HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առանց ՀԴՄ սրճարաններ՝ Երևանի կենդանաբանական այգում․ ովքե՞ր են արտոնյալ սեփականատերերը

Մաս 1, Մաս 2

Երևանի կենդանաբանական այգու տարածքում գործող սրճարաններից մեկում` «Ուրախ այգի»-ում, այս տարվա հուլիսին գնում էինք կատարել՝ երկու շիշ ջուր։ Վաճառողուհին հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն չտրամադրեց մեզ։ ՀԴՄ կտրոն տրամադրելու մեր պնդմանը պատասխանեց, թե իրենք ՀԴՄ չունեն։ «Ինչպե՞ս կարող է վաճառք իրականացնող սրճարանում ՀԴՄ չլինել»,-հարցրինք։ Վաճառողուհին վստահեցրեց՝ «այո, չունեն, և հարկայինը գիտի»։ 

Կենդանաբանական այգին մեր հարցմանը պատասխանելիս հայտնել էր, որ Երևանի կենդանաբանական այգում 4 սրճարան է գործում, որոնցից 2-ը շահագործում է «Ուրախ այգի» ՍՊԸ-ն։ Մեկ սրճարան ունի «Ռեֆրեշ գրուպ» ՍՊԸ-ն, եւս մեկը՝ «Ալեքսան Որսկանյան Սամսոնի» ՍՁ-ն։ Այս տնտեսվարողների հետ պայմանագրերը կնքվում են 2 տարի ժամկետով, այնուհետև, եթե հարկ է լինում, վերակնքվում են։ 

Պետական եկամուտների կոմիտեին գրավոր հարցրինք, թե ինչ արտոնություններ ունի «Ուրախ այգի» ՍՊԸ-ն, որ գործում է այգու տարածքում և ՀԴՄ կտրոն չի տրամադրում՝ ՊԵԿ-ի գիտությամբ։ 

Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության տարածքային թիվ 5 (Նոր նորքի) բաժնի պետ Արթուր Գրիգորյանը պատասխանել է․ «Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր հարկ վճարողները պետք է առաջնորդվեն Հարկային օրենսգրքի և ՀՀ կառավարության կողմից սահմանված այլ իրավական ակտերի (որոշումների) պահանջներին համապատասխան, իսկ Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարողների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է իր իրավասությունների շրջանակներում»։ 

ՊԵԿ պաշտոնյան տեղեկացրել է, որ ՊԵԿ աշխատակիցների կողմից «Ուրախ այգի» ՍՊԸ-ում հուլիսի 20-ին իրականացվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում, որի արդյունքում արձանագրվել է խախտում և Հարկային օրենսգրքի 416 հոդվածի 1-ին կետով, այն է՝ հարկային մարմնում այդ վայրի հասցեով գրանցված հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայություն, առաջադրվել է տուգանք՝ 500 000 դրամի չափով։ 

«Ուրախ այգի» ՍՊԸ-ի սեփականատերը, համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգստրում առկա տվյալների, Քրիստինե Վարդանի Գալստյանն է։ Ընկերությունը գրանցվել է 2021թ․ օգոստոսի 17-ին։ Նույն տարվա հոկտեմբերին քաղաքապետարանի հետ կնքել է 16 քմ տարածքի վարձակալության պայմանագիր՝ սրճարանային գործունեություն ծավալելու նպատակով։ Ամսավճար սահմանվել է 71 հազար դրամը։ Փաստորեն, այդ օրվանից ի վեր սրճարանն աշխատել է առանց ՀԴՄ և դուրս է եղել ՊԵԿ հսկողությունից։ 

Քրիստինե Գալստյանը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Երևանի Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Մինաս Մարգարյանի կինն է։ Վերջինս մեզ հետ հեռախոսազրույցում նախ հերքեց, որ իր կինն է այդ սրճարանի սեփականատերը, բայց երբ ասացինք, որ Քրիստինե Գալստյանն է, և Մարգարյանը հաստատեց, որ Քրիստինեն իր կինն է, հիշեց, որ կինն է գրանցված որպես սեփականատեր։ 

Մարգարյանն ասաց, որ սրճարանն աշխատեցնում է իր ընկերը՝ Արամ Խաչատրյանը և նրանց պետք է ուղղել ՀԴՄ սարքի բացակայության մասին հարցը։ Համաձայն պետռեգիստրի, Արամ Խաչատրյանն ընկերության տնօրենն է։ Վերջինս նշեց, որ հնարավոր չէ, որ ՀԴՄ չունենան։ «ՀԴՄ միշտ էլ ունեցել է, ՀԴՄ-ն էլ տպվում է»,- վստահ ասաց տնօրեն Խաչատրյանը։ 

Մեր հարցին, թե երբ են տեղադրել, Արամ Խաչատրյանն ասաց՝ հստակ  չի հիշում, բայց երբ սկսել են աշխատել, տեղադրել են։ Մի քանի տարի է (իր հիշելով՝ 2-3 տարի-հեղ․)՝ սրճարանը գործում է։ 

Արամ Խաչատրյանը տեղեկացրեց, որ ՊԵԿ-ի՝ խախտման հայտնաբերման մասին ակտն իրենք բողոքարկել են։ ՊԵԿ-ում բողոքը դեռ պետք է քննվի։ Իսկ երկրորդ սրճարանն այլևս չի աշխատում, քանի որ շահեկան չէ։ 

«Ռեֆրեշ գրուպ» ՍՊԸ-ն այն սրճարանն է, որը զբաղեցնում է ակվատերարիումի վերնահարկը։ Այս սրճարանը ևս մեր գնման ՀԴՄ-ն ինքնակամ չտրամադրեց, միայն մեր պահանջից հետո։ 

Ընկերությունը քաղաքապետարանի հետ կնքել է 126 քմ տարածքի վարձակալության պայմանագիր, որի համար ամսական վճարում է 330 հազար դրամ։ Քաղաքապետարանը նախընտրել է տարածքը սրճարանային գործունեություն իրականացնող տնտեսվարողին տրամադրել այն պարագայում, երբ ակվատերարիումի բնակիչները զբաղեցնում են դրա նկուղային հարկը՝ հեղձուկ սենյակում և բավարար տեղ չկա նմուշների ցուցադրման համար։ Այդ մասին գրել ենք մեր նախորդ հրապարակման մեջ։ 

Տարօրինակ զուգադիպությամբ «Ռեֆրեշ գրուպ» ՍՊԸ-ն նույնպես գրանցվել է 2021թ․ օգոստոսին՝ «Ուրախ այգի» ՍՊԸ-ից երկու օր հետո՝  օգոստոսի 19-ին։ 

Համաձայն պետռեգիստրի տվյալների՝ Ժորա Ռաֆայելի Դալլաքյանը և Սերգեյ Գենադիի Առաքելյանն այստեղ հավասար բաժնետերեր են եւ իրենք էլ աշխատեցնում են սրճարանը։ 

Եվս մեկ սրճարան շահագործում է «Ալեքսան Որսկանյան Սամսոնի» ԱՁ-ն։ 

Ըստ պայմանագրի՝ այս սրճարանը 93 քմ է զբաղեցնում, իսկ ամսավճարը 265 հազար դրամ է։ 

Ալեքսանդր Որսկանյանը տնօրեն է «ԼԼ Բիմբո» ՍՊԸ-ում, որտեղ հավասար բաժնետեր են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Լյովայի Սարգսյանը։

2008-2015թթ․ «ԼԼ Բիմբոն» հայ-ռուսական «Աբիտ» ՍՊԸ-ի բաժնետերն էր։ Ընկերությունն Արարատի մարզի Սուրենավան գյուղում բիտումի գործարան էր հիմնել: Գործարանի բացումը տեղի էր ունեցել 2009-ի մայիսի 15-ին, որին մասնակցել էր նաև այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Աբիտ» ՍՊԸ-ն 2019-ին անվանափոխվել է «Վի էյ վի օիլ» ՍՊԸ-ի և զբաղվում է ավիավառելիքի ներմուծմամբ։ 

Այս սրճարանը նույնպես ՀԴՄ կտրոն չտրամադրեց առաջին գնման ժամանակ։ Երկրորդ գնումը կատարելիս էլ ՀԴՄ կտրոնը տրամադրեց միայն մեր պահանջից հետո։

Պետեկամուտների կոմիտեին հարցրել էինք՝  ՊԵԿ-ն այգում գործող սրճարաններում երբևէ ստուգում իրականացրե՞լ է, եթե այո, ապա ի՞նչ խախտումներ է հայտնաբերել։ Պարզվում է՝ ՊԵԿ-ն աչքաթող է արել այս տնտեսվարողներին։ 

«Ռեֆրեշ գրուպ» ՍՊԸ-ում հսկողական միջոցառում չի իրականացվել։ «Ալեքսան Որսկանյան» ԱՁ-ի վերաբերյալ ՊԵԿ պաշտոնյան հայտնել է, որ Երևանի կենդանաբանական այգում նշված տվյալներով անհատ ձեռնարկատեր գործունեություն չի իրականացնում։ Թե ինչպես է ՊԵԿ-ը նման եզրակացության հանգել, հայտնի չէ։ Մեր ձեռք տակ է քաղաքապետարանի և նշված ԱՁ-ի միջև 2021թ․ սեպտեմբերին երկու տարի ժամկետով կնքված պայմանագիրը, որի ավարտին դեռևս մեկ տարի կա։ Իսկ սրճարանը, ինչպես երևում է լուսանկարում, բուռն գործունեություն է ծավալում։ 

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter