HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս ղարաբաղյան խնդիրը «հայտնվեց» եվրասիական եռյակի սեղանին-1

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Եւ այսպես, 2013թ. գյուլիստանյան տարում Ռուսաստանը ձեռնամուխ եղավ առաջինը Հայաստանի եւ Ուկրաինայի  եվրասիականացմանը: Այդ երկու երկրներն էլ պատրաստվում էին նոյեմբերին Վիլնյուսում համապատասխանաբար նախաստորագրել ու ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրերը:

2013-ի ընթացքում Ուկրաինայի վրա Կրեմլի գործադրած ճնշման լծակներին ու դրամատիկ պատմությանը անդրադարձել ենք ծավալուն շարքով: Այն դրսեւորվեց տարատեսակ առեւտրային պատերազմներ (ավտոմեքենաների, կաթնամթերքի, հացահատիկային, գազային, հախճապակու, շոկոլադային եւ այլն) հրահրելով՝ այդ կերպ փորձելով Կիեւին խեղճացնել ռուսական շուկաներից նրա գործարարների ու տնտեսության ունեցած կախվածությամբ: Իսկ Երեւանի եվրասիականացման որոշումը կորզելու համար Մոսկվան գերազանցապես խաղաց երկու գործոնի վրա՝ 1) գազ-էլեկտրաէներգիա, եւ 2) Ադրբեջանի հետ ռազմական հակամարտություն:

Երկու սպառնալիք, եւ Երեւանը պատրաստ է միանալ Մաքսային միությանը

Հայաստանին վաճառվող գազի գնի խնդիրը շատ ավելի «թաքնված» բնույթ կրեց, քան Ուկրաինայի պարագայում: 2012թ. օգոստոսի 8-ին Մոսկվայում Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ այն կապվեց եվրասիական նախագծին Հայաստանի միանալու ճանապարհային քարտեզի նախապատրաստման հետ: Սակայն, 2012-ին Երեւանը չէր շտապում դա անել, ինչը տեսանելի եւ նյարդայնացնում էր Մոսկվային. ամռանը Երեւանը հեղեղած ռուս բանագնացները առաջին հերթին «հետաքրքրվում» էին երկկողմ,  ԱՊՀ ու ՀԱՊԿ ձեւաչափերով տարբեր ոլորտներում «ինտեգրացիան խորացնող» պարտավորությունները Երեւանի կողմից չկատարելու պատճառներով:  

Եւ ահա, Երեւանին «ուշքի բերելու» ու «սթափեցնելու» համար 2013թ.-ից գործի դրվեց Ուկրաինային եւ Հայաստանին վաճառվող ռուսական գազի գնի ու դրա դիմաց վճարման մեխանիզմի հարցը: Եթե Կիեւը այդ խնդրով հրապարակային խոշոր վեճի մեջ մտավ Մոսկվայի հետ՝ չընդունելով թե՛ գազի դիմաց պարտքը, թե՛ վճարելու կանխավճարային նոր սկզբունքը, ապա  Հայաստանում թաքցվեց «Գազպրոմին» ունեցած շուրջ 300 մլն դոլարի պարտքը, իսկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ սուսուփուս հաստատեց հունիսից գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը:

Ի սկզբանե ՀՀ իշխանություններին պարզ էր, որ դա խիստ բացասաբար է ազդելու Հայաստանի տնտեսության վրա (Տիգրան Սարգսյանի խոստովանությունը): Սեպտեմբեր 3-ին Մաքսային միությանը միանալու հայտարարության համար ՌԴ նախագահը համաձայնեց Հայաստանին գազը վաճառել ներքին գներով եւ Երեւանի համար նվաստացուցիչ պայմաններով կնքվեցին գազային պայմանագրերը:

2013թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում Պուտինը չթաքցրեց, որ Հայաստանի տնտեսական զգայունությունները երկու ապրանքատեսակների՝ գազի ու էլեկտրաէնորգիայի մասով հարգել է ոչ թե նրա համար, որ Երեւանն իր ռազմավարական գործընկերն է կամ կրտսեր եղբայրը, այլ բացառապես Մաքսային միություն մտնելու որոշման:

Հայաստանի եվրասիականացման տնտեսական ասպեկտների մասին շատ ենք գրել, ուստի ավելին չենք ծավալվի: Հակառակը, քիչ ենք գրել Երեւանի որոշման վրա անվտանգության խնդիրների, մասնավորապես ԼՂ խնդրի ազդեցության խողովակների ու դրա հետ կապված ուշագրավ դրվագների մասին: Իսկ Հայաստանի եվրասիականացումն արագացրած երկրորդ գործոնը հենց դա էր:

2013թ. հունիսին, գազի ու էլեկտրաէներգիայի գնի թանկացումից բացի, Երեւանի համար եւս մեկ տհաճ իրողություն պարզ դարձավ.  Ռուսաստանը Ադրբեջանին է վաճառում 1 մլրդ դոլարի hարձակողական բնույթի լուրջ սպառազինություններ, ինչը բացահայտ մտահոգություն ու տարակուսանք հարուցեց Երեւանում:  Եթե պաշտոնական Մոսկվան այն ներկայացնում էր հերթական «բիզնես» գործարքը, որը Բաքվի հետ կնքվել էր 2007թ., սակայն ոչ պատահականորեն  իրականացվում էր հենց այդ ժամանակ, ապա Կովկասում ռուսական գյուլիստանյան գերիշխանության վերականգնման դիսկուրսի հեղինակները դրա իրական բացատրությունը տվեցին:

Մասնավորապես Մոդեստ Կոլերովը չխուսափեց այն անուղղակի կապել նրա հետ, որ Երեւանը «Արեւելյան գործընկերության» ծրագրի անվան ներքո պատրաստվում է Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի հանգույն անցնել ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի «հովանոցի» ներքո, որի երկրորդ արարը նոյեմբերին Վիլնյուսում Ասոցացման համաձայնագրի ստորագրումն է: Իսկ կովկասյան հանրապետությունների համար մշակված այդ փաստաթուղթը, ինչպես Կոլերովն է բնորոշում, ցինիկորեն  նախատեսում է անկախ սեփականության ձեւից (1) նրանց էներգետիկ ու տրանզիտային ոլորտների ապամենաշնորհայնացում, (2) դրանք ԵՄ-ի ուղղակի վերահսկողության տակ դնելը, (3) ոլորտների միջպետական ինտեգրացում անկախ ազգային սահմաններից, այսինքն՝ նախանշում է Կովկասի կորուստ Ռուսաստանի համար (ասվածը ավելի լավ է ցույց տալիս, թե ինչու գազային պայմանագրերով երակարաժամկետ կտրվածքով զավթվեց Հայաստանի ողջ էներգետիկ ինֆրաստրուկտուրան): Հայաստանի վարքագծի այդպիսի վերլուծության արդյունքում նա կասկածի տակ դրեց Երեւանի անկեղծությունը, թե իրեն անհրաժեշտ է Ադրբեջանի հետ ռազմա-քաղաքական բալանս, ինքը հավատարիմ է ՀԱՊԿ-ին, եւ անվտանգության ռուսական երաշխիքների կարիքն ունի:  

Կոլերովը դրա հիմնական պատճառ համարեց այն, որ Երեւանն այլեւս համարում է, թե վրաց-ռուսական պատերազմի արդյունքում Ռուսաստանը ոչ միայն թուլացել է Կովկասում, այլեւ փակել է իր համար կենսական նշանակություն ունեցող Աբխազական երկաթուղին գործարկելու հեռանկարը, հետեւաբար, ճիշտը Արեւմուտքի հովանու տակ անցնելն է: Ապա կրեմլյան վերլուծաբանը Երեւանին սարսափեցնելու նպատակով Հայաստանի եվրաասոցացման խորացման պայմաններում Սերժ Սարգսյանի կողմից ԼՂՀ-ը չճանաչելուց բխող ամենահավանական դիպաշար համարեց այն, որ Արցախն էլ Կոսովոյի մոդելով կհայտնվի ԵՄ, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, ԵԱՀԿ-ի ու Ռուսաստանի ուղղակի կառավարման ներքո, սակայն այս դեպքում Հայաստանը կհայտնվի Սերբիայի դերում, այլ ոչ թե ԼՂՀ-ը՝ Կոսովոյի: Ուստի Կոլեչովը Երեւանին հռետորաբար «կոչ արեց» վերստին մտածել՝ «Մոսկվան Ադրբեջանին զինում է հարձակողական զենքով. ի՞նչ կլինի Լեռնային Ղարաբաղի հետ», եթե Երեւանը չվերանայի իր վերլուծությունը,  հաշվարկները ու քաղաքականությունը:

Կրեմլի կողմից վերը նշված երկու գործոնները արդյունավետ խաղարկելուց հետո սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Մաքսային միությանն ու  եվրասիական միությանը միանալու մասին՝ անուղղակի կասեցնելով նոյեմբերին Վիլնյուսում ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

Դրանից հետո Երեւանը հայտնվեց Մոսկվայի «սիրեցյալի» կարգավիճակում: Չնայած հարձակողական սպառազինության վաճառքին, Մոսկվան անցավ Բաքվին «մշակելու» գործին:

Հոկտեմբեր. Հայաստանը «վերցված եւ խրախուսվում» է, Ադրբեջանը «գրգռվում եւ հրավիրվում է»   

Հոկտեմբերի 10-ին Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին «Կարմիր աստղ» պարբերականին հարցազրույց տվեց, որում  ի պատասխան հարցի, թե ո՞րն է այսօր Հայաստանում ռուսական ռազմաբազայի ռազմաքաղաքական առաքելությունը, ոչ պատահականորեն իրեն տրված հարցից դուրս  ծավալվեց. «Ռազմա-քաղաքական իրավիճակը ռազմաբազայի պատասխանատվության գոտում մնում է անկայուն եւ բնութագրվում է մի շարք ապակայունացնող գործոնների առկայությամբ, որոնք կապված են հայ-ադրբեջանական հակամարտության տարածաշրջանում առճակատման հնարավոր շիկացման հետ: Ադրբեջանի ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժային եղանակով իր յուրիսդիկցիան վերականգնելու որոշման ընդունման դեպքում ռազմական բազան կարող է ռազմական կոնֆլիկտի մեջ մտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Ռուսաստանի դաշնության հետ կնքնված պայմանագրային պարտավորություններին համապատասխան»:

Ուշագրավ է, որ ռուս զինվորականը առաջին անգամ ակնարկեց, թե ՀԱՊԿ-ը ծածկում է նաեւ հայ-ադրբեջանական սահմանագծի ԼՂՀ տիրույթը, որի հանդեպ նոր ոտնձգությանը Բաքուն լրջորեն նախապատրաստվում է: Սա մի հարց է, որի պատասխանը տարիներով չէր հնչում, ընդհուպ պատճառ դառնալով Հայաստանում ՀԱՊԿ-ի անդամակցելու նպատակահարմարության մասին քննարկումների համար:

Ապա ռուս պալկովնիկը նկարագրեց ոչ միայն հակառակորդի ռազմավարական զսպման գործում ռուսական հակաօդային պաշտպանական համակարգերի (ՀՈՊ) մարտական հերթափոխի ներգրավման, Հայաստանում Ռուսաստանի հետախուզության դաշնային (ՀԴԲ) բյուրոյի սահմանապահ ստորաբաժանումներին աջակցություն ցուցաբերելու իրենց առաքելությունը, անհապաղ  գործադրման ենթակա միավորումների կազմն ու տեղակայումը, այլեւ օգտագործվելիք զինատեսակները. С-300В զենիթառակետային կոմպլեքս, ЗРК БУК-М1-2, «Смерч» ռեակտիվ հրետանային մարտկոց, МиГ-29 ռազմական օդանավերի էսկադրիլիա: Այսինքն, հասկացվեց, թե Ադրբեջանի ձեռքբերած հարձակողական սպառազինությունները հանդիպելու են ավելի լուրջ հակազդեցության եւ անիմաստ են դարձվելու:

Եթե այս հայտարարության արդյունքում Երեւանում հիացական ու ոգեւորության ձայներ լսվեցին, ապա Բաքվում առաջին ռեակցիան տարակուսանքն էր: Պաշտոնական, քաղաքական ու փորձագիտական շրջանակները սկզբում մտածում էին, թե լրատվամիջոցը ռուս պալկովնիկին է վերագրել աննախադեպ արտահայտություններ:

Օրեր անց՝ հոկտեմբերի 13-ին Երեւանում հրապարակվեց Վլադիմիր Պուտինին ուղղված Զորի Բալայանի նամակը, որն ուներ երկու ուղերձ. 1. Ղարաբաղի հարցը Ռուսաստանի հարցն է, եւ ԽՍՀՄ օրոք ու դրանից առաջ այդ իրողության չընդունումը հանգեցրեց ժամանակին ռուսական կայսրության համար Ալեքսանդր Առաջինի ձեռքբերումների չեղարկմանը, 2. ՌԴ նախագահը որպես «Ալեքսանդր Առաջինի ե՛ւ Ժառանգորդ, ե՛ւ Հաջորդ» տեր կանգնի 1813թ. Գյուլիստանի, ապա Թուրքմենչայի պայմանագրերով գծված ռուսական կայսրության սահմաններին, որի մեջ մտնում է ոչ միայն Արցախը՝ իր լեռնային ու դաշտային հատվածներով, այլեւ Ադրբեջանը:

Բոլորի, այդ թվում՝ Բաքվի համար ակնհայտ էր, որ նամակը գրել է մի մարդ, ով ուղղակի առնչություն է ունեցել ղարաբաղյան շարժման հետ, մոտ է կանգնած թե պաշտոնական Երեւանին, թե Ստեփանակերտին: Հետեւաբար, նամակը գնահատվեց որպես Մոսկվայի գյուլիստանյան ուղերձներին Երեւանի ու Ստեփանակերտի կիսապաշտոնական արձագանք: Անդրեյ Ռուզինսկու հայտարարության կապակցությամբ էլ Բաքուն չէր կարող չհասկանալ, որ դրա համար հիմք է ծառայել Մաքսային միություն մտնելու Երեւանի որոշումը: Ուստի Ալիեւը հենց հոկտեմբերին շտապեց դիմել Մաքսային եռյակի ամենավստահելի գործընկերոջը՝ Ղազախստանին, խնդրելով հստակեցնել Հայաստանի սահմանները Մաքսային միությունում: Դրա մասին պարզ դարձավ հոկտեմբերի 23-ին Մինսկում տեղի ունեցած տրոյկայի նիստից հետո (այն առաջինն էր սեպտեմբերի 3-ից հետո, որին մասնակցեց նաեւ Սերժ Սարգսյանը):  

Տրոյկայի այդ նիստում ողջունվեց ՄՄ-ին միանալու Հայաստանի որոշումը, հայտարարվեց ճանապարհային քարտեզը մշակելու նպատակով աշխատանքային խումբ ձեւավորելու մասին: Թեպետ Ալիեւն արդեն դիմել էր Նազարբաեւին, սակայն, ակնհյատորեն եվրասիական ուղղությամբ առաջին քայլերն անող Երեւանին չխրտնեցնելու համար Ղարաբաղի հետ կապված որեւէ հայտարարություն չհնչեց նիստում: Մինչդեռ, նույն օրը «Мир» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ա.Լուկաշենկոն հայտարարեց. «Հայաստանը Ադրբեջանի հետ մեկ  չլուծված տարածքային հարց  ունի: Նշանակում է, Ադրբեջանի կողմից  հարցեր կլինեն: Ինչպես ես եմ հասկացել, Իլհամ Ալիեւը այդ հարցն իր ղազախ գործընկերոջն արդեն տվել է: Մենք պետք է հաշվի առնենք Ադրբեջանի կարծիքը»: Նշելով, որ թեպետ Բելառուսը եւ Հայաստանը ՀԱՊԿ անդամ են, սակայն Մինսկը Բաքվի հետ կառուցում է նաեւ ռազմա-տեխնիկական հարաբերություններ, եւ «Ադրբեջանը գնում է մեր նորագույն մշակումները, զենքը. ես դրանով ընդգծում եմ, որ Ադրբեջանի հետ Բելառուսը փակ թեմաներ չունի», Ա. Լուկաշենկոն Ի.Ալիեւին բաց հրավիրեց Հայաստանի անդամակցության հետ կապված հարցերը հնչեցնելու, որոնք «պետք է հաշվի առնել»:

Գյուլիստանյան գիտաժողով, որն անսահման գրգռեց Ադրբեջանին

Բաքվի ռեակցիան գագաթնակետին հասավ, երբ այս անգամ Կոնստանտին Զատուլինի ԱՊՀ երկրների ինստիտուտը հոկտեմբերի 31-ին Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում կազմակերպեց «Գյուլիստանի խաղաղության պայմանագիրը. պատմություն եւ արդիականություն» գիտագործնական կոնֆերանսը: Դրա հովանավորներից էր նաեւ Ռուսաստանի հայերի միությունը՝ ի դեմս ողջույնի խոսք հղած Արա Աբրահամյանի, ով Հայաստանի մաքսայնացման գլխավոր լոբբիստներից է/էր: Գիտաժողովին մասնակցեցին անվանի պատմաբաններ ու քաղաքագետներ այդ թվում՝  Նոր պետությունների միջազգային ինստիտուտից գյուլիստանյան զեկույցը պատրաստածները (Մոդեստ Կոլերով, Ստանիսլավ Տարասով), նաեւ՝ ինստիտուտին ասոցացված փորձագետներ Ռուսաստանից, Կովկասից ու Հայաստանից (այդ թվում ԱԳՆ վարչության պետ Արսեն Ավագյանը):

Գիտաժողովին հայերին հրավիրելու, իսկ ադրբեջանցիներին չհրավիրելու փաստը, դրա ընթացքում Կոնստանտին Զատուլինի, Մոդեստ Կոլերովի փոխլրացնող զեկույցները, ինչպես նաեւ՝ այլ բանախոսների ելույթները Կովկասի ռուսականության ու Կովկասի համար ռուսական միանձնյա պատասխանատվության, Ադրբեջանը վերացնելու մասին Բաքվում հարուցեցին թե’ կատաղություն, թե’ վախեր:

Կ. Զատուլինն իր խոսքում նշել էր. «Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը 200-ամյա վաղեմության ռուս-պարսկական պայմանագրի հետեւանք է: Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջեւ 1813թ. կնքված Գյուլիստանի խաղաղության պայմանագիրը հիմք դրեց Ռուսաստանի հետ կովկասյան ժողովուրդների մերձեցմանը, որի արտացոլումն էլ հանդիսանում է հետխորհրդային տարածքում ներկայիս ինտեգրացումը: Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումը Գյուլիստանի, Թուրքմենչայի պայմանագրերի եւ ռուս-հայկական հարաբերությունների ողջ պատմության տրամաբանական հետեւանքն է»: Նա այդ որոշմամբ էր պայմանավորել ընդհուպ հայ մասնակիցների լայն ներկայացվածությունը գիտաժողովին:

Մոդեստ Կոլերովն էլ համերաշխություն էր հայտնել Զատուլինի թեզերին ու հավելել, որ արտատարածաշրջանային դերակատարները չպետք է խառնվեն Անդրկովկասի ճակատագրին, որտեղ 19-րդ դարի սկզբին երեք հիմնական դերակատարները՝ Ռուսաստանը, Պարսկաստանը եւ Օսմանյան կայսրությունն էին անվտանգություն ձեւավորում, ինչը ամրագրվեց Գյուլիստանի խաղաղության պայմանագրով, մինչդեռ Բրիտանիան ապակայունացնում էր իրավիճակն ու հանգեցնում նոր պատերազմի: Կոլերովի եզրահանգմամբ՝ Գյուլիստանի, ապա Թուրքմենչայի պայմանագրերով Ռուսաստանն իր վրա դրեց Անդրկովկասի ճակատագրի համար պատասխանատվությունը, որը կրում է մինչեւ այժմ. «Մենք հարկադրված ենք մեզ պաշտպանել, գործուն կերպով մասնակցել Անդրկովկասում: Առանց մեր ակտիվության, մեր բնական սահմանները կքանդվեն եւ կվերացվեն, եւ Ռուսաստանի, քաղաքակրթության ու անվտանգության նահանջը հնարավոր չի լինի կանխել անգամ Կրեմլին հարակից Բալոտնայա հրապարակում»:

Ադրբեջանի քաղաքական-քաղաքագիտական-պատմագիտական շրջանակներին սարսափեցրել էին ոչ միայն կոնֆերանսի հայկական-ղարաբաղյան, այլեւ ռուսական, թալիշական, ավարական, լեզգիական չափումները: «Գյուլիստանի պայմանագիր ռուս, թալիշ, լեզգիական եւ ավարական ժողովուրդների պատմության մեջ» զեկուցման մեջ թալիշ Ֆահրադին Աբոսզոդան մեղադրել էր Ադրբեջանին Հանրապետություն ստեղծելու միջոցով այդ ազգությունների պատմական հայրենիքը ոչնչացնելու, այժմ էլ այդ երկրի իշխանությունների կողմից նրանց պատմական ժառանգությունը եւ հայրենիքի հետքը ոչնչացնելու մեջ:

Անդրադառնալով Վ.Պուտինի վարած քաղաքականության ու Կովկասում Ռուսաստանին սպասվող աշխարհաքաղաքական գոտեմարտին, Ֆահրադին Աբոսզոդան նշել էր. «Ուրախացնում է այն, որ Վ.Պուտինը, Պետրոս I-ի կասպիական արշավանքից 290 տարի եւ Գյուլիստանի պայմանագիրը կնքելուց 200 տարի անց արշավեց Կասպիականի ափ ռուսական ռազմանավերի ուղեկցությամբ: «Պուտինի արշավանքը» կդառնա՞ այս տարածաշրջանում իր երբեմնի ազդեցության վերականգման ուղղությամբ Ռուսաստանի երկարաժամկետ քաղաքականության սկիզբ, թե՞ կավարտվի իբրեւ նրա որոշ նախարարների ու նավթային օլիգարխների «Կաբալինսկյան պատվավոր ընթրիքի» մեկանգամյա ակտ, ցավոք ոչ մեկին մինչեւ վերջ պարզ չէ»:

Ոչ պակաս ուշագրավ են նրա քննադատությունները Գուլիստանի պայմանագրի կապակցությամբ, որի պատճառով, ի տարբերություն լեզգիների, ավարների, ում պետականութունը որոշակի ինքնավարության տեսքով պահպանվեց նաեւ հետագայում, թալիշները զրկվեցին ամեն ինչից. «Թալիշական խանությունը բոլոր շանսերն ուներ Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջեւ անկախ բուֆերային պետություն լինելու համար: Գյուլիստանի ամենամեծ գաղտնիքներից մեկն այն էլ որ մինչեւ այժմ մեզ հայտնի չեն հիմնական պատճառները, որոնց արդյունքում թալիշական խանությունը վերացվեց, իսկ թալիշական ազգը բաժանվեց երկու մասի»: 

Նա տրտնջացել էր, որ տարիներ առաջ դիմել են Էրմիտաժի ղեկավարությանը՝ ժամանակին թանգարանին հանձնված թալիշական խանի ողջ արխիվը, պետական դրոշը եւ այլ ռեգալիաներ ստանալու խնդրանքով, սակայն արժանացել են «դրանք պահեստներում չեն հայտնաբերվել» պատասխանի.  «Խնդրում ենք, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավարությանը, որի գիտական հետաքրքրությունների մեջ մտնում է նաեւ մեր երկրամասի ուսումնասիրությունը, հետարքրքվել այդ հարցով եւ պարզել, թե արդյո՞ք պարոն Պիոտրովսկին այդ արժեքավոր հուշարձանները չի վաճառել Բաքվի իշխանական առեւտրականաներին, բնականաբար, դրանց հետագա ոչնչացման նպատակով»:

Աբոսզոդան նաեւ «կանխատեսեց», թե «ոչ հեռու ապագայում այս ինստիտուտի կոլեկտիվը, ստիպված կլինի որոշ ուղղումներ մտցնել իր գիտական ծրագրերում՝ դրանցից վերացնելով «Ադրբեջանական հանրապետություն» բառը եւ այն փոխարինել «Թալիշստան, «Լեզգիստան» եւ այլ բառերով», իսկ զեկույցն ավարտեց ուշագրավ ակնարկով. «Թալիշական խանության մայրաքաղաքի՝ Լենքորանը վերցնելու նախօրեին՝ 1813թ. հունվարի 1-ի գիշերը Երմոլովը (ռուս-պարսկական պատերազմում ռուս զորահրամանատար-Ս.Ս.) Միր Մուստաֆա խանին պատմեց, թե ինչպե՞ս է պատրաստվում տիրանալ քաղաքին: Լսելով նրան, Թալիշի խանը ասաց՝ «Տա Ալլահ», ինչին  գեներալը ժպիտը երեսին պատասխանեց. «Եթե Ալլահը տա՝ կվերցնենք քաղաքը, եթե չտա էլ, միեւնույնն է կվերցնենք: Կարծում եմ ակնարկը միանգամայն հասկանալի է մեր ըմբռնող ընթերցողներին»:  

Նոյեմբեր. Բաքուն բացատրություններ է պահանջում Մոսկվայից եւ դիմում Ղազախստանին

Հիշյալ գիտաժողովից հետո Բաքվում ավելի լավ սկսեցին գիտակցել, որ Գյուլիստանի պայմանագրի թեմայով հրատարակված զեկույցները, Վ.Պուտինին ուղղված Զորի Բալայանի նամակը, հոկտեմբերի 24-ին Հայաստանում Սլավոնական համալսարանում եւ հոկտեմբերի 31-ին Մոսկվայում կազմակերպված այս գիտաժողովները մեկ շղթայի՝ գյուլիստանյան տարվա տարբեր օղակներն են, եւ որքան էլ դրանցում «հայկական հետք» նկատվի, այդուհանդեձ առաջին հերթին դրանք Կրեմլի նոր՝ գյուլիստանյան քաղաքականության գիտական արտացոլանքն են: 

Ադրբեջանում սկսվեց կատարյալ հասարակական-քաղաքական հոգեխանգարմունք: Քաղաքական մեկնաբաններն անցան ոչ միայն մեղադրանքների, որ գիտաժողովը պատմությունը ներկայացվել է «միակողմանի»՝ առանց ադրբեջանցի ընդդիմախոսների, այլեւ որ «խեղաթյուրվել» են պատմական փաստերը ու դրանց տրվել «կամայական մեկնաբանություններ»

Ընդհուպ Կրեմլի համար Զորի Բալայանի խնդրագրին սիմետրիկ նամակներ գրեցին ադրբեջանցի հրապարակախոսները, ինչպես օրինակ, Ադրբեջանի ժողովրդական գրող Չինգիզ Աբդուլաեւի նամակն է: Վերջինս Բալայանի  վկայակոչած փաստերին ու պատմական անցքերին տվել էր ճիշտ հակառակ մեկնաբանությունները, փորձելով հիմնավորել, որ Ղարաբաղի/հայկական հարցը ոչ թե Ռուսաստանի խնդիրն են, որոնց հայամետ լուծումից Կրեմլը կշահի, այլ նրա գլխացավանքն ու բոլոր ողբերգությունների պատճառը:

Ալիեւի վարչակազմին սպասարկող ԶԼՄ-ների խմբագրականներով հարցադրումներ ուղղվեցին Կրեմլին. «Կցանկանայինք իմանալ, թե ե՞րբ է վերջապես պաշտոնական Մոսկվան արձագանքելու «Պրեզիդենտ»  հյուրանոցում այդ հավաքին: Չէ՞ որ դրա ընթացքում Ադրբեջանի պետականությանը, տարածքային ամբողջականությանը եւ քաղաքացիների անվտանգությանն ուղղված բաց սպառնալիքներ են հնչել, իսկ այդ սպառնալիքները նպատակ են հետապնդել ստվեր գցել ադրբեջանառուսական հարաբերությունների վրա: Ռուսաստանն Ադրբեջանին համարում է ռազմավարական գործընկեր եւ դաշնակից: Եթե դա այդպես է, ապա լռությունն անհասկանալի է... »

Բացատրություններ պահանջվեցին նաեւ Կ.Զատուլինից, ում հետ ադրբեջանական լրատվամիջոցի հարցազրույցը խեղաթյուրվեց, իսկ նրա հասցեին արվեցին հերթական կոշտ հայտարարությունները: Զատուլինը ընդհուպ հարկադրված եղավ սեփական կայքում տեղադրել իր խեղաթյուրված հարցազրույցը, ինչպես նաեւ՝ բացատրություններ տալ գիտաժողովի կազմակերպչական հարցերով ու ադրբեջանցիներ չհրավիրելու պատճառների մասին: 

Այս ամենի համատեքստում պաշտոնական Բաքուն ավելի հստակ հասկացավ Անդրեյ Ռուզինկու ակնարկը: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նունիսկ դրա կապակցությամբ պահանջեց Մոսկվայի պաշտոնական արձագանքը: Սակայն, հարցազրույցն այդպես էլ փոփոխության չենթարկվեց՝ հասկացնելով, որ որեւէ բան աղավաղման չի ենթարկվել:

Մինչ նոյմեբերի առաջին տասնօրյակում Ալիեւի վարչակազմի ներկայացուցիչները, Ադրբեջանի քաղաքական, փորձագիտական ու հասարակական շրջանակները Կ.Զատուլինին, Մ.Կոլերովին ու գիտաժողովի այլ մասնակիցների հերթական անգամ հռչակում էին ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Ռուսաստանի թշնամի, Բաքվում քննարկումների դաշտը բացված էր: Բաքվում սկսել էին ուղղակիորեն քննարկել հարցը. ո՞ւր գնալ՝ դեպի Արեւմուտք, թե միանալ Ռուսաստանի եվրասիական ինտեգրման նախագծին: Իսկ կրեմլյան հետազոտական կենտրոններն ու փորձագետները մոնիթորինգի տակ էին վերցրել ադրբեջանական ռեակցիան: Որքան էլ եվրասիական նախագծին միանալու տեսակետների արդյունքները գոհացուցիչ չէին, սակայն Բաքվում վախերի, խուճապի ու մտահոգությունների աճը ոգեւորիչ էր:

Հակառակ պատկերն էր Հայաստանում. Երեւանը ոգեւորված էր Ռուսաստանի հայամետ հայտարարություններից ու քայլերից՝ լինեին դրանք ռազմական, քաղաքական թե գիտական հարթության մեջ: Երեւանը նաեւ բավականություն էր ստանում Բաքվի հիստերիայից եւ գլխապատառ շտապում Մաքսային միություն՝ ոչ միայն «առարկայական դարձնելու» իր տնտեսական օգուտները Մաքսային միությունից, այլեւ Կրեմլի գյուլիստանյան ռազմավարությունից: Ինչպես արդեն նշել ենք, ՄՄ-ին շուտափույթ միանալու Երեւանի շարժառիթներից մեկն էլ Արցախի հետ միասին անվտանգության ու պաշտպանվածության ավելի զորեղ հովանոցի՝ Մաքսային/եվրասիական տանիքի տակ  անցնելն էր:

Կրեմլի ձեւավորած այս «բարենպաստ» իրավիճակում էլ նոյեմբերի 6-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ստորագրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Հայաստանի Հանրապետության միջեւ փոխգործակցության խորացման հուշագիրը: Իսկ դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տրոյկայի նիստում հաստատվեց Հայաստանի «ճանապարհային քարտեզը»: Հենց այդտեղ էր, որ Ղազախստանի նախագահը տրոյակայի նիստում բարձրացրեց Հայաստանի ու Ղարաբաղի սահմանների ճշգրտման հարցը ու սպառնաց վերպահում կցել որոշմանը:

Մոսկվայի համար ակնհայտ էր, որ Բաքուն սկսել է լրջորեն անհանգստանալ Մաքսային եռյակի որոշումներից. Արդեն նոյեմբերին Կրեմլի տեխնոլոգիաներով «հասունացած» Իլհամ Ալիեւը ավելի թախանձագին էր խնդրել Ղազախստանի նախագահին՝ իր հարցը բարձրացնել Ա.Լուկաշենկոյի ու Վ.Պուտինի առջեւ: Վերջինս էլ Ղազախստանի նախագահին «համոզել» էր առայժմ հանել իր վերապահումը՝ Երեւանին չխրտնեցնելու համար, քանզի նա մշակված քարտեզով փութաջանորեն ճանապարհ է ընկել դեպի Մաքսային միություն: Այդ գործում Ռուսաստանը նրա թիկունքից «հրում» էր, ինչպես Լուկաշենկոն ակնարկեց, բազմիցս հանդես եկավ իբրեւ եվրասիական նախագծում նրա շահերի «պաշտպան», սակայն զուգահեռաբար կրեմլյան փորձագետների շուրթերով կամ գործողություններով ավելի մեծացնելով Ադրբեջանի վախերն ու ղարաբաղյան խնդիրը մոտեցնելով Մաքսային եռյակի սեղանին:  

Հենց նույն փորձագետներից Կ.Զատուլինը տրոյկայի դեկտեմբերյան նիստի հաջորդ օրը հայկական լրատվամիջոցներին մեկին տված հարցազրույցում մեղադրանքի սլաքն ուղղեց Ադրբեջանի ու Ղազախստանի կողմը. «Ղազախստանն ու Ադրբեջանը բավականին խորը համագործակցություն ունեն, եւ ես չեմ բացառում, որ այդ «հատուկ կարծիքը» եւ որոշակի կասկածները ղազախական չեն, այլ ադրբեջանական, կարգավորվում են Ադրբեջանի կողմից: Սակայն Պուտինի մասնակցությամբ այդ կասկածները ցրվեցին, ամեն դեպքում պաշտոնապես որևէ հատուկ կարծիք այն փաստաթղթերում, որոնք քննարկվում են, չկա»:

Նրա խոսքով, թեպետ նախկինում «եղել են որոշակի հաղորդագրություններ, որ Ղազախստանը չի խոչընդոտում Հայաստանին», բայց «երրորդ երկրի՝ Ադրբեջանի  աչքում երեւալու համար» այս անգամ նա ցանկացել է ձևավորել իր «հատուկ կարծիքը», սակայն «բանակցությունների արդյունքում այդ գաղափարը ետ է վերցվել», եւ «ներկայումս այս «հատուկ կարծիքը» որեւէ կերպ չի արտացոլվում»: Ուշադրություն դարձնենք՝ «ներկայումս»՝ 2013թ. դեկտեմբերին չի արտացոլվում: Իսկ ապագայում՝ 2014թ. ապրիլ-մայիսին այն նորից արտացոլվելու էր:

Փաստացի, Ռուսաստանը թիկունքում նպաստելով այդ «հատուկ կարծիքի» ձեւավորման, դեկտեմբերին այն վերագրեց Ադրբեջանին, ինչպես որ ապրիլի ու մայիսի վերջին Մաքսային միությանն ու Եվրասիական միությանը միանալու Հայաստանի վճռորոշ փուլում ղարաբաղի խնդիրը «փորփրելու» մեղքը բարդեց հայկական կողմի վրա: Մինչդեռ երկու դեպքում էլ ինքը հրաշալի կառավարում էր խաղն ու ազդում Երեւանի ու Բաքվի բաց նյարդի վրա:   

Իսկ Երեւանի խանդավառությունը կարճ էր տեւելու ոչ միայն Մաքսային միությանը միանալու, այլեւ ԼՂՀ դե ֆակտո մաքսայնացման սպասելիքների առումով: Դրա մասին արդեն սպառիչ գրել ենք: 

(շարունակելի)

Մեկնաբանություններ (2)

Գեւորգ
Մարամասն, տպավորիչ եւ օբյեկտիվ (իմ կարծիքով) վերլուծություն է՝ ի վկայություն հեղինակի իմացության եւ աշխատասիրության: Սակայն մի պարզագույն հարց է առաջանում՝ արդյոք ՀՀ ղեկավարությունը օգտվում է գիտա-վերլուծական մտքից ու խորհրդատվությունից ընդհանրապես? Դատելով դեպքերի խառնափնթոր ու անբարենպաստ ընթացքից արտաքին քաղաքականության մեջ, կարելի է վստահ եզրակացնել որ այստեղ էլ է ամեն ինչ արվում ինտուիտիվ-բնազդական ու անձնական-անհատական սուբյեկտիվ ընկալումներով, օբյեկտիվ մասնագիտական գնահատումների ու մոտեցումների փոխարեն: Կարծում եմ հրամայական է որպիսզի ստեղծվի վերլուծական-խորհրդատվական հզոր ու գործուն մարմին, գրագետ, բանիմաց ու պիտանի մարդկանցից բաղկացած (գործից զրկված ալիկ-բուլիկներ տեղավորելու փոխարեն!) Կարծում եմ ՍԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՐՑ Է:
Ստեփան Սաֆարյան
Հարգելի Գեւորգ, շնորհակալություն թե երկար վերլուծությունը կարդալու համբերության համար, թե նաեւ դրավտանքի ծոսքերի: Այս իրավիճակում իմ, որպես հեղինակի, մծիթարությունն է, որ գոնե իմ այլ հայրենակիցներ տեղեկացվեն զարգացումների մասին, եթե անգամ այս ամենը ՀՀ իշխանություններին պետք էլ չլինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter