HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ֆլայ Արնայի» առաջին օդանավը մեկնել է Շարժա, երկրորդը դեռ Չեխիայում է

Հայկական «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը, որը մայիսի 5-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեից ստացել է օդանավ շահագործողի վկայական, այսօր հայտարարել է, որ ՔԱԿ-ից ստացել է նաեւ կանոնավոր առեւտրային օդային փոխադրումներ իրականացնելու հավաստագիր, ինչն ընկերությանը թույլ է տալիս մեկնարկել չվերթերը բազավորման օդանավակայանից՝ Երեւանի «Զվարթնոցից»։ «Ֆլայ Արնան» նշել է նաեւ, որ թռիչքները մեկնարկելու է 2 հատ «Airbus A320» տիպի ինքնաթիռներով։

Ավիափոխադրողի առաջին օդանավի մասին գրել ենք։ Հիշեցնենք, որ «Ֆլայ Արնան» իռլանդական «SMBC Aviation Capital» լիզինգատու ընկերությունից մինչեւ 2026 թ․ վարձակալել է «Airbus A320-200» տիպի ինքնաթիռ, որն արտադրվել է 2015-ին եւ նախկինում՝ 2015-2021 թթ․, շահագործվել է ինդոնեզական «Batik Air» ընկերության կազմում (ինդոնեզական գրանցումը՝ PK-LAR)։ 2021-ի հոկտեմբերին սեփականատեր «SMBC»-ն օդանավը տեղափոխել էր չեխական Օստրավա։ Ինքնաթիռը ժամանակավոր գրանցվել էր Ավստրիայում (OE-LAP)։ Հայկական կողմից վարձակալվելուց հետո Օստրավայում օդանավը ներկվել էր «Ֆլայ Արնայի» գույներով եւ մայիսի 5-ին գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում որպես EK-YRA։

Ավիացիոն տեղեկատուներից իմանում ենք, որ մայիսի 14-ին EK-YRA-ն Օստրավայից թռել է ԱՄԷ-ի Շարժա քաղաք։ Նկատենք, որ «Ֆլայ Արնայի» 49 տոկոսի փաստացի սեփականատեր «Air Arabia»-ն հենց Շարժայում է բազավորվում։

Մայիսի 26-ին «Ֆլայ Արնան» հայտնեց, որ «Airbus A320» ինքնաթիռի օդաչուական կուրսերն ավարտած շրջանավարտները հաջողությամբ անցել են եռամաս ինտենսիվ ուսումնական ծրագիրը, որը գլխավորել են պրոֆեսիոնալ դասավանդողներ եւ քննողներ Շարժայից (ԱՄԷ)։

Այսինքն՝ հայկական ավիաընկերության օդաչուները վերապատրաստում են անցել «Air Arabia»-ում եւ շուտով շահագործելու են «Ֆլայ Արնայի» ինքնաթիռները։

«Ֆլայ Արնայի» երկրորդ ինքնաթիռը, ինչպես տեղեկանում ենք planespotters.net-ից, նույնպես վարձակալվել է իռլանդական «SMBC Aviation Capital»-ից։ Բայց ՀՀ օդանավերի ռեգիստրում, որի տվյալները վերջին անգամ թարմացվել են մայիսի 16-ին, այս ինքնաթիռը դեռ գրանցված չէ։ Այդուհանդերձ, planespotters.net-ն ու այլ աղբյուրներ արդեն հայտնել են դրա հայկական գրանցումը՝ EK-YRB։ Սա եւս «Airbus A320-200» տիպի օդանավ է, արտադրվել է 2016-ին, EK-YRA-ի նման նախկինում՝ 2016-2021 թթ․, շահագործվել է միայն ինդոնեզական «Batik Air»-ի կողմից։ 2021-ի նոյեմբերին Ինդոնեզիայից տեղափոխվել է Չեխիա՝ Պրահա, իսկ այս տարվա փետրվարին ժամանել է Օստրավա, որտեղ գտնվում է այժմ։ Ժամանակավորապես այս ինքնաթիռը եւս գրանցվել է Ավստրիայում որպես OE-LAQ (այս գրանցումը տեսանելի է լուսանկարներում)։

Ենթադրելի է, որ Օստրավայում ներկվելուց հետո օդանավն առաջիկայում կտեղափոխվի Հայաստան։

Անցյալ տարվա դեկտեմբերին կայացած ասուլիսում «Ֆլայ Արնայի» 49 տոկոսի սեփականատեր ԱՆԻՖ-ի (Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ) գործադիր տնօրեն, «Ֆլայ Արնայի» տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Փափազյանը հայտնել էր, որ թռիչքները կսկսեն 2022 թ. ապրիլ-մայիս ամիսներին, բայց ինչպես տեսնում ենք, ավիաընկերությունը մի փոքր ուշանում է այս հարցում: Փափազյանը նշել էր, որ նախապես ծրագրվում է 2 օդանավով շահագործել 4 ուղղություն, իսկ հետո կմեծանա թե՛ ավիապարկը, թե՛ ուղղությունների քանակը: Ըստ այդմ՝ 5 տարի հետո «Ֆլայ Արնան» կունենա 15 օդանավ:

Գլխավոր լուսանկարում՝ «Ֆլայ Արնայի» երկրորդ օդանավը (չներկված), 23.02.2022, Օստրավա, հեղ․՝ Ռադիմ Կոբլիժկա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter