HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Լարված մթնոլորտ դատարանի դիմաց. ցուցարարները Մանվել Գրիգորյանի փաստաբանին թույլ չէին տալիս գնալ դատարանից

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հետաձգեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ Դատախազության ներկայացրած բողոքի քննությունը: Դատարանի դիմաց գտնվող լրագրողների հետ զրույցում Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը նշեց, որ որոշ փաստաթղթեր տրամադրելու և դրանց ծանոթանալու անհրաժեշտություն կար, որի պատճառով է նիստը հետաձգվել:

Երբ Մկրտչյանը դուրս եկավ դատարանից, շենքի դիմաց հավաքված քաղաքացիները, նրան ընդառաջ գալով, հայտարարեցին, թե Մկրտչյանին դատարանում կհանդիպեն, և որ վերջինս իրենց թափթփուկ է անվանել: Ըստ ցուցարարների՝ իրենք ուղիղ եթերով հետևելիս են եղել լրագրողների հետ Մկրտչյանի զրույցին: Նշենք, որ լրագրողներից որևէ մեկը Մկրտչյանի կողմից այսօր ասված նման արտահայտություն չէր լսել: Արսեն Մկրտչյանն ի պատասխան ցուցարարներին` հորդորեց ևս մեկ անգամ լսել տեսագրությունները, սակայն վրդովված ցուցարարները քայլում էին նրա ետևից ու վանկարկում՝ «տուշոնկայի փաստաբան»:

Նրանք հորդորում էին քաղաքացիներին դուրս գալ փողոց ու մասշտաբային բողոքի ակցիաներ անել:

Դատարանի դիմաց մեծ թվով ոստիկաններ էին կենտրոնացված: Վերջիններս հսկողությամբ Արսեն Մկրտչյանը մոտեցավ իր մեքենային: Ցուցարարները մի պահ որոշեցին փակել նրա ճանապարհն ու թույլ չտալ, որ գնա, ապա նրանցից մեկը հորդորեց նման բան չանել և ավելորդ շահարկումների առիթ չտալ:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, քննում էր գեներալ Մանվել Գրիգորյանին 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ Դատախազության ներկայացրած բողոքը:

Դատարանի դիմաց հավաքվել էին մեծ թվով քաղաքացիներ, որոնք պահանջում են Գրիգորյանին նորից կալանավորել:

Մանվել Գրիգորյանը բողոքի քննությանը չէր ներկայացել: Գործը մակագրվել է դատավոր Արսեն Նիկողոսյանին:

Հիշեցնենք նաև, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter