HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Սնանկացած հայկական ավիաընկերության դեմ գործով պատասխան կտա միայն կիպրական կողմը

Հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության դեմ դատական հայց ներկայացրած արաբական «Meridien» ընկերությունը վերջերս հրաժարվել է իր պահանջից, սակայն դատական պատմությունն այսքանով չի ավարտվել։

Շարժայում գործող «Meridien»-ը, որը պատկանում է «Տարոն-Ավիա» եւ «Շիրակ Ավիա» ավիաընկերությունների սեփականատեր, ավիատոր Գառնիկ Պապիկյանին, դեռ 2019-ի օգոստոսին դատի էր տվել «Atlantis European Airways»-ին եւ դրա գործընկեր կիպրական «Arolova Enterprises Limited»-ին՝ պահանջելով համապարտության կարգով վճարել 773 հազար դոլար պարտքն ու համապատասխան տոկոսները: Դատական վեճի առանցքում Պապիկյանի արաբական ընկերությանը պատկանող «Boeing 737-500» օդանավի (նախկին հայկական գրանցումը՝ EK-73797, ներկայում՝ EK-SHA) վարձակալությունն է, որի արդյունքում, ըստ հայցվորի, կուտակվել է 773 հազար դոլարի պարտք, գումարած՝ տոկոսները։

EK-73797-ը «Atlantis European Airways»-ի կողմից շահագործվել է 2018-2019 թթ., ավելի ճիշտ՝ հայկական ընկերությունը «թաց լիզինգի» պայմաններով օդանավն իր հերթին վարձակալության էր տվել հունական եւ մոլդովական ավիաընկերությունների («Ellinair», «Fly One», «Air Moldova»):

Քանի դեռ այս գործը քննվում էր դատարանում, «Atlantis European Airways»-ի գլխավոր գործընկեր (ավիատորների շրջանում առկա խոսակցությունների համաձայն՝ իրական սեփականատեր) «Յունիբանկը» սնանկության հայցով մտել է դատարան, եւ 2020-ի սեպտեմբերին ավիաընկերությունը սնանկ է ճանաչվել, իսկ այս տարվա մարտից գտնվում է լուծարման վարույթում, այսինքն՝ «Atlantis European Airways»-ի գույքն աճուրդով օտարվելու է՝ պարտատերերի պահանջները հնարավորինս բավարարելու համար, իսկ վերջում հայտարարվելու է ընկերության լուծարման մասին։ Ընկերությունն ունի շուրջ 70 պարտատեր, սակայն աճուրդի հանված ընդհանուր գույքի մեկնարկային արժեքն ավելի փոքր է, քան գլխավոր պարտատիրոջ՝ «Յունիբանկի» ընդհանուր պահանջը, ինչը նշանակում է, որ մյուս պարտատերերին, ըստ ամենայնի, բան չի հասնի։

Այս պայմաններում «Meridien»-ը, որն իր գումարները ստանալու համար շատ ավելի վաղ էր դիմել դատարան, քան «Յունիբանկը» կփորձեր սնանկության տանել «Atlantis European Airways»-ին, խելամիտ քայլի է գնացել։ Վերջինիս սնանկությունը հաշվի առնելով՝ հայցվորը հրաժարվել է նրա մասով պահանջից (ընդ որում՝ «Meridien»-ը սնանկության գործով պարտատերերի մեջ չկա), եւ հիմա պատասխանողի ամբողջ բեռը մնացել է կիպրական «Arolova Enterprises Limited»-ի ուսերին։ Իր հերթին «Atlantis»-ի ներկայացուցիչը դատարանում նշել է, թե վարձակալված օդանավի հիմնական շահագործողը եղել է հենց հայկական ավիաընկերությունը, եւ իրենք չեն պատկերացնում գործի քննությունն առանց «Atlantis»-ի։

Սրան զուգահեռ հիշեցնենք, որ սնանկացած ավիաընկերությունը, ավելի ճիշտ՝ նրա անունից հանդես եկող սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանը, դիմել էր հակաքայլի՝ «Meridien»-ի հետ դատական վեճում ներկայացնելով հակընդդեմ հայց 900 հազ. դոլարի չափով, որը վարույթ է ընդունվել:

Դատավոր Արմենուհի Բադիրյանը այս տարվա նոյեմբերին որոշել է դատական գործից առանձնացնել «Meridien»-ի պահանջն ընդդեմ կիպրական «Arolova»-ի եւ «Atlantis»-ի սնանկության գործով կառավարիչ Եղյանի հակընդդեմ հայցը «Meridien»-ի դեմ, որում կիպրական ընկերությունը երրորդ կողմ է։ Հրաժարված պահանջի մասով («Meridien»-ն ընդդեմ «Atlantis»-ի) գործի վարույթը կարճվելու է։

Հիշեցնենք, որ արաբական ընկերությունը, հայցը ներկայացնելուց բացի, խնդրել էր նաեւ դրա ապահովման միջոց կիրառել, ինչն էլ դատարանը արել էր։ Արգելանք էր դրվել «Atlantis»-ին պատկանող ու Երեւանում գտնվող 2 միավոր անշարժ գույքի վրա, արգելանքի տակ էին հայտնվել «Arolova»-ին պատկանող եւ «Atlantis»-ի կողմից նախկինում շահագործվող «Airbus A320-200» ինքնաթիռը (հայկական գրանցումը՝ EK-32002), ինչպես նաեւ դրա շահագործումից գոյացող դրամական միջոցները: Նախապես արգելանք էր դրվել նաեւ «Atlantis»-ի բանկային հաշիվների վրա, որը հետո վերջինիս միջնորդությամբ հանվել էր։ Արգելանքի տակ են նաեւ «Յունիբանկ» ԲԲԸ-ում «Arolova Enterprises Limited»-ի ունեցած 3,8 % բաժնետոմսերը։

Հիմա քանի որ «Meridien»-ն այլեւս պահանջ չունի «Atlantis»-ից, վերջինիս գույքի վրա (2 շինություն՝ իրենց հողամասերով) դրված արգելանքը կվերացվի։ Նկատենք, որ ընդհանուր 190 մլն դրամ գնահատված այս 2 միավոր գույքն արդեն աճուրդի է հանվել սնանկության գործի շրջանակներում։ Փոխարենը արգելանքի տակ կշարունակեն մնալ «Arolova»-ին պատկանող ինքնաթիռը (EK-32002), որը ներկայում կայանված է «Զվարթնոց» օդանավակայանում, ինչպես նաեւ կիպրական ընկերության՝ «Յունիբանկում» ունեցած բաժնետոմսերը։

«Arolova Enterprises Limited»-ի մասին նախկինում գրել ենք։ Ընկերությունը, համաձայն Կիպրոսի պետռեգիստրի, գրանցվել է 2012 թ․ Լիմասոլում։ Տնօրենը Կիպրոսի քաղաքացի, Նիկոսիայի բնակիչ Մարիոս Պամպակասն է, իսկ սեփականատերը՝ «Arolova»-ի հետ նույն հասցեում գրանցված մեկ այլ ընկերություն՝ «Xpertadvice Services Limited»-ը, որն իր հերթին ամբողջությամբ պատկանում է Պամպակասին։

Լուսանկարում՝ «Meridien»-ի EK-73797-ն ու «Arolova»-ի EK-32002-ը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter