HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Անորոշությունից մինչեւ ապամոնտաժում. թռչելու համար այլեւս անպիտան օդանավերը՝ «Զվարթնոցում»

սկիզբը

«Արմավիայի» նախկին ինքնաթիռը պետք է քանդեն ու մաս-մաս տեղափոխեն

«Զվարթնոց» օդանավակայանի աերոդրոմում եւ դրան կից տարածքում կայանված օդանավերի մեջ առանձնանում է «CRJ 200LR» ինքնաթիռը (նախկին հայկական գրանցումը՝ EK-20014), որն արդեն 2 տարի՝ 2021-ի նոյեմբերից, վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել աերոդրոմից ու տեղափոխվել պարսպից այն կողմ:

1999 թ. արտադրված այս օդանավը 2009-2013 թթ. շահագործվում էր նախկին ազգային ավիափոխադրող «Արմավիայի» կողմից՝ կրելով հայ մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի անունը: Օդանավի սեփականատերը հենց «Արմավիան» էր: 2013-ի գարնանն այս ավիաընկերությունը դադարեցրեց թռիչքները, իսկ 2014-ի հոկտեմբերին սնանկ ճանաչվեց: Բայց մինչեւ սնանկ ճանաչվելը՝ դեռ 2014-ի ամռանը, EK-20014-ը վաճառքի հանվեց «Ամերիաբանկի» կողմից: Օդանավը գրավադրված էր այս բանկում, որն էլ որոշել էր «Արմավիայի» պարտքերի դիմաց օտարել ինքնաթիռը 700 մլն դրամով: Այդուհանդերձ, գնորդ չեղավ:   

2015-ի ապրիլին դատարանն «Արմավիայի» լուծարման վարույթ սկսեց, ինչը նշանակում էր, որ ավիաընկերության գույքը պետք է օտարվի, եւ ստացված գումարով պետք է հնարավորինս մարվեն պարտատերերին ունեցած պարտքերը: EK-20014-ը հայտնվեց սնանկության գործով աճուրդի հանված լոտերի ցանկում: Այս աճուրդում ինքնաթիռը սկզբնապես առաջարկվում էր 364.500.000 դրամ մեկնարկային գնով, բայց եւ նշվում էր, որ դրա վրայից բացակայում են աջակողմյան շարժիչն ու ղեկավարման սրահի որոշ կարեւոր համակարգեր: Առաջին անգամ աճուրդի հանվելուց 3 տարի անց՝ 2018-ի աշնանը, օդանավի մեկնարկային գինն արդեն 54 մլն դրամ էր: Սա «Արմավիայի» սնանկության գործով աճուրդում վերջին լոտն էր, որն էլ, ի վերջո, հաջողվեց իրացնել 2018-ի նոյեմբերին: «Ամերիաբանկը» «Հետքին» փոխանցել էր, որ վաճառքից ստացված գումարով մասնակի մարվել է բանկի հանդեպ ավիաընկերության ունեցած պարտքը: Բանկը, սակայն, չէր հայտնել, թե ով է գնորդը:

Նախկին EK-20014-ը՝ դեռեւս աերոդրոմի տարածքում, 21.05.2021, հեղ.՝ Չեմա Գոմես

Վաճառքից 5 ամիս անց՝ 2019-ի ապրիլին, «CRJ 200LR»-ը հանվեց օդանավերի հայկական ռեգիստրից, այլ կերպ ասած՝ EK-20014 գրանցումը կորցրեց վավերականությունը: Եվ ահա եւս 2,5 տարի «Զվարթնոցի» աերոդրոմում մնալուց հետո՝ 2021-ի նոյեմբերին, օդանավը վերամբարձ կռունկի միջոցով հեռացվեց աերոդրոմի տարածքից:

«Հետքն» իր աղբյուրից տեղեկացել էր, որ ինքնաթիռի նոր սեփականատերն է դիմել «Զվարթնոցի» կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին՝ հայտնելով, որ ցանկանում է օդանավը տեղափոխել: Այդ նպատակով որոշվել էր այն դուրս բերել աերոդրոմի հատուկ վերահսկելի գոտուց, քանդել եւ տեղափոխել մաս-մաս: Տեղեկացել էինք նաեւ, որ սեփականատերը երեւանյան «Բարձունք Էյ» ՍՊԸ-ն է, որն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է սեփական եւ վարձակալված անշարժ գույքը վարձակալության տալով եւ այլ գործառնություններով:

Նախկին EK-20014-ը՝ աերոդրոմի տարածքից դուրս, 07.10.2023, հեղ.՝ Վահե Սարուխանյան

Արբանյակային պատկերներն ու մեր ձեռքի տակ եղած նկարները ցույց են տալիս, որ «Արմավիայի» նախկին ինքնաթիռը դեռ իր տեղում է՝ «Զվարթնոցի» բեռնային համալիրի հարեւանությամբ՝ պարսպից դուրս: 2022-ի ամռանը «CRJ 200LR»-ից առանձնացվել է պոչի մի մասը՝ հորիզոնական կայունարարը, հանվել են նաեւ դռները, մնացած մասով մեծ փոփոխություններ չեն երեւում:

«Զվարթնոցում», 16.04.2023 թ. դրությամբ

Արցախի օդանավի շուրջ գծված ծրագիրն այդպես էլ անկատար մնաց

Հայկական գրանցումից հանված ու թռիչքային պիտանիություն չունեցող օդանավերի մեջ է «Jetstream 3201» ինքնաթիռը, որը «Զվարթնոցի» կոնցեսիոն կառավարիչ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի սեփականատեր, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի նվերն էր Արցախին: Ստեփանակերտի օդանավակայանը վերակառուցելուց հետո ծրագիր կար 2011-ի մայիսին պաշտոնապես վերսկսել Երեւան-Ստեփանակերտ թռիչքները, ինչը, սակայն, իրականություն չդարձավ: 2011-ի հոկտեմբերին Երեւանում՝ Արցախի մշտական ներկայացուցչության հասցեում, գրանցվեց «Սքայ Նետ Էրլայն» ավիաընկերությունը, որը հայտնի ավիատոր, 2010-2015 թթ. Արցախի քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանի ու նրա ընկերների նախաձեռնությունն էր: Որոշվել էր, որ այս ավիաընկերությունը պետք է իրականացնի Երեւան-Ստեփանակերտ-Երեւան թռիչքները:

Եվ ահա 2012-ի գարնանը հայտնի դարձավ, որ Էռնեկյանը պատրաստ է նվեր մատուցել Արցախին: Նույն տարվա մայիսին Աթբաշյանի ղեկավարած «Ազգային ավիացիոն միավորում» ՀԿ-ի եւ նորզելանդական «ANCL Investments Limited»-ի միջեւ կնքվեց «Jetstream 3201» ինքնաթիռի առքուվաճառքի պայմանագիր, բայց վճարողն, իհարկե, Էռնեկյանն էր: Օդանավն արտադրվել էր 1992 թ. եւ ձեռք բերելիս գրանցված էր Նոր Զելանդիայում, որտեղ մինչ այդ բավականին երկար շահագործվել էր:

Դ. Աթբաշյանն իր անտիպ գրքում պատմել է, որ ձեռք բերելուց առաջ ինքնաթիռը պատշաճ մասնագիտական ստուգման չէր ենթարկվել, հետեւաբար երբ այն արդեն Երեւանում էր, բազմաթիվ թերություններ հայտնաբերվեցին: Ավիատորի ասելով, ըստ էության, ինքնաթիռը թռչելու իրավունք չուներ դեռ 2009 թ.-ից, բայց գնվեց ու Երեւան բերվեց 2012-ի հունիսին: Բազմաթիվ քաշքշուկների պատճառով Հայաստանում օդանավի գրանցումն ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատ ստանալը ձգվեց 4 ամիս: «Jetstream 3201»-ը Հայաստանում գրանցվեց որպես EK-32968:

EK-32968-ը՝ «Զվարթնոցում», 31.08.2012, հեղ.՝ Յուհա Ռիտարանտա

Դրա վրա ուսուցում անցավ 4 հայ օդաչու, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով ինքնաթիռը հիմնականում կանգնած էր կա՛մ Երեւանում, կա՛մ Տալլինում, ուր մեկնում էր՝ տեխսպասարկում անցնելու համար: Հայ օդաչուներին «Jetstream 3201»-ով թռչելու համար վերապատրաստում էր բրիտանացի հրահանգիչ, որին վարժանքների համար օրական վճարում էին 600 ֆունտ: Միաժամանակ օդանավը ցանկացողներին հրավիրում էր մեկժամյա ամուսնական ավիաշրջագայության: Սակայն հրահանգչի մեկնելուց հետո ինքաթիռը շարունակեց մնալ կանգնած: Ըստ Աթբաշյանի՝ միայն առաջին տարում օդանավի պահպանման ծախսը կազմեց շուրջ 400 հազար դոլար, իսկ եկամուտ չկար:

Հայտնի ավիատորը նկատել է, որ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ Քաղավիացիայի կոմիտե) այն ժամանակվա պետ Արտյոմ Մովսեսյանի հետ ծագած տարաձայնությունների պատճառով ինքնաթիռն այդպես էլ չհաջողվեց կոմերցիոն նպատակներով շահագործել ո՛չ Հայաստանի ներսում, ո՛չ դրանից դուրս (նպատակ կար թռիչքներ սկսել դեպի Թբիլիսի, Բաթում, Թավրիզ): Ավելին՝ 2013-ի աշնանը, ըստ Աթբաշյանի, Ա. Մովսեսյանը Ստեփանակերտում Արցախի այն ժամանակվա նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանն առաջարկել էր լուծարել «Սքայ Նետ Էրլայնը», իսկ օդանավը հանձնել մեկ այլ հայկական ավիաընկերության, որը «Սքայ Նետից» աշխատանքի կվերցներ 2-ական օդաչուի եւ ինժեների: Բայց Սահակյանը, Աթբաշյանի պատմելով, ասել էր, թե առաջարկն իրենց համար անընդունելի է՝ դա պատճառաբանելով արտաքին եւ ներքին գործոններով: Արդյունքում օդանավը մնացել էր Արցախին:

Այդուհանդերձ, ժամանակի հետ «Jetstream 3201»-ի ագրեգատները հնանում, մաշվում էին. որոշները թանկ տեխնիկական վերանորոգման կարիք ունեին, որոշներն էլ ընդհանրապես անհրաժեշտ էր փոխել: Այս ամենի արժեքը գերազանցում էր 400 հազար եվրոն, ինչը միանշանակ թանկ հաճույք էր: Երբ Երեւան-Ստեփանակերտ չվերթի իրականացման հույսը մարեց, ըստ Դ. Աթբաշյանի, պարզ դարձավ, որ օդանավը պահելն անիմաստ է:

Այս ֆոնին Արցախի ղեկավարությունը որոշեց ինքնաթիռը վերադարձնել նվիրատուին, տարբերակ կար նաեւ ամբողջությամբ կամ մաս-մաս այն վաճառել՝ ԼՂՀ կառավարության կողմից ներդրված միջոցների թեկուզ մի մասը մարելու եւ 2-3 հատ «CH-801» ինքնաթիռ ձեռք բերելու համար (2013-ից Արցախում շահագործվում էր «CH-701» տիպի 2 օդանավ): Բայց հետո գտան, որ նվերը վաճառելը ճիշտ չի լինի, չնայած Էդուարդո Էռնեկյանն էլ իր հերթին տեղեկացրել էր, որ ինքնաթիռը իր նվերն է Արցախին, եւ դրա հետ կարող են վարվել, ինչպես ճիշտ են գտնում:

Ապագրանցումից հետո ինքնաթիռի վրայից ջնջվել է ՀՀ ազգային նիշը՝ EK-ն, «Զվարթնոց», 29.07.2023, հեղ.՝ Ստելիոս Իոանու

«Սքայ Նետի» ծրագրի ձախողումից հետո EK-32968-ը գտնվում էր ԼՂՀ էկոնոմիկայի (հետագայում՝ Էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների) նախարարության հաշվեկշռում, իսկ որոշ ժամանակ անց ապագրանցվեց ՀՀ օդանավերի ռեգիստրից: 2018-ի տարեվերջին, երբ «Jetstream 3201»-ն այլեւս չուներ հայկական գրանցում, ԷԱԵ նախարար Լեւոն Գրիգորյանը «Հետքին» հայտնել էր, որ երկարատեւ չշահագործման պատճառով պահանջվում է օդանավի վրա իրականացնել տեխսպասարկման ռեգլամենտային աշխատանքներ, որոնց կատարումը, սակայն, նպատակահարմար չէ: Ըստ այդմ՝ Արցախի տարածքում օդանավի շահագործման հարց 2018-ի դրությամբ այլեւս չէր քննարկվում: Միաժամանակ ասվում էր, թե ԷԱԵՆ-ում քննարկվում են ինքնաթիռի օտարման կամ վարձակալության հանձնելու տարբերակներն ու հնարավորությունը, ինչպես նաեւ իրականացվում են համապատասխան առաջարկությունների մշակման աշխատանքներ՝ կարողունակ շահագործողների շրջանում հետաքրքրություն առաջացնելու նպատակով:

Փաստն այն է, որ 2012-ի հունիսին Հայաստան բերվելուց հետո «Jetstream 3201»-ը գլխավորապես կանգնած է մնացել «Զվարթնոցում» երկու հիմնական պատճառով՝ տեխնիկական ոչ սարքին վիճակի եւ ՀՀ այն ժամանակվա ավիացիոն իշխանությունների վերաբերմունքի:

2018-ին տեղեկացել էինք, որ «Զվարթնոցում» Արցախի ինքնաթիռի կայանման համար ծախս չի գանձվում, հետեւաբար, պարտք չի կուտակվում: Իսկ «Jetstream 3201»-ի պահպանության մասին նախկին նախարար Գրիգորյանը հայտնել էր, որ արցախյան կողմը ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր ունի օդանավակայանում գործող մասնագիտացված կազմակերպության հետ՝ օդանավի պահպանման ծառայություններ մատուցելու համար:

«Արմենիա Էյրվեյզի» ինքնաթիռն ապամոնտաժվել է

Մինչեւ վերջերս «Զվարթնոցի» անպիտան օդանավերի շարքում էր գտնվում «Bae 146-300» ինքնաթիռի սավառնակը (պլաներ): 1991-ին թողարկված այս օդանավը 2019-2021 թթ. շահագործում էր «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը (հայկական գրանցումը՝ EK-14601): Թռիչքները կատարվում էին գլխավորապես դեպի Թեհրան ու Թավրիզ:

EK-14601-ը՝ Երեւանում, 07.10.2021, հեղ.՝ Գերիթ Գրիմ

Չնայած 2022-ի հունվարին օդանավը վերագրանցվել է ՀՀ ռեգիստրում 6 ամսով, այն այդպես էլ չի ստացել թռիչքային պիտանիության սերտիֆիկատ, այսինքն՝ չի ունեցել թռչելու իրավունք: Այդ ամբողջ ընթացքում օդանավը կայանված էր «Զվարթնոցում»: Ի վերջո, 2022-ի հուլիսի 1-ին ինքնաթիռն ապագրանցվել է ՀՀ ռեգիստրից, քանի որ լրացել էր գրանցման ժամկետը:

Ըստ Քաղավիացիայի կոմիտեի՝ եթե EK-14601-ի շահագործողը «Արմենիա Էյրվեյզն» էր, ապա սեփականատերը «Ideal Gulf Sunshine» ընկերությունն էր (հավանաբար գրանցված է ԱՄԷ-ում):  

2022-ի նոյեմբերին արված այս լուսանկարում կարելի է տեսնել, որ «Bae 146-300»-ը մասամբ ապամոնտաժված է:

Նախկին EK-14601-ը՝ հետին պլանում, «Զվարթնոց», 2022 թ. նոյեմբեր

Նմանատիպ պատկեր էր նաեւ 2023-ի մարտին (տես առաջին լուսանկարը): 2023-ի հոկտեմբերին արված հերթական լուսանկարում էլ կարելի է տեսնել նախկին EK-14601-ի մասնատված կմախքը:

Այն, ինչ մնացել է նախկին EK-14601-ից, «Զվարթնոց», 07.10.2023, հեղ.՝ Վահե Սարուխանյան

Գվինեայում գրանցված օդանավն արդեն 12 տարի «Զվարթնոցում» է

«Զվարթնոցի»՝ շահագործումից դուրս բերված օդանավերի մեջ առանձնանում է 1979 թ. արտադրության խորհրդային «Ան-26» տրանսպորտային ինքնաթիռը, որի իրանի վրա տեսանելի է վերջին գրանցումը՝ աֆրիկյան Գվինեա պետության կողմից տրված 3X-GFV-ն:

«Զվարթնոցի» կոնցեսիոն կառավարիչ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն «Հետքին» հայտնել է, որ այս ինքնաթիռն օդանավակայանում կայանված է 2011-ից, բայց թե ով է սեփականատերը, կոնցեսիոները չի ասել:

3X-GFV-ն՝ «Զվարթնոցում», 29.07.2023, հեղ.՝ Ստելիոս Իոանու

Ըստ ավիացիոն տեղեկատուների՝ այս «Ան-26»-ի վերջին շահագործողը եղել է գվինեական «GR Avia» ավիաընկերությունը: Նախկինում էլ օդանավը գրանցված է եղել Ռուսաստանում եւ Աֆղանստանում:

Հիշեցնենք, որ նախորդ հոդվածում էլ անդրադարձել էինք «Զվարթնոցի» աերոդրոմից դուրս բերված նախկին նախագահական «Տու-134» օդանավին (EK-65072), ինչպես նաեւ «Հայկական ավիաուղիների» եւ «Էյր Արմենիայի» կողմից ժամանակին շահագործված «Տու-134»-ին (EK-65848), որը եւս հեռացվել է աերոդրոմից: «ՀԱՈւ»-ի եւս մի օդանավի՝ EK-85403 գրանցումով «Տու-154»-ի պլաները պարտքերի դիմաց անցել էր օդանավակայանի կոնցեսիոն կառավարչին, բայց վերջինս «Հետքին» փոխանցել է, որ այն այլեւս իր հաշվեկշռում չէ:

«Զվարթնոցում», 07.10.2023 թ. դրությամբ, հեղ.՝ Վահե Սարուխանյան

Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ «Զվարթնոցում» կայանված ու շահագործման համար այլեւս անպիտան օդանավերը վերջին երկու տարիներին կա՛մ ապամոնտաժվել/ում են, ինչպես, օրինակ, «Արմավիայի» «CRJ 200LR»-ն ու «Արմենիա Էյրվեյզի» «Bae 146-300»-ը, կա՛մ տարբեր նպատակներով հեռացվում են աերոդրոմի տարածքից, ինչպես նախկին նախագահական եւ «Էյր Արմենիայի» «Տու-134»-երը (նաեւ «Արմավիայի» «CRJ»-ը), կա՛մ դեռեւս անորոշության մեջ սպասում են բաց երկնքի տակ, ինչպես «Տու-154»-ից մնացած պլաները, Արցախի «Jetstream-3201»-ն ու ժամանակին Գվինեայում գրանցված «Ան-26»-ը:

Առաջին լուսանկարում՝ նախկին EK-14601-ը՝ «Զվարթնոցում», 20.03.2023, հեղ.՝ Պետեր Պշենիցա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter