HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Երկու տարի փորձաշրջան և 20 հազար դոլար տուգանք. Քեմալ Օքսուզը ԱՄՆ-ում մեղավոր է ճանաչվել

Թուրք գործարար և լոբբիստ Քեմալ Օքսուզը, ով 2018 թվականի օգոստոսին ձերբակալվել էր Հայաստանում, ապա արտահանձնվել ԱՄՆ-ին, ամերիկյան դաշնային դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել, սակայն դատարանի դահլիճից ազատ է արձակվել: Նրա նկատմամբ սահմանվել է 2 տարի փորձաշրջան, ինչպես նաև 20 հազար դոլար տուգանք: Այս մասին հաղորդում է Houston Chronicle-ը:

Ազգությամբ թուրք Քեմալ Օքսուզը, որ ԱՄՆ քաղաքացիություն ստանալուց հետո դարձել էր Քևին, ԱՄՆ-ում մեղադրվում էր փաստաթղթեր կեղծելու և Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագրեր տրամադրելու մեջ: Օքսուզը միջնորդի դեր էր ստանձնել Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) և 10 կոնգրեսականների միջև, որպեսզի կազմակերպվի վերջիններիս ուղևորությունը դեպի Բաքու՝ «ԱՄՆ-Ադրբեջան. ապագայի տեսլական» կոնֆերանսին: Բացի դրամական միջոցներից ԱՄՆ կոնգրեսականները ստացել են մի շարք թանկարժեք նվերներ՝ մետաքսե շարֆեր, թեյի բյուրեղապակյա բաժակներ, ադրբեջանական գորգեր և այլն: Այնուամենայնիվ, կոնգրեսականները վերադարձրել են իրենց փոխանցված գումարները և նվերները, քանի որ Էթիկայի հանձնաժողովին հաջողվել էր պարզել, որ նրանց բոլոր ծախսերը հոգացել է օտարերկրյա պետությունը, ինչը հակասում է ամերիկյան օրենսդրությանը:

Քեմալ Օքսուզին պատկանող երկու հասարակական կազմակերպությունների միջոցով SՕCAR-ը փոխանցել է կոնգրեսակաների ուղևորության համար նախատեսվող ծախսերի գումարը: Այս ամբողջ գործընթացի վերաբերյալ Օքսուզը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել Էթիկայի հանձնաժողովին՝ օժանդակելով ԱՄՆ կոնգրեսականների ուղևորության անօրինական ֆինանսավորմանը:

Դատական նիստի ընթացքում Քեմալ Օքսուզը ընդունել է իր մեղքը՝ ամբողջ պատասխանատվությունը վերցնելով իր վրա: Օքսուզը նշել է, որ ամաչում է իր արածների համար, և որ հիմա ծանր ժամանակներ են իր կյանքում: 

ԱՄՆ արդարադատության նախարարությունը պահանջում էր Քեմալ Օքսուզին դատապարտել մեկ տարվա ազատազրկման:

Քեմալ Օքսուզին ՀՀ ոստիկանությունը ձերբակալել էր 2018 թվականի օգոստոսի 29-ին: Թուրք լոբբիստը հասցրել էր ակտիվ գործունեություն ծավալել նաև Հայաստանում: Մասնավորապես, նա 2017 թվականին հիմնել էր «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը, որը զբաղվում էր տարատեսակ միջոցառումների կազմակերպմամբ: Գլխավոր դատախազությունից «Հետք»-ին հայտնել էին, որ Քեմալ Օքսուզի կողմից խոշոր չափերի հարկեր չվճարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությամբ զբաղվում էր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) քննչական վարչությունը: 2018-ի  նոյեմբերի 8-ին քրեական գործի վարույթը կարճվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով: 

ՀՀ դատազախությունը բավարարել էր Քեմալ Օքսուզին ամերիկյան կողմից հանձնելու վերաբերյալ միջնորդությունը: Արտահանձնման միջնորդություն էր ներկայացրել նաև Թուրքիայի դատախազությունը, քանի որ Օքսուզին կասկածում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ) համար աշխատելու մեջ: Սակայն ՀՀ դատախազությունը մերժել էր թուրքական կողմի միջնորդությունը, քանի որ այն ստացվել էր ամերիկյան կողմից ներկայացված միջնորդությունը բավարարելու որոշումից հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter