HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օֆշորային սեփականատերը վաճառում է Կապանի լեռնահարստացման կոմբինատը. գնորդը հայ գործարար է

Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված «Չաարատ Գոլդ Հոլդինգս» ընկերությունը (Chaarat Gold Holdings Limited, CGH) 55,4 մլն դոլարով վաճառում է հայաստանյան իր դուստր ձեռնարկությունը՝ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն, որը շահագործում է Կապանի լեռնահարստացման կոմբինատն ու Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը։

«CGH»-ը «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն (ձեռքբերումից հետո անվանափոխվել է՝ դառնալով «Չաարատ Կապան») գնել էր 2019 թ. (գործընթացն սկսվել էր դեռ 2018-ի աշնանը) նախկին սեփականատիրոջ՝ ռուսական արմատներ ունեցող, սակայն օֆշորային Ջերսի կղզում գրանցված «Պոլիմետալ Ինթերնեյշնլի» հետ (Polymetal International plc) կնքված 55 մլն դոլարի գործարքի արդյունքում:

«Chaarat Gold Holdings»-ի այն ժամանակվա գլխավոր տնօրեն Արտյոմ Վոլինեցը «Հետքին», մասնավորապես, ասել էր. «Կապանը հրաշալի հանքավայր է, ճիշտ այնպիսին, ինչպիսին մենք կցանկանայինք ձեռք բերել եւ զարգացնել»:

Ո՞վ է «Չաարատ Կապանը» վաճառողի սեփականատերը

Օֆշորային «Chaarat Gold Holdings Limited»-ը «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի անմիջական սեփականատերը չէ: Հայկական ընկերության 100 տոկոսի բաժնետերը Կիպրոսում գրանցված «Chaarat Gold International Limited»-ն է, որն իր հերթին պատկանում է «CGH»-ին:

«CGH»-ի 45,78 տոկոսի սեփականատերը մեկ այլ օֆշորում՝ Բերմուդյան Կղզիներում գրանցված «Labro Investments Limited»-ն է, որի տերը Շվեդիայի քաղաքացի Մարտին Անդերսոնն է: Արդյունքում հենց Անդերսոնն է «Չաարատ Կապանի» ամենախոշոր իրական սեփականատերը:

2018-ին, երբ «CGH»-ը հայտարարեց Կապանի լեռնահարստացման կոմբինատը գնելու մասին, Անդերսոնի մասնակցությունն այդտեղ 35,51 տոկոս էր: Ներկայում «CGH»-ի (բնականաբար, նաեւ «Չաարատ Կապանի») երկրորդ խոշոր բաժնետերը «China Nonferrous Metals Int’l Mining Co. Ltd»-ն է (3,26 տոկոս):  

Ինչու՞ է Կապանի կոմբինատը վաճառվում

«CGH»-ն օգոստոսի 16-ին իր տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ 2019-ին Շահումյանի հանքավայրի շահագործման իրավունքը ձեռք բերելուց հետո դրա արդյունաբերական ցուցանիշները բարելավվել են, Կապան համայնքում արվող ներդրումները շարունակվել են՝ «չնայած շահագործման վրա ազդող նշանակալի աշխարհաքաղաքական իրադարձություններին, ներառյալ՝ հարեւան երկրի հետ ռազմական գործողություններին, կորոնավիրուսի ազդեցությանը եւ Ուկրաինայում շարունակվող կոնֆլիկտի ոչ անմիջական ազդեցությանը»:

Ըստ հաղորդագրության՝ «Չաարատ Կապանի» շահույթը (հարկերը վճարելուց հետո) 2021-ին կազմել է 10,5 մլն դոլար, իսկ 2022-ին՝ 1,7 մլն դոլար: Այդուհանդերձ, «CGH»-ի տեղեկացմամբ, 2023 թ. առաջին կիսամյակում Կապանի կոմբինատի եկամուտը (հարկերը չհանած) եղել է ընդամենը 2,3 մլն դոլար, ինչի վրա ազդեցություն է ունեցել դրամի արժեւորումը դոլարի նկատմամբ եւ ցածր արտադրողականությունը:

Ասվում է նաեւ, որ 2022 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ «Չաարատ Կապան» ընկերության ակտիվները կազմել են 75,1 մլն դոլար, իսկ պասիվները (պարտավորությունները)՝ 53,4 մլն դոլար: Հիշեցնենք, որ «Chaarat Gold Holdings»-ի ակտիվների թվում է ոչ միայն Կապանի հանքավայրը, այլեւ 2 հանքավայր Ղրղզստանում, որոնցում արդյունահանում դեռ չի կատարվում: Այս պարագայում հայկական «Չաարատ Կապանի» վերոնշյալ ակտիվները կազմել են «CGH»-ի ընդհանուր ակտիվների 48 տոկոսը, իսկ պասիվները՝ ընդհանուրի 62 տոկոսը:

Դրամի արժեւորումը, ինչպես նկատել է «CGH»-ը, իրեն դրդել է վերանայել Կապանի կոմբինատի կայունության պահպանման բոլոր ռազմավարական տարբերակները եւ ուշադրությունը սեւեռել ղրղզական հանքավայրերի վրա: Ստեղծված պայմաններում, ըստ օֆշորային սեփականատիրոջ, այս վաճառքի գործարքը շահավետ ելքի հնարավորություն է իր համար:

«CGH»-ը նշել է, որ գործարքի գնից 5 մլն դոլարը ստանալու է փողի տեսքով, ինչն ուղղելու է ղրղզական ակտիվների զարգացմանը, իսկ մնացած 50,4 մլն-ն ուղղվելու է «Չաարատ Կապանի» պարտավորությունների մարմանը: Ասվածից բխում է, որ գնորդը ստանձնելու է այդ պարտավորությունների մարումը, այսինքն՝ «CGH»-ին մնալու է 5 մլն դոլար: Միաժամանակ ասվում է, որ գործարքը պայմանավորված է վաճառողի ու գնորդի սեփականատերերի համաձայնությամբ, ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի համաձայնությամբ, ինչպես նաեւ «Ամերիաբանկի» համաձայնությամբ առ այն, որ «Չաարատ» խմբի ընկերությունների վրայից հանվեն երաշխիքի ու ապահովագրության միջոցները (այստեղից էլ կարելի է հետեւություն անել, որ «Չաարատ Կապանի» պարտատերը հենց «Ամերիաբանկն» է):  

Ո՞վ է «Չաարատ Կապանի» գնորդը 

«Chaarat Gold Holdings»-ը հայտնել է, որ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի գնորդը «Գոլդ Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ն է (Gold Mining Company): Չնայած հաղորդագրության մեջ ասվում է, թե գնորդը նաեւ Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրն է շահագործում, սա այնքան էլ ճիշտ չէ, քանի որ այս հանքի շահագործողը «Լիճքվազ» ՓԲԸ-ն է, ոչ թե «Գոլդ Մայնինգ Քոմփանին»: «CGH»-ը, նկատի ունենալով «Լիճքվազ» ՓԲԸ-ին, նշել է, որ այն Կապանի լեռնահարստացման կոմբինատին տարիներ շարունակ հանքաքար է մատակարարել, այսինքն՝ այդ հանքաքարը մշակվել է Կապանում: Սա պատահական չէ, քանի որ նախկինում երկուսն էլ պատկանում էին նույն ընկերությանը՝ վերը հիշատակված օֆշորային «Պոլիմետալ Ինթերնեյշնլին»:

2019-ից «Լիճքվազ» ՓԲԸ-ն պատկանում է Երեւանի գրանցում ունեցող քաջարանցի Սասուն Ավետիսյանին, որը նաեւ ընկերության գլխավոր տնօրենն է: Բացի դրանից՝ նա «Գոլդ Մայնինգ Քոմփանիի» սեփականատերն է: Այսինքն՝ այս երկուսը փոխկապակցված ընկերություններ են:

Բայց եթե Երեւանում գրանցված «Լիճքվազ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2010 թ. եւ ներկայում իրավունք ունի մինչեւ 2036 թ. շահագործել Մեղրու Լիճքվազ-Թեյի հանքավայրը, ապա նույնպես երեւանյան «Գոլդ Մայնինգ Քոմփանին» պետական գրանցում է ստացել այս ամիս՝ օգոստոսի 2-ին: Փաստորեն, այս ընկերությունն, ըստ էության, ստեղծվել է «Չաարատ Կապանի» բաժնետոմսերը «Chaarat Gold Holdings»-ից գնելու համար: Հավելենք, որ «Գոլդ Մայնինգ Քոմփանիի» տնօրենը քաջարանցի Արտյոմ Պետրոսյանն է:  

«CGH»-ը հայտարարել է նաեւ, որ գնորդ ընկերության՝ «Գոլդ Մայնինգ Քոմփանիի» սեփականատերը (Սասուն Ավետիսյանը) տնօրեն ու համասեփականատեր է «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ում (S&A Mining), որը երկար ժամանակ Կապանի կոմբինատի կապալառու գործընկերներից է (ըստ ՊԵԿ-ի՝ զբաղվում է հանքարդյունահանման համար տարածք նախապատրաստելով):

Ս. Ավետիսյանն իսկապես 2015-ին հիմնադրված երեւանյան «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ի տնօրենն է, բայց դրա ֆորմալ սեփականատերը չէ, քանի որ «Էս Ընդ Էյ Մայնինգը» պատկանում է երեւանյան մեկ այլ ընկերության՝ «Վանդ-Գասս» ՍՊԸ-ին, որի տերերը երկուսն են՝ Սասուն Ավետիսյանի հայրը՝ Սլավիկ Ավետիսյանը, եւ քաջարանցի Մարիամ Ներսիսյանը, որի հայրը՝ Արիստակես Ներսիսյանը, եղել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր հաշվապահ այն ժամանակ, երբ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենը Մաքսիմ Հակոբյանն էր: Ընդ որում՝ «Վանդ-Գասսի» ներկա տնօրենը Մարիամ Ներսիսյանի եղբայրն է՝ Գառնիկ Ներսիսյանը, որն այդ պաշտոնում փոխարինել է Սասուն Ավետիսյանին: Ստացվում է, որ «Չաարատ Կապանի» կապալառու գործընկեր «Էս Ընդ Էյ Մայնինգ» ընկերությունը ԶՊՄԿ-ի նախկին ազդեցիկ ֆիգուրներից Արիստակես Ներսիսյանի ու հանքարդյունաբերոության մեջ դիրքերն ամրապնդող Սասուն Ավետիսյանի ընտանիքների համատեղ բիզնեսն է:

Սասուն Ավետիսյանի բիզնեսը

Ս. Ավետիսյանը, բացի «Լիճքվազ» ՓԲԸ-ից, «Գոլդ Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ից եւ «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ից (այստեղ նրա ներկայությունը հոր միջոցով է), մասնակցություն ունի հետեւյալ ընկերություններում:

Chaarat Kapan.jpg (154 KB)

«ԷյՋիԱրՍի (Արմենիան Գոլդ Րիսորս Քորփորեյշն)» ՍՊԸ-ն (AGRS (Armenian Gold Resource Corporation)), որը գրանցված է Երեւանում, «Լիճքվազ» ՓԲԸ-ի միակ սեփականատերն է եւ իր հերթին ամբողջությամբ պատկանում է Ս. Ավետիսյանին, որը նաեւ ընկերության գլխավոր տնօրենն է: Ավետիսյանն այս ՍՊԸ-ն ձեռք է բերել 2019 թ. ռուսական արմատներ ունեցող օֆշորային «Պոլիմետալ Ինթերնեյշնլի» կիպրական ու նիդերլանդական դուստր ընկերություններից: Ռուսների օրոք՝ 2015-2019 թթ., ընկերությունը կոչվում էր «Պոլիմետալ Արմենիա» եւ «Պոլիարմ»: Թե՛ ռուսները, թե՛ Ավետիսյանը սրա միջոցով են ապահովել/ապահովում իրենց մասնակցությունը «Լիճքվազ» ՓԲԸ-ում:  

«AGRS»-ը ռուսների, իսկ 2019-ից հետո Ս. Ավետիսյանի համար ապահովում է մասնակցությունը նաեւ երեւանյան «Նորթ Էքփլորեյշն Քոմփանի» ՍՊԸ-ում (North Exploration Company, NECo), որի գլխավոր տնօրենը հենց Ավետիսյանն է: Ըստ ՊԵԿ-ի՝ այս ընկերությունը խորհրդատվություն է ապահովում ձեռնարկատիրական եւ կառավարման հարցերով:  

Սասուն Ավետիսյանը Երեւանում գրանցված «Ապառաժ Մայնինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է: ՍՊԸ-ն պատկանում է մեկ այլ երեւանյան ընկերության՝ «Վանդ-Սա» ՍՊԸ-ին, սրա տերերն էլ 50-50 հարաբերակցությամբ Սլավիկ Ավետիսյանն (Ս. Ավետիսյանի հայրը) ու վերոնշյալ Գառնիկ Ներսիսյանն են (վերջինս նաեւ «Վանդ-Սա»-ի տնօրենն է): Նախկինում «Վանդ-Սա» ընկերության (սրա միջոցով էլ՝ «Ապառաժ Մայնինգի») փայատերեր են եղել Սասուն Ավետիսյանը, Արիստակես Ներսիսյանն ու Արման Հակոբյանը, որը Մաքսիմ Հակոբյանի կրտսեր որդին է: Այսպիսով՝ ներկայում «Ապառաժ Մայնինգը», ինչպես «Էս Ընդ Էյ Մայնինգը», Ավետիսյան ու Ներսիսյան ընտանիքների համատեղ բիզնեսն է: Ընկերությունն զբաղվում է պայթեցման աշխատանքներով ու «Էս Ընդ Էյ Մայնինգի» նման ԶՊՄԿ-ի կապալառուներից է:

Ս. Ավետիսյանն ու նրա գործընկեր Սամվել Իվանյանը 2 նույնանուն ընկերություն ունեն Երեւանում՝ «Էն Էռ Էմ (Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ)» ՓԲԸ (NRM (Natural Risource Management)) եւ «Էն Էռ Էմ» ՓԲԸ (NRM): Երկրորդ ընկերությունն ստեղծվել է առաջինից առանձնանալու եղանակով, այսինքն՝ նրա իրավահաջորդն է: Երկուսում էլ Ս. Իվանյանը գլխավոր տնօրեն է ու 20 տոկոս բաժնետոմս ունի, իսկ Ս. Ավետիսյանը՝ 75: Մնացած 5 տոկոսի բաժնետերն, ըստ էության, Վահրամ Գագիկի Ավագյանն է, որի անունը բացակայում է ՓԲԸ-ների իրական շահառուների հայտարարագրերից, քանի որ մասնակցությունը 10 տոկոսից պակաս է: «NRM (Natural Risource Management)»-ը, ըստ ՊԵԿ-ի, օժանդակ ծառայություններ է մատուցում հանքարդյունաբերության ոլորտում, իսկ «NRM»-ը զբաղվում է ճարտարագիտական գործունեությամբ եւ դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվությամբ:

Հանքարդյունաբերության մեջ օժանդակ ծառայություններ է մատուցում նաեւ Ս. Ավետիսյանի երեւանյան «Սաութ Ռիսորս Մենեջմենթ» ՍՊԸ-ն (South Resource Management): Ավետիսյանը ոչ միայն միակ սեփականատերն է, այլեւ տնօրենը:

47-ամյա գործարարը ներգրավված է նաեւ շինարարության ոլորտում: Նա Երեւանում գրանցված «Էյ Փի Թաուեր» ՍՊԸ-ում (AP Tower) 25 տոկոս մասնակցություն ունի: Նույնքան բաժնեմասի սեփականատեր է Ավետիսյանի կինը՝ Լիանա Հովհաննիսյանը: Ընկերությունն զբաղվում է բնակելի, հասարակական եւ արտադրական շենքերի շինարարությամբ: Երեւանի Ուլնեցի փողոցում այս շինարարը կառուցում է «Պանորամա Հիլզ» բնակելի համալիրը:

Լուսանկարները՝ chaarat.com-ից, Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter