HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավանում ձուլարան կառուցելու հայտ ներկայացրած «Քոփփեռ» ՍՊԸ-ն փորձում է դատարանով բարենպաստ ակտ ստանալ

«Քոփփեռ» ՍՊԸ-ն չի հրաժարվել Ավանում ձուլարան կառուցելու իր նախագծից։ Ընկերությունը փորձում է դատական կարգով պարտավորեցնել Շրջակա միջավայրի նախարարությանը թույլատրել կառուցել այն Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում։

Ավելի կոնկրետ, դեռևս 2021թ․ հոկտեմբերին Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել նախագծին։ Նույն տարվա նոյեմբերին էլ «Քոփփեռ» ՍՊԸ-ն դիմել է դատարան՝ ընդդեմ Շրջակա միջավայրի նախարարություն և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի։ Ընկերությունը դատարանից պահանջել է պարտավորեցնել ՇՄՆ-ին և դրա ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ին ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ «Քոփփեռ» ՍՊԸ-ի ներկայացրած Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան 2-րդ փակուղի հասցեում նախատեսվող ձուլման տեղամասի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ տրամադրել դրական փորձաքննական եզրակացություն։

Վարչական դատարանի դատավոր Արմեն Ներսիսյանը վարույթ է ընդունել այն և օբյեկտիվ քննության համար անհրաժեշտ է համարել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից պահանջել ներկայացնել «Քոփփեռ» ՍՊԸ-ի ներկայացրած Աճառյան 2-րդ փակուղի հասցեում նախատեսվող ձուլման տեղամասի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ դրական փորձաքննական եզրակացությունը չտալու համար հիմք հանդիսացած փաստաթղթերը:

Դատարանի նախաձեռնությամբ երրորդ կողմ է ներգրավվել նաև Երևանի քաղաքապետարանը։ 2022թ․-ի ընթացքում դատաքննություններ են ընթացել։ 2023թ․ մայիսի 12-ին դատարանը պետք է վճիռը հրապարակեր, սակայն այդ օրը դատարանը որոշել է վերսկսել գործի քննությունը։

2023թ․-ի սեպտեմբերին դատարանը Քաղաքաշինության կոմիտեից պահանջել է դատարան ներկայացնել ապացույց՝
ա/ ԽՍՀՄ մինիստրների խորհրդի շինարարության գործերի պետական կոմիտեի՝ 05.11.1971թ, ՍՆ 245-71 նորմերի պատճենը,
բ/ տեղեկություն այն մասին, թե արդյոք արդեն իսկ տեղայնացվել են ԽՍՀՄ մինիստրների խորհրդի շինարարության գործերի պետական կոմիտեի՝ 05.11.1971թ. ՍՆ 245-71 նորմերը՝ կցելով ապացույցը:

Դատարանը նաև Կադաստրի կոմիտեից է պահանջել դատարան ապացույցներ ներկայացնել․

ա/ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք, Շրջակա միջավայրի նախարարությունը կամ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը, ի պատասխան Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի՝ 13.04.2021թ. թիվ ԴՍ/2376-2021 գրության, ներկայացրել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան 2-րդ փակուղի հասեցում նախատեսվող ձուլման տեղամասի բեկման կետերի կոորդինատները WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով՝ կցելով համապատասխան ապացույցը,
բ/ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան 2-րդ փակուղի հասեցում նախատեսվող ձուլման տեղամասի այն իրադրային քարտեզ-սխեմայի պատճենը՝ բեկման կետերի կոորդինատներով, որին հղում է կատարված Կադաստրի կոմիտեի՝ 19.12.2022թ. թիվ ԱԳ/13636-2022 տեղեկանքում:

Այս գործով քննությունը դատարանում շարունակվում է, և վերջնական դատական ակտ դատարանը դեռևս չի կայացրել։

Քանի դեռ գործը դատարանում էր, 2022թ․ հուլիսին, հիշեցնենք, ընկերությունը կրկին հայտ էր ներկայացրել, և Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի ունեցած հանրային քննարկումներին բոլոր ներկաները, բացառությամբ 1 անձի, դեմ էին արտահայտվում նախագծին։

Հիշեցնենք, որ «Քոփփեռ» ՍՊԸ-ի տնօրեն և հիմնադիր էր Տիգրան Մոմջյանը։ Սակայն 2023թ․ հուլիսի 12-ից միակ մասնակից դարձել է Տիգրան Մոմջյանի հայրը՝ Հովհաննես Մոմջյանը։ Վերջինս նաև «Սիլվա Կրիստալ» ՍՊԸ-ի միանձնյա բաժնետերն է, 15 % մասնակցություն ունի «Յունիթեքս Ափերլ» ՍՊԸ-ում։ Նախկինում մասնակցություն է ունեցել նաև «Վահագն-1» ՍՊԸ-ում, «Կոմանդոս Ա» ՍՊԸ-ում։

Կարդացեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter