HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ինչու են նորերը պաշտոնի նշանակում նախկիններին

Հոկտեմբերի 12-ին խոշոր չափի՝ 50.000 դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորվեց Բաղրամյանի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ  Տոնական Ղազարյանը: Նրան այդ պաշտոնում նշանակել էր Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը, որը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ընկերն է։ Այդ գործոնով պայմանավորված՝ 2021թ․-ի դեկտեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրության ժամանակ Բաղրամյան համայնքում Շանթ Առաքելյանն էր գլխավորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու համամասնական ընտրացուցակը։

Համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո Շանթ Առաքելյանը Բաղրամյան համայնքի կազմում ընդգրկված Արտամետ գյուղի նախկին ղեկավար Տոնական Ղազարյանին նախ իր խորհրդական նշանակեց, ապա՝ համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ։ 

Շանթ Առաքելյանն ու Տոնական Ղազարյանը ոչ համագյուղացիներ են, ոչ էլ՝ հասակակիցներ։ Սակայն, Տոնական Ղազարյանն անկարևոր անձ չէր, որ չճանաչեին։ Նրան բնութագրելու համար բավական է հանրությանը հիշեցնել, որ նա Արտամետ գյուղի ղեկավարն է եղել Հայաստանի անկախացումից ի վեր՝ մինչև 2005թ․-ը, քանի դեռ իրավապահ մարմինները նրան մեղադրանքներ չառաջադրեցին։ Դրանից հետո համայնքապետի պաշտոնը փոխանցեց կնոջը՝ Անահիտ Դավթյանին։ Միջնակարգ մասնագիտական կրթությամբ, Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամագրված Անահիտ Դավթյանը 2005թ․–ից հետո 4 անգամ անընդմեջ ընտրվեց Արտամետ համայնքի ղեկավար։ 

Այդ տարիներին Տոնական Ղազարյանն էլ անընդմեջ եղել է Արտամետ համայնքի ավագանու անդամ։ Համայնքապետ-ավագանի դերերի փոփոխությամբ ամուսինները գյուղի կառավարումը հասցրին մինչև մինչև 2021թ․, երբ Արտամետ գյուղն ընդգրկվեց Բաղրամյան խոշորացված համայնքի կազմում։ 

Դրանից հետո Տոնական Ղազարյանը նշանակվեց Բաղրամյան համայնքի ղեկավարի խորհրդական, այնուհետև՝ համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ։ Կինը՝ Արտամետ համայնքի նախկին ղեկավար Անահիտ Դավթյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակով դարձավ Բաղրամյան համայնքի ավագանու անդամ, իսկ նրանց 23-ամյա որդին՝ Գոռ Ղազարյանը, նշանակվեց Բաղրամյան համայնքի Արտամետ գյուղի վարչական ղեկավար։   

Օրերս Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրությամբ իրազեկեց, որ Բաղրամյանի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Տոնական Ղազարյանը համայնքին պատկանող 22 հա հողամասը աճուրդային եղանակով վաճառելու համար շուրջ 42 000 ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել: Գնորդը սակարկել է և խոստացել պաշտոնատար անձին տալ շուրջ 17 000 ԱՄՆ դոլար: 

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ այս դեպքից բացի, Բաղրամյան համայնքին պատկանող 5 հա մակերեսով հողամասը աճուրդային եղանակով մեկ այլ քաղաքացու օտարելու համար 7500 ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել, որից 3500 ԱՄՆ դոլարը 2023թ․ սեպտեմբերի 7-ին ստացել է։

Կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորված Տոնական Ղազարյանը Բաղրամյանի համայնքապետարանում առանցքային անձ էր: Նա Բաղրամյանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի պաշտոնն ստանձնելուց բացի, ավագանու անդամ չլինելով, ընդգրկվել է համայնքի ավագանու երկու կարևոր մշտական հանձնաժողովներում՝ «Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի» և «Ֆինանսավարկային, Բյուջետային և տնտեսական հարցերի»։ 

Սա փաստում է, որ համայնքի ղեկավարն անվերապահորեն վստահել է Տոնական Ղազարյանին, Բաղրամյան համայնքի ողջ ունեցվածքի տնօրինումը հանձնված էր նրան։ Ինքն էր որոշում՝ ինչ վաճառել և ինչ գնով, ինքն էլ «վերահսկում» էր իր գործունեությունը։ 

Տոնական Ղազարյանի եւ նրա կնոջ անցյալից մեզ ծանոթ են մի քանի քրեական գործեր, որոնց մասին հազիվ թե Շանթ Առաքելյանը տեղյակ չլիներ։ Ղազարյանի չարաշահումները բացահայտվել էին դեռ նախորդ իշխանությունների օրոք, իսկ համայնքի ղեկավարի պաշտոնում նրա կնոջ կատարած չարաշահումները բացահայտվել են 2018-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանության գալուց հետո։ 

Այսպես՝ 2009թ․–ին գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որ քրեական գործ է հարուցվել Արտամետի գյուղապետ Տոնական Ղազարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և «Տեդաս» ՍՊԸ-ի տնօրեն Սարգիս Հարությունյանի կողմից 17 մլն դրամ հափշտակելու համար: Արտամետ գյուղը գազիֆիկացնելու համար գյուղապետ Տ․ Ղազարյանը, առանց մրցույթ հայտարարելու, 2004թ. դեկտեմբերի 28-ին «Տեդաս» ՍՊԸ–ին որպես կանխավճար փոխանցել է 52 մլն դրամ, իսկ ընկերության տնօրեն Սարգիս Հարությունյանը, չկատարելով 17 մլն դրամի շինարարական աշխատանքները, յուրացրել է այն: 

Գլխավոր դատախազությունը 2009թ. հունվարի 16-ի որոշմամբ` Տոնական Ղազարյանի ու նրա կնոջ՝ արդեն Արտամետ համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող Անահիտ Դավթյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է՝ համաներում կիրառելով։

2015թ․-ին Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղի բնակիչ Զադա Ղուլի Բրոյանը բաց նամակով դիմել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով վերջ դնել Արմավիրի մարզի իրավապահների անօրինականություններին: Նամակով հայտնել է, որ 2014թ. հունվարի 9-ին Արմավիրի մարզի Արտամետ համայնքի նախկին ղեկավար Տոնական Ղազարյանն իր վարած «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի  ավտոմեքենայով մխրճվել է իր ոչխարի հոտի մեջ և վրաերթի  ենթարկել  թվով 37 ոչխարների, որի արդյունքում իրեն պատճառվել է 2 մլն 240 հազար դրամի վնաս: 

«Արմավիրի քննչական բաժինը և Արմավիրի մարզի դատախազությունը, օգտվելով նրանից, որ ես ազգությամբ եզդի եմ և չեմ կարողանալու տեր կանգնել իմ իրավունքներին, գործի   քննությունը  կատարեցին հօգուտ Տոնական Ղազարյանի և գործի վարույթը կարճեցին»,– հայտնել է Զ․ Բրոյանը: 

2018թ. հունիսի 5-ին Անահիտ Դավթյանին մեղադրանք էր առաջադրվել 2013թ. Արտամետ համայնքին տրամադրված 2 մլն 16 հազար դրամ արժողության 12 600 կգ սերմացուն յուրացնելու, երկու շահառուի կողմից վճարված 144 հազար դրամ գումարը «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին չփոխանցելու և գումարը հափշտակելու համար։

2018թ․-ին Գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ այդ համայնքներում պետական աջակցության ծրագրի շրջանակներում պարարտանյութի և սերմացու ցորենի բաշխման գործընթացում չարաշահումներ են կատարվել: Պետությանը պատճառված ամենախոշոր գումարը, ըստ դատախազության, արձանագրվել է Արտամետ համայնքում: 

«Անահիտ Դավթյանը կատարել է առանձնապես խոշոր չափերի՝ 6 մլն 564 հազար դրամ ընդհանուր արժողության աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի, ազոտական պարարտանյութերի յուրացումներ։ Կատարած  արարքների համար Անահիտ Դավթյանին 2018թ. հունիսի 5-ին մեղադրանք էր առաջադրվել, գործն ուղարկվել էր դատարան: Քրեական գործի դատական քննության ժամանակ Անահիտ Դավթյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարածի համար և դատարանին միջնորդել է արագացված կարգով դատական քննություն անցկացնել:  

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ա․ Դավթյանին մեղավոր է ճանաչել, նրան դատապարտել է ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման և առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու։ Դատարանը 2 տարի ժամկետով փորձաշրջան է սահմանել, այնուհետև Ա․ Դավթյանի նկատմամբ համաներում է կիրառվել:

Դեռևս 2009թ․-ին Վերահսկիչ պալատի նախագահը խորհրդարանում պալատի տարեկան ծրագրի հաշվետվության ժամանակ ներկայացրել է, թե ինչպես են հողերը վաճառում Արտամետ համայնքում։ Համայնքի ղեկավարն այդ ժամանակ Անահիտ Դավթյանն էր։ «Քաղաքացին ձեռք է բերել 60 հեկտար հողատարածք՝ վճարելով 6 մլն դրամ, 5 օր հետո վաճառել է այլ քաղաքացու՝ 23 մլն 400 հազար դրամով»,– հայտնել է Պալատի նախագահը՝ խորհրդարանին առաջարկելով օրենսդրական կարգավորումներով կանխել չարաշահումները։  

«Հետքն» ուսումնասիրել է Անահիտ Դավթյանի պաշտոնավարման շրջանում՝ 2021թ․–ին Արտամենտ համայնքում իրականացված հողի աճուրդները։ Ոչինչ չէր փոխվել։ Սեպտեմբեր ամսին, այսինքն՝ Բաղրամյան խոշորացված համայնքի կազմում ընդգրկվելուց անմիջապես առաջ, Արտամետում բավականին շատ հող է վաճառվել։ Գյուղատնտեսական նշանակության հողերը վաճառվել են 1 քմ–ի արժեքը 7․08 դրամով, իսկ բնակավայրի նշանակության հողերը՝ 1 քմ-ը՝ 228 դրամով, որը կադաստրային արժեքից 10 դրամով էր ավելի։ Աճուրդի դրված 14 հողատարածքներից 13–ի սակարկությանը, ինչպես համայնքապետարանն է ներկայացրել, 12 մարդ է մասնակցել։ Բայց վերջնարդյունքից պարզ է դառնում,  որ հողի արժեքը դրանից չի բարձրացել։ Բոլոր լոտերը վաճառվել են կադաստրային արժեքից ընդամենը 5% ավել գնով, որի համար երկու մասնակիցն էլ բավական էր։

2021թ․ հոկտեմբերին Արտամետի համայնքապատերանը աճուրդի էր դրել նաև համայնքի գյուղտեխնիկան և գյուղատնտեսական սարքավորումները։ Ինչո՞վ է հիմնավորվել դրանց վաճառքը, չգիտենք, բայց բնակավայրերը միավորելիս՝ պաշտոնավարման շրջանն ավարտելուց առաջ գյուղտեխնիկան վաճառելը հուշում է, որ գնորդը յուրային է եղել։

Գլխավոր լուսանկարում՝ Տոնական Ղազարյանը (սքրինշոթ տեսանյութից)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter