HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նորընտիր խորհրդարանի առաջին ընտրությունների ընթացակարգը․ վարչապետի նշանակումը

Արդեն հայտնի է նորընտիր յոթերորդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի առաջին նիստի օրը՝ հունվարի 14, ժամը 10.00: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ առաջին նստաշրջանի նիստերը մինչ ԱԺ նախագահի ընտրվելը վարելու է տարիքով ավագ պատգամավորը։ Ամենայն հավանականությամբ, ինչպես նախորդ խորհրդարանում, այնպես էլ հիմա առաջին նիստը կվարի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Կնյազ Հասանովը, որը նախորդ խորհրդարանում ներկայացված էր ՀՀԿ, այժմ՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով։

Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են։

Խորհրդարանն առաջին նիստում ստեղծելու է նաև խմբակցություններ, որում ընդգրկվում են միևնույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով մանդատ ստացած պատգամավորները:

Ազգային ժողովի ընտրության արդյունքով մանդատների ընդհանուր թվի ոչ պակաս, քան 54 տոկոսը ստացած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստեղծած խմբակցությունները համարվում են կառավարող, իսկ մյուս խմբակցությունները՝ ընդդիմադիր: Ըստ այդմ՝ ընդդիմադիր խմբակցություններն են լինելու «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը»։

Պատգամավորների գրանցումից հետո խորհրդարանը նախ՝ ԱԺ նախագահ է ընտրում, ապա՝ ԱԺ նախագահի տեղակալներ։ Արդեն հայտնի է, որ իշխող ուժը՝ «Իմ քայլը» դաշինքը, խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրելու է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի թեկնածությունը, ԱԺ նախագահի տեղակալների պաշտոնում՝ Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի թեկնածությունները։ «Լուսավոր Հայաստանը» ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրելու է Մանե Թանդիլյանի թեկնածությունը, իսկ Բարգավաճ Հայաստանը դեռ չի հայտնել իր թեկնածուի անունը։

Այնուհետև խորհրդարանը մշտական հանձնաժողովներ է ստեղծում, ընտրում դրանց նախագահներին, ապա կառավարության առաջարկությամբ՝ կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում է ընթանում։

Դեռ պարզ չէ, թե նոր խորհրդարանը քանի մշտական հանձնաժողով կարող է ունենալ։ Հիշեցնենք, որ վեցերորդ գումարման խորհրդարանում հանձնաժողովների թիվը 12-ից կրճատվեց 9-ի․ սա ընդդիմադիր «Ելք» խբակցության պատգամավորների համոզմամբ նրա համար էր, որ իրենք չնախագահեն որևէ հանձնաժողովում, քանի որ Դոնթի բանաձևի համաձայն՝ 10-րդ հանձնաժողովի նախագահությունը պետք է լիներ թվով ամենափոքր խմբակցությանը։

Մշտական հանձնաժողովներից  յուրաքանչյուրում կարող է ընդգրկվել նվազագույնը 10, առավելագույնը՝ 15 պատգամավոր, հանձնաժողովում կարող են չընդգրկվել խմբակցության ղեկավարը, ԱԺ նախագահն ու նրա տեղակալները։ Նախորդ խորհրդարանում հանձնաժողովում ընդգրկված չէին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ապա նրան փոխարինած Լենա Նազարյանը ընդգրկված էին հանձնաժողովների կազմում։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը որևէ հանձնաժողովում ընդգրկված չէր, սակայն նրա բոլոր տեղակալներն էլ՝ Արփինե Հովհաննիսյանը, Էդուարդ Շարմազանովը և Միքայել Մելքումյանը ընդգրկված էին հանձնաժողովներում։

Նորընտիր խորհրդարանը վարչապետ չի ընտրելու․ սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում կայուն խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Ըստ այդմ՝ ԱԺ նախագահի ընտրությունից հետո վերջինս գրությամբ դիմելու է նախագահին՝ ներկայացնելու իշխող «Իմ քայլը» դաշինքի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի անունը՝ որպես վարչապետի թեկնածու։

Հիշեցնենք, որ վեցերորդ գումարման խորհրդարանում վարչապետի 5 ընտրություն է եղել․ ապրիլի 17-ին 77 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը, նրա հրաժարականից հետո մայիսի 1-ին «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը 45 կողմ, 56 դեմ ձայներով չընտրվեց, ապա մայիսի ութին 59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց վարչապետ։ Վարչապետի երկու ընտրություն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո եղավ, երկու դեպքում էլ խորհրդարանը Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ, ինչից հետո խորհրդարանն իրավունքի ուժով արձակվեց, և նշանակվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Կառավարությունը կազմավորվելու է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետերի և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետերին և նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում այս հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով:

Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter