HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանում գազ ու նավթ որոնելու հայտի հանրային լսումը կայացել է

Այսօր Կապանի համայնքապետարանում տեղի է ունեցել «ԱԳԱՊԵ» ընկերության գործունեության հայտի երկրորդ լսումը: Հիշեցնենք, որ ընկերությունը քննարկման է ներկայացրել նավթի և գազի հետախուզական աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ունենալիք ազդեցության նախնական գնահատման հայտը:

«ԱԳԱՊԵ»-ն նախատեսում է որոնողական աշխատանքներ կատարել Կապան համայնքի վարչական տարածքում: 2017-ին Կապանը խոշորացվել է՝ ընդգրկելով տարածաշրջանի 31 գյուղական համայնք: Այժմ Կապանը ներառում է ընդհանուր 38 բնակավայր՝ 1 քաղաք և 37 գյուղ: Համաձայն ընկերության հայտի՝ Կապան համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հեռանկարային ստրուկտուրաներ կամ «հեռանկարային տեղամասեր»: «ԱԳԱՊԵ»-ն սա նշում է՝ հիմնվելով 2007-ին սկսված երկրաբանահետախուզական լայնամասշտաբ աշխատանքների հիման վրա: Ընկերությունը 2 միլիոն 800 հազար դոլար է նախատեսել Կապանում նավթի և գազի երկրաբանական ուսումնասիրության համար:

Հանրային երկրորդ լսումը երեք անգամ չի կայացել. երկու անգամ՝ կապանցիների բոյկոտի, մեկ անգամ՝ ընկերության ներկայացուցչի բացակայության պատճառով:

Այսօրվա հանրային լսմանը մասնակցում էին թե՛ ընկերության, թե՛ քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներ: Բնապահպան Դավիթ Հակոբյանն ասում է, որ հանրային լսմանը ներկա էին նաև այն քաղաքացիները, ովքեր ընդհանրապես դեմ են, որ Հայաստանում, մասնավորապես՝ Սյունիքի մարզում, տնտեսական զարգացումն իրականացվի լեռնահանքային կամ նավթագազային արդյունահանման  ճանապարհով:

«Մենք բերեցինք օրինակներ, որ նման բոլոր ձեռնարկումները Հայաստանում անմեղ, անշառ ձևով են սկսվում, թե ամեն բան լավ կլինի, սակայն հետո փաստի առաջ ենք կանգնում, ստանում ենք հերթական ավերված տարածքն ու թունավորված միջավայրը, իսկ արդյունքը նույնիսկ տնտեսական զարգացման տեսքով շոշափելի չէ»,- նշում է Դավիթ Հակոբյանը: Հավելում է, թե համոզված են, որ նախատեսվողը հերթական վտանգավոր միջոցառումն է:

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ քննարկմանը «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ի սեփականատեր կանադական «Armenian Gaz  and Power Enterprises Inc.» ԲԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն, կանադահայ Հրաչ Ջաբրայանը նշել էր, որ եթե անգամ մակերեսային  աշխատանքներ անեն և տեսնեն, որ նավթի ու գազի պաշարներ չկան, ապա աշխատանքները կդադարեցվեն:

«Մենք ոչ մի կապ չունենք հանքարդյունաբերության հետ՝ ոսկու, պղնձի կամ որևէ այլ մետաղական հանքի հետ: Մակերեսային աշխատանքներն են սկզբից, հող կամ տարածք քանդելու ծրագիր չունենք, աշխատանքներից որևէ մեկի տունը չի քանդվելու»,- ասել էր Ջաբրայանը: Նա նաև նշել էր, որ եթե Հայաստանում նավթ ու գազ կա, ապա չարդյունահանելը պետական դավաճանություն կլինի:

Հիշեցնենք, որ «ԱԳԱՊԵ»-ն հիմնադրվել է 2017-ի մարտին Երևանում: ՍՊԸ-ի 99 տոկոսը պատկանում է Կանադայի Մոնրեալ քաղաքում գործող «Armenian Gas and Power Enterprises Inc» ԲԲԸ-ին, իսկ մեկ տոկոսը՝ Գրեմ Սկոթ Ջոնսոնին, ով կանադական ընկերության գործադիր նախագահն է ու հայկական ընկերության տնօրենը:

Լուսանկարը՝ Կապանի համայնքապետարանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter