HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտները կարող են նվազել 40%-ով. Ֆինանսների նախարար

Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած տնտեսական պատժամիջոցները կարող են շոկ առաջացնել նաև Հայաստանի տնտեսության համար, մասնավորապես՝ դրամական փոխանցումների և առևտրաշրջանառության ոլորտներում։ Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին նշեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Թե ստեղծված իրավիճակն ինչ չափով կազդի տնտեսական աճի վրա, նախարարը չի շտապում կանխատեսումներ անել։ 

«Մեր ընտանեկան, բարեկամական կապերի ուժով վերջին տարիների ընթացքում Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումներն ունեցել են շատ զգալի ծավալներ։ 2020-2021 թվականների ընթացքում Ռուսաստանից Հայաստան շուրջ 850 մլն դոլարի դրամական փոխանցումներ են եղել։ Դրանք կնվազեն, ենթադրում ենք, որովհետև եթե այնտեղ տնտեսական պայմանները դժվարանում են, բնականաբար, դա կազդի դեպի Հայաստան փոխանցումների մեծության վրա»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։ 

Հասկանալու համար, թե ինչ չափով կարող են նվազել այս տրանսֆերտները, նախարարը նախ հիշեցրեց 2014-2015 թվականների մասին, երբ Ռուսաստանում տնտեսական դժվարություններ կային, բայց ոչ այն չափով, որքան հիմա: Համադրելով այսօրվա վիճակի հետ` նա կանխատեսեց, որ տրանսֆերտները շուրջ 40%-ով կնվազեն։ 

Հաջորդ խոցելի ուղղությունը, ըստ Տիգրան Խաչատրյանի, արտահանումն է Հայաստանից Ռուսաստան։ Ռուբլու անկմանը զուգահեռ հայ արտահանողները փաստի առաջ են կանգնել։ Դժվար կացության և անորոշության մեջ են հատկապես այն արտահանողները, որոնք ռուսական կողմի հետ պայմանագրեր են կնքել ռուսական ռուբլով։ Այժմ մատակարարված ապրանքների դիմաց նրանք ստանում են արժեզրկված գումար։

«Ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում մեր արտահանողները կվերագտնեն հնարավորությունները, որովհետև համանման իրավիճակ եղել է նաև 2015-2016 թվականներին։ Մեր արտահանողները նոր փոփոխված իրավիճակներում կարողացել են վերագտնել և նոր պայմաններում իրենց արտադրանքը պահել շուկաներում։ Իհարկե, ոմանք ունեցել են կարճաժամկետ դժվարություններ, ոմանց համար դժվարությունները եղել են ճակատագրական։ Բայց, ընդհանուր առմամբ, մեր արտահանող հատվածը որոշակի ժամանակի ընթացքում վերադասավորվել է և շարունակել իրագործել իր զարգացման ծրագրերը»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

Քիչ չեն փոքր ու միջին արտադրողները, որոնք արտահանումներ են իրականացնում Հայաստանից Ռուսաստան, օրինակ՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող կազմակերպությունները։ Երբ ռուբլին անկում է ապրում, բացասական ազդեցությունն առաջին հերթին զգում են հենց նրանք։ 

Թե ի՞նչ չափով այս ամենը կազդի 2022 թվականին Հայաստանի տնտեսական ակտիվության վրա, նախարարը ձեռնպահ մնաց գնահատական տալ։ 

Կենտրոնական բանկի նոր կանխատեսումներով, որոնք հրապարակվել են երկու շաբաթ առաջ՝ մարտի 15-ին, 2022 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 1.6%: Մինչդեռ նախորդ տարեվերջին կանխատեսվում էր 5.3% աճ։ 

«Կենտրոնական բանկը պարտավոր է կանխատեսում անել, որովհետև յուրաքանչյուր եռամսյակը մեկ իր դրամավարկային քաղաքականությունը համապատասխանեցնում է կարճաժամկետում իր կողմից սպասվող փոփոխություններին։ Դա արվում է գնաճի ռիսկերը կառավարելու համար։ Առանց կարճաժամկետ գնահատականների` իրենք չեն կարող ճիշտ ձևավորել գնաճային ռիսկերը կառավարող գործիքակազմը»,- հայտարարեց Տիգրան Խաչատրյանն ի պատասխան հարցի, թե տնտեսական աճի ինչ կանխատեսումներ ունի ֆինանսների նախարարությունը։  

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ ժամանակի ընթացքում կերևա, թե հարկերը որքան կնվազեն և դրան համապատասխան կներգրավեն միջոցներ՝ պետական պարտք, որ ծախսերը բյուջեով նախատեսված չափով իրականացվեն մինչև տարեվերջ. «Դրա համար մենք չեն հայտարարել նվազման չափը, բայց հայտարարել ենք այդ շոկի ազդեցությունը կառավարելու եղանակը, որպեսզի մեր տնտեսությունը մեր որոշումներին պատրաստ լինի»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter