HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Օդանավ շահագործող հայկական ընկերությունները վերասերտիֆիկացում կանցնեն. դա բխում է նրանց շահերից

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) սկսել է Հայաստանում կոմերցիոն գործունեություն ծավալող ավիաընկերությունների վերասերտիֆիկացման գործընթաց: Կոմերցիոն (առեւտրային) գործունեություն ավիաընկերությունները կարող են իրականացնել միայն օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ունենալու պարագայում:

Ներկայում մեր երկրում առեւտրային գործունեություն է ծավալում 9 ավիաընկերություն: Բնականաբար, նրանք ունեն ՕՇՎ-ներ:

««Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերություն» ՓԲԸ (Armenia Airways)
«Էյր Դիլիջանս» ՍՊԸ (Air Dilijans)
«Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ (Armenian Helicopters)
«ՆովԷյր» ՍՊԸ (NovAir)
«Շիրակ Ավիա» ՍՊԸ (Shirak Avia)
«Սքայբոլ» ՍՊԸ (Skyball)
«Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ (FlyOne Armenia)
«Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ (Fly Arna)
«Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ (Armenian Airlines)

Սրանցից բացի՝ ՕՇՎ ստանալու հայտ է ներկայացրել «Հայվեյզ» ՍՊԸ-ն (Hayways), որի դիմումը ներկայում քննարկման փուլում է:

Վերասերտիֆիկացումը ԵՄ «սեւ ցուցակից» հայկական ավիաընկերությունների դուրս գալու գործիքներից մեկն է: 2020 թ. հունիսին հայկական քաղավիացիան ԵՄ «սեւ ցուցակ» ներառելուց հետո՝ 2022 թ. սեպտեմբերին Եվրահանձնաժողովի ու EASA-ի (Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալություն) ներկայացուցիչները կրկին այցելել էին ՀՀ քաղավիացիայի կոմիտե: Հյուրերը դիտարկել էին, թե ինչ առաջընթացի է հասել ՔԱԿ-ը՝ նախկինում վեր հանված թերությունները վերացնելու հարցում: Ի թիվս այլ քայլերի՝ եվրոպացիները շեշտադրել էին նաեւ օդանավ շահագործողների սերտիֆիկացման նոր գործընթացի ներդրումը:

Այսինքն՝ վերասերտիֆիկացումը ՔԱԿ-ում եւ ընդհանրապես քաղավիացիայի ոլորտում մեկնարկած բարեփոխումների բաղադրիչներից մեկն է:

Ընդհանուր գործընթացի մաս են կազմում նաեւ օրենսդրական լրացումներն ու փոփոխությունները: Դրանցից մեկը վերաբերում է «Ավիացիայի մասին» օրենքին, որում այս տարի ԱԺ-ն լրացում կատարեց ՕՇՎ ստացող ավիաընկերությունների ղեկավարների մասով՝ սահմանելով նոր պայմաններ:

Նոր դրույթի համաձայն՝ ՕՇՎ-ի տրամադրումը ՔԱԿ-ի կողմից մերժվում է Կառավարության սահմանած կարգով, եթե վկայական ստանալու հայտ ներկայացրած իրավաբանական անձի կառավարման վրա ազդեցության լիազորություն ունեցող անձը (ընկերության խորհրդի անդամ, գործադիր մարմնի անդամ, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժնի եւ այլն) մեծ մասի (վերահսկիչ փաթեթ) սեփականատեր) կամ նրա հետ փոխկապակցված անձն ունի տնտեսվարողի վատ հեղինակություն:

«Ավիացիայի մասին» օրենքի իմաստով տնտեսվարողի վատ հեղինակություն ունեցող են համարվում`

ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձը,
բ) դատարանի կողմից ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առեւտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձը,
գ) սնանկ ճանաչված եւ չմարված (չներված) պարտավորություններ ունեցող անձը,
դ) միջազգային հետախուզման մեջ գտնվող անձը,
ե) այն իրավաբանական անձի կառավարման վրա ազդեցության լիազորություն ունեցող անձը, որի կողմից օրենքով եւ Կառավարության որոշմամբ սահմանված թռիչքային անվտանգության ապահովման պահանջները խախտելու հետեւանքով տվյալ իրավաբանական անձի ՕՇՎ-ի գործողությունը սահմանված կարգով դադարեցվել կամ կասեցվել է:

Օրենքի իմաստով փոխկապակցված անձինք են համարվում անձը եւ նրա ամուսինը, 14 տարին լրացած անչափահաս զավակը, խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կողմից նշանակված խնամակալը կամ կառավարիչը, անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, անձի հետ մեկ տարվա ընթացքում 180 եւ ավելի օր համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ, ինչպես նաեւ ֆիզիկական անձինք, որոնք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:

Օրենքի լրացմամբ նախատեսվում է նաեւ, որ եթե ընկերությունն արդեն ունի ՕՇՎ, սակայն պարզվում է, որ նրա կառավարման վրա ազդեցության լիազորություն ունեցող անձանցից կամ վերջիններիս փոխկապակցված անձանցից մեկն ունի տնտեսվարողի վատ հեղինակություն, ու հնարավոր չէ այդ հանգամանքը վերացնել, ապա ՔԱԿ-ը դադարեցնում է ընկերության ՕՇՎ-ի գործողությունը:

Այս լրացումն, ըստ էության, պայմանավորված էր այն հանգամանքով, որ նախկինում հայկական ավիաընկերությունները, ունենալով ՔԱԿ-ի կողմից տրված ՕՇՎ-ներ եւ ՀՀ-ում գրանցված օդանավեր, կասկածելի գործունեություն էին ծավալում, մասնավորապես, Աֆրիկայում՝ հայտնվելով ՄԱԿ-ի փորձագետների ուշադրության կենտրոնում, եւ այդ մասին գրվում էր փորձագետների զեկույցներում: Մի շարք դեպքերում հայկական ինքնաթիռներն Աֆրիկայում աղետի են ենթարկվել՝ խլելով մարդկային կյանքեր: Այս ամենն, իհարկե, չի վրիպել ոչ միայն ՄԱԿ-ի, այլեւ եվրոպական կառույցների աչքից:

«Ավիացիայի մասին» օրենքում վերոնշյալ լրացումը կատարելուց հետո մեկ տարվա ընթացքում Կառավարությունը պետք է, մասնավորապես, լրացում/փոփոխություն կատարի ՕՇՎ տալու կարգի մեջ, որը հաստատվել է 2015-ին:

Կառավարությունը, ավելի կոնկրետ՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, որին ենթարկվում է ՔԱԿ-ը, e-draft.am հարթակում գարնանը տեղադրել է գործադիրի 2015 թ. որոշման մեջ փոփոխություններ անելու նախագիծը, որով իրավական ակտը խմբագրված է ամբողջությամբ: Նախագծի հակիրճ բնութագրում ասվում է, որ դրա ընդունման պարագայում ՀՀ օդային փոխադրողներին ՕՇՎ տրամադրելու գործընթացը լիարժեքորեն կհամապատասխանեցվի միջազգային պայմանագրերին, այդ թվում՝ Չիկագոյի կոնվենցիայի դրույթներին, ICAO-ի ստանդարտներին եւ առաջարկվող գործելաձեւերին: Նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա գործարար միջավայրի վրա՝ ապահովելով վկայականի տրամադրման գործընթացի հստակությունն ու մատչելիությունը օդանավ շահագործողների համար։

Այս նախագիծը Կառավարությունը դեռ չի ընդունել:

ՕՇՎ-ն տրվում է մինչեւ 2 տարի ժամկետով: Քանի դեռ Կառավարությունը չի ընդունել նոր նախագիծը, ավիափոխադրողների վկայականները թարմացվում են գործող կարգով: Այս գարնանը, մասնավորապես, թարմացվել են «Սքայբոլի», «Արմենիա Էյրվեյզի» ու «Էյր Դիլիջանսի» վկայականները:

Գործող ՕՇՎ ունեցող ավիաընկերությունների համար ժամկետից շուտ վերասերտիֆիկացում անցնելը պարտադիր չէ, նրանց ՕՇՎ-ները գործում են դրանցում նշված ժամկետներով, սակայն խիստ ցանկալի է, որ նրանք անցնեն այդ գործընթացով, քանի որ, ինչպես ասվեց, դա ԵՄ «սեւ ցուցակից» դուրս գալու քայլերից մեկն է: Այնպես որ հենց իրենք՝ ավիափոխադրողները, ըստ էության, պետք է շահագրգռված լինեն վերասերտիֆիկացմամբ:

Լուսանկարը՝ Լիանա Սայադյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter