HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Արթուր Մեսչյան․ «Արամի 23-ի հարցը համարում եմ փակված»

«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիային պատկանող, Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան-շենքի վերականգնման հարցը լուծվում է։ Այսօր եռակողմ պայմանագիր է ստորագրվելու դիրիժոր Տիգրան Հեքեքյանի, մշակույթի նախարարության եւ «Հին Երեւան» նախագծով Արամի փողոցում կառուցապատում իրականացնող ընկերության միջեւ։ Այս մասին հայտարարեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, որը այսօր մամուլի ասուլիս է հրավիրել իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ։

Ըստ Մեսչյանի՝ կառուցապատողը 14 միլիոն դրամ կվճարի իտալացի ճարտարապետ Լուչիո Բեցիին, որը Իտալիայից կգա եւ կմշակի Արամի 23-ի վերականգնման նախագիծը։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ի երեկոյան փլուզվել էր հուշարձանի պատը։ Պատճառը հարեւանությամբ ընթացող մեծածավալ շինարարությունն է։

Գործարար Վարդան Սրմաքեշի համար բազմահարկ բիզնես-կենտրոն կառուցելու շրջանակներում նախատեսված է քանդել երգչախմբին պատկանող շենքը, որը, կառավարության որոշմամբ, պատմամշակութային հուշարձան է։ Շինարարության պատճառով հուշարձանը դարձել էր վթարային։

Ու թեեւ Երեւանի գլխավոր ճարտարապետը վստահեցրել էր, որ Վարդան Սրմաքեշի ընկերությունը՝ որպես հուշարձանին վնաս հասցնող, կամրացնի շենքը, կփոխհատուցի վնասը, իսկ վարչապետ Փաշինյանն անձամբ էր այցելել Արամի 23, հարցն այդպես էլ չէր լուծվել։

Արթուր Մեսչյանն այսօր ասաց, որ Երեւանի քաղաքապետարանն այս հարցին բացի բարոյականից, այլ առնչություն չունի։ Այնինչ մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը «Հետք»-ի հետ զրույցում այլ պնդումներ է արել։  

«Սա ուղղակի բարի կամքի դրսեւորում է։ Կոնկրետ դեպքում հուշարձանի սեփականատերը եւ կառուցապատողը իրար մեջ պետք է որոշեն։ Այնպես որ, Արամի 23-ի հարցը համարում եմ փակված»,- այսօրվա ասուլիսում ասաց Մեսչյանը։

Երեւանի գլխավոր ճարտարապետը կարծում է, որ այս թեմայով աղմուկն ավելի մեծ է, քան պետք էր։

«Եկեք չմոռանանք, որ Երեւանում միայն Արամի 23-ի պատը չէ, որ քանդվեց։ Ժամանակին այլ պատեր են քանդվել, այդ թվում՝ մարդկային զոհերով, սակայն այդպես էլ բարձրաձայնող չի եղել։ Իմ խոստումն այն մասին, որ Երեւանում պատմամշակութային հուշարձան չի քանդվելու, որոշ մարդիկ սխալ հասկացան։ Իբր եթե մի պատ է փլվում, ուրեմն մեղավոր եմ ես»- նշեց Մեսչյանը։

Նա հստակեցրեց՝ իր պատասխանատվությունը ենթադրում է, որ Երեւանում որեւէ հուշարձան չի քանդվելու։ Մնացած հարցերը՝ վերականգնելու, պահպանության եւ այլն, մշակույթի նախարարության տիրույթում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter