HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզի» 3 ինքնաթիռները հանվել են ՀՀ ռեգիստրից

2020 թ. սեպտեմբերին սնանկ ճանաչված հայկական «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» (Atlantis European Airways) ավիաընկերության շարժակազմում գրանցված 3 ինքնաթիռներն այս ամսվա սկզբին դուրս են գրվել օդանավերի հայկական ռեգիստրից, այլ կերպ ասած՝ դրանք այլեւս չունեն հայկական գրանցում, չնայած շարունակում են կայանված մնալ «Զվարթնոց» օդանավակայանում:

Խոսքը 3 հատ «Airbus A320» ինքնաթիռների մասին է, որոնց գրանցումներն էին՝ EK-32002, EK-32003 եւ EK-32008: Սրանցից EK-32002-ն ու EK-32008-ը չեն շահագործվում (թռիչքներ չեն կատարում) 2020 թ. աշնանից, իսկ EK-32003-ը՝ ավելի վաղուց:

Քաղավիացիայի կոմիտեն «Հետքին» փոխանցել է, որ օդանավերը հայկական ռեգիստրից ապագրանցվել են իրենց սեփականատերերի հայտերի հիման վրա: Իսկ ովքե՞ր են սեփականատերերը:

«Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ՍՊԸ-ն 2018-ից ամբողջությամբ պատկանում է երեւանցի Կարեն Բդոյանին, սակայն ավիացիայի մարդիկ պնդում են, որ ընկերության փաստացի տերը «Յունիբանկ» ԲԲԸ-ն է, որը, ի դեպ, 2020-ին սնանկության տարավ ավիաընկերությունը:

Հենց «Յունիբանկին» է պատկանում արդեն նախկին EK-32008 գրանցումով «A320»-ը: Վերջինս Հայաստանում գրանցված էր դեռ 2003-ից, երբ շահագործվում էր «Արմավիայի» կողմից, իսկ հետո վերջինիս պարտքերի դիմաց անցավ «Յունիբանկին» ու գրանցվեց «Ատլանտիսի» կազմում: Փաստորեն, EK-32008-ը 20 տարի անցկացրեց հայկական ռեգիստրում:

EK-32008-ը՝ իտալական Վերոնայում, 30.12.2019

Նկատենք, որ «Յունիբանկի» բաժնետոմսերի 86,9 %-ը պատկանում է Գագիկ Զաքարյանին ու Գեորգի Պիսկովին, որոնք, ինչպես արդեն գրել ենք, կապ ունեն ավիացիայի հետ. 1988-ին Մոսկվայի ավիացիոն ինստիտուտն (ինքնաթիռաշինություն) ավարտել է Գ. Զաքարյանը, իսկ դրանից մեկ տարի առաջ՝ Գ. Պիսկովը, բայց երկուսն էլ հետագայում կարիերայի աճ են ունեցել բանկային համակարգում: Այդուհանդերձ, նրանց կապը ավիացիայի հետ, ինչպես տեսնում ենք, շարունակվում է:

Զաքարյանն ու Պիսկովը «Յունիբանկում» բաժնետեր են միջնորդավորված՝ Կիպրոսում եւ Բելիզում գրանցված ընկերությունների միջոցով: Ստորեւ կարելի է տեսնել, թե ինչպես են նշված անձինք տիրապետում «Յունիբանկի» բաժնետոմսերի առյուծի բաժնին (նկարում նշված 87,8 %-ը հին տվյալ է, սակայն «բուրգի» կառուցվածքը նույնն է):

Այս ֆոնին, թերեւս, չպետք է տարօրինակ համարել, որ «Ատլանտիսի» մյուս երկու ինքնաթիռների սեփականատեր ընկերությունները հենց Կիպրոսից ու Բելիզից են:

EK-32002-ը Հայաստանում գրանցված էր 2003-2005 թթ. որպես EK-32007 ու շահագործվում էր «Արմավիայի» կողմից: 2017-ին օդանավը նորից գրանցվեց մեր երկրում, այս անգամ՝ որպես EK-32002՝ մտնելով «Ատլանտիսի» շարժակազմ: «Հետքը» գրել է այն մասին, որ «Ատլանտիսի» դեմ քննվող գործերից մեկով դատարանի որոշմամբ այս օդանավի վրա արգելանք էր դրվել 2019-2023 թթ.:

EK-32002-ը՝ «Զվարթնոցում», 17.12.2021

Այս ինքնաթիռի սեփականատերը Կիպրոսում գրանցված «Arolova Enterprises Limited»-ն է: Ընդ որում՝ 2020-ին «Յունիբանկից» տեղեկացել էինք, որ բանկի բաժնետոմսերի 3,8 %-ը եւս պատկանում են «Arolova»-ին: Այս ընկերության տնօրենը Կիպրոսի քաղաքացի Մարիոս Պամպակասն է: Հղում անելով Կիպրոսի պետռեգիստրին՝ 2020-ին գրել էինք, որ «Arolova»-ի սեփականատերը կիպրական մեկ այլ ընկերություն է՝ «Xpertadvice Services Limited»-ը (ներկայում կոչվում է «Fitzrovia Family Office Ltd»), որն իր հերթին ամբողջությամբ պատկանում է նույն Պամպակասին։ Սակայն ինչպես տեղեկանում ենք Մ. Պամպակասի «LinkedIn»-ի էջից, «Fitzrovia Family Office Ltd»-ն կորպորատիվ, հավատարմագրային, ֆիդուցիար, կառավարչական եւ հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերություն է: Սա նշանակում է, որ EK-32002-ի իրական տերերն այլ անձինք են:

Ինչ վերաբերում է երրորդ օդանավին՝ EK-32003-ին, ապա սա Հայաստանում գրանցվել է նախորդ երկուսից համեմատաբար ուշ՝ 2018-ին՝ կրկին մտնելով «Ատլանտիսի» շարժակազմ: Ինքնաթիռի սեփականատերը Բելիզում գրանցված «Gratsyn Enterprises Corp.»-ն է:

EK-32003-ը՝ Մոսկվայի երկնքում, 22.08.2019

Բելիզյան այս ընկերությունը նախկինում սեփականատեր է եղել հայկական երկու ընկերություններում՝ «ԷսՋիԱյ-Ինվեստ» եւ «Էվաինվեստ» ՍՊԸ-ներում: «ԷսՋիԱյ-Ինվեստ» ՍՊԸ-ն օրերս վերակազմակերպվել է նույնանուն ԲԲԸ-ի: Պետռեգիստրում թե՛ ՍՊԸ-ի, թե՛ ԲԲԸ-ի իրական շահառու սեփականատեր է նշված Գագիկ Զաքարյանը: Սա նշանակում է, որ բելիզյան «Gratsyn Enterprises Corp.»-ը փոխկապակցված է Զաքարյանին:

Այսպիսով՝ առկա տվյալները հուշում են, որ «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզի» ավիապարկում գրանցված 3 «Airbus A320»-ները կապ ունեն «Յունիբանկի» հիմնական բաժնետեր Գագիկ Զաքարյանի եւ Գեորգի Պիսկովի հետ:  

Քաղավիացիայի կոմիտեից «Հետքը» տեղեկացել է, որ ՔԱԿ-ն «Ատլանտիսի» օդանավերը ռեգիստրից հանելիս տվել է միայն ապագրանցման վկայականներ, քանի որ սեփականատերերն իրենց հայտերում այլ վկայականի անհրաժեշտություն չեն նշել: Խոսքն այստեղ պիտանիության արտահանման սերտիֆիկատների եւ թռիչքի թույլտվությունների մասին է, որոնք անհրաժեշտ կլինեին՝ ինքնաթիռներն արտասահման տեղափոխելու համար:

3 օդանավերը՝ «Զվարթնոցի» տարածքում 16.04.2023 թ. դրությամբ

Երբ 2020-ին «Յունիբանկին» հարցրել էինք իրեն պատկանող EK-32008 գրանցումով «A320» ինքնաթիռը Հայաստանից հանելու մասին, բանկը պատասխանել էր. «EK-32008-ը ՀՀ օդանավերի ռեգիստրից դուրս բերելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել, սակայն նման հնարավորությունը չի բացառվում, եթե մոտակա ժամանակներս չլուծվի հայկական ավիափոխադրողներին EASA-ի «սեւ ցուցակից» դուրս բերելու հարցը»: Ինչպես հայտնի է, հայկական ավիացիան դեռ շարունակում է մնալ ԵՄ «սեւ ցուցակում»: 

Եվ հիմա չի բացառվում, որ օդանավերը 3 տարի պարապուրդում մնալուց հետո հանձնվեն տեղական կամ արտասահմանյան շահագործողների, այդ թվում՝ գրանցվեն արտերկրում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter