HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քուրդ թեկնածու. «Ազգային փոքրամասնությունները պետք է լինեն իշխանամետ, որպեսզի կարողանան անցնել խորհրդարան»

Ազգային ժողովի պատգամավոր Կնյազ Հասանովը դեռևս լիազորությունները կատարող խորհրդարանում Հանրապետական խմբակցությունն է ներկայացնում: Սակայն դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջադրվել է «Իմ Քայլը» դաշինքի կողմից: Կնյազ Հասանովը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ նախորդ իշխանությունների ժամանակ ինքը ներգրավված չի եղել նեղ կուսակցական ծրագրերի կատարմանը, կուսակցությունում ակտիվ դերակատարում չի ունեցել:

«Փոփոխված Սահմանադրությամբ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներն ընդգրկվում են ոչ թե կուսակցության համապետական ցուցակում, այլ երկրորդ ցուցակում՝ քվոտայի ձևով: Դրա համար ազգային փոքրամասնությունները պետք է լինեն իշխանամետ, որպեսզի կարողանան անցնել խորհրդարան, այնտեղ ազգային հարցեր բարձրացնեն: Այն ժամանակ իշխանության գլուխ Հանրապետականն էր, այսօր էլ իշխանություն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն ընտրություններին մասնակցում է «Իմ Քայլը» դաշինքով: Մենք նեղ կուսակցական հարցերին չենք միջամտում, և այդ քվոտայով գնում ենք իշխանության ցուցակով»,-ասում է Կնյազ Հասանովը:

Նշենք, որ ընտրական օրենսգրքի համաձայն՝ կուսակցությունների կամ դաշինքների համապետական ընտրական ցուցակը կարող է ունենալ երկրորդ մաս, որում կարող են ընդգրկվել ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: 

2011թ. մարդահամարի տվյալներով` Հայաստանում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունները եզդիներն են, ռուսները, ասորիներն ու քրդերը: ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերից ցուցակներում երկրորդ մաս ունեն միայն 4-ը՝ «Իմ քայլը» դաշինքը, «Լուսավոր Հայաստան», «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: Հայաստանում չորրորդ ամենախոշոր ազգային փոքրամասնությունը քրդերն են` 2162 մարդ:

Տեղեկացնենք, որ Կնյազ Հասանովը միակ քուրդ թեկնածուն է: Արդեն անդրադարձել ենք եզդիռուս և ասորի ազգային փոքրամասնությունը ներկայացնող պատգամավորության թեկնածուներին:

Ինչպես Հայաստանի բոլոր քաղաքացիները, այնպես էլ քրդերն ունեն դժվարություններ, բայց դրանք յուրահատուկ են բոլորին: Դրանցից թեկնածուն առանձնացրեց կրթությանը, մշակույթին վերաբերող մի քանի դժվարություններ: Սակայն Կնյազ Հասանովը դրանից էլ չդժգոհեց: Ասում է, որ ամեն ինչ հերթականությամբ կիրականացվի, ժամանակ է պետք:

Կնյազ Հասանովը նշեց, որ 1920 թվականից, Խորհրդային կարգերի հոստատումից հետո և մինչ օրս քրդերը հայաստանյան գյուղերում կառուցել են դպրոցներ, մշակութային հաստատություններ: Մինչ օրս պետական աջակցությամբ լույս են տեսնում քրդերեն և հայերեն լեզուներով թերթեր: Կնյազ Հասանովն ասաց, որ խորհրդային կարգերի տապալումից հետո 15-20 տարի քրդերեն լեզվով դասագրքեր չէին տպագրվում: Կառավարության օգնությամբ 1-12-րդ դասարանցիների համար տպագրվել են դասագրքեր և քրդաբնակ գյուղերում ապրողները սովորում են մայրենի լեզվով:

«Հայաստանում մեր ազգը՝ քրդերը, ոչ մի գլոբալ հարցեր չունեն: Եթե ինչ-ինչ հարցեր էլ լինում են, օրինակ՝ գյուղերում ճանապարհների վիճակը բարվոք չի, կենցաղային հարցեր կան և այլն, յուրահատուկ են բոլոր գյուղերին, այդ թվում՝ հայաբնակ: Դրա համար ես մի քանի անգամ Ազգային ժողովում հարց եմ բարձրացրել մեր գյուղերի ճանապարհները վերանորոգելու համար: Հարց եմ բարձրացրել, որ գյուղերում ջուրը պակաս է: Նույն հարցերը բարձրացնելու եմ նաև նոր Ազգային Ժողովում, եթե ընտրվեմ»,-ասում է Կնյազ Հասանովը:

Ինչ վերաբերում է քրդական մշակույթը զարգացնելուն, Կնյազ Հասանովն ասաց, որ մշակույթի տուն, որպես այդպիսին չունեն: Սակայն, պետության աջակցությամբ Ալագյազ գյուղում հիմնվել է քրդական թատրոն: Ստեղծվել են խմբակներ: Երիտասարդ տղաներն ու աղջիկները ելույթներ են ունենում, ինչպես Ալագյազում, այնպես էլ հարևան գյուղերում:

Թեկնածուն նշեց, որ ազգային տոների, օրինակ՝  Նավրոզի ժամանակ, Երևանի սրահներից մեկը վարձակալում են և ուրախանում: Մշակույթի տան բացակայությունը բացասաբար չի անդրադառնում իրենց տոնակատարությունների վրա:

Անդրադառնալով ազգային փոքրամասնությունների կողմից պաշտոններ զբաղեցնելուն, Կնյազ Հասանովը նշեց, որ խորհրդային տարիներին ավելի շատ քուրդ պաշտոնյաներ կային, սակայն հիմա էլ քիչ չեն՝ համայնքապետեր, դպրոցի տնօրեններ, քննիչններ և այլն: «Մի քանի անգամ այդ հարցը ևս բարձրացրել եմ Ազգային ժողովում, որ մեր երիտասարդները տարբեր պաշտոններում քիչ են ներգրավվում, բայց դե կամաց-կամաց հարցը կլուծվի»,-հավելեց թեկնածուն:

Թեկնածուն նշեց, որ վերջին տարիներին քրդերի թիվը Հայաստանում չի նվազել, նույնիսկ մի փոքր աճել է: Սակայն տարիների ընթացքում սոցիալ-կենցաղային անբարենպաստ պայմանների պատճառով, ինչպես հայերը, մեկնել են արտերկրներ՝ Եվրոպա, Ռուսաստան և այլն:  «Բայց ինձ համար Հայաստանը թանկ է, և ես ոչ մի տեղ չեմ ուզում գնալ: Այս հողն ու ջուրն իմ համար ավելի քաղցր են, քան որևէ այլ երկրինը»,-նշում է Կ. Հասանովը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter