
«Միգուցե մի ազնիվ ոստիկան գտնվեր ու պատմեր, թե ինչ են արել ինձ հետ, որ ցուցմունքներ կորզեն»
Հանցագործությունից տուժած անձը ոչ թե տուժող է ներգրավվել, այլ որպես վկա
Հատուկ քննչական ծառայությունում թեպետ քաղաքացի Արգիշտ Սեդրակյանի հաղորդման վրա է 2013թ. հարուցվել քրեական գործ, այդուհանդերձ, Սեդրակյանը ներգրավվել է ոչ թե որպես տուժող, այլ վկա. «Ես հաղորդում եմ ներկայացրել, որ իմ բնակարանի խուզարկության ժամանակ կորել են իմ ընտանիքին պատկանող թանկարժեք իրեր, հաղորդում եմ տվել, որ հոգեբանական ու ֆիզիկական բռնություն է կիրառվել իմ նկատմամբ գողության տարբեր գործերով ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով, սակայն ես տուժող չեմ ճանաչվել այս գործով: Սակայն հանցագործությունից տուժած անմիջական անձն եմ: Իսկ որպես վկա սահմանափակ են իմ իրավունքները»,- Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Նոր Նորքի բնակիչ Արգիշտ Սեդրակյանը, ով բողոք է բերել դատարան ՀՔԾ քննիչ Էդգար Պողոսյանի՝ քրեական գործը կարճելու որոշման դեմ: Գործը կարճվել է 1 ամիս անց՝ հանցակազմի բացակայության հիմքով:
3 քննիչները մտերիմ հարաբերությունների մեջ են. օբյեկտիվ քննություն չի կարող լինել
Ըստ հաղորդում ներկայացնող Արգիշտ Սեդրակյանի` ՀՔԾ քննիչ Էդգար Պողոսյանը չի կատարել և չէր կարող կատարել լրիվ ու օբյեկտիվ քննություն, քանի որ իր բնակարանում խուզարկություն կատարողներից քննիչ Սմբատ Մխիթարյանը ՀՔԾ քննիչ Էդգար Պողոսյանի հետ միասին է սովորել, և նրանք մտերիմ հարաբերությունների մեջ են: «Իմ գործը վարած քննիչ Արա Մկրտչյանի հետ ևս նրանք մտերիմ հարաբերությունների մեջ են. միասին աշխատել են Քննչական գլխավոր վարչությունում: Հնարավոր չէ այս պայմաններում օբյեկտիվ քննություն»,- դատարանում իր բողոքի քննության ժամանակ հայտարարեց Արգիշտ Սեդրակյանը:
Դատարանում վկայակոչվեց «Հետքի» կատարած հարցազրույցը ընթերակայի հետ
Արգիշտ Սեդրակյանի ներկայացուցիչ, փաստաբան Սերգեյ Մկրտչյանը նշեց, որ քննիչ Էդգար Պողոսյանը չի հարցաքննել քաղաքացի Սեդրակյանի բնակարանի խուզարկության մասնակից ընթերականներին: Նա վկայակոչեց «Հետք» ինտերնետային թերթը, որտեղ հրապարակվել է ընթերականերից Վազգեն Ադոնցի հարցազրույցի ձայնագրությունը: «Ընթերական լրագրողի հետ հարցազրույցում պատմում է 2011թ. մարտի 23-ին Արգիշտ Սեդրակյանի բնակարանի ու ավտոտնակի խուզարկության մասին, թե քանի հոգի են եղել խուզարկողները, ինչ գործողություններ են նրանք կատարել և ինչպես»,- նշեց Սերգեյ Մկրտչյանը՝ դիրքորոշում հայտնելով, որ ՀՔԾ-ն քննությունը լրիվ ու օբյեկտիվ չի կատարել: Հետևաբար, ըստ նրա, քրեական գործի կարճումն անօրինական է, ենթակա է վերսկսման:
Վկա Արգիշտն էլ զարմացավ, թե ինչու է վարույթն իրականացնող մարմինը հարցաքննել իր մեքենայի զննությանը մասնակցած ընթերակային, սակայն բնակարանի խուզարկությանը մասնակից ընթերակային չի հարցաքննել: «Դրանով պարզ կդառնար, թե ինչ է կատարվել բնակարանում 3 տարի առաջ մարտի 23-ին»,- ասաց Արգիշտ Սեդրակյանը՝ նշելով, որ իր հարազատները ևս չեն հարցաքննվել:
Իրեղեն ապացույցների սենյակում որևէ իր փաթեթավորված ու կնքված չի եղել
Ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի բաժնի իրեղեն ապացույցների պահման սենյակում նույն գործի շրջանակներում տեղի է ունեցել ապրանքների զննություն, որը տեսաձայնագրվել է:
«Ամենակարևորը՝ քննության տեսագրությունից երևում է, որ իրեղեն ապացույցների սենյակում որևէ իր փաթեթավորված ու կնքված չէ: Սակայն դրանք պիտի մանրակրկիտ նկարագրվեն, փաթեթավորվեն ու կնքվեն, ըստ օրենքի պահանջի: Առավել ևս, երբ խոսքը թանկարժեք իրերի մասին է: Այդ հանգամանքի վրա վարույթ իրականացնող մարմինը որևէ անդրադարձ չի կատարել»,- ասաց փաստաբան Սերգեյ Մկրտչյանը:
![]() |
![]() |
Փաստաբան Մկրտչյանը դատարանին ներկայացրեց նաև, որ իրեղեն ապացույցների սենյակի դուռը ևս կնքված չէ: Տեսագրության մեջ այն բացում է անձ, ով չի ներկայանում, չկան ընթերականեր: Տրվում է ոմն Բայադյան ազգանուն, ով ցուցում է տալիս Արգիշտին, թե հայտարարություններդ հետո կանես: Փաստաբան Մկրտչյանը նշեց, որ ըստ օրենքի` պիտի հրավիրվեր մասնագետ, որը մասնագիտական աչքով կվկայեր, թե թանկարժեք իրերը ինչ նյութից են, ինչպիսի հարգ ունեն. «Իսկ տեսաձայնագրության մեջ երևում է միայն, որ իմ վստահորդն ասում է՝ սա դատարկ տուփ է, սա մատանի է և այլն: Դատարկ ցելոֆանե տոպրակներ են տեսնում, հետո Արգիշտը հայտարարություն է անում, թե ինչու են դրանք դատարկ: Մեկ էլ բերվում է տոպրակ, ասում են, որ իրեղեն ապացույցների այլ սենյակից է բերվել: Որքանով գիտեմ, քննչական բաժնում մեկ սենյակ կա իրեղեն ապացույցների համար»: Սերգեյ Մկրտչյանի դիտարկմամբ, այդ զննությանը պիտի հրավիրեին Սեդրակյան ընտանիքի անդամների, քանի որ տան հայրը կարող է տեղյակ էլ չլիներ իրենց տան բոլոր ապրանքների մասին:
«Մի քանի ժամ ցուցմունք եմ տվել, հայտնել, որ իմ տնից կորել են մեծ քանակությամբ զարդեր: Ումի՞ց պահանջեմ մեր տան իրերը: 4 հատ Sony տեսախցիկ են տարել, սակայն քննիչը պնդում է, որ դրանք JVS են եղել: Զննության ժամանակ ես չեմ հայտնաբերել, օրինակ, 5 ականջօղ, որը ֆիքսված է խուզարկության արձանագրության մեջ: Հիմա եթե էլի մեր իրերը անհետանան իրեղեն ապացույցների սենյակից, չեմ զարմանա»,- ասաց վկա Սեդրակյանը:
Զննության տեսագրությունը մոնտաժվա՞ծ է
Ըստ բողոքաբերի և նրա փաստաբանի` զննության տեսագրությունը փոփոխված է: Գործում գտնվող մայր տեսագրությունից դատարանը տրամադրել է պատճենահանված տարբերակը, սակայն Արգիշտ Սեդրակյանն ու նրա ներկայացուցիչը տեսագրությունը ուսումնասիրելով պարզել են, որ 2013-ի դեկտեմբերի 17-ին ձայնագրված նյութը փոփոխության է ենթարկվել մայիսի 6-ին: Կրճատվել է, փոփոխվել է: Արգիշտ Սեդրակյանն ասաց, որ մասնագետ է և գիտի, որ եթե սկավառակը 100 անգամ էլ պատճենահանվի, ամսաթիվը չի փոխվի: «Ես պնդում եմ, որ սկավառակները տարբեր են: Ես այդ ձայնագրության ժամանակ բազմաթիվ հայտարարություններ եմ արել, որոնք արտացոլված չեն»,- ասաց վկա-տուժողը:
Դատավոր Արմեն Բեկթաշյանն ասաց, որ Սեդրակյանը գործը խճճում է. «Եթե կեղծիք է կատարվել, դիմեք դատարան այլ միջնորդությամբ: Դիմեք, որ փորձաքննություն արվի: Սա քրեական գործ չի, որ ապացույցներ կցենք, սա բողոք է, քննվում են քննիչի գործողությունները»,- ասաց դատավորը:
Քննիչ Էդգար Պողոսյանը պարզաբանեց. «Մայիսի 6-ին Ձեր դիսկն է ձայնագրվել, որ մայիսի 16-ին Ձեզ տանք, համեմատեք Ձեր ունեցած դիսկն ու մայր դիսկը` բովանդակային առումով նու՞յնն են, թե՞ ոչ»:
Քաղաքացին պնդում է, որ բերման է ենթարկվել գիշերը 2:00-ին մոտ, սակայն արձանագրության մեջ նշվել է 16:30
Արգիշտ Սեդրակյանը դատարանում ասաց, որ 14 ժամ իրեն ապօրինի զրկել են ազատությունից՝ պահելով ձեռնաշղթաներով: Սակայն բերման ենթարկելու արձանագրության մեջ նշել են 16:30, իսկ իր բարեկամ Արթուր Ղադամյանի արձանագրության մեջ բերման ենթարկելու ժամն առհասարակ նշված չէ: Նրանց բերման են ենթարկել Մաշտոցի բաժնի աշխատակիցները, որոնք չեն հարցաքննվել: Նա ընդգծեց, որ հոգեբանական ու ֆիզիկական բռնություններով կարողացել են իրենից կորզել ինքնախոստովանական ցուցմունքներ: Արթուր Ղադամյանը ցուցմունք է տվել, որ մեզ 16:30 են բերման ենթարկել: «Սակայն պնդում եմ, որ նա ճնշման տակ է հայտնել սուտ տեղեկատվություն: Նրան եմ զանգահարել, քանի որ իմ բարեկամն է, որ ճշտեմ, թե ինչու է ցուցմունքում նշել սխալ ժամ: Նա ասաց, որ ստիպված է եղել այդպես ասել, քանի որ որոշ մարդիկ եկել-տեսել են իրեն ու ասել, որ մեր ուզածով կանես: Ես ձայնագրել եմ իր ու իմ խոսակցությունը»,-ասաց Արգիշտ Սեդրակյանը:
«Ստորացնող, նվաստացնող ինչքան լծակներ կան, կիրառել են իմ նկատմամբ»
«Ինձնից ինքնախոստովանական ցուցմունքներ են կորզել նաև հոգեբանական ճնշման հետևանքով, սակայն վարույթ իարականացնող մարմինը ֆիքսվել է միայն ֆիզիկական բռնության վրա: Օրինակ՝ մարտի 23-ին ժամը 18:00-ին մինչև 20:00 ցուցմունք եմ տվել, սակայն ՁՊՎ-ից թուղթ կա, որ ինձ ժամը 23-ին են տարել ՁՊՎ: Մինչև այդ ժամը թե ինչ է կատարվել ինձ հետ, պարզված չէ: Ստորացնող, նվաստացնող, ազդեցություն ունեցող ինչքան լծակներ կան, կիրառել են իմ նկատմամբ: Հաջորդ օրը ժամը 11-ին բերել են վարչություն, երեկոյան 21:40 տարել ՁՊՎ: Այդ օրը կատարվել է 2 ժամանոց քննչական գործողություն: Չի պարզվել, թե ինչպես, ինչու են ինձ այդքան ժամ պահել վարչությունում: Միգուցե մի ազնիվ ոստիկան գտնվեր ու պատմեր, թե ինչ են արել ինձ հետ, որ ցուցմունքներ կորզեն»,- հայտարարեց Արգիշտ Սեդրակյանը:
Քննիչ. «Սեդրակյանն ու իր ներկայացուցիչը ճոխ ներկայացրեցին իրավիճակը, չգիտեմ՝ ինչու»
«Սեդրակյանի բնակարանից ու ավտոտնակից վերցված իրերը գտնվում են ոստիկանության իրեղեն ապացույցների սենյակում: Դրանց ֆոտոները կան: Այդ բոլոր իրերը վերցվել են որպես գողոն: Արգիշտ Սեդրակյանը կատարել է շուրջ 20 դրվագով գողություն ու մեղավոր ճանաչվել: Բերման ենթարկելու հանգամանքն էլ շահարկվում է: Արթուր Ղադամյանը նշել է, որ 16:30-ին են բերման ենթարկել: Իսկ հիմա հորինված պատմություն կարող է լինել, թե զանգով ասել է, որ իրեն ճնշել են: Ինչ վերաբերում է տեսագրությանը, ապա այն չի կարող մոնտաժված լինել: Հատկապես ո՞ր մասն է մոնտաժված: Քրեական գործը կարճելու որոշումը պատճառաբանված է»,- նշեց քննիչ Էդգար Պողոսյանը:
Մեկնաբանել