HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսությունը՝ 2018 թվականին. տարվա զարգացումները

Արդեն կարելի է գրեթե վստահ ասել, որ 2018 թվականի տարեկան արդյունքներով Հայաստանի տնտեսական աճը կլինի 5-6 %-ի սահմաններում։ Թեև Վիճակագրական կոմիտեն տարին կամփոփի մեկ-երկու ամսից, սակայն մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածի ցուցանիշների հիման վրա կարող ենք պատկերացում կազմել, թե ինչպես է փակվելու տնտեսական տարին, և թե տնտեսության որ ճյուղն ինչ «վարքագիծ» է դրսևորել։

Տնտեսական աճը տարվա կեսից կտրուկ դանդաղեց

Սկսենք առավել քննարկվող ու ընդհանրական ցուցանիշից՝ տնտեսական ակտիվության ցուցանիշից (ՏԱՑ): Տարվա առաջին ամիսն ամփոփվեց ՏԱՑ-ի երկնիշ աճով, որից հետո այն սկսեց տատանվել՝ փոքր-ինչ թուլանալ, հետո կրկին աճել։ Օգոտոսին արդեն ՏԱՑ-ի աճը մոտեցավ զրոյին, իսկ սեպտեմբերին անկում գրանցվեց։ Հոկտեմբեր-նոյեմբերին որոշակիորեն վերականգնվեց։ Արդյունքում, տարեսզբից հաշվարկած՝ հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 5.7 %-ով։ Հիշեցնենք, որ ՏԱՑ-ը տնտեսական աճի ցուցանիշը չէ, բայց մոտ է դրան։ Տնտեսական աճի ցուցանիշը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճն է և որպես կանոն տարեկան արդյունքներով ՀՆԱ-ի ու ՏԱՑ-ի աճի ցուցանիշները համընկնում են։

Իշխանության ներկայացուցիչները վստահեցնում են, որ հեղափոխություն արած երկրի համար 5-6 % տնտեսական աճը լավ ցուցանիշ է, քանի որ նման դեպքերում, սովորաբար, տնտեսությունը շոկի է ենթարկվում և անկում արձանագրում։ Իսկ նախկին իշխանության դեմքերը պնդում են, որ ներկայիս կառավարությունը չի կարողացել պահպանել իրենց թողած «ժառանգությունը»՝ 2017թ. գրանցված 7.5 % տնտեսական աճը։

Այս տարվա 11 ամիսների տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսական աճն ապահովում են մեծ մասամբ ծառայությունների ու առևտրի ոլորտը։ Արդյունաբերության, գյուղատնտեսության ու շինարարության ոլորտների պատկերն այս տարի, մեղմ ասած, ոգևորող չէ։ Թեև հունվար-նոյեմբերի կտրվածքով անկում է ապրում միայն գյուղատնտեսությունը, սակայն եթե դիտարկում ենք տվյալները, թե որ ոլորտներն են նպաստում տնտեսական աճին, ապա տեսնում ենք, որ արդյունաբերության կշիռը բավականին փոքր է, շինարարությանը՝ զրոյական, իսկ գյուղատնտեսությունը բացասական է ազդում աճի վրա։  

Ծառայությունները երկնիշ աճ են գրանցում

Այս տարվա հունվար-նոյեմբերին ծառայությունների ծավալը կազմել է շուրջ 1 տրլն 583 մլրդ դրամ։ Ըստ Վիճկոմիտեի նախնական տվյալների՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 18.4 %-ով։

Ծառայությունների ոլորտում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն մշակույթը, զվարճությունները և հանգիստ ենթաոլորտը։ Բազմիցս գրել ենք, որ դրա մեջ են ներառվում խաղատներն ու բուքմեյքերական ընկերությունները, որոնց գործունեության ծավալները գնալով մեծանում են, և դա էական նշանակություն է ունենում ծառայությունների ոլորտի ընդհանուր ծավալի վրա։ Մոլախաղերի ոլորտը վերահսկողության ու խիստ կարգավորումների կարիք ունի, որի մասին միշտ բարձրաձայնվում է։ Ֆինանսների նախարարությունը վերջերս հանդես է եկել հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծով, որի ընդունվելու դեպքում խստացվելու են խաղատների և բուքմեյքերական ընկերությունների համար սահմանված հարկային կանոնները։

Ծառայությունների ոլորտի աճն ապահովում են նաև ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտները, տեղեկատվության և կապի ոլորտը և այլն։ Երբ հրապարակվեն տարեկան արդյունքները, այս ամենի մասին ավելի առարկայական կգրենք։

Գյուղատնտեսության անկումը շարունակվում է

Հունվար-նոյեմբերին գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է շուրջ 795 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այն նվազել է 8.1 %-ով։ Այս ոլորտում անկում է գրանցվել նաև նախորդ տարի։ Անցած ամիսների տվյալները ցույց են տալիս, որ անկումը մեծապես պայմանավորված է բուսաբուծության ծավալների կրճատմամբ։ Դա էլ իր հերթին բացատրվում է բազմաթիվ հանգամանքներով՝ եղանակային ոչ բարենպաստ պայմաններով, շուկաների խոչընդոտներով, մշտապես կասկածի տակ է առնվում ոլորտի վիճակագրության ճշգրտությունը և այլն։

Արդյունաբերությունը թույլ տեմպերով է աճում

Արդյունաբերության ոլորտում տարեսկզբին գրանցված աճի տեմպերը գնալով թուլացել է։ Ապրիլ և մայիս ամիսները անկումային էին այս ոլորտի համար։ Ինչպես ավելի վաղ գրել էինք, անկումը մեծապես պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտի երկնիշ անկմամբ։ Դա էլ իր հերթին հիմնականում «Թեղուտ» ընկերության աշխատանքների դադարեցմամբ է պայմանավորված։ Փոխարենը աճում է մշակող արդյունաբերությունը։ Եվ ստացվել է մի իրավիճակ, որ հանքահումքի ծավալների կրճատման ու մշակող արդյունաբերության ծավալների որոշակի աճի արդյունքում մշակող արդյունաբերության կշիռը ամբողջ արդյունաբերության կազմում ավելացել է։

Այս տարվա հունվար-նոյեմբերին արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 1 տրլն 563 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.1 %-ով։

Շինարարությունը «վերակենդանության» նշաններ է ցույց տալիս

Այս տարվա հունվար-նոյեմբերին շինարարության ծավալը կազմել է մոտ 338 մլրդ դրամ, աճը՝ 5.5 %: Թեև շինարարության աճի ցուցանիշը փոքր չէ, սակայն այն գրեթե չի նպաստում տնտեսական աճին. շինարարության ծավալները, ինչպես տեսնում եք, բավականին փոքր են մյուս ոլորտների համեմատ։ Շատ է նշվել, որ շինարարության ծավալների նվազումը պայմանավորված է Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարական աշխատանքների դադարեցմամբ։ Վիճակագրությունը ևս փաստում է, որ նվազել են օտարերկրյա ներդրողների կողմից ֆինանսավորվող շինարարության ծավալները։

Բոլոր դեպքերում, տարին կփակվի շինարարության ոլորտի աճով։ 2017 և 2018 թվականներին այս ոլորտը «վերակենդանության» նշաններ է ցույց տալիս, սակայն շինարարության ներկայիս ծավալները դեռևս հեռու են մինչև 2009 թվականը գրացված ծավալներից։ Հիշեցնենք, որ 2009 թվականի շեշտակի անկումից հետո շինարարության ոլորտը Հայաստանում անընդհատ անկում  է ապրել մինչև 2017 թվականը։ Միայն 2014-ին 0.2 % աճ է արձանագրվել, իսկ 2017-ին՝ 2.2 %:

Ներքին առևտրի աճ՝ մեծածախ առևտրի հաշվին

Այս տարվա հունվար-նոյեմբերին, ըստ Վիճկոմիտեի նախնական տվյալների, Հայաստանում ներքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 2 տրլն 570.5 մլրդ դրամ։ 2017-ի նույն ժամանակաշրջանի համեմատ այն աճել է 9.2 %-ով։ Առևտրի ընդհանուր ցուցանիշի աճին հիմնականում նպաստում է մեծածախ առևտուրը։ Հունվար-հոկտեմբերին (հունվար-նոյեմբերի տվյալները մանրամասն դեռևս չեն հրապարակվել) առևտրի ընդհանուր ծավալի 47.6 %-ն ապահովել է մանրածախ առևտուրը, իսկ 47.9 %-ը՝ մեծածախ առևտուրը, 4.5 %-ն էլ՝ ավտոմեքենաների առևտուրն է։ Ուշագրավ է, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբերի համեմատ մանրածախ առևտրի ծավալներն աճել են ընդամենը 1.4 %-ով, մինչդեռ մեծածախ առևտուրն ավելացել է 17.6 %-ով։

Ներմուծումը կրկնակի ավելի արագ է աճում, քան արտահանումը

Հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում գրանցված անկումը բացասաբար է ազդում արտահանման ցուցանիշի վրա։ Այս տարվա մի քանի ամիսներին արտահանումը նվազել է։ Վերջին տվյալներով՝ նոյեմբերին այն նվազել է 5 %-ով։

Ընդհանուր առմամբ, այս տարի ներմուծումը շատ ավելի արագ տեմպերով է աճում, քան արտահանումը։ Հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 6 մլրդ 724 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 19.1 %-ով։

Արտահանման ընդհանուր ծավալը հունվար-նոյեմբերին կազմել է 2 մլրդ 202 մլն դոլար, որն աճել է 9.8 %-ով։

Իսկ ներմուծման ծավալը կազմել է 4 մլրդ 521 մլն դոլար։ 2017թ. հունվար-նոյեմբերի համեմատ այն աճել է 24.2 %-ով։ Ստացվում է, որ ներմուծումը 2.5 անգամ ավելի արագ է աճել, քան արտահանումը։

Պետական պարտքը

Ըստ Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների՝ այս տարվա նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել է 6 մլրդ 765.5 մլն ԱՄՆ դոլար։ Եթե համեմատում ենք ուղիղ մեկ տարվա կտրվածքով՝ 2017թ. նոյեմբերի 30-ի համեմատ, պետական պարտքն աճել է 335 մլն դոլարով կամ մոտ 5%-ով։ Սակայն, նկատենք, որ պետական պարտքի կտրուկ աճ գրանցվեց նախորդ տարվա դեկտեմբերին՝ 334 մլն դոլարով։

Սա նշանակում է, որ պարտքն աճել է ոչ թե այս տարվա ընթացքում, այլ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին։ Հետևաբար, եթե հաշվի առնենք միայն այս տարվա ամիսները, ապա տարեսկզբից, այսինքն՝ 2017թ. դեկտեմբերի 31-ի համեմատ, պետական պարտքը նվազել է 9.1 մլն դոլարով կամ 0.1 %-ով։

Հստակ տվյալներ չունենք, թե դեկտեմբերին պարտքը ինչքանով կաճի կամ նվազի։ Համենայնդեպս, նախորդ տարվա համեմատ, այս տարի պարտքի դինամիկան ավելի բարվոք վիճակում կլինի։ Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին պետական պարտքն աճել է 832.5 մլն դոլարով կամ 14 %-ով։

Տրանսֆերտները

Հայաստանի տնտեսության վրա մեծ ազդեցություն ունեն նաև արտերկրից կատարվող դրամական փոխանցումները։  Ըստ վերջին տվյալների՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են փոխանցել 1 մլրդ 456 մլն դոլար։ 2017 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այս ցուցանիշն աճել է 58.5 մլն դոլարով կամ 4.2%-ով։  Վերջին երեք ամիսներին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների նվազում է արձանագրվում, ինչը բացասաբար է ազդում տրանսֆերտների ընդհանուր վիճակագրության վրա։ Հիշեցնենք, որ Ռուսաստանը դեպի Հայաստան դրամական փոխանցումների գլխավոր աղբյուրն է։

Միևնույն ժամանակ, տասն ամսում Հայաստանից արտերկիր է փոխանվել 951 մլն դոլար, աճը՝ 172 մլն դոլար կամ 22 %: Ինչպես տեսնում եք, արտահոսքն այս ընթացքում շատ ավելի արագ տեմպերով է աճել, քան ներհոսքը։

Տարվա ընդհանուր տնտեսական պատկերը ամփոփելիս կարելի է բազմաթիվ ցուցանիշներ ևս ներկայացնել։ Ընդ որում՝ միշտ հնարավոր է այս կամ այն ցուցանիշը մեկնաբանել յուրովի։ Դա է պատճառը, որ բոլոր ժամանակներում իշխանության ներկայացուցիչները հիմնականում մեդալի դրական կողմն են մատնանշում, իսկ ընդդիմությունը՝ բացասական կողմը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter