HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծաղկաձորի պիոներական ճամբարները դարձել են պաշտոնյաների ու գործարարների սեփականությունը

Տիրայր ՄուրադյանՔրիստինե ԱղալարյանՍարո Բաղդասարյան

Պատմական թռիչքից երկու տարի անց՝ 1965 թվականին, առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան այցելեց Հայաստան: Նա եղավ նաև Ծաղկաձորի պիոներական ճամբարներից մեկում, որից հետո այդ ճամբարն անվանակոչվեց առաջին կին տիեզերագնացի պատվին:

 Առաջին պիոներական ճամբարը բացվել է 1924 թ.-ին՝ Դարաչիչակում (Ծաղկաձոր)։ Պիոներական ճամբարները 7-ից 15 տարեկան պիոներների և դպրոցականների դաստիարակչական–առողջարարական հիմնարկներ էին, որոնք արհմիության, կոմերիտմիության, տնտեսական կազմակերպությունների, կոլտնտեսությունների, առողջապահության ու ժողկրթության մարմինների, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ու այլ գերատեսչությունների հետ կազմակերպում էին երեխաների ամառային և ձմեռային հանգիստը։

Խորհրդային տարիներին Ծաղկաձորում գործել է 22 պիոներական ճամբար, որտեղ հաճախել են երեխաներ Հայաստանի տարբեր վայրերից: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ճամբարների շենք-շինությունները և հողակտորները զանգվածաբար սեփականաշնորհվեցին: Հիմնականում դրանց տերերը դարձան պաշտոնատար անձինք և խոշոր գործարարները: 

 

Ճամբարները, մեծ մասամբ, պետական որեւէ հիմնարկության էին պատկանում, իսկ դրանք սեփականաշնորհողները տվյալ գերատեսչությունում բարձր պաշտոն զբաղեցնող անձինք են եղել: Պիոներական գրեթե բոլոր ճամբարների տեղում այսօր հյուրանոցներ են և հանգստի գոտիներ, մեկ-երկուսը անմխիթար վիճակում են:

Քարտեզի վրա ճամբարների տեղերը նշված են կապույտով, դրանց վրա սեղմելով՝ կարող եք տեսնել, թե որ ճամբարն է, և ինչ է այն այժմ դարձել:

Ճամբարների սեփականատերեր են դարձել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, Կադաստրի կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Դավիթ Սեդրակյանը (Մհեր Սեդրակյանի որդին), Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, Ծաղկաձորի նախկին քաղաքապետ Գարուն Միրզոյանի եղբայրը, տրանսպորտի և կապի նախկին փոխնախարար Վրույր Առաքելյանը, ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Տիգրան Բարսեղյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ազգականը՝ Կարեն Մարգարյանը, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը և այլք:

Կադաստրի կոմիտեից և Ծաղկաձորի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության հիման վրա «Հետք»-ը կարողացավ պարզել, թե նշված 22 ճամբարն ում է վաճառվել, և այսօր ովքեր են դրանց սեփականատերերը: Չնայած օտարված պետական գույքի մեծ մասը վաճառվել է հենց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության՝ պետական գույքի կառավարման կոմիտեի իրավանախորդների կողմից, սակայն Կոմիտեից հնարավոր չեղավ պարզել, թե ինչ գնով են վաճառվել ճամբարները (1, 2):

«Վ. Տերեշկովայի» և «Պ. Մորոզովի» անվան պիոներական ճամբարներ. «Մուլտի ռեստ հաուս»

Պիոներական հերոս Պավել Մորոզովի և աշխարհի առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի անուններով Ծաղկաձորում կառուցված պիոներական ճամբարները մասնավորեցվել են մինչև 2004-ը: «Տերեշկովայի» անվան պիոներական ճամբարը պատկանում էր Երևանի կոմունալ տնտեսության նախարարությանը: Ճամբարը տեղակայված էր քարաշեն 3 մասնաշենքում:

«Մորոզովի» անվան պիոներական ճամբարը պատկանում էր Երևանի մետաքսի կոմբինատին, տեղակայված էր փայտաշեն և քարաշեն տնակներում:

Կառավարությունը 2002 թ. թույլ է տվել գույքի գնի 25 տոկոսի չափով՝ 12 մլն դրամով մասնավորեցնել «Տերեշկովայի» անվան ճամբարը, որը ձեռք է բերել «Մուլտի էյր» ՍՊԸ-ն: Գույքը հետագայում դարձել է «Մուլտի ռեստ հաուս» ՍՊԸ-ի սեփականությունը: Ընկերության կանոնադրական կապիտալը 537 մլն դրամ է: Միակ բաժնետերը ԱԺ պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է:

«Մորոզովի» անվան պիոներական ճամբարի մասնավորեցման մասին կադաստրային գործում տվյալներ չկան, ուստի պարզ չէ, թե ինչ գնով է այն օտարվել Գագիկ Ծառուկյանի ընկերությանը:

2007 թ. պիոներական ճամբարների տեղում վեր է խոյացել «Մուլտի ռեստ հաուս» հյուրանոցն` իր քոթեջներով: Հյուրանոցի և քոթեջների կառուցման ժամանակ բազմաթիվ ծառեր են հատվել: «Հետք»-ը 2004 թ.-ին անդրադարձել է հյուրանոցի կառուցմանը:

«Նելսոն Ստեփանյանի» անվան պիոներական ճամբար. «Ոսկու աշխարհ»

Գագիկ Ծառուկյանի հետ է կապվում նաև ԽՍՀՄ հերոս «Նելսոն Ստեփանյանի» անվան ճամբարի մասնավորեցման գործընթացը: Անվանի հայ օդաչուի անունը կրող ճամբարը պատկանում էր Քաղաքացիական ավիացիայի վարչությանը: Տեղակայված էր 4 քարաշեն մասնաշենքում: 1999 թ. ճամբարը եղել է «Հայկական ավիաուղիներ» ՊՓԲԸ-ի սեփականությունը, իսկ 2003 թ. օտարվել է Ծառուկյանին պատկանող «Մուլտի էյր» ՍՊԸ-ին: Մի քանի այլ սեփականատեր փոխելով՝ ճամբարի շենքերը դարձել են «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ի սեփականությունը: Ընկերության ներկայիս բաժնետերերն են «Ոսկու աշխարհի»-ի սեփականատեր Վաղարշակ Աբրահամյանն ու կինը՝ Նունե Նալբանդյանը՝ համապատասխանաբար 32 և 68 տոկոս մասնաբաժիններով: 

«Գայի» անվան պիոներական ճամբար. «Կեչառիս գարդենս»

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի անվան հետ են կապվում «Գայի» ճամբարի տեղում կառուցված «Կեչառիս գարդենս» քոթեջները: Ճամբարը պատկանել է Երևանի հաստոցաշինական արտադրական միավորմանը: Այն տեղակայված է եղել փայտաշեն և քարաշեն տնակներում:

1995 թ.-ի սեփականաշնորհման պայմանագրի հիման վրա 2010 թ. ճամբարը դարձել է «Երևանի հաստոցաշինարարական արտադրական միավորում» ԲԲԸ-ի սեփականությունը: 2011 թ. աճուրդով ճամբարը վաճառվել է Կարինե Էլչիբեկյանին և Մարգարիտա Թերզյանին: Կարինե Էլչիբեկյանին է պատկանում «Սենատոր» խաղատունը: 2014 թ. ճամբարը դարձել է Գագիկ Սամվելի Բադալյանի սեփականությունը: Գագիկ Բադալյանը «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի տնօրենն է: Իսկ «Քեթրին գրուպ»-ի հիմնադիրը հանրությանը քաջ հայտնի ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանն է: Քոթեջները գտնվում են Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցի հետնամասում, իսկ հյուրանոցը, ինչպես արդեն գրել ենք, պատկանում է նույն Միհրան Պողոսյանին: Միայն թե գրանցված է նրա ազգականի՝ Էդուարդ Հարությունյանի անվամբ: Վերջինս նաև «Բեստ ռեալթի» ընկերության տնօրենն էր, որի բաժնետերերն էին Միհրան Պողոսյանին պատկանող և Պանամայում գրանցված երկու ընկերությունները:

«Պլաստիկ» ճամբար. «Kecharis Villages» քոթեջներ

Ծաղկաձորի Կեչառիս հյուրանոցից, «Կեչառիս գարդենս» քոթեջներից բացի՝ Միհրան Պողոսյանին է պատկանում նաև «Kecharis Villages» հանգստի գոտին: 4 քոթեջից բաղկացած հանգստավայրը տեղակայվել է «Պլաստիկ» պիոներական ճամբարի տեղում: Ճամբարը պատկանում էր Էջմիածնի պլաստմասսայի գործարանին: 1998 թ. ճամբարը դարձել է «Էջմիածնի պլաստմասսաների գործարան» ԲԲԸ-ի սեփականությունը: Ընդամենը երկու տարի անց ընկերությունը սնանկ ճանաչվեց, իսկ գույքը հանվեց հարկադիր աճուրդի: 2010 թ. Ծաղկաձորում տեղակայված պիոներական ճամբարը գնում է ոմն Գևորգ Թերզյան, որը, «Դատալեքս» տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ հաճախ է հարկադիր աճուրդով գույք գնել և շատ չանցած` վաճառել: Այդ նույն ժամանակահատվածում Միհրան Պողոսյանը Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողն էր: Գևորգ Թերզյանը կապ ունի «Գազ փարթս» ՍՊԸ-ի հետ, որն էլ շահագործում է Երևան քաղաքի Տերյան փողոցում տեղակայված արաբական ռեստորանը: Այդ մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ի գանգատարկման հանձնաժողովի արձանագրությունից:

2013 թ. գրավի պայմանագրի հիման վրա Գևորգ Թերզյանը ճամբարի գույքը գրանցել է Միհրան Պողոսյանի հիմնադրած «Ֆրուտիմէքս» ՍՊԸ-ի անվամբ, որն էլ փոխանցել է գույքը «Կեչառիս» ՍՊԸ-ին, իսկ վերջինս այն վաճառել է «Քեթրին գրուպ» ընկերությանը: Արդեն վերևում նշեցինք, որ «Քեթրին գրուպ»-ը հիմնադրել է Միհրան Պողոսյանը:

Այս քոթեջները 1-2 օրով վարձակալելու համար պետք է համաձայնություն ստանալ և վճարումներ կատարել «Կեչառիս» հյուրանոցում, ինչը նշանակում է, որ դրանք փոխկապակցված բիզնեսներ են:

«Ակադեմիա» պիոներական ճամբար. «Թեղենիս» հանգստի գոտի

Փայտաշեն տնակներում տեղակայված «Ակադեմիա» պիոներական ճամբարը պատկանում էր Գիտությունների ակադեմիային: Ճամբարի տեղում այժմ գործում է «Թեղենիս» հանգստյան գոտին, որը բաղկացած է 25-ից ավելի քոթեջներից: 2005 թ. բաժանման հատակագծի հիման վրա գրանցվել է «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե իրավաբանական անհատույց միության» անվամբ: 2006 թ. այն գնել է ոմն Վաչագան Դավթյան: 2009 թ. ճամբարի գույքը նա նվիրել է Էդգար Կառլենի Նահապետյանին: Վերջինս էլ 2013 թ. անշարժ գույքը նվիրել է Դավիթ Սեդրակյանին: Սեդրակյանը ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է: Դավիթ Սեդրակյանը նվերը ստանալու ժամանակ Երևանի ավագանու անդամ էր: Հետագայում Դավիթ Սեդրակյանը դարձավ Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ և պաշտոնավարեց մինչև 2017 թվականի փետրվարը: Այժմ ճամբարի տարածքում 25-ից ավելի քոթեջ կա, որոնք պատկանում են տարբեր անձանց:

«Տիեզերք» պիոներական ճամբար. «Սփլենդր» հանգստի գոտի

Երևանի կոշիկի «Նաիրի» արտադրական միավորմանը պատկանող «Տիեզերք» պիոներական ճամբարը տեղակայված էր փայտաշեն տնակներում: Այսօր ճամբարի տեղում կառուցվել է «Սփլենդր» հանգստի գոտին՝  9 քոթեջով և ռեստորանով: 1998 թ. «ՖԷՆ գույքի իրացման գործակալություն» ՊՓԲԸ-ն ճամբարի տարածքը վաճառել է Վաղինակ Ավագյանին, որն էլ այն 2003-ին վաճառել է Տարիել Բարսեղյանին: Տարիել Բարսեղյանն էլ գույքը նվիրել է «Տիմմօ» ՍՊԸ-ին, որն էլ շահագործում է «Սփլենդր» հանգստի գոտին: «Տիմմօ» ՍՊԸ-ի բաժնետերը «ԲԻՄՄՕ» ՍՊԸ-ն է, վերջնական բաժնետերը Տարիել Բարսեղյանի որդին է` ՀՀԿ անդամ Տիգրան Բարսեղյանը, որը նախ ՊԵԿ նախագահի, այնուհետև Ֆինանսների նախարարի նախկին տեղակալն էր: 2000-2003 թթ. Տիգրան Բարսեղյանը ՀՀ նախագահի աշխատակազմում էր՝ պետաիրավական վարչության պետի տեղակալ: 2003-2008 թթ. ՀՀ կառավարության աշխատակազմում իրավաբանական վարչության պետ էր: Այսինքն՝ երբ Տարիել Բարսեղյանը ձեռք է բերել այս գույքը, որդին պետական պաշտոն էր զբաղեցնում:

Տարիել Բարսեղյանը, ով նախկինում է բաժնետեր եղել և այժմ էլ տնօրենն է, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ՀՀ գերագույն դատարանի նախագահն է եղել 1990-99 թթ., Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամ՝ 2008-2013 թթ.:

«Ծաղկահովիտ» պիոներական ճամբար. «Ծաղկահովիտ» հանգստի գոտի

Երևանի թիվ 2 տաքսամոտորային պարկին պատկանող «Ծաղկահովիտ» պիոներական ճամբարի մի մասը ձեռք է բերել այդ տարիներին ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը: Հիմա տեսնենք, թե ինչպես է դա տեղի ունեցել:

«Ծաղկահովիտ» պիոներական ճամբարը տեղակայված էր երկու քարաշեն մասնաշենքում: ՀՍՍՀ մինիստրների սովետի 1966 թ. որոշման հիման վրա ճամբարը 2001 թ. գրանցվել է «Ծաղկահովիտ» ճամբար ՊՓԲԸ-ի անունով: Ճամբարի գույքը բաժանվել է 3 մասի: Մեկը 0.8 հա է, մյուսը՝ 0.5 հա, երրորդը՝ 1.4 հա: Առանձնացված գույքերից 0.8 հեկտարը պատկանում է «Ծաղկահովիտ» ՍՊԸ-ին, իսկ 0.5 և 1.14 հա-ն պատկանում է «Բնության հրաշք» ՓԲԸ-ին:

2001 թ. ճամբարի ամբողջ գույքը գրանցվել է «Ծաղկահովիտ» ճամբար ՊՓԲԸ-ի անվամբ: 2002թ. ճամբարի գույքն աճուրդով վաճառվել և դարձել է Վրեժ Խաչատրյանի սեփականությունը: Վերջինս էլ գույքը վաճառել է «Բնության հրաշք» պանսիոնատ ՍՊԸ-ին: Այս ընկերությունն էլ գույքը բաժանել է երկու մասի և նորից գրանցել իր անվամբ: Հետագայում «Բնության հրաշք» պանսիոնատ ՍՊԸ-ն փոխանցման ակտի հիման վրա գույքը փոխանցել է «Բնության հրաշք» ՓԲԸ-ին:

Ծաղկահովիտ հանգստյան տունը շահագործում է «Ծաղկահովիտ» ՍՊԸ-ն (Նախկինում՝ «Ակմելլա», 2003-2006-ին՝ «Բնության հրաշք» պանսիոնատ ՍՊԸ): Ընկերության բաժնետերերից է Աննա Հրանտի Բեգլարյանը` ՀՀ տրանսպորտի և կապի նախկին փոխնարարար (2000-2013) Հրանտ Բեգլարյանի դուստրը: Մնացած 50 %-ի բաժնետերն է ոմն Գուրգեն Զաքարյան: «Ծաղկահովիտ» ՍՊԸ-ին պատկանող գույքի մակերեսը 0.8 հա է, որը բաժանման հատակագծի հիման վրա 2011 թ.-ին է գրանցվել:

Մի մասն այսօր պատկանում է «Ծաղկահովիտ» ՍՊԸ-ին, մյուս երկու մասերը՝ «Բնության հրաշք» ՓԲԸ-ին: Կադաստրային գործում պետական այս գույքը մասնավորեցնելու մասին տեղեկություն չկա: 2002 թ. գույքի մի մասն աճուրդով վաճառվել է Վրեժ Խաչատրյանին, որն էլ 2004 թ. այն վաճառել է «Բնության հրաշք» պանսիոնատ ՍՊԸ-ին:

«Գրիշա Հակոբյանի անվան» պիոներական ճամբար. «Ալպինա» հյուրանոց

Խորհրդային հերոս, պիոներ Գրիշա Հակոբյանի անունը կրող ճամբարի տարածքում այսօր գործում է «Ալպինա» հյուրանոցը: Ճամբարը խորհրդային տարիներին պատկանում էր Երևանի ժամացույցների գործարանին. այն տեղակայված էր փայտաշեն տնակներում: Ժամացույցների գործարանի ճամբարի տեղում այսօր երեք գույքային միավոր կա: «Ալպինա» հյուրանոցը տեղակայված է Ծաղկաձորի Չարենցի փակուղի 7 հասցեում: Կադաստրային գործի տվյալներով` նշված հասցեի գույքը պատկանել է «Սապֆիր» ՓԲԸ-ին, որը կառավարության որոշմամբ մասնավորեցման ենթակա է եղել 1999 թ.-ից: Արդեն 2002 թ. գույքն օտարվել է ոմն Տիգրան Պետիկյանի, որից էլ այն ժառանգել է Գայանե Պետիկյանը ու նվիրել ամուսնուն՝ Կարեն Մարգարյանին: Վերջինս ՀՀԿ-ական է, 2004-ից 3 տարի աշխատել է վարչապետի վերահսկողական ծառայությունում: Կարեն Մարգարյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հարազատներից է:

Կարեն Մարգարյանն իր գույքից մի մասն առանձնացրել է և որպես առանձին միավոր գրանցել: «Ալպինա» հյուրանոցն ու 10 քոթեջները շահագործող ընկերությունը «Ալպինա ՏՏ» ՍՊԸ-ն է: Ընկերության հիմնադիրը Ուկրաինայի քաղաքացի Գայանե Պետիկյանն է, որը, ինչպես նշեցինք, Կարեն Մարգարյանի կինն է: Հյուրանոցի գործունեությունը Գ. Պետիկյանն է կազմակերպում, քանի որ վերջինս նաև հյուրանոցի տնօրենն է:

«Ալպինա» հյուրանոցի տարածքին կից գտնվող հողակտորն ու գույքը պատկանում են Գրիգոր Սուքիասյանին, որն էլ այն ժառանգել է իր ծնողներից: Դրանից առաջ 1.78 հա անշարժ գույքը գրանցված է եղել «Երևանի ժամացույցների գործարան» ԲԲԸ-ի անվամբ, իսկ մասնավորեցվել է 2003-ին՝ աճուրդով: Գրիգոր Սուքիասյանը հայտնի է «Գլորիայի Գրիշա» անվանումով (նա «Գլորիա» անունով խաղատուն է ունեցել): 2011 թ. Գրիգոր Սուքիասյանը Երևանի ժամանցի կենտրոններից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից է եղել:

«Սևան» պիոներական ճամբար. «Աղբյուր» ճամբար

«Սևան» պիոներական ճամբարը դարձել է «Աղբյուր» հանգստյան գոտի: «Սևան» պիոներական ճամբարը պատկանում էր առողջապահության նախարարությանը և տեղակայված էր փայտաշեն տնակներում: Ծաղկաձորի քաղաքապետարանի տվյալներով՝ ճամբարի տեղում ստեղծվել է «Աղբյուր» հանգստյան տունը, որտեղ իրենց հանգիստն են անցկացնում զոհված ազատամարտիկների և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները:

«Աղբյուր» ճամբարի սեփականատերը Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանն է: Շահագործում է «Աղբյուր Լավա» ՍՊԸ-ն, որի սեփականատերը, ըստ ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի տվյալների, դահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Լևիկ Հարությունյանն է: Վերջինս 2015 թ. մահացել է: Սակայն պետռեգիստրում 3 տարի անց փոփոխություններ չեն կատարվել: Հանգուցյալ Լևիկ Հարությունյանը նաև շարունակում է մնալ ընկերության տնօրեն: Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ճամբարն այսօր շահագործող ընկերությունը փոքր-ինչ անվանափոխված է և կոչվում է «Լավա-Աղբյուր» ՍՊԸ: Այն պատկանում է իր ընտանիքին՝ կնոջը, իրեն և քրոջը: Նրա խոսքով՝ վերջին երկուսն են շահագործում ճամբարը: «Լավա-Աղբյուր» ՍՊԸ-ի հիմնադիրը, պետռեգիստրի տվյալներով, Արմեն Ռոմենի Մանուկյանն է, որը Ծաղկաձորի քաղաքապետի քրոջ ամուսինն է և ավագանու անդամ:

        «Ալիք» պիոներական ճամբար. «Ալիք» հյուրանոց

4 քարաշեն մասնաշենքում տեղակայված «Ալիք» պիոներական ճամբարի տեղում այժմ գործում է նույնանուն հյուրանոցը:  Ճամբարը պատկանել է ՀՀ կապի նախարարությանը: Այն 1998 թ. մասնավորեցվել է «Կոճոռ-Տելեկոմ» ՓԲԸ-ին: Կառավարության որոշմամբ թույլատրվել է «Կոճոռ Տելոկոմ»-ին գնել հանգստյան տունը: «Առավոտ» օրաթերթն իր 2007 թ. հրապարակման մեջ անդրադարձել է «Կոճոռ-Տելեկոմ» ՓԲԸ-ին՝ նշելով, որ այն Տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Վրույր Առաքելյանինն է: Վրույր Առաքելյանը 1997-1998 թթ. զբաղեցրել է ՀՀ կապի նախարարի խորհրդականի պաշտոնը, այսինքն՝ երբ մասնավորեցման գործընթացն իրականացվել է, եղել է պաշտոնյա: 2000-2005 թթ. Վրույր Առաքելյանը «Հայփոստ» պետական ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնն է զբաղեցրել, իսկ 2005-2009 թթ.՝ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի: Այնուհետև տեղափոխվել է «ԱրմենՏել» ՓԲԸ: Կադաստրային գործի տվյալների համաձայն` 2005-ին ճամբարը գրանցվել է Սոֆիա Առաքելյանի անվամբ, որը Վրույր Առաքելյանի դուստրն է: Մինչ օրս էլ «Ալիք» հյուրանոցի սեփականատերը Սոֆիա Առաքելյանն է: Հյուրանոցի պաշտոնական կայքը հուշում է, որ ճամբարի տարածքում գործող ռեստորանը վերջինիս անվամբ է՝ «Սոֆիա»:

Ճամբարի սեփականատեր Սոֆիա Առաքելյանը 2011-2017 թվականներին գույքահարկ չի վճարել, որի համար Ծաղկաձորի քաղաքապետարանը վարչական վարույթ է սկսել: Ծաղկաձորի քաղաքապետարանը դատի է տվել Սոֆիային՝ պահանջելով վճարել 1 մլն 22 հազար դրամ գույքահարկը, սակայն պարտվել է. հայցը մերժվել է:

Ի դեպ, «Կոճոռ-Տելեկոմ» ՓԲԸ-ի տնօրենն է Ասպետ Մուսայելյանը, որն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ աշխատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում: Ֆեյսբուքյան իր էջում ակտիվորեն տարածվում է «Ալիք» հյուրանոցի գովազդը:

«Գարուն» պիոներական ճամբար. «Ռոսիա» հյուրանոց

ՀՀ առևտրի նախարարությանը պատկանող «Գարուն» պիոներական ճամբարը տեղակայված էր քարից և փայտից կառուցված շինություններում: Դրանց տեղում այսօր գործում է Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցը: 2000 թ. կառավարության որոշմամբ «Հայառսարքավորում» փորձաարտադրական կոմբինատի «Գարուն» ճամբարը ներառվել է մասնավորեցվող պետական գույքի ցանկում: Նույն տարում ճամբարի գույքը վարձակալելու իրավունք է ստացել «Կոտայքառապսա» ՊՓԲԸ-ն: 2001 թ. արդեն ճամբարը մասնավորեցվել է: Գույքի առավելագույն գին սահմանվել էր մոտ 8 մլն դրամ, իսկ նվազագույնը՝ 6 մլն: Ճամբարը գնել է Գագիկ Ներսիսյանը, որից հետո այն վաճառվել է Հարություն Բերբերյանին, ապա գույքը դարձել է «Ծաղկաձորի գարուն հյուրանոց» ՍՊԸ-ի սեփականությունը:

«Ռոսիա» հյուրանոցը շահագործող ընկերության սեփականատերերը երեք եղբայրներ են՝ Աշոտ, Արամ, Արմեն Նահապետյանները և Հարություն Բերբերյանը, յուրաքանչյուրը՝ 25% բաժնեմասով: Նահապետյան եղբայրները նաև «Նիկօ» խանութների ցանցի սեփականատերերն են:

Աշոտ Նահապետյանը ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի գործընկերն է եղել՝ միասին Ջերմուկում հիմնադրել են «Ջերմուկի նոր կյանք» առողջարան ՍՊԸ-ն: Հարություն Բերբերյանի մասին տեղեկություններ չկան:

«Արծվիկ» պիոներական ճամբար. «Արծվիկ» հյուրանոց

«Արծվիկ» պիոներական ճամբարը պատկանել է արդարադատության և քաղաքաշինության նախարարությանը: Ճամբարը տեղակայված էր փայտաշեն տնակներում: Այժմ ճամբարը վերածվել է հյուրանոցի: 1997թ. սեփականաշնորհման պայմանագրի հիման վրա այն դարձել է «Հրազդանշին» ԲԲԸ-ի սեփականությունը: 2004 թվականին ճամբարը վաճառվել է Արարատ քաղաքի բնակիչ Գագիկ Բարսեղյանին, որը 2008-ին այն վաճառել է իր եղբորը՝ Արտակ Բարսեղյանին: «Արծվիկ» հյուրանոցը շահագործում է «Արծարսո» ՍՊԸ-ն: Ընկերության հիմնադիրներն են Արտակ Բարսեղյանն ու ՌԴ քաղաքացի Եվգենի Թոփչյանը:

«Մեսրոպ Մաշտոց» պիոներական ճամբար. Սուքիասյան ընտանիքի անձնական՝ «Նոյ» հանգստյան տուն

«Արարատ» ցեմենտ-շիֆերի գործարանին պատկանող «Մեսրոպ Մաշտոց» անվանումով պիոներական ճամբարն իր շենք-շինություններով ամենամեծն է եղել Ծաղկաձորում: Ճամբարը տեղակայված է եղել 5 քարաշեն մասնաշենքերում: Ճամբարի տարածքում այժմ գործում է «Նոյ» հանգստյան տունը: Ճամբարի գույքը երկու մասից է բաղկացած. մեկը՝ 2 հա մակերեսով, պատկանում է «Ալմաքար» ՍՊԸ-ին, մյուսը՝ 0.4 հա մակերոսով, պատկանում է «Մատակարարում» ՍՊԸ-ին: «Ալմաքար» ընկերությունը ստեղծվել է Նուռնուսի քարերի մշակման բազայի հիման վրա գործող «Հայմարմարգրանիտ» արտադրական միավորման հիման վրա: Հենց այդ ընկերությունն էլ 1999 թ. մասնավորեցման պայմանագրի հիման վրա սեփականաշնորհել է ճամբարի հիմնական մասը:

Ճամբարի մյուս մասն էլ գրանցված է եղել որպես ՀՀ Արդյունաբերության և առևտրի նախարարության «Արարատցեմենտ» ՊՓԲԸ-ի սեփականություն: 2003 թ. պետական գույքի մասնավորեցման պայմանագրի հիման վրա գույքը դարձել է Տիգրան Զաքարյանի սեփականությունը, որը 2016 թ. վաճառել է «Մատակարարում» ՍՊԸ-ին: Այդ ընկերության մասին տվյալներ գրեթե չկան: Գրանցվել է 2014-ին, միակ բաժնետերը Հրազդանում գրանցված Տիգրան Պետրոսյանն է: Մեզ հաջողվեց ճշտել, որ Տիգրան Պետրոսյանը վերահսկում է գույքը, իսկ իրական սեփականատերը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքն է: Մեր այցելության պահին հանգստյան տանն էր Սարիբեկ Սուքիասյանը: Տեղացիներից պարզեցինք, որ հանգստյան տունը բացառապես Սուքիասյանների ընտանեկան հանգստի համար է, նախատեսված և օտար հյուրեր չի ընդունում:

«Ծիածան» պիոներական ճամբար. «Սաթի» հանգստյան տուն

Փայտից և քարից կառուցված տնակներում էր տեղակայված Երևանի «Արմմոտոռ» արտադրական միավորմանը պատկանող «Ծիածան» պիոներական ճամբարը: Այժմ ճամբարի շենքում տեղակայված է «Սաթի» հանգստյան տունը: Կառավարության 1999 թ. որոշման հիման վրա ճամբարը մասնավորեցվել է «Արմենմոտոր» ՓԲԸ-ին: Մինչ օրս այն պատկանում է նշված ՓԲԸ-ին:

«Սաթի» հանգստյան տունը բացվել է 2009 թ. օգոստոսին: Այն երկհարկանի շինություն է, առաջին հարկում ճաշարանն է` նախատեսված 50 հոգու համար:

Հանգստյան տան գործունեությանը հետեւել է «Արմենմոտոր» ՓԲԸ-ի տնօրեն Կառլոս Պետրոսյանը, որը, սակայն, հետագայում վարձակալության է տվել տարբեր շահագործողների, իսկ վերջին տարիներին «Սաթի»-ն չի գործել: Հանգստյան տունն այսօր վաճառքի է հանված:

«Պատանի տուրիստների բազա» պիոներական ճամբար. «Ալվա» հյուրանոց

Կրթության և գիտության նախարարությանը պատկանող «Պատանի տուրիստների բազա» ճամբարը տեղակայված էր փայտաշեն տնակներում: Ճամբարի տեղում այսօր գործում է «Ալվա» հյուրանոցը: Ճամբարը 2001-ին դարձել է Ծաղկաձոր համայնքի սեփականությունը, որից հետո 2002 թ. այն վաճառվել է Ծաղկաձորի բնակիչներ Հրանտ Միրզոյանին և Նունե Նիկոլյանին: Մինչ դա Հրանտ Միրզոյանն արդեն 2000 թ. ստեղծել էր «Հոթել Ալվա» ՍՊԸ-ն, որն էլ այսօր շահագործում է նույնանուն հյուրանոցը: Հյուրանոցի տարածքը 6 հա է: «Հոթել Ալվա» ՍՊԸ-ի հիմնադիրը Հրանտ Միրզոյանն է` Ծաղկաձորի նախկին քաղաքապետ Գարուն Միրզոյանի եղբայրը: Ճամբարն էլ Գարուն Միրզոյանն իր եղբորն է վաճառել, երբ զբաղեցնում էր քաղաքապետի պաշտոնը: Գարուն Միրզոյանը, հիշեցնենք, պաշտոնավարել է 1999-ից մինչև 2012 թվականը:

Հրանտ Միրզոյանը նաև ԵՊՀ հանգստյան տան տնօրենն է: Խորհրդային տարիներին այս երկու ճամբարները տնօրինել է Գարուն և Հրանտ Միրզոյանների հայրը: Հետագայում Միրզոյանները կարողացել են սեփականաշնորհել միայն «Պատանի տուրիստների բազա»-ն:

«Փարվանա» պիոներական ճամբար. ԵՊՀ հանգստյան տուն

Կրթության նախարարությանը պատկանած «Փարվանա» պիոներական ճամբարը տեղակայված է եղել փայտաշեն կառույցներում: Ճամբարի տեղում այսօր գործում է Երևանի պետական համալսարանի հանգստյան տունը: Ճամբարը 2004 թ. գրանցվել է որպես ԵՊՀ-ի սեփականություն, իսկ 2015 թ. դարձել է Հայաստանի Հանրապետության սեփականությունը: Առաջին հայացքից թվում էր, թե այն նախատեսված է բացառապես ԵՊՀ ուսանողների կամ դասախոսական կազմի հանգստի համար, սակայն ԵՊՀ հանգստյան տունը առաջարկում է նաև հյուրանոցային ծառայություններ օտարներին:

«Զվարթնոց» ճամբար. «Զվարթնոց» հանգստի տուն և ուսանողական բազա

«Երևանի Հայ էլեկտրոշարժիչ» արտադրական միավորմանը պատկանող «Զվարթնոց» պիոներական ճամբարը տեղակայված է եղել 4 քարաշեն մասնաշենքերում: Այժմ ճամբարի մասնաշենքերից երկուսում տեղակայված է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական բազան, մյոսում՝ «Զվարթնոց» հանգստի տունը, մյուս մասն էլ պատկանում է անհատի: Կադաստրային գործում ճամբարի սեփականաշնորհման մասին տեղեկություններ չկան: Պարզ է հետևյալը՝ ճամբարի տարածքն ամբողջությամբ 2000-ականներին դարձել է Նաիրա Կազումյանի սեփականությունը, որն էլ մի մասը վաճառել է Բրյուսովի անվան համալսարանին, մի մասը` Ռաֆայել Մադոյանին, իսկ մյուս մասը մինչ օրս իր սեփականությունն է: Նաիրա Կազումյանը «Երևանի Հայ էլեկտրոշարժիչ» արտադրական միավորման հիմնարկի տնօրենն է եղել: Նա Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս Զորայր Կազումյանի դուստրն է:

«Զվարթնոց հանգստի գոտի» կոչվող հյուրանոցը գործում է Ռաֆայել Միդոյանին պատկանող տարածքում: Գույքի մակերեսը 0.39 հա է: Ռաֆայել Միդոյանը, որի մասին տեղեկությունները սուղ են, 2005 թ. նշված անշարժ գույքը գնել է Նաիրա Կազումյանից:

Նաիրա Կազումյանը 2016 թվականի դրությամբ գույքահարկ չի վճարել և պարտքեր է ունեցել համայնքին, նրա անունը ներառվել է «Հողի հարկի և գույքահարկի գծով խոշոր պարտավորություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկում:

«Ազնար» պիոներական ճամբար. «Տիրամայր Հայաստան»-ի ճամբար

«Ազնար» անունը կրող պիոներական ճամբարը պատկանել է «Երևանի ռելեի արտադրական միավորմանը» և տեղակայված է եղել 4 քարաշեն մասնաշենքում: Այժմ այն պատկանում է «Տիրամայր Հայաստան» կրոնական կազմակերպությանը: Սեփականաշնորհել են 1999 թվականին՝ 1996 թ. դատարանի վճռի և հողի վարձակալության պայմանագրի հիման վրա: Ճամբարի ներկայիս սեփականատիրոջ ամբողջական անունն է՝ «Անարատ հղության հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան: Այս կառույցը ամեն տարի սոցիալապես անապահով երեխաների համար ամառային հանգիստ է կազմակերպում: Մեր այցելության ժամանակ ճամբարը փակ էր: Ճամբարի ամբողջ տարածքը ցանկապատված է բարձր մետաղացանցերով:

«Արփինե» պիոներական ճամբար. Հայ առաքելական եկեղեցու և մասնավորի գույք

«Արփինե» պիոներական ճամբարը պատկանում էր Երևանի գունավոր տպագրության տպարանին և տեղակայված էր քարաշեն 5 մասնաշենքում: Հայաստանի անկախացումից հետո ճամբարի շենքերում փախստականներ են բնակվել, որից հետո շինություններից 4-ն անմխիթար վիճակում են: Ճամբարի գույքը 2 սեփականատեր ունի՝ մեկը Հայաստանյայց առաքելական եկեղեցին է, որը գույքը գնել է 1998 թ: Այն զբաղեցնում է 1.9 հա մակերես, մյուսը՝ քաղաղացի Արփինե Գևորգյանը, ձեռք է բերել 2004-ին, նրան պատկանող գույքը զբաղեցնում է 0.85 հա մակերես: Երկու դեպքում էլ գույքը գնվել է «Զվարթնոց» ԲԲԸ-ից:

Եկեղեցուն պատկանող մասնաշենքը բարեկարգ է, փոխված են պատուհանները, բակային տարածքում էլ սպորտով զբաղվելու համար խաղահրապարակներ են կահավորված: Տեղեկացանք, որ եկեղեցուն պատկանող տարածքում մի քանի տարի հանգրվանել են «Արի տուն» ծրագրով հանգստացող երեխաները: Մնացած ժամանակահատվածում ճամբարում հանգստանում են հոգևոր հովիվներն ու իրենց ընտանիքի անդամները:

«Արշալույս» պիոներական ճամբար. կիսաքանդ

Հայաստանի ներքին գործերի նախարարությանը պատկանած «Արշալույս» պիոներական ճամբարը տեղակայված էր 3 քարաշենք մասնաշենքերում: Այս ճամբարի տարածքում, ինչպես «Արփինե» ճամբարի դեպքում, փախստականներ են բնակվել, որից հետո շենք-շինությունները գտնվում են անմխիթար վիճակում: Ճամբարը գտնվում է Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակում և, որքան էլ տարօրինակ է, մինչ օրս տարածքը հյուրանոցի չի վերածվել:

Ճամբարը ՆԳ մինիստրության 1989 թ. հրամանի հիման վրա 2003 թ. գրանցվել է որպես «Դինամո» ՄՀԿ-ի սեփականություն: 2004 թ. ոստիկանությունը վաճառել է 1.6 հա տարածք զբաղեցնող ճամբարը ոմն Արտյոմ Հովհաննիսյանի, որն էլ իր հերթին է վաճառել գույքը Հրայր Ասլանյանին և Գայանե Արզումանյանին: Արտյոմ Հովհաննիսյանի գործընկերը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, մեզ հետ զրույցում պատմեց, որ իրականում այդ գույքը վաճառել են «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանին և ոմն Զավեն Հարությունյանի: Գույքը ձեռք բերելուց տարիներ անց երկուսն էլ մահացել են:  

«Սուսամբար» պիոներական ճամբար. մասնավորեցվել է, սակայն անմխիթար վիճակում է

«Սուսամբար» պիոներական ճամբարը պատկանել է Նուբարաշենի կարի արտադրական միավորմանը: Ճամբարը 2 քարաշեն մասնաշենք է ունեցել: Այս ճամբարի տարածքում նույնպես փախստականներ են բնակվել, որից հետո ճամբարի տարածքն անմխիթար վիճակում է: Ճամբարի գույքը մասնավորեցվել է 1997 թ., իսկ 1999 թ. գրանցվել է «Իգդիրիուս» ՍՊԸ-ի անունով: «Սուսամբար» ճամբարի ներկայիս շահագործողը «Իգդիրիուս» ՍՊԸ-ն է՝ «Նուբարաշենի տրիկոտաժի ֆաբրիկա» ՓԲԸ-ի «ՍՈՒՍԱՄԲԱՐ» պանսիոնատի իրավահաջորդը: Միակ բաժնետերը Էդուարդ Առաքելյանն է:

75-ամյա Իվետա Սարգսյանը երկար տարիներ դաստիարակ է աշխատել Ծաղկաձորի առողջարաններում, այնուհետև՝ ճամբարում: Նա հիշում է, թե որքան ուրախ էր անցնում ճամբարային կյանքը Ծաղկաձորում: 

Հետաքննության ընթացքում փորձեցինք պարզել, թե որքան գումարով են սեփականաշնորվել Ծաղկաձորի ճամբարները: Սակայն ո´չ Անշարժ գույքի կադաստրի կոմինեն, ո´չ Պետական գույքի կառավարման կոմիտեն չտրամադրեցին պետական գույք համարվող ճամբարների սեփականաշնորհման պայմանագրերը: Դրանք չեն հանրայնացվում: Սակայն Գագիկ Ծառուկյանի սեփականաշնորհած «Վ. Տերեշկովայի» անվան ճամբարի օրինակով կարելի է ենթադրել, որ դրանք չնչին գներով օտարվել են գերազանցապես պաշտոնյաներին ու նրանց հարազատներին:

Մեկնաբանություններ (1)

ԷՎԵԼԻՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Ձեր ցանկում բացակայում է ՆԱԻՐԻ ճամբարը, որտեղ ես հանգստացել եմ 1974 թվականին, այն պատկանում էր ճանապարհաշինարարության ոլորտի գերատեսչությանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter