HY RU EN

Կանադահայ նախկին հանքարդյունաբերողը Կապան է եկել նավթ ու գազ որոնելու ծրագրով

Այսօր Կապանի համայնքապետարանում չնայած պիտի տեղի ունենար նավթ ու գազ որոնող «ԱԳԱՊԵ» ընկերության գործունեության հայտի հանրային լսումը, դրա փոխարեն տեղի ունեցավ քննարկում, ինչն ընկերության հավանական գործունեության դեմ բողոքի ակցիայի մասնակիցների պահանջն էր: Նախքան հանրային լսումը բողոքող քաղաքացիները փակել էին դահլիճի դուռը՝ պահանջելով, որ համայնքի տարածքում այլևս ոչ մի հետախուզական աշխատանք չիրականացվի: Դուռը բացեցին պայմանով, որ քննարկումը չի արձանագրվելու որպես հանրային լսում: Հիշեցնենք, որ «ԱԳԱՊԵ»-ի հայտի առաջին հանրային լսումը տեղի է ունեցել այս տարվա հունվարին, իսկ երկրորդի կայացումը կապանցիները ձախողել են մայիսին, սեպտեմբերին էլ ընկերությունը չէր ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը, և լսումը կրկին տեղի չէր ունեցել:

Այսօր բնապահպան Դավիթ Հակոբյանը, դիմելով նորընտիր համայնքապետ Գևորգ Փարսյանին, ասաց, որ պատրաստ են խոսել քաղաքի ապագայի զարգացման մասին, բայց ոչ հանքերի: Փարսյանն առաջարկեց ներս մտնել դահլիճ և քննարկել հարցը: Նշեց, թե «քաղաքապետարանում այսպիսի անկարգ, անկանոն վիճակը վերացնում ենք», ապա խոստացավ, որ եթե քաղաքացիները դեմ են հանրային լսմանը, ապա այն չի լինի, բայց կարող են դահլիճ մտնել և քննարկել հարցը:

Բնապահպան Արմեն Ղազարյանը համայնքապետին առաջարկեց նախքան իրենց դահլիճ մտնելը կարծիք հայտնել Սյունիքի մարզկենտրոնում հնարավոր նավթարդյունաբերության մասին: Համայնքապետն ասաց, որ դահլիճում կպատասխանի հարցին:

Եթե նավթ ու գազ գտնեն, Հայաստանին կապահովեն տնտեսական կայունությամբ

«ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ի սեփակնատեր կանադական «Armenian Gas and Power Enterprises Inc.» (հապավումը՝ AGAPE) ԲԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն, կանադահայ Հրաչ Ջաբրայանը, որը նախկինում եղել է Կապանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործող «Դանթի Փրիշս Մեթալս Կապան» ընկերության գլխավոր տնօրենը, այսօր համայնքապետարանում նշեց, որ մինչև տեղեկություն չունենան, չեն կարող ասել՝ Հայաստանում նավթի ու գազի պաշարների կա՞ն, թե՞ ոչ: Ըստ նրա՝ եթե անգամ մակերեսային աշխատանքներ անեն և տեսնեն, որ նավթի ու գազի պաշար չկա, ապա աշխատանքները կդադարեցվեն: «Մենք ոչ մի կապ չունենք հանքարդյունաբերության հետ՝ ոսկու, պղնձի կամ որևէ այլ մետաղական հանքի հետ: Մակերեսային աշխատանքներն են սկզբից, հող կամ տարածք քանդելու ծրագիր չունենք, աշխատանքներից որևէ մեկի տունը չի քանդվելու»,- ասաց Հրաչ Ջաբրայանը: Ապա նշեց, որ խորհրդային տարիներից փաստարկներ կան, որ Հայաստանը նավթի ու գազի հարստություն ունի, և այդ տեղեկությունը վերջին 25 տարիներին որոշ ընկերությունների ձեռքից ձեռք է անցել, այդ թվում՝ ամերիկյան ընկերությունների:

Ջաբրայանի խոսքով՝ եթե Հայաստանում նավթ ու գազ կա, ապա չարդյունահանելը պետական դավաճանություն կլինի: Ընկերությունը, ըստ նրա, 35 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր կիրականացնի Հայաստանում: «Եթե որևէ մեկին կարողանաք համոզել 35 միլիոն դոլարի ներդրում անել Հայաստանում, ես ձեզ ցանկանում եմ հաջողություն»,- ասաց Ջաբրայանը: Նրա կարծիքով՝ նավթի ու գազի պաշարներ հայտնաբերելու դեպքում կկարողանան ապահովել Հայաստանի տնտեսության կայունությունը: Գլխավոր գործադիր տնօերնը նաև նշեց, որ դրական արդյունքի դեպքում 9 տարի կունենան պաշարներն արդյունահանելու համար:

Բնապահպանների առաջարկը. կարևոր հարցերը՝ տեղական հանրաքվեով

Բնապահպան Դավիթ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ միայն Կապանի, այլև Հայաստանի զարգացման ապագան տեսնում են ոչ թե հանքարդյունաբերության որեւէ տեսակի, այլ ուրիշ ոլորտների զարգացման մեջ՝ բարձր տեխնոլոգիաներ, ռազմարդյունաբերություն, թեթև, սննդի արդյունաբերություն, օրգանական գյուղատնտեսություն: «Այսինքն՝ համարում ենք, որ պիտի կատարվի տնտեսության դիվերսիֆիկացիա՝ այդ խոշոր, արդեն իսկ գործող ընկերություններից աստիճանաբար անցում կատարեն այլ տնտեսությունների»,- նշեց նա:

Հակոբյանի կարծիքով՝ մի շարք հարցերի պատասխաններ դեռևս պարզ չեն հանրությանը, ինչպես օրինակ, ովքե՞ր են այս ընկերության սեփականատերերը, իրական ի՞նչ նպատակներ ունեն, որո՞նք  են ներդրումներ անելու պատճառները: Նրա փոխանցմամբ՝ իրենց պահանջն է, որ «ԱԳԱՊԵ»-ն հետախուզական աշխատանքներ չանի: Բնապահպանը նաև հայտնեց, որ հետագա հանրային լսումների մասին նախօրոք քննարկումներ կանեն և կորոշեն մարտավարությունը, ապա նշեց, որ կարևորագույն հարցերը պետք է լուծվեն տեղական հանրաքվեի միջոցով:

Մեկ այլ կապանցի բնապահպան՝ Արմեն Փարսադանյանը, ասաց, որ դեմ է բնապահպանական ռիսկեր պարունակող ցանկացած գործունեության, քանի որ գիտի, թե ինչ միջավայրում են ապրում: «Բայց կոնկրետ այս փուլում՝ երկրաբանահետախուզական աշխատանքների դեպքում, հորատումներ նախատեսված չեն, և դեմ չեմ, որ իրականացվեն հետախուզական աշխատանքներ, թեկուզ ժամանակավոր աշխատատեղեր կլինեն»,- նշեց Փարսադանյանը՝ ավելացնելով, որ առաջարկը հետևյալն է՝ եթե հետախուզական աշխատանքների արդյունքում հաստատվի, որ տնտեսապես նպատակահարմար է շահագործումը, ապա այդ հարցը պետք է որոշվի տեղական հանրաքվեի միջոցով:

Հիշեցնենք, որ «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թ.-ի մարտին Երևանում: ՍՊԸ-ի 99 տոկոսը պատկանում է կանադական Կանադայի Մոնրեալ քաղաքում գործող «Armenian Gas and Power Enterprises Inc.» ԲԲԸ-ին, իսկ մեկ տոկոսը՝ Գրեմ Սկոթ Ջոնսոնին, ով կանադական ընկերության գործադիր նախագահն է ու հայկական ընկերության տնօրենը:

«ԱԳԱՊԵ»-ն նախատեսում է որոնողական աշխատանքներ իրականացնել Կապանի տարածաշրջանում, ինչի համար, ընկերության ներկայացրած աշխատանքային ծրագրի համաձայն, ծախսվելու է 2,8 մլն դոլար:

Լուսանկարում՝ Հրաչ Ջաբրայանը