HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանում գրանցված օդանավերի տերերի դատն ավարտվել է. ի՞նչ դեր է ունեցել «Յունիբանկը»

Երեւանի դատարանում ընթացող վեճը օդանավերի սեփականատեր հանդիսացող 2 ընկերությունների՝ արաբական «Meridien (FZE)»-ի ու կիպրական «Arolova Enterprises Limited»-ի միջեւ ավարտվել է խաղաղ ելքով: Ընթերցողը կարող է հարցնել, թե ինչու են արտերկրյա կազմակերպությունները վիճում հայկական դատարանում: Իրականում սա հայ ավիատորներին առնչվող դատ է, որում ներգրավված են վերոնշյալ 2 լիզինգատուները:

Շարժայում գրանցված «Meridien»-ը պատկանում է հայկական «Շիրակ Ավիա» եւ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունների սեփականատեր Գառնիկ Պապիկյանին: Արաբական ընկերությանը պատկանող օդանավերը շահագործվել ու շահագործվում են ոչ միայն Պապիկյանի հայկական փոխադրողների, այլեւ ուրիշ հայկական ու արտասահմանյան օպերատորների կողմից:

«Meridien»-ն «Atlantis»-ից պահանջում էր իր օդանավի վարձակալության գինն ու տոկոսները

Կոնկրետ այս վեճի առանցքում եղել է «Meridien»-ին պատկանող «Boeing 737-500» տիպի ինքնաթիռի վարձակալությունը հայկական «Atlantis European Airways»-ի կողմից 2018-2019 թթ.: 2019-ի  օգոստոսին արաբական ընկերությունը դիմել է Երեւանի դատարան՝ խնդրելով պարտավորեցնել «Atlantis European Airways»-ին եւ վերջինիս կիպրական գործընկեր «Arolova Enterprises Limited»-ին համապարտության կարգով վճարել օդանավի վարձակալությունից գոյացած 773 հազ. դոլար պարտքն ու համապատասխան տոկոսները:

Խոսքը նախկինում ՀՀ օդանավերի ռեգիստրում որպես EK-73797 գրանցված «Boeing 737-500»-ի մասին է, որը ներկայում շահագործվում է Գ. Պապիկյանի «Շիրակ Ավիայի» կողմից եւ կրում է հայկական EK-SHA գրանցումը:

EK-SHA-ն՝ Պերմի երկնքում, 29.03.2023

Հարկ է նկատել, որ 2018-ին «Meridien»-ից վերցնելով այս օդանավը՝ «Atlantis European Airways»-ն իր հերթին բորտը վարձակալությամբ հանձնել էր հունական եւ մոլդովական ավիաընկերությունների («Ellinair», «Fly One», «Air Moldova»):

«Meridien»-ի միջնորդությամբ դատարանը որպես հայցի ապահովման միջոց արգելանք էր դրել «Atlantis»-ին պատկանող ու Երեւանում գտնվող 2 միավոր անշարժ գույքի վրա, արգելանքի տակ էին հայտնվել «Arolova»-ին պատկանող եւ «Atlantis»-ի կողմից նախկինում շահագործվող «Airbus A320-200» ինքնաթիռը (հայկական գրանցումը՝ EK-32002), ինչպես նաեւ դրա շահագործումից գոյացող դրամական միջոցները:

EK-32002-ը՝ «Զվարթնոցում», 25.10.2021

Նախապես արգելանք էր դրվել նաեւ «Atlantis»-ի բանկային հաշիվների վրա, որը հետո վերջինիս միջնորդությամբ հանվել էր։ Արգելանքի տակ էին նաեւ «Յունիբանկ» ԲԲԸ-ում «Arolova»-ի ունեցած 3,8 % բաժնետոմսերը։

Արաբական ընկերության՝ դատարան մտնելուց 1 տարի անց՝ 2020-ի օգոստոսին, երբ «Meridien»-ի հայցը դեռ քննվում էր դատարանում, «Atlantis European Airways»-ի փաստացի սեփականատեր «Յունիբանկը» ավիաընկերությանը սնանկ ճանաչելու դիմում է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան, որն էլ 2020 թ. սեպտեմբերին «Atlantis»-ին սնանկ է ճանաչել:

Դրանից հետո «Atlantis»-ի սնանկության գործով կառավարիչը հակընդդեմ հայց է ներկայացրել «Meridien»-ի դեմ 900 հազ. դոլարի չափով: Հակընդդեմ հայցի շրջանակներում կիպրական «Arolova»-ն եղել է երրորդ կողմ:

Նկատենք, որ «Meridien»-ը չի ընդգրկվել սնանկացած «Atlantis»-ի պարտատերերի ցանկում: Ըստ էության, դրա կարիքը չկար էլ, քանի որ նախկին ավիաընկերության փաստացի սեփականատեր «Յունիբանկի» պահանջը, որն ապահովված էր գրավով, ավելի մեծ էր, քան «Atlantis»-ի գնահատված ամբողջ գույքի արժեքը, որն աճուրդի էր հանվել: Այսինքն՝ բացի «Յունիբանկից»՝ մյուս պարտատերերի պահանջների բավարարումը քիչ հավանական էր:

Ինչպես գրել ենք, սնանկության գործով աճուրդի էր հանվել նաեւ «Atlantis»-ին պատկանող անշարժ գույքը, որի վրա «Meridien»-ի միջնորդությամբ արգելանք էր դրվել դեռ 2019-ին:

«Atlantis»-ի սնանկությունից հետո «Meridien»-ի պահանջը միայն «Arolova»-ից էր

Ելնելով նրանից, որ «Atlantis European Airways»-ը սնանկ է ճանաչվել՝ հայցվոր «Meridien»-ը 2021 թ. հոկտեմբերին հրաժարվել էր նրա դեմ պահանջից: Այսինքն՝ արաբական լիզինգատուի հայցով պատասխան պետք է տար միայն «Arolova Enterprises Limited»-ը: Հետաքրքիր է, որ այս պարագայում «Atlantis»-ի ներկայացուցիչը դատարանում նշել էր, թե վարձակալված օդանավի հիմնական շահագործողը եղել է հենց հայկական ավիաընկերությունը, եւ իրենք չեն պատկերացնում գործի քննությունն առանց «Atlantis»-ի։

Այդուհանդերձ, 2021 թ. նոյեմբերին Երեւանի դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանը որոշել է դատական գործից առանձնացնել «Meridien»-ի հայցն ընդդեմ կիպրական ընկերության եւ «Atlantis»-ի սնանկության գործով կառավարչի հակընդդեմ հայցը «Meridien»-ի դեմ: Մնացած մասով («Meridien»-նն ընդդեմ «Atlantis»-ի) գործի վարույթը կարճվել է:

Առանձնացված գործը 2021 թ. նոյեմբերին մակագրվել էր Երեւանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին: Սրանից 1 տարի անց՝ 2022 թ. հոկտեմբերին, ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից, «Meridien»-ի իրավահաջորդ «Յունիբանկը» դատարան է մուտքագրել հայցից հրաժարվելու միջնորդություն:

«Յունիբանկը», որը փաստացի «Atlantis»-ի սեփականատերն էր ու կիպրական «Arolova»-ի գործընկերը, հայցվորի՝ Գառնիկ Պապիկյանի արաբական ընկերության իրավահաջորդ է դարձել, ըստ էության, նրա իրավունքը գնելով: Այսինքն՝ բանկը, ըստ ամենայնի, վճարել է «Meridien»-ին ու նրա փոխարեն՝ որպես իրավահաջորդ, դարձել հայցվոր, ինչից հետո ուղղակի հրաժարվել է իր գործընկեր «Arolova Enterprises Limited»-ի դեմ հայցից եւ խնդրել գործի վարույթը կարճել: Հայցվորի դեմ բերված հակընդդեմ հայցից էլ հրաժարվել է «Atlantis»-ի սնանկության գործով կառավարիչը:

Պատահական չէ, որ 2022-ի դեկտեմբերին ներկայացվել է նաեւ «Arolova»-ի գույքի վրա դրված արգելանքը հանելու միջնորդություն, որը բավարարվել է 2023-ի հունվարին: Արգելանքի տակ էին «Arolova»-ին պատկանող ինքնաթիռը («Airbus A320-200», հայկական գրանցումը՝ EK-32002), որը կայանված է «Զվարթնոց» օդանավակայանում, ինչպես նաեւ կիպրական ընկերության 3,8 % բաժնետոմսերը «Յունիբանկում»։ Ինչ վերաբերում է «Atlantis»-ին պատկանող ու Երեւանում գտնվող 2 միավոր անշարժ գույքի վրա արգելանքին, ապա այն հանվել էր 2021-ի նոյեմբերին, երբ «Meridien»-ի հրաժարվելուց հետո դատարանը կարճել էր գործի վարույթը «Atlantis»-ի մասով: Սնանկության աճուրդում 2022 թ. անշարժ գույքն օտարվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter