HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Փոփոխությունները չեն ազդի եկամտային հարկի վերադարձից արդեն իսկ օգտվող քաղաքացիների վրա

Հիփոթեքային շուկայում եկամտային հարկի վերադարձի համակարգը 2027 թվականից, հնարավոր է, այլևս չկիրառվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում:

Կառավարությունն առաջարկում է ըստ մարզերի և ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիփոթեքային վարկի սպասարկման համար աշխատող քաղաքացիների վճարած եկամտային հարկերի վերադարձը։

Այդպիսով, ինչպես պլանավորել է Կառավարությունը՝ հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը 2027 թվականից չի գործի Երևանին հարակից մարզերում, 2029-ից՝ մյուս մարզերում, բացառությամբ՝ սահմանամերձ բնակավայրերի։ Երևանում այն կգործի միչև այս տարեվերջ։

Ֆինանսների նախարարությունն այս փոփոխությունների վերաբերյալ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացրել, որը ԱԺ հանձնաժողովներում քննարկվելուց հետո դեռևս պետք է պատգամավորների դատին ներկայացվի նաև լիագումար նիստերին։ Հավանության արժանանալուց և երկրորդ ընթարցմամբ ընդունվելուց հետո միայն այն օրենքի ուժ կստանա։

Ըստ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի՝ նախագծի հիմնական նպատակներից մեկը վերադարձվող եկամտային հարկի գումարների անշեղ աճը զսպելն է։ Այս մասին այս տարվա հունվարի 10-ին նա հայտարարել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում։

Փոփոխություն է նախատեսվում վերադարձվող եկամտային հարկի եռամսյակային առավելագույն սահմանաչափի հարցում: Եթե այժմ գործող օրենսդրությամբ վարկառուին տոկոսների սպասարկման համար վերադարձվող առավելագույն շեմը երեք ամսում 1.5 մլն դրամն է, ապա նախագծով առաջարկվում է այն դարձնել 750 հազար դրամ:

Այս փոփոխությունները չեն ազդի այն վարկառուների վրա, որոնք արդեն իսկ օգտվում են այս համակարգից։

«Այն քաղաքացիները, որոնք արդեն ունեն հիփոթեքային վարկ և միացել են եկամտային հարկի վերադարձի համակարգին, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնք հիփոթեքային վարկ կվերցնեն և կմիանան եկամտային հարկի վերադարձի համակարգին (Երևանում կարող են միանալ մինչև այս տարվա վերջ), այս մարդկանց համար ոչինչ չի փոխվում. նրանք կշարունակեն հետ ստանալ եկամտահարկը՝ վարկային պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում»,- ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։

Առնվազն հինգ տարի է («կուլիսներիում» շատ ավելի երկար)՝ պետությունը հայտարարում է, որ հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը «գլխացավանք» է դառնում բյուջեի համար։ Ծրագրի շրջանակներում հարկատուներին վերադարձվող գումարները զգալի ծավալների են հասնում և համարվում «կորուստ» բյուջեի համար։ Եթե 2015 թվականին, երբ գործարկվել էր ծրագիրը, հարկատուներին վերադարձվել է 274 մլն դրամ, ապա 2023-ին այն կազմել է մոտ 52 մլրդ դրամ։

Ծրագրի համաձայն՝ եկամտային հարկն ուղղվում է կառուցապատողից գնվող բնակարանի կամ տան հիփոթեքային վարկի տոկոսագումարները մարելուն։ Այսինքն՝ եթե քաղաքացին եկամտային հարկ վճարող է և բնակարան է գնել անմիջապես կառուցապատողից, պետությունը որոշ սահմանափակումներով հնարավորություն է տալիս նրա վճարած եկամտային հարկը հետ ստանալ և այն ուղղել հիփոթեքային վարկի տոկոսավճարներին։

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter