HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արամ Հարությունյանին օժանդակելու մեջ մեղադրվող Արաքս Դիլանյանն ու Վիկտոր Մարտիրոսյանը չընդունեցին իրենց առաջադրված մեղադրանքները

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, այսօր սկսվեց Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին օժանդակելու մեջ մեղադրվող Արաքս Դիլանյանի և նույն արարքի, ինչպես նաև փողերի լվացման մեջ մեղադրվող Վիկտոր Մարտիրոսյանի գործի քննությունը։

Նշենք, որ այս գործը դատարան է ուղարկվել 2019 թվականի հունիսին, մակագրվել դատավոր Արմեն Վարդապետյանին, սակայն գործի քննությունը դեռևս չավարտված՝ դատավոր Վարդապետյանի լիազորությունները 65 տարին լրանալու կապակցությամբ դադարել են,  կատարվել է գործի վերամակագրում։

Արմեն Վարդապետյանի վարույթում գործի քննության ընթացքում դատարանն անցել է դատաքննության, ճշտել իրենց առաջադրված մեղադրանքների վերաբերյալ ամբաստանյալների դիրքորոշումները, սահմանել ապացույցների այնպիսի հաջորդականություն, համաձայն որի՝ նախ պետք է հարցաքննվեին գործով վկաները, ապա՝ հետազոտվեին առկա ապացույցները, որից հետո՝ ցուցմունք տային ամբաստանյալները։

Դատարանը սկսել էր գործով առանցքային վկա Սիլվա Համբարձումյանի հարցաքննությունը, որը, սակայն, ավարտին չէր հասցրել։

Այսօրվա դատական նիստի ընթացքում ամբաստանյալների մեղադրանքի տեքստը նորից չընթերցվեց՝ նկատի ունենալով, որ դրանք արդեն իսկ ընթերցվել են դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ գործի քննության ընթացքում։

Նշենք,որ, ըստ առաջադրված մեղադրանքների` «Վիկտոր Մարտիրոսյանը,  տևական ժամանակ մտերիմ հարաբերություններ ունենալով Արամ Հարությունյանի հետ, 2008 թվականի սկզբներին տեղեկացել է, որ վերջինս գործարար Սիլվա համբարձումյանից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք և հնարավորություն է ունեցել կաշառքի գումարի որոշ մասը ստանալ Արաբական Միացյալ Էմիրություններում բանկային փոխանցման եղանակով: Վիկտոր Մարտիրոսյանն Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու դիտավորությամբ, ԱՄԷ-ում իր անվամբ բացված հաշվեհամարը և անհրաժեշտ մյուս տվյալները փոխանցել է նրան և այդ կերպ միջոցներ տրամադրել Արամ Հարությունյանին կաշառքի գումարի մասը` 8 մլն ԱՄՆ դոլարը նշված եղանակով ստանալու համար:

Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, Սիլվա Համբարձումյանի առաջարկով ԱՄԷ-ում գրանցված արաբական կազմակերպությունը 2008թ. փետրվարի 7-ին 8 մլն ԱՄՆ դոլարը փոխանցել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու պատրաստակամություն հայտնած, այդ նպատակով իր բանկային հաշվեհամարը տրամադրած, ԱՄԷ-ում մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացի Արաքս Դիլանյանի՝ Աբու Դաբի քաղաքի Ազգային բանկում ունեցած հաշվեհամարին, որից հետո Դիլանյանը  նշված գումարից 797.918.520 ՀՀ դրամին համարժեք 9.499.030 ԱՄԷ դիրհամ և 769.125.000 ՀՀ դրամին համարժեք 9.156.250 ԱՄԷ դիրհամ գումարները փոխանցել է Արամ Հարությունյանի մտերիմների, այդ թվում` Վիկտոր Մարտիրոսյանի հաշվեհամարներին։ Դրանից հետո Վիկտոր Մարտիրոսյանն ու Արամ Հարությունյանի մյուս մտերիմներն իրենց հաշվեհամարներին փոխանցած գումարների մի մասը կանխիկացրել են, դրանք տնօրինել Արամ Հարությունյանի ցուցումներով, իսկ մյուս մասը Հարությունյանի մտերիմները փոխանցել են նրա` Աբու Դաբի քաղաքի Ազգային բանկում ունեցած հաշվեհամարին: Վիկտոր Մարտիրոսյանն իր հերթին, կաշառքի առարկա հանդիսացող, իր բանկային հաշվեհամարին փոխանցված գումարի ծագման իրական աղբյուրը քողարկելու, խեղաթյուրելու և դրան օրինական տեսք հաղորդելու նպատակով հանցավոր ճանապարհով ստացված գումարը Արամ Հարությունյանի առաջարկությամբ 2011թ. մարտի 23-ին իր հաշվեհամարից փոխանցել է միջազգային ընկերության՝ Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող բանկային հաշվեհամարին: Արամ Հարությունյանն էլ, իր հերթին, հանցավոր ճանապարհով ստացված գումարները փոխանցել է նույն բանկային հաշվեհամարին, ապա կազմակերպել հիշյալ հաշվեհամարից գումարների պարբերաբար փոխանցումը իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձին պատկանող և ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերության հաշվեհամարին»։

Արաքս Դիլանյանն ու Վիկտոր Մարտիրոսյանը չընդունեցին իրենց առաջադրված մեղադրանքները։

Դատարանն այսօր սահմանեց ապացույցների նույն հաջորդականությունը, որը դատավոր Արմեն Վարդապետյանն էր սահմանել, այսինքն՝ նախ կհարցաքննվեն վկաները, ապա կհետազոտվեն ապացույցներն, իսկ վերջում ցուցմունք կտան ամբաստանյալները։

Առաջինը նախատեսվում է իրականացնել  գործով վկայի կարգավիճակ ունեցող Սիլվա Համբարձումյանի հարցաքննությունը, սակայն նա այսօր ներկա չէր նիստին։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 21-ին։

Նշենք, որ Արամ Հարությունյանին օժանդակելու մեջ մեղադրվող մեկ այլ անձի՝ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի վերաբերյալ գործը ևս գտնվում է դատարանում։ Այս գործով դատավոր Վարդան Արմենակի Գրիգորյանի լիազորությունները ևս 65  տարին լրանալու կապակցությամբ օգոստոսի 23-ից դադարել են։  Ըստ Դատալեքսում առկա տեղեկատվության՝ Պետրոսյանի վերաբերյալ գործը դեռևս չի վերամակագրվել։

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ գործը գտնվում է նախաքննության փուլում․ Արամ Հարությունյանը հետախուզման մեջ է գտնվում, մեկուկես  տարի է՝ պաշտպանների միջոցով բողոքարկում է իր գործով կայացված մի շարք որոշումներ։

Լուսանկարում՝ Արամ Հարությունյանը

Մեկնաբանություններ (1)

Rafi
Ինչ-որ մեկը հարցնում է Սիլվային, թե ինչու նա 2016 թվականից չի եկել Դուբայ: Նա ասաց, որ Դուբայում հյուրանոցներ ունի, որտե՞ղ են ????

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter