HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ կա Ս.Լավրովի Բաքու կատարած այցից անդին

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Հունիսի 18-ին կայացավ ՌԴ արգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու, որտեղ նա հանդիպեց ադրբեջանցի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովին եւ հյուրընկալվեց Իլհամ Ալիեւին:

Ինչպես տարածված պաշտոնական հաղորդագրություններն ու լրահոսն են փաստում, Բաքվում Հեյդար Ալիեւի ու Ղարաբաղում զոհված շահիդների գերեզմանին ծաղկեպսակ դնելուց հետո Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների քննարկած հարցերն են եղել.  ղարաբաղյան հակամարտությունը, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում ադրբեջանառուսական տնտեսական ու ռազմավարական համագործակցության հեռանկարները, իրադրությունը Ուկրաինայում եւ Մերձավոր Արեւելքում՝ Սիրայում, Իրաքում, երկու երկրների համագործակցությունը միջազգային կառուցներում:

Լեռնային Ղարաբաղի հակամարտություն. «Կրեմլի աջակցություն՝ Բաքվի աջակցության դիմաց»

Թե կոնկրետ ի՞նչ են քննարկել Մամեդյարովն ու Լավրով Ղարաբաղյան խնդրով, կարելի է դատողություններ կատարել համատեղ ասուլիսում արված հայտարարություններից: Ադրբեջանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ «Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպում կազմակերպելու առաջարկությամբ: Այս պահի դրությամբ Ֆրանսիայից մենք սպասում ենք ավելի կոնկրետ առաջարկություն այդ հանդիպման կազմակերպման վերաբերյալ», եւ որ ավելին չի կարող ասել մանրակրկիտ տեղեկատվության բացակայության պատճառով: 

Իսկ Ղարաբաղյան խնդրի շուրջ Լավրովի հետ քննարկման առնչությամբ Է.Մամեդյարովը ասել է. «Ռուսաստանը համարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Ստեղծված ստատուս-քվոն անընդունելի է: Մենք քննարկել ենք խնդիրը մեռյալ կետից շարժելու եղանակները»: Ադրբեջանական կողմը, ինչպես դժվար չէ նկատել եւ սպասելի էր, ակնկալում է փոխել «անընդունելի» ստատուս քվոն, իսկ այդ հարցում ակնկալում է Մինսկի խմբում համանախագահ Ռուսաստանի աջակցությունը:

Արժե հիշել, թե ինչպես մայիսի 27-ին Բաքվից Մոսկվա մեկնեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ իր ռուս պաշտոնակցի հետ եւս քննարկելու տարածաշրջանի «սառեցված հակամարտությունների» լուծումը եւ Ս.Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարեց. «Մեր համատեղ ջանքերը ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ կարգավորմանը եւ Հարավային Կովկասի մյուս խնդիրների լուծմանը»:

Ուշագրավ է, որ Ղարաբաղյան խնդրի մասին հայտարարությունը Մամեդյարովն արել է ադրբեջանառուսակական հարաբերությունների էլ ավելի խորացման խորապատկերին. «Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ կապերը կրում են ռազմավարական բնույթ: Մեր տնտեսական հարաբերությունները նպատակասլաց զարգանում են»: Նա հիշեցրել է վերջերս Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակ Օգտայ Ասադովի գլխավորած պատվիրակության այցը Մոսկվա՝ հայտարարելով մոտ ժամանակներս ռուս խորհրդարանականների պատասխան այցի մասին:

Հիշեցնենք, որ հիշատակված այցի օրը ռուսական լրատվամիջոց տարածել էր, թե Միլի Մեջլիսի ղեկավարն ու իր պատվիրակությունը պաշտպանում են Ուկրաինայի հարավ-արեւելքում կատարվող զարգացումների վերաբերյալ ՌԴ դիրքրոշումը եւ մոտ ապագայում Բաքվում տեղի ունենալիք ԵԱՀԿ ԽՎ նիստում Ադրբեջանն ու Ռուսաստանը հանդես կգան «միասնական պլատֆորմով»: Սակայն, Կիեւում հարուցած տարակուսանքից հետո, Բաքու վերադառնալուն պես, Ասադովը հերքեց իրեն վերագրվածը

Իր հերթին շեշտելով, թե «Ադրբեջանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են» եւ երկու երկրների միջեւ համագործակցությունը իրականացվում է երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերով, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հիշեցրել է Վիենայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը եւ ընդգծել, որ որքան շուտ Ղարաբաղյան խնդրով ձեռքբերվի գործնական համաձայնություն, այնքան լավ կլինի Ադրբեջանի, Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի համար: Նույն օրը Լավրովը Իլհամ Ալիեւին է տեղեկացրել, թե Մամեդյարովի հետ «մտքեր են փոխանակել անցած տարեվերջին երկու նախագահների այդ հանդիպման, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին, ինչպես նաեւ քննարկվել են ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում եւ Եվրոպայի խորհրդում, որտեղ ներկայումս նախագահում է Ադրբեջանը, երկու երկրների առջեւ ծառացած ընդհանուր հարցեր»:

Այս համատեքստում Լավրովի անդրադարձը Ուկրաինայում կատարվողին, նախօրեին երկու ռուս լրագրողների մահվանը, հարավ-արեւելքում կրակի դադարեցման ու ժնեւյան սկզբունքների շրջանակներում բանակցություններ սկսելու կարեւորությանը ցույց են տալիս, որ Մոսկվան դեռեւս ակնկալում է միջազգային կառույցներում այդ խնդրով ստանալ Ադրբեջանի համերաշխությունը: Թերեւս հենց դա էլ եղել է երկկողմ հանդիպումներում Ուկրաինային նվիրված մասը, հատկապես, երբ ՌԴ ԱԳ նախարարը ոչ միայն Մամեդյարովին, այլեւ Ալիեւին է հիշեցրել, թե ինչպես է երկու տարի առաջ Մոսկվան աջակցել Բաքվին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ դառնալիս:

Իլհամ Ալիեւն իր հերթին շնորհակալություն է հայտնել Կրեմլին այդ աջակցության համար, «գոհունակությամբ նշելով, որ այդ կառույցում  Ադրբեջանի անդամակցության երկու տարիների ընթացքում երկու երկրների միջեւ ակտիվ համագործակցություն է իրականացվել», նաեւ կարեւորել է «Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի նախագահությունը մեր երկրի տեսակետներն ու առաջնահերթությունները եվրոպական հանրությանը հասցնելու տեսանկյունից»: Ապա Ի.Ալիեւը «վստահություն է հայտնել, որ այդ կառույցում էլ Ադրբեջանի նախագահության ժամանակ երկու երկրների միջեւ սերտ համագործակցություն կլինի», այսինքն, Բաքուն կպաշտպանի Մոսկվայի դիրքորոշումները:

Այսքանից հետո միանշանակ է, որ Մոսկվան էլ Բաքվին է խոստացել Մինսկի խմբի շրջանակներում պաշտպանել Ադրբեջանի դիրքորոշումները, այդ թվում՝ Ֆրանսիայում երկու երկրների նախագահների սպասվող հանդիպման ժամանակ:

Բացի սիրիական, իրաքյան, ուկրիանական հարցերով ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում Ադրբեջանի օժանդակությունը, Ս.Լավրովը թե’ Իլհամ Ալիեւի հետ, թե’ նաեւ Մամեդյարովի հետ հանդիպումից հետո եւս մեկ՝ ռեգիոնալ հարթակում Բաքվի համագործակցությունը ստանալու ակնկալություն է հայտնել, այն է՝ Աստրախանում առաջիկա Մերձկասպյան գագաթաժողովի ժամանակ, որը ոչ պակաս կարեւոր է ափամերձ մյուս երկրների՝ Թուրքմենստանի, Ղազախստանի, Իրանի հետ Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական շահերի բախումը հասկանալու համար: Նաեւ այս խնդիրն է պատճառը, որ Ղազախստանի նախագահն փորձեց Աստանայում հաճոյանալ Ալիեւին՝ ընթերցելով նրա նամակն ու Հայաստանի առջեւ դնելով Ադրբեջանի պահանջը:

Բազմակողմ համագործակցությունը, Եվրասիական Միությունը եւ Հայաստանի սահմանների հարցը

Մամեդյարովի հետ ասուլիսում  ՌԴ ԱԳ նախարարը մի հայտարարություն էլ արեց, որին համակ ուշադրությամբ սպասում էին թե’ Երեւանում, թե’ Բաքվում: Միանգամայն հիմնավոր սպասումներ էին առկա, թե ինչպե՞ս է Սերգեյ Լավրովը Բաքվին հրավիրելու Եվրասիական տնտեսական միություն:

«Ադրբեջանին Եվրասիական միություն մտնելու ոչ մի ֆորմալ կամ պաշտոնական հրավեր չի արվել», հայտարարեց Լավրովը, սակայն նաեւ բացահայտելով, թե «այդ հարցը քննարկվում է երկու պետությունների ղեկավարների հանդիպումներում». «Եվրասիական միությունը բաց է իր գործընկերների համար: Մենք դրականորեն կվերաբերվենք Ադրբեջանի կամ որեւէ այլ երկրի ԵՏՄ անդամակցելուն»:

Լավրովը չթաքցրեց, որ Պուտինը եւ Ալիեւը ոչ մեկ հանդիպման ընթացքում են քննարկել այդ հարցը: Սակայն, ակնհայտ է, որ նա խուսափեց ուղիղ հրավեր կատարել Ադրբեջանին այն բանից հետո, երբ ռուս մեկ այլ պաշտոնյայի առաջարկը մերժվել էր քիչ առաջ: Մասնավորապես, ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը հունիսի 2-ին Բաքվում հայտարարել էր. «Ինտեգրացիայի բոլոր ձեւերը բաց են եւ քննարկելի: Ադրբեջանի ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը կամ Մաքսային միությանը, հավասարապես՝ ինտեգրացիայի մյուս ձեւերը կոնկրետ քննարկումների առարկա են: Այստեղ ոչ մի արգելք չկա: Համարում եմ, որ Ադրբեջանի մասնակցությունն այդ համաձայնագրերում միանգամայն տրամաբանական կլինի»:

Ուլյուկաեւը դա հիմնավորել էր, որ Ադրբեջանը օգտվում է ԱՊՀ ազատ առեւտրի ռեժիմից, «սակայն պետք է առաջ շարժվել: Եվրասիական տնտեսական միությունը ոչ միայն ազատ առեւտրի շուկա է: Այստեղ նաեւ հաշվի են առնվում ծառայությունների մատուցումը, ներդրումները, աշխատուժը, ինչը նշանակում է բիզնեսի պաշտպանություն»:

Հաջորդ օրը Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաեւը շտապեց մերժել  հրավերը. «Ադրբեջանը չի պլանավորում մտնել որեւէ միության մեջ, ներառյալ՝ Եվրասիական տնտեսական միություն եւ Եվրոպական միություն»: Նա նշել էր, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ առեւտրի ռեժիմի խնդիր չունի, իսկ առկա ռեժիմն էլ միանգամայն հարմարավետ է: Հունիսի 11-ին նույնատիպ պատասխան հնչեցրեց նաեւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը, նշելով թե «Ադրբեջանը դեռեւս մտադիր չէ եւ չի մտածում մտնել Եվրասիական միություն»:  

Իհարկե, այսպիսի պատասխաններից հետո Կրեմլը չէր կարող մի կողմ թողնել իր ինքնասիրությունը եւ եւս մեկ անգամ ուղիղ հրավեր կատարել Ադրբեջանին: Ուստի ՌԴ արտգործնախարարը ստիպված է սոսկ հայտարարել, որ ԵՏՄ դռները բաց են նաեւ Ադրբեջանի համար: Սակայն, Լավրովի այցին վերաբերող մեկ այլ տեղեկատվություն վկայում է, որ Կրեմլը չի հրաժարվել Ադրբեջանը վերցնելու իր ռազմավարությունից:   

Խնդրո համատեքստում հատկապես ուշագրավ է Ս.Լավրով-Ի.Ալիեւ հանդիպմանը վերաբերող պաշտոնական տեղեկատվության այն մասին, որ ՌԴ ԱԳ նախարարը փոխանցել  է, թե ՌԴ նախագահ Վ.Պուտինը «գոհունակությամբ է հիշում անցած տարի իր այցը Ադրբեջան եւ դրա ընթացքում ունեցած հանդիպումները», «իրենք կիսում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն տեսակետը, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն եւ համագործակցությունը տնտեսական, ինվեստիցիոն, հումանտիտար եւ այլ ոլորտներում շարունակվում են»: Անհնար է ուշադրություն չդարձնել այն մտքին, որի համաձայն Լավրովը Ալիեւին հիշեցրել է, թե «Նախագահ Պուտինի՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ստորագրվել է հումանիտար համագործակցության ծրագիր»:

Հիշեցնենք, որ 2012թ.-ից Հայաստանի եվրասիականացման անբաժանելի բաղադրիչներից մեկը 2011թ. աշնանը Մոսկվայում Վ.Պուտինի եւ Ս.Սարգսյանի ստորագրած համաձայնագիրն էր հումանիտար ոլորտում համագործակցության մասին: Պարզ լեզվով ասած, այդ համաձայնագրի իրական էությունը երկու երկրների եվրազիստ հասարակական շրջանակների համագործակցության ակտիվացումն է, մշակութային, կրթական փոխանակման ծրագրերը, նրանց համար հարթակ ստեղծելն ու տրամադրելը, ռուսերեն լեզվի կիրառության շրջանակների մեծացումը, ազգային խորհրդարանի «բացումը» ռուս խորհրդարանակնների առջեւ եւ այլն: Մասնավորապես, 2012թ. ամռանը Երեւանը հեղեղած ռուս պաշտոնայաները ՀՀ իշխանություններից պահանջում էին արագացնել ու կատարել այդ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները «ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն ծրագրերը» խորացնելու համար: Մենք դրա բոլոր նրբերանգներին ժամանակին անդրադարձել ենք Ռուսական գահի բանագնացները Երեւանում -1 2 4,  շարքում:

Անգամ Հայաստանում սկանդալի կիզակետում հայտնված ռուսական «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության տնօրեն Դիմիտրի Կիսելյովն էր հունիսի 11-ին ակնարկել ռուսաց լեզվի կիրառության շրջանակների կապակցությամբ ՀՀ իշխանությունների ստանձնած, բայց չկատարված պարտավորության մասին. «Ազնիվ պետք է խոսենք, չէ՞: Հայաստանի հետաքրքրությունների շրջանակում է, որ վերադարձնի ռուսերենը: Պետք է Հայաստանն աշխատի այդ ուղղությամբ, դա իրական ու մեծ խնդիր է: Ես այսօր տաքսի նստեցի, իսկ տաքսու վարորդը ռուսերեն չգիտեր: Ինչո՞ւ Հայաստանում չկան ռուսական դպրոցներ: Չեք ուզում` ձեր գործն է, բայց եթե ռուսերենը նվազի, ապա Հայաստանի անվտանգությունն էլ կնվազի: <...> Երբ Ձեր նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց օրերս, որ ցանկանում է Հայաստանն ինտեգրել Եվրասիական միությանը, նշեց, որ դա պետք է արվի ե’ւ քաղաքակրթական, ե’ւ անվտանգության առումով, այլ կերպ ասած` հնարավոր չէ մշակութային առումով ինտեգրվել մի կողմի, իսկ անվտանգության առումով` մյուս կողմին, դրանք իրար հետ կապված են»:

Այստեղ հումանիտար ոլորտում Մոսկվայի հետ համագործակցելու Բաքվի հանձնառության հանգամանքը շեշտելու կարիքն առկա է, քանի որ 2013թ. աշնանը Վ.Պուտինի Բաքու կատարած այցը ու նրանց ձեռքբերված պայմանավորվածությունները մայիսին մտահոգիչ անդրադարձի առարկա դարձան Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի աղմկահարույց հարցազրույցում: Դրանում դեսպանը հարցականներ էր կախել այդ այցի պայմանավորվածությունների եւ Ռուսաստանի իրական մտադրությունների վրա. «Ադրբեջանը դեռեւս չի բախվել ներխուժման հետ, սակայն, հնարավոր է, ապագայում բախվի: Այդ խորապատկերին ես շատ հետաքրքիր եմ համարում Վլադիմիր Պուտինի անցած տարվա այցը Բաքու: Շատերն այդ այցը մեկնաբանում են իբրեւ նախագահական ընտրություններում բացահայտ աջակցություն Իլհամ Ալիեւին, սակայն ես հակված եմ կարծել, որ դա Ադրբեջանի անկախության ճանաչում է եւ համագործակցության կոչ: Ես չգիտեմ Պուտինի մտադրությունները, սակայն չեմ կարծում, թե Ռուսաստանն ու Իրանը կցանկանային ընդհանուր սահման ունենալ»:  

Ինչպես հանգամանորեն անդրադարձել ենք Ադրբեջան-ԱՄՆ ծավալվող դրաման. Վաշինգtոնի մտահոգությունները վելուծականում, դեսպանը ուղղակի ակնարկել էր քաղաքացիական ակտիվիստների հետապնդումներն ու իշխանության մեջ ամերիկամետ թեւի վրա Ալիեւի վարչախմբի գրոհը՝ Բաքվին մեղադրելով այլ երկրի շահեր սպասարկելու, նրանց պահանջները կատարելու մեջ:  Ալիեւի վարչախմբի կարկառուն ներկայացուցիչը՝ Ռամիզ Մեհտիեւն էլ, ում հասցեագրված էին մեղադրանքները, իր գնահատականներում ամենեւին չթաքցրեց, որ վարչակազմը կիսում է ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ ռուսական քննադատությունները: 

Ս.Լավրովն այժմ Ալիեւին հիշեցնում է, որ հումանիտար ոլորտում համագործակցությունը պետք է շարունակել, ինչը Ադրբեջանի պարագայում ակնհայտորեն ենթադրում է նաեւ արեւմտամետ ճամբարի ջախջախում, եւ որը Ալիեւի վարչախումբը հաճույքով եւ հետեւողականորեն անում է:

Եւ վերջապես, Ս.Լավրովը Բաքվին հասկացնում է, որ իր շահերը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասով բավարարված են, հետեւաբար, մտահոգվելու խնդիր չունի. այն է՝ ԵՏՄ-ը ԼՂ հակամարտության հետ ոչ մի առնչություն չունի, Հայաստանն էլ այդ կառույցի հիմնադիր չէ, ինչպես որ Լավրովը ընդգծված շեշտում է. «ԵՏՄ ստեղծել են Ռուսաստանը, Ղազախստանը եւ Բելառուսը: Շուտով դրան կմիանա նաեւ Հայաստանը: Ղարաբաղը միջազգային բանակցությունների առարկա է: Այդ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային սկզբունքների հիման վրա: Հայաստանը հայտարարել է, որ ԱՀԿ է մտել միջազգային մակարդակով ընդունված սահմաններով: Հայաստանը ԵՏՄ կընդունվի ՄԱԿ-ում ճանաչված սահմաններով»:

Լավրովն ակնհայտորեն հղում է կատարում Սերժ Սարգսյանի մայիսի 31-ի ծաղկաձորյան հայտարարությանը, ապա հունիսի 17-ին Հ1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, որում ասվել էր. «Այո, Հայաստանի Հանրապետությունը անդամակցելու է Մաքսային միությանը, այո, Հայաստանի Հանրապետությունը անդամակցելու է Մաքսային միությանը` իր իսկ կողմից ճանաչված սահմաններով, այնպես, ինչպես Հայաստանի հանրապետությունն այս 20-23 տարիների ընթացքում անդամակցել է մնացած բոլոր միջազգային կառույցներին: Որեւէ մեկը կա՞, որ այստեղ հարց առաջացնի կամ ասի` այս մոտեցումը սխալ է: Վստահ եմ, որ ոչ: Ճշմարտություն է նաեւ այն, որ Հայաստանի Հանրապետությունն ունի առանձնահատուկ հարաբերություններ, ուղիղ ասեմ` հայկական երկրորդ Հանրապետության ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ»: Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյնաը խոսում է ոչ թե ՄԱԿ-ի կողմից, այլ Հայաստանի՝ իր իսկ կողմից ճանաչված սեփական սահմանների մասին...

Դասեր Երեւանի համար եւ սպասումներ Լավրովի Երեւան կատարելիք այցից

Ամփոփելով ասվածը, նկատենք, որ Ս. Լավրովի Բաքու կատարած այցից առավել քան հստակ են դառնում հետեւյալները.

Առաջինը, ՌԴ ԱԳ նախարարի Բաքու կատարած այս եւ փոխվարչապետ Դ.Ռագոզինի սպասվող այցն են նաեւ պատճառը, որ Աստանայում մերժվեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը մինչեւ հունիսի 15-ը ստորագրելու Սերժ Սարգսյանի առաջարկը եւ հուլիսի 1-ը ընդամենը ամրագրվեց որպես այդ պայմանագիրը ստորագրելու մասին տրոյկայի որոշման նախապատրաստման ժամկետ: Բաքվի հետ Մոսկվայի հարաբերությունները ոչ միայն անավարտ են, այլեւ նոր-նոր են սկսվել. Ադրբեջանի առաջ ԵՏՄ «բացված դուռը» չէր կարող փակվել ո’չ Հայաստանին ԵՏՄ հիմնադիր դարձնելով, ո’չ ԼՂՀ-ը դե ֆակտո ԵՏՄ տարածք դարձնելով, ո’չ էլ Հայաստանի անդամակցության հարցը արագ լուծելով: 

Երկրորդը, ինչպես առիթ ենք ունեցել ներկայացնելու, Հայաստանի «միջազգայնորեն ընդունված» սահմանի ու դրան առնչվող ԼՂՀ-ի՝ ԵՏՄ-ին դե ֆակտո միանալու խնդրի թիկունքում միայն ղազախաադրբեջանական դաշինքը չէ. այն ոչ պակաս չափով անհրաժեշտ է նաեւ Մոսկվային՝ Ադրբեջանին եվրասիականացման գործընթացում ներքաշելու համար: Եւ Մոսկվան «խաղն» այնպես վարեց, որ Երեւանն ինքը հրաժարվեց ԼՂՀ-ը իր հետ միասին ԵՏՄ տանելուց:

Երրորդ, Ղարաբաղյան խնդրով պետք է սպասել ադրբեջանա-ռուսական տանդեմի համատեղ դիրքորոշումների ոչ միայն Ադրբեջանին ավելի գայթակղելու հեռահար նպատակով, այլեւ եթե Բաքուն միջազգային կառույցներում աջակցություն ցուցաբերի Կրեմլի համար կարեւոր խնդիրներով՝ Ուկրաինա, Սիրիա, Իրաք, Կասպյան գագաթաժողով: Բաքվի ու Մոսկվայի միջեւ սակարկության դաշտը ընդլայնվել է...

Արդեն իսկ հայտարարվել է, որ հունիսի 22-23-ին ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովը այցելելու է Երեւան: Թերեւս այդ այցի ընթացքում Լավրովը կփորձի իր հետ Մոսկվա տանել Սերժ Սարգսյանի պատասխանը, որ Երեւանը պատրաստ է առանց ԼՂՀ-ի մտնել ԵՏՄ: Ի տարբերություն Բաքվի՝ Երեւանին ոչ թե կխնդրվի, այլ կպարտադրվի միջազգային կառույցներում միանալ ռուսական դիրքորշումներին եւ քվեարկություններին: Երեւանն արդեն վաղուց հանձվել է, թեպետ անգամ այս բարդ իրավիճակում նա ռազմավարական խաղի տեղ եւ ռեսուրսներ նույնպես ունի, որոնք լիարժեք չի օգտագործվում: 

Մեկնաբանություններ (2)

Մարատ
Նայելով Պուտինի վարչակազմի տարաբնույթ հանդիպումներին և կատարած գործողություններին, կարելի է ասել , որ եթե կատարվեր դեմոկրատիայի պահանջները` նախագահը երկու անգամից ավել չընտրվեր նշված պաշտոնում, Ռուսաստանում, ինչպես նաև Ադրբեջանում , նման սահմռկեցուցիչ իրավիճակ չէր լինի: Պետք նշել, որ այս` երրորդ անգամ ընտրված նույն կառավարությունը ավելի շատ միտում է բենլադենյան վարվելակերպին, սադամհուսեինյան վարչակարգին: Դա գլխավորապես սպառնում է Հայաստանին, քանի որ դարեր շարունակ հայերն իրենց «փրկությունը» ռուսի հետ են կապում, բայց ամեն անգամ սխալվելուց դասեր չեն քաղում: Որպես հավելում ասեմ, որ, եթե Հայաստանը անցնի խորհրդարանական տիպի կառավարությանը և մեծամասնությունը կազմի այժմյան իշխող կուսակցությունը, նույնը կարելի է սպասել Հայաստանի դեպքում:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանը Ռուսաստանի հետ պիտի ունենա երկկո՛ղմ նորմալ/լավ հարաբերություններ. բայց ո՛չ ավելին: ՄՄ/ԵՏՄ մտնելը խեղդելու է Հայաստանին (և Արցախին) ՝ և՛ տնտեսապես, և՛ քաղաքապես, ինչպես թղթային ՀԱՊԿ-ի դեպքում է: Հայաստանի և Ռուսաստանի ազգային շահերը ՏԱՐԲԵՐ են: Հայաստանի ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ անվտանգությունը ԱՄՆ-Իրան-Հայաստան (-Վրաստան) առանցքն է: Հայաստանում ռուսական բազան Հայաստանի երկարաժամկե՛տ անվտանգությանը ԹԻՎ ՄԵԿ խոչընդոտն է: Հայը պիտի՛ դադարի ամեն ինչ տեսնել ռուսի (ու թուրքի) պրիզմայով: Հայաստանցի տղամարդուն դարձրել են վախեցած աղոթող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter