Կապանի կոմբինատի նոր սեփականատեր. «Մեր նպատակն է լինել բարիքի աղբյուր»
Այս տարվա հոկտեմբերի 30-ին ռուսական «Պոլիմետալ Ինթերնեյշնլ» հանքարդյունաբերող ընկերությունը (Polymetal International plc) համաձայնագիր է կնքել «Չաարատ Գոլդ Հոլդինգս» ընկերության (Chaarat Gold Holdings Limited) հետ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն վաճառելու վերաբերյալ: Վաճառքի գինը 55 միլիոն դոլար է:
«Հետքի» գրավոր հարցերին պատասխանում է «Չաարատ Գոլդ Հոլդինգսի» գլխավոր տնօրեն Արտյոմ Վոլինեցը
-Ձեր ընկերության՝ «Chaarat Gold Holdings Limited»-ի անունն առկա է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հրապարակած հայտնի թղթապանակներից մեկում՝ «Paradise Papers»-ում: Համաձայն դրա՝ «Chaarat Gold Holdings»-ը Մալթայում 2012 թ. գրանցված «Chaarat Malta Limited»-ի համասեփականատերն է: Ի՞նչ գործունեություն է ծավալում Մալթայի ընկերությունը: Դրա քանի՞ տոկոսն է պատկանում «Chaarat Gold Holdings»-ին:
-Մալթայի դուստր ընկերությունն ամբողջությամբ պատկանում է «Chaarat Gold Holdings»-ին, եւ այն աշխարհի տարբեր մասերում մեր ունեցած բազմաթիվ դուստր ընկերություններից մեկն է: Այդ դուստր ընկերությունը 2014 թ.-ից ի վեր գտնվում է լուծարման գործընթացում, եւ նրա չգործող կարգավիճակը պատշաճ կերպով արտացոլված է ընկերությունների ռեգիստրում: Դրա հիմնական գործառույթը բնույթով վարչական էր:
«Paradise Papers»-ում նշված են եղել հազարավոր ընկերություններ, սակայն դրանցից միայն մի քանիսն են մեղադրվել որեւէ իրավախախտման մեջ, եւ այդ սահմանափակ թվի մեջ «Chaarat»-ն, իհարկե, չի մտնում: «Chaarat»-ի վերաբերյալ «Paradise Papers»-ում նշված որեւէ տեղեկություն վնաս պատճառող, ուշադրության արժանի կամ գաղտնիք պարունակող չի հանդիսանում: Իրականում «Paradise Papers»-ում ընդամենն առկա է տեղեկություն այն մասին, որ մենք Մալթայում ունեցել ենք դուստր ընկերություն: Սակայն այդ նույն տեղեկությունն արդեն առկա էր ընկերության կողմից հրապարակված հանրային հաշվետվություններում:
«Chaarat»-ը ցուցակված է Լոնդոնի Այլընտրանքային ներդրումային բորսայում (London Alternative Investment Market կամ AIM), որը շատ հեղինակավոր եւ միջազգայնորեն ճանաչված բորսա է, ուստի, ընկերությունը թափանցիկ է եւ ենթարկվում է այդ բորսայի մանրակրկիտ բացահայտումների պահանջներին այնպիսի հարցերում, ինչպիսիք են ֆինանսական գործունեությունը, պատշաճ վարքագիծը, սեփականությունը, հարկային եւ այլ խնդիրները: «AIM»-ի համապատասխան պահանջների ներքո «Chaarat»-ի ամբողջ գործունեությունը պարբերաբար հրապարակվում է հանրային հաշվետվություններում, որոնք տեղադրված են համացանցում եւ հասանելի են բոլորին: Ավելին՝ բոլոր այդ մանրամասները ենթարկվում են միջազգային աուդիտի եւ ստուգվում են:
-«Chaarat Gold Holdings»-ը քանի՞ հանքավայր է շահագործում և ո՞ր երկրներում:
-«Chaarat Gold»-ը շահագործում է մեծ եւ բարձր պարունակության մի հանքավայր Ղրղըզական Հանրապետությունում` «Chaarat Gold Project» անվամբ, որը մենք այս պահին զարգացնում ենք եւ որի վերաբերյալ մեծ հույսեր ունենք: Մենք նաեւ ուրախ ենք Կապանի հանքավայրը ձեռք բերելու առումով: Դրանից բացի՝ ներկա պահին ուսումնասիրում ենք Կենտրոնական Ասիայում եւ նախկին ԽՍՀՄ տարածքում մի քանի հնարավոր նախագծեր: Այս տարածաշրջանում գոյություն ունեն շատ հետաքրքիր հանքավայրեր, եւ մենք ակտիվորեն աշխատում ենք մեր պորտֆելը համալրելու ուղղությամբ:
Մեր մոտեցումն է` առաջարկել ավելին, քան առաջարկել են հանքավայրերի նախկին սեփականատերերը: Մասնավորապես, մենք առաջարկում ենք համաշխարհային ամենաբարձր մակարդակի արդյունաբերական փորձ եւ կորպորատիվ կառավարում: Համոզված ենք, որ նման մոտեցումը հնարավորություն է տալիս բացահայտել այդ հանքավայրերի իրական առավելագույն ներուժը` աշխատատեղերի ստեղծման, տեղի համայնքների համար բարիք, իսկ ազգային կառավարությունների համար եկամուտ ապահովելու առումներով: Դրան հասնելու համար մենք սերտ համագործակցում ենք տեղական համայնքների եւ ազգային կառավարությունների հետ՝ նրանց նկատմամբ մեր շահագործման տակ գտնվող հանքավայրերի առավելագույն տնտեսական եւ սոցիալական ազդեցությունն ապահովելու նպատակով:
-Ինչո՞ւ է «Chaarat Gold Holdings»-ին հետաքրքրել Կապանի կոմբինատը: Ո՞րն է կոմբինատը գնելու պատճառը:
-Կապանը հրաշալի հանքավայր է, ճիշտ այնպիսին, ինչպիսին մենք կցանկանայինք ձեռք բերել եւ զարգացնել: Հանքավայրը երկար պատմություն ունի, այն շահագործվում է 1864 թ.-ից եւ միշտ հանդիսացել է Հայաստանի տնտեսության առաջատարներից մեկը: Մեր նպատակն է պահպանել այդ պատվավոր կարգավիճակը:
Այս գործարքը նաեւ արագացում է հաղորդում զարգացող շուկայում տարածաշրջանային առաջատար ընկերություն ստեղծելու մեր նպատակին: Հանքավայրերի մեր պորտֆելը կառուցելու ճանապարհին մենք ներդնում ենք «know-how», դրամական հոսքերի եւ ինքնարժեքի արդյունավետ համադրության հնարավորություն:
Այս գործարքը ժամանակային առումով նույնպես արդյունավետ էր մեզ համար: Կապանի նախկին սեփականատեր «Պոլիմետալն» այժմ վերակենտրոնանում է իր առավել խոշոր հանքավայրերի վրա, ինչի պատճառով մեզ հնարավորություն ընձեռվեց ձեռք բերել հանքավայրն առավել շահավետ գնով: Բացի դրանից՝ Հայաստանի ներդրումային միջավայրը Կապանում եւ Հայաստանում մեր ներգրավվման հիմնական պատճառներից մեկն է:
-Տարեկան որքա՞ն հանքաքար եք պատրաստվում արդյունահանել: Ո՞ր երկրներ եք այն արտահանելու:
-Դա կախված է նրանից, թե ինչքան արագ մենք ձեռք կբերենք հանքավայրը: Կապանն ունի կառավարության կողմից հաստատված հանքարդյունահանման նախագիծ, որը պահանջում է տարեկան 600.000 տոննա հանքաքարի արդյունահանում, եւ մենք այս պահին նախատեսում ենք աշխատել այդ հաստատված նախագծով: Մեր մասնագետները կուսումնասիրեն այլընտրանքային, տնտեսապես արդյունավետ եւ բնապահպանության տեսանկյունից անվտանգ նախագծի հնարավորությունը: «Chaarat»-ի խմբի բոլոր ընկերությունների համար մենք նպատակ ունենք արտադրական ծավալները հասցնել տարեկան մինչեւ մեկ միլիոն ունցիայի` հինգ տարիների ընթացքում: Մենք հույս ունենք իրականցնել այդ նպատակը եւ կշարունակենք աշխատել դրա վրա ձեռքբերումից անմիջապես հետո:
Նախատեսում ենք Կապանի արտադրանքն արտահանել համաշխարհային շուկա, սական հետաքրքրված ենք նաեւ ուսումնասիրել տեղի ձուլարաններին վաճառելու հնարավորությունները, քանզի տեղյակ ենք, որ կառավարությունն ուսումնասիրում է Հայաստանում ձուլարանի կառուցման հնարավորություն: Ամեն դեպքում, մեր նպատակն է վաճառել Կապանի արտադրանքը հնարավորինս տնտեսապես շահավետ: Միայն այդ կերպ է հնարավոր հաջողել Կապանի հանքավայրի նախագիծը:
-Պարզե՞լ եք, թե Կապանի կոմբինատի կողմից շահագործվող Գեղանուշի պոչամբարի նախագծային ընթացիկ տարողությունը որքան է, ի՞նչ ծավալով է այն լցված և քանի՞ տարվա «կյանք» ունի: Եթե այո, խնդրում եմ հայտնել այդ տվյալները:
-Մենք տեղյակ ենք, որ Գեղանուշի պոչամբարն ի սկզբանե նախագծվել է Սանկտ Պետերգուրգի «Մեխանոբր» գիտահետազոտական ինստիտուտի կողմից` 1962 թ.-ին, եւ որ այն շահագործվել է մինչեւ 1982 թ.:
Մենք տեղյակ ենք նաեւ, որ մինչեւ Գեղանուշի պոչամբարի 2008 թ. վերագործարկումը պոչանքները տեղափոխվել են Արծվանիկի պոչամբար: Մեր տվյալներով՝ Գեղանուշի պոչամբարի սկզբնական նախագծումը եւ վերագործարկումն իրականացվել են գործող չափանիշներին համապատասխան, ներառյալ՝ բնապահպանական չափանիշները: Մենք չէինք ներգրավվի այս նախագծի մեջ, եթե ունենայինք որեւէ կասկած նշվածի վերաբերյալ: Մենք նաեւ տեղյակ ենք, որ Գեղանուշի պոչամբարն ունի Կապանի հանքավայրի պաշարների տնտեսապես արդյունավետ շահագործման տեւողությանը համապատասխանող տարողություն առաջիկա 8-10 տարիների համար:
-Ձեր ընկերության ծրագրում ներառվո՞ւմ է Գեղանուշի պոչամբարի ռեկուլտիվացիայի հարցը, թե՞ պատրաստվում եք մեծացնել այն:
-«Պոլիմետալն» ունի կառավարության կողմից հաստատված ռեկուլտիվացիայի ծրագիր, որն ընթացքում է, եւ մենք կշարունակենք այն իրականացնել: Մենք տեղյակ ենք Գեղանուշի պոչամբարի հետ կապված հանրորեն քննարկված խնդիրներին, ներառյալ պոչամբարի տեղադիրքի, Կապան քաղաքին մոտ հեռավորության վրա գտնվելու վերաբերյալ եւ այլն, ուստի, այս պահին Գեղանուշի պոչամբարի ընդարձակում չենք նախատեսում: Հանքարդյունահանման եւ բնապահպանության վերաբերյալ ցանկացած նախագիծ «Chaarat»-ն ուսումնասիրում է բացառապես միջազգայնորեն ընդունված լավագույն չափանիշների կիրառմամբ, եւ դրանք կարող են առաջարկվել իրականացման համար՝ պայմանով, որ ընդունելի են Հայաստանի բոլոր շահառուների կողմից, ներառյալ՝ տեղական համայնքները եւ Հայաստանի կառավարությունը:
-2012 թ. Ղրղըզստանի այն ժամանակվա վարչապետ Ժանտորո Սատիբալդիեւը խախտումների պատճառով պահանջել էր փակել «Chaarat Zaav» ընկերությունը, սակայն հետագայում ամեն ինչ ավարտվել էր 153 հազար սոմ (մոտ 2200 դոլար) տուգանքով: Ի՞նչ երաշխիքներ եք ներկայացնելու Կապանի բնակիչներին, որ նույնը չի կրկնվի Կապանի դեպքում:
-Իրականում, իսկապես այդ տուգանքը փոքր էր: Սակայն մենք չափազանց լուրջ ենք վերաբերվում անվտանգության եւ բնապահպանական ցանկացած խախտմանը: Մեր մասնագետները եւ կառավարիչներն աշխատել են աշխարհում առաջատար ընկերություններում, որտեղ անվտանգության խնդիրներն առաջնային են, եւ նույն մշակույթը կիրառում ենք «Chaarat»-ում: Մեր նպատակն է զարգացնել այդ մշակույթը բարձր չափանիշներ կիրառելու, աշխատողներին պարբերաբար վերապատրաստելու, աշխատողների հետ ցանկացած խնդրով զատ հաղորդակցվելու միջոցով: Մենք ձեռք ենք բերել տեղի համայնքների հետ սերտ համագործակցող եւ չափազանց անվտանգ ընկերության հեղինակություն ու հպարտ ենք այդ ձեռքբերումով:
Ցանկացած արդյունաբերական ձեռնարկությունում վթարը ռիսկ է, որը պետք է հնարավորինս բացառվի առավելագույն չափով: Մենք այդ ռիսկը բացառելու համար անում ենք առավելագույն հնարավորը՝ որպես մեր համաշխարհային առաջատար փորձի եւ կայունության սկզբունքների կիրառման բաղադրիչ: Օրինակ՝ Ղրղըզական Հանրապետությունում կիրառում ենք վարքագծի փոփոխման անվտանգության չափանիշներ, որոնք միտված են մեր աշխատողների բարեկեցության բարձրացմանը եւ ամեն օր նրանց իրենց ընտանիքներին անվնաս վերադարձնելու նպատակին:
-Ի՞նչ բնապահպանական, առողջապահական և սոցիալական ծրագիր եք ներկայացնելու Կապանի բնակիչներին: Խնդրում եմ հակիրճ ներկայացնել ծրագրային գլխավոր կետերը:
-Քանզի մենք դեռ գտնվում ենք հանքավայրը ձեռք բերելու գործընթացում, դեռ չենք հասցրել քննարկել այդ ծրագրերը տեղի համայնքների եւ կառավարության ներկայացուցիչների հետ, սական պատրաստվում ենք դրան: Մեր նպատակն է լինել բարիքի աղբյուր եւ կառուցել երկարաժամկետ հարաբերություններ այն երկրների հետ, որոնք հյուրընկալում են մեզ:
Այն, ինչ պատրաստվում ենք առաջարկել, հիմնականում նման է այն աշխատանքին, որն իրականացնում ենք Ղրղըզական Հանրապետությունում: Չատկալի շրջանում, որտեղ մենք զարգացնում ենք Թուլկուբաշի հանքավայրը, «Chaarat»-ն իրականացրել է դասընթացներ եւ աջակցություն բազմաթիվ բիզնես սթարթափների համար: Պատրաստ ենք նույնն անել Հայաստանում: Նաեւ նպատակային ներդրումներ ենք իրականացրել երկրի մասնագետների պատրաստմանը, ինչը պատրաստ ենք անել նաեւ Հայաստանում:
Հ.Գ. 26.12.2018 - Հարցազրույցի հրապարակումից շաբաթներ անց «Chaarat Gold Holdings»-ը պարզաբանում է ուղարկել ղրղըզական դուստր ընկերության վերաբերյալ, որը հրապարակում ենք ամբողջությամբ:
««Chaarat»-ի գլխավոր տնօրեն Արտյոմ Վոլինեցի հետ «Հետքի» հարցազրույցի հրապարակումից հետո ընկերության ներկայացուցիչներն արձագանքել են Ղրղըզստանի նախկին վարչապետ Ժանտորո Սատիբալիդեւի կողմից միջավայրային ենթադրյալ խախտումների պատճառով Ղրղըզստանում ընկերության դուստր ընկերությունը՝ «Chaarat Zaav»-ը փակելու պահանջի, ինչպես նաեւ ենթադրյալ խախտումներով տուգանքներ նշանակելու վերաբերյալ հատվածին: Պարզվել է, որ փակելու եւ տուգանելու պահանջները ներկայացվել են «Chanach» անունով այլ ընկերության նկատմամբ, որը որեւէ առնչություն չունի «Chaarat»-ի կամ դրա որեւէ դուստր ընկերության հետ: «Chaarat»-ի որեւէ դուստր ընկերություն չի մեղադրվել միջավայրային որեւէ խախտման մեջ, եւ խախտումների առնչությամբ չի ենթարկվել որեւէ տուգանքի»:
Պոչամբարի լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանել