HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ի թափուր մնացած պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունքն ընդդիմությանն է

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին պաշտոնից հետկանչի և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանի լիազորությունները դադարեցնելուց հետո ընդդիմությունը հրաժարվեց վարչական իր բոլոր պաշտոններից (բացառությամբ Թագուհի Թովմասյանի):

Ընդդիմությունը նախագահում էր Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի, Տնտեսական հարցերի հանձնաժողովներում (Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում շարունակում է Թագուհի Թովմասյանը պաշտոնավարել): Եվս 3 հանձնաժողովներում ընդդիմությունը փոխնախագահի պաշտոններն էր զբաղեցնում, դրանք էին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արտաքին հարցերի, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում:

Նշենք, որ Դոնթի բանաձևի համաձայն՝ այս պաշտոններում նախագահումն ու փոխնախագահումն ընդդիմության իրավունքն է, վերջինիս է պատկանում այդ պաշտոններում նոր թեկնածուներ առաջադրելու իրավունքը, և այնպես չէ, որ ընդդիմության կողմից թեկնածու չառաջադրելու դեպքում իրավունքը կարող է անցնել քաղաքական մեծամասնությանը:

Նույնն է իրավիճակը նաև ԱԺ երրորդ փոխխոսնակի՝ թափուր մնացած պաշտոնի պարագայում. այստեղ առաջադրման իրավունք ունի խորհրդարանական երկրորդ՝ «Հայաստան» խմբակցությունը: Ընդդիմությունը դեռ չի հստակեցնում թափուր մնացած պաշտոններում թեկնածուներ առաջադրելու է, թե ոչ, սակայն արդեն իսկ ունենք նախադեպ, երբ թափուր է մնացել թե՛ հանձնաժողովի նախագահի, թե՛ փոխնախագահի պաշտոնը, և դա որևէ կերպ չի խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքներին:

Ութերորդ գումարման խորհրդարանի գործունեության մեկնարկից մինչ այժմ՝ արդեն գրեթե մեկ տարի, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չունի տեղակալ: Չնայած այդ պաշտոնում առաջադրման իրավունքը պատկանում է ընդդիմությանը և, մասնավորապես, «Հայաստան» խմբակցությանը, վերջինս ամեն անգամ առաջադրում էր նույն անձի՝ Արթուր Ղազինյանին, մեծամասնությունն էլ մերժում նրան:

ՔՊ-ն օրենսդրական փոփոխություն կատարեց՝ արգելելով միևնույն թեկնածուին անդադար առաջադրումը, սակայն նույնիսկ դրանից հետո այդ պաշտոնը մնաց թափուր, «Հայաստանն» այլ անձի չառաջադրեց, Արթուր Ղազինյանը հեռացավ հանձնաժողովից, նրան հանձնաժողովում փոխարինեց Աննա Գրիգորյանը:

Նախորդ գումարման խորհրդարանում էլ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը դադարեցրեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները, և մինչ այդ գումարման խորհրդարանի լիազորոթյունների ավարտ ընդդիմությունն այդ պաշտոնում թեկնածու չառաջադրեց, նիստերը վարում էր հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը՝ կատարելով հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները:

Այսպիսով, անկախ նրանից ընդդիմությունը թափուր մնացած պաշտոններում թեկնածուներ կառաջադրի, թե ոչ, դրանից թե՛ խորհրդարանի, թե՛ հանձնաժողովների գործունեությունը չի խոչընդոտվի, և չի կարող թափուր մնացած պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունքն անցնել իշխանությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter