
«Հետքը» մրցանակակիր՝ 3 անվանակարգում
«Թվապատում 2015. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթում այսօր «Հետքն» արժանացավ մրցանակի երեք անվանակարգերում՝ «Դիտակ. հետաքննական լրագրություն», «Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն կիրառում» եւ «Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում»:
«Դիտակ. հետաքննական լրագրություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Անի Հովհաննիսյանի եւ Մարինե Մադաթյանի հեղինակած «Ժամկետն անց ռենտգեն սարքեր. ռադիացիոն անվտանգությունը Հայաստանում փակ թեմա է» նյութը:
«Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն կիրառում» անվանակարգում հայտարարվեց երկու մրցանակակիր՝ Զարուհի Մեջլումյանը՝ «Հետքում» հրապարակված «Հայաստանը կունենա ԴՆԹ փորձաքննության վերջին սերնդի գործիք» եւ Արտակ Համբարձումյանը՝ civilnet.am-ում հրապարակված «Քո գրպանից՝ նախարարի զարմիկին» լրագրողական աշխատանքների համար:
«Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Անի Հովհաննիսյանի եւ Նարեկ Ալեքսանյանի «Հայաստանի օրինական եւ անօրինական աղբավայրերը. Տավուշի մարզ» մուլտիմեդիա նյութը:
Մրցույթն ուներ նաեւ «Գործող անձ» անվանակարգ, որի համար պարգեւատրում էր նախատեսված թե՛ հաղթող աշխատանքի, թե նյութի հերոսի համար: Այս մրցանակին արժանացան «Առավոտ»-ում հրապարակված «Հաջողակը՝ մանկատնից. երբ մանկատունը ոչ թե մեկուսացման, այլ նոր դռներ բացելու միջոց է դառնում» հոդվածի հեղինակ Լիլիթ Առաքելյանն ու նյութի հերոս Սրբուհի Աղաբաբյանը:
Մրցույթը նախաձեռնել էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի ունեցավ «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել