու բան չունի»:

«Չփորձե՛ք Արցախի վրա մատ թափ տալ»

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համապետական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը անդրադարձել է նախօրեին 5-րդ ալիքի եթերում ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի և փոխարտգործնախարարի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի բանավեճին՝ արտաքին քաղաքականության թեմայով: «Ցավալի է, երբ երկրիդ փոխարտգործնախարարն այնքան արագ է սպառում իր փաստարկները, որ երկրորդ տողից կորցնում է հավասարակշռությունը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Վիգեն Սարգսյանը:

ՀՀԿ ցուցակի 6-րդ համար Էդուարդ Շարմազանովն էլ քննադատել է Նիկոլ Փաշինյանի կողմից նախօրեին Արցախի իշխանության ներկայացուցիչներին ուղղված սթափության կոչը: Շարմազանովն ասում է՝ Փաշինյանը մատը մատին չի տվել Արցախի համար, բայց բոլորին քննադատում է. «Ալիևից նորմալ ու կիրթ տպավորություն ստացած վարչապետը Արցախի իշխանությունների վրա գոռգոռու՞մ ա...որևէ մեկդ չփորձե՛ք Արցախի վրա մատ թափ տալ, դուք գնացե՛ք, ձեր ծրագրերից խոսե՛ք»,- ասել է Լոռու մարզում առաջադրված պատգամավորը:

Արցախի թեմայով հնչեցրած մտքերի համար Փաշինյանին քննադատել է նաև ՀՀԿ ցուցակի 3-րդ համար Դավիթ Շահնազարյանը: Վերջինս իշխանության ներկայացուցիչներին այդ թեմայով բանավեճի է հրավիրել:

«ՀՀԿ-ին ամեն կերպ ներքաշում են Ազգային ժողով»

«Քաղաքացու որոշում» (ՔՈ) սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները այսօր հանդիպում են ունեցել լրագրողների հետ, խոսել իրենց կուսակցության գաղափարախոսության, քարոզարշավի ընթացքի, նախընտրական ծրագրի մասին: Կուսակցության գաղափարախոսության հիմքում՝ համընդհանուր բարեկեցության պետություն ստեղծելն է: ՔՈ-ի ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանն ասել է, որ քարոզարշավը պետք է տեղափոխել գաղափարական դաշտ, ոչ թե ապաքաղաքան հարցերի մասին խոսել: Ըստ Սահակյանի ամեն ինչ արվում է ՀՀԿ-ին Ազգային ժողով ներքաշելու համար. «Երբ ակնհայտ ֆավորիտը գործընթացներում անդրադառնում է միայն մեկ ուժի, ապա այդ ուժի կշիռը բարձրանում է»,- ասում է Սահակյանը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի ելույթներում մշտական անդրադարձը ՀՀԿ-ին:

«Սև ու սպիտակի բաժանումը ձեռնտու է ՀՀԿ-ին և «Իմ քայլը» դաշինքին»

«Մենք» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը այսօր հայտարարել է, որ Հանրապետական կուսակցության կողմից քարոզարշավը «սևի ու սպիտակի» բաժանման վրա կառուցելը ձեռնտու է և՛ ՀՀԿ-ին, և՛ «Իմ քայլը» դաշինքին, որն ըստ Սարգսյանի՝ ցանկացած պարագայում մեծամասնություն է ստանալու 7-րդ գումարման Ազգային ժողովում: «Պարզ տեխնոլոգիա է՝ իրենք ուզում են ասեն, որ դաշտում միայն Հանրապետականն է և «Քաղաքացիական պայմանագիրը», իսկ մյուսները չկան: Հանրապետականները այդպես են անում, որպեսզի քվեները բաժանվեն իրենց և ՔՊ-ի մեջ (նկատի ունի «Իմ քայլը» դաշինքը - հեղ.)»,- ասում է Արամ Սարգսյանը:

Պետություն, որը չի ունենա հեղափոխության կարիք

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ այսօր քարոզարշավ է իրականացրել Արագածոտնի և Շիրակի մարզերում: Մարուքյանի համոզմամբ՝ պետք է կառուցել այնպիսի պետություն, որը հեղափոխության կարիք չունենա. «Ձևավորե՛ք այնպիսի խորհրդարան, որն այլևս ցրելու կարիք չառաջանա։ Ձևավորե՛ք այնպիսի իշխանություն, որ այլեւս ճանապարհներ փակելու, ցույցեր անելու եւ երկիրը տարատեսակ ցնցումների մեջ գցելու խնդիր մենք չունենանք»,- աշտարակցիների հետ հանդիպմանը ասել է ԼՀԿ առաջնորդը:

Մարուքյանը Գյումրիում անդրադրաձել է աղետի գոտում անօթևանների հարցին: Նա ասում է՝ Գյումրիի անօթևանների խնդիրը մոտավորապես 30 միլիոն դոլարի հարց է, եթե երկրորդային շուկայից բնակարաններ գնվեն և տրվեն մարդկանց: «Գյումրիի տնակային ավանը երկրի թալանի հետևանքն է, և եթե թալանվածը հետ է բերվում, պետք է տնակային ավան չլինի»,- ասում է ԼՀԿ համապետական ցուցակի առաջին համարը:

Պլանավորված ընտրություն իրականացնելւ առաջարկ

«Ազգային առաջընթաց» կուսակցությունն առաջարկում է պլանավորված ընտրություն իրականացնել: Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Նիկոլ Փաշինյանը - Իմ Քայլը դաշինքը գործող օրենքի համաձայն՝ կարող է ստանալ մանդատների միայն 2/3-ը, անկախ նրանից, թե փաստացի քանի տոկոս ձայն է ստացել, այսինքն՝ նույնիսկ 95% ձայն ստանալու դեպքում էլ, նրանք ստանալու են մանդատների 2/3-ը միայն»։ Այս ամենը հաշվի առնելով՝ կուսակցությունն առաջարկում է ընտանիքի անդամների ձայների 2/3-ը տալ «Իմ քայլը» դաշինքին, իսկ 1/3-ը «Ազգային առաջընթաց»-ին կամ ինչպես կուսակցությունն է ձևակերպում, մեկ այլ առողջ հեղափոխական ուժի:

Ֆինանսական քաղաքականության փոփոխություն

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը այսօր քարոզարշավ է իրականացրել Երևանի մետրոպոլիտենում: Կուսակցության առաջնորդ և համապետական ցուցակի առաջին համար Լևոն Շիրինյանը կարծում է, որ Հայաստանի վերակառուցման հիմնական տնտեսական լծակներից մեկը պետք է լինի ֆինանսական քաղաքականության փոփոխությունը, որպեսզի այն ծառայի արդյունաբերության զարգացմանը:

«Պատասխանատվության գիտակցում և պետականամետ մոտեցում»

Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Արցախի կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին անտեղի չշահարկել Արցախի անունը: «Ակնկալում ենք այս օրերին ՀՀ-ում ընթացող քաղաքական գործընթացների մասնակիցներից պատասխանատվության գիտակցում և պետականամետ մոտեցում»,- ասվում է  ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի հայտարարությունում:

Քաղաքից չտարբերվող գյուղ

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը Վարուժան Ավետիսյանի գլխավորությամբ այսօր հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզում: Ավետիսյանը կարևորել է համայնքների զարգացման հարցը և ասել, որ պետք է քաղաքից չտարբերվող գյուղ ունենանք: Վարուժան Ավետիսյանն ասում է՝ թալանված գումարների զգալի մասը պետք է ուղղվի գյուղական խնդիրներին:

«Նաիրիտ»-ի և «Վանաձոր-Քիմպրոմ»-ի վերագործարկման ծրագիր

«Օրինաց Երկիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղել է Արմավիրի մարզում: Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը տնտեսության շարժիչ ուժը համարում է արդյունաբերությունը և առաջարկում է 20 արդյունաբերական ձեռնարկություն կառուցել, այդ ոլորտում հարկային և մաքսային արտոնությունների մեխանիզմ մշակել: ՕԵԿ նախագահն ասաց նաև, որ իրենք նախատեսում են «Նաիրիտ»-ի և «Վանաձոր-Քիմպրոմ»-ի վերագործարկման ռազմավարական ծրագիր մշակել և միջազգային մրցույթ հայտարարել:

Կարդացեք նաև Սթափության կոչ՝ Արցախի իշխանություններին, պայքար քաղաքական կուռքի հետ, կառավարել խելքով, ոչ թե դուխով. քարոզարշավի չորրորդ օրը

«Գոլդեն Փելես» + 30 մլն դոլար, բանավեճի առաջարկ և մերժում. քարոզարշավի երրորդ օրը

Լուսանկարը՝ «Լուսավոր Հայաստան»-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter