HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուրիշ հերոսներ

Եթե սերունդների միջեւ, մեծամասնության ու փոքրամասնության միջեւ, ուժեղի ու թվացյալ թույլի միջեւ բացակայում է երկխոսությունը, սկսվում է պայքարը հողմաղացների դեմ։ Եվ հակառակը՝ բավական է սկսես խոսել դիմացինիդ հետ, հասկանում ես, թե ինչքան նման եք իրար, նույնիսկ եթե առաջին հայացքից աչք են ծակում հե՛նց ձեր տաբերությունները։ Ու հանկարծ պարզ ընկալում ես, որ անկախ նրա ֆիզիկական ու մտավոր հատկանիշներից, անկախ սեռական ու գենդերային հակումներից, անկախ ազգային ու կրոնական պատկանելությունից եւ մնացած, իրականում ոչինչ չնշանակող, տարբերություններից, դուք՝ դու եւ նա, ունեք նմանատիպ վախեր ու երազանքներ, մանկության հիշողություններ ու սպասումներ ապագայից, երջանկության ու դժբախտության պատկերացումներ ու ձգտումներ, որոնք իրականացնելու համար ճիշտ կլիներ միավորել ուժերը՝ փոխանակ միմյանց գոյությունն ատելությամբ ու անհանդուրժողականությամբ թունավորելու։

Երազանքներ, որ «դատապարտված են» իրականություն դառնալ. Խանե Մահմուդյան

Ազգային փոքրամասնությո՞ւն։  Ինձ հաճախ են հարցնում՝ ինչպես եմ ինձ զգում որպես ազգային փոքրամասնություն, ու, եթե անկեղծ, չգիտեմ՝ ինչ պատասխանել։ Երբեք ինձ ուրիշ չեմ զգացել՝ լինի բնակավայրում, դպրոցում, համալսարանում, ընկերներիս շրջապատում:  Ես առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, Հայաստանում եմ ծնվել, սա իմ տունն է։ Այստեղ ես ինձ օտար չեմ զգում և որեւէ կերպ չեմ առանձնացնում Հայաստանի մյուս քաղաքացիներից, իմ հայ ընկերներից: Չնայած դրան` զուգահեռ նաեւ գիտակցում եմ, որ եզդի եմ, եւ որ մի շարք տարբերություններ կան հայերի ու մեր միջեւ՝ սկսած լեզվից մինչև սովորույթներ։

Պռոշյանում եմ ծնվել, որ Երեւանից քիչ է հեռու եւ իմ կապը Երեւանի հետ ամենօրյա է։ 90-ականներին բավականին շատ եզդի ընտանիքներ էին ապրում մեզ մոտ, բայց վերջին շրջանում գնալով քչացան՝ արտագաղթեցին։ Հիմնականում Ռուսաստանի Դաշնություն։ Հիմա մոտ երեսուներկու տուն ենք մնացել, բայց իրար հետ կապը մշտապես պահում ենք։

Գիտե՞ս, երբ համալսարանում սովորում էի, միշտ զգում էի, որ հայերն անգամ իրենց մեջ առանձնացնում են շերտեր ու խտրականացնում, այլ կերպ են վերաբերվում։ Օրինակ՝ գյումրեցիներին այնքան էլ չեն սիրում։ Ու ես միշտ մտածել եմ, եթե իրենք իրար այսպես չեն սիրում, ո՞նց կարող են ուրիշին սիրել։ Կամ հիմա, երբ իրանցիներն ու հնդիկները շատացել են Հայաստանում, ինձ համար դա նորմալ է, որովհետեւ միշտ սովորելու ընթացքում շփվել եմ իրենց հետ։ Մեր ամբիոն շատ հյուրեր էին գալիս Իրանից, բայց երբ որ հանդիպումն ավարտվում էր ու դուրս էինք  գալիս, լինում էր, որ հայերը նրանց մասին այլ կերպ էին արտահայտվում։ Մի դեպք էլ հիշեցի ուսանողական ժամանակներից. բժշկականի մոտ մի ցայտաղբյուր կար, որից մի հնդիկ ուսանող ջուր խմեց, իսկ կողքից անցնող հայ տղաները բարձրաձայն ասացին՝ վերջ, մենք էլ այստեղից ջուր չենք խմի, վարակված է։ Մտածեցի՝ տեսնես իրենց դուր կգա՞, որ իրենց էլ այդպես վերաբերվեն, երբ այլ երկիր են գնում։ Ինձ հետ չի պատահել սա, ճիշտ է, բայց անգամ, երբ ընդամենը ականատես ես լինում նման դեպքերի, դրանք քեզ մոտ նստվածք են թողնում։ Բարեբախտաբար, բոլոր հայերը չեն այդպիսին։ Դե, գուցե դաստիարակության բաց է, կենցաղից է, չգիտեմ՝ ինչի հետ է կապված։

Khane Mahmudyan.JPG (2.00 MB)

Այո՛, Երեւանի պետական համալսարանում եմ սովորել։ Իրանագիտության բաժնում։ Տարածված համոզմունքը, որ եզդիների մոտ ընդունված է, որ աղջիկները չպիտի սովորեն, պիտի շուտ ամուսնանան, շատ երեխաներ ունենան, իրականում ոչ թե ավանդույթ է կամ օրենք, այլ պարզապես կենցաղ։ Մեր ընտանիքում երբեք չի եղել այդ խնդիրը: Ուսման հարցում մեզ միշտ մոտիվացրել են, երբեք չեն արգելել: Կրթություն ստանալը մեր տանը միշտ խրախուսվել է: Ու դրան զուգահեռ  մեր ընտանիքը բավականին ավանդապաշտ է, խիստ պահպանում ենք մեր բոլոր ավանդույթները:

Մի երկու տարի կլինի, որ ավարտել եմ։ Սկզբում ուսմանը զուգահեռ ուսուցչուհի էի աշխատում դպրոցում, երեխաներին եզդիերեն էի դասավանդում, բայց մանկավարժի գործունեությունն իմը չէ, դուրս եկա, ու հիմա մասնագիտությամբ գործ եմ փնտրում։ Պատահում են թարգմանություններ, կարճաժամկետ աշխատանքներ, որ անում եմ, բայց դեռ մշտական աշխատանք չունեմ։ Տարիներ առաջ մտածում էի հեռուստահաղորդավարի մասնագիտության մասին։  Շարունակում եմ սիրել այդ մասնագիտությունը:

Երբ իմանում են, որ եզդի եմ, չգիտես ինչու զարմացած ասում են՝ իսկապե՞ս, ընդհանրապես նման չես և այլն, և հարցերի շարան է տեղում ինչպե՞ս է, որ սովորում ես, որ տարբեր ես քո մտածողությամբ և այլն: Հիմա որ խորը մտածում եմ, դա էլ ինչ-որ տեղ խտրականության նման մի բան է, երբ քեզ ասում են, որ եզդու նման չես՝ մտածելով, թե դրանով քեզ հաճոյախոսություն են անում։ Ես իմ ու իմ շատ եզդի ընկերների օրինակով մշտապես փորձել եմ բոլորին ցույց տալ, որ եզդի ասելով չպետք է միանգամից հասկանալ կրթություն չունեցող կանայք, վաղ ամուսնություններ և մի շարք այլ կարծրատիպեր:

Ինձ շատ են հարցնում՝ կամուսնանա՞մ հայի հետ։ Երբեք նման բան չի կարող լինել: Ե՛վ արգելքի, և՛ համոզմունքներիս պատճառով: Իմ ենթագիտակցության մեջ միշտ դրված է եղել (հավանաբար ինքս էլ դրել եմ), որ ես պիտի ամուսնանամ եզդի տղայի հետ։ Պատահել է, որ խոսել ենք, եւ շոշափվել է այն թեման, որ եզդին պետք է ամուսնանա եզդիի հետ: Եղել են ծանոթներ, որ որոշել են հայի հետ ամուսնանալ։ Ըստ օրենքի` այդ դեպքում այդ երիտասարդին համայնքից վտարում են, այսինքն` ինքն էլ եզդի չի համարվում։ Բայց հիմա այդքան խիստ չէ ամեն ինչ, ինչքան անցյալում։ Եզդիները Միջագետքի այն եզակի ժողովուրդերից են, որոնք ունեն իրենց յուրօրիակ մշակույթը և կրոնը, որ պահպանում են հազարամյակներ։ Եզդիների մոտ ինքնության հիմնական դրույթը յուրահատուկ կրոնն է, որը պետք է պահպանել առաջին հերթին համայնքի ներսում ամուսնությամբ: Մեր կրոնն էլ ունի իր դոգմաները, ըստ որոնց՝ եզդին ծնվում է եզդի՝ միայն եզդի հորից եւ մորից, և, հետևաբար, արգելվում է եզդիի ամուսնությունը այլադավանի հետ։ Մեր կրոնը համարվում է Շարֆադինը, որ բառացի նշանակում է Պատիվ կրոնին։ Մեր պատմական հայրենիքում՝ Իրաքում եզդիների գլխավոր սրբավայրն է, ուր մշտապես այցելում են եզդիներ աշխարհի տարբեր ծայրերից։

Մենք քիչ ենք, ճիշտ է։ Հայաստանում վերջին տվյալներով մոտ 35 հազար եզդի է բնակվում։ Հասկանում եմ, որ  ժամանակի ընթացքում անգամ հեռու բարեկամներն են իրար մեջ ամուսնանում, ինչը կարող է բերել որոշակի անցանկալի երեւույթների՝ արդյունքում կարող են ոչ առողջ երեխաներ ծնվել։ Ես ինքս դրան լավ չեմ վերաբերվում, քանի որ այս դեպքում գենետիկան արդեն կարող է խարխլվել։ Սակայն պատկերացնենք հարցի մյուս կողմը. եթե որոշենք, որ այլազգիների հետ ամուսնանալը որեւէ կերպ չի արգելվում, ժամանակի ընթացքում, ենթադրենք մի տասը տարի հետո, քսան տարի հետո, մեծամասամբ մաքուր եզդիներ չեն մնա։ Ի՞նչ կլինի այդ դեպքում։ Ի դեպ, եզդիների թիվը Հայաստանում գնալով նվազում է, բայց ոչ թե ձուլման, այլ արտագաղթի հետեւանքով։ Անցյալ մարդահամարի արդյունքներով մոտ 60 հազար ենք եղել, այս անգամ երեսուն հազարից մի քիչ ավելի ենք։  

Երբեմն ինձ հարցնում են՝ ճի՞շտ է, որ եզդիները բարձ են պաշտում։ Նման բան չկա։ Դա իրար վրա դարսած անկողին է, որը «ստեռ» են անվանում։ Այն պիտի լինի յուրաքանչյուր եզդիի տանը։ Պիրա Ստեռը ծեր կին է, որը հոգ է տանում ընտանիքի բարօրության համար եւ ապրում է անկողնու ծալքերում։ Գիշերը անկողնու եզրը մի կողմ են տանում, որ տատիկը դուրս գա ու ազատ շրջի տանը, իսկ առավոտյան ծածկում են։ Ստեռը կոչում են նաև խուդան կամ խուդանե մալե (տան տիրակալ, հովանավոր): Ցանկացած եզդի, երբ մտնում է որեւէ սենյակ, որտեղ «ստեռ» կա, պարտավոր է երեք անգամ խոնարհվել ու համբուրել այն։

Khane-1.jpg (207 KB)

Լսել եմ նաեւ, որ եզդիներին համարում են սատանայապաշտ։ Մենք՝ լինելով փակ համայնք, աշխատում ենք մեր կրոնական հավատալիքները չփոխանցել այլադավաններին, ինչի համար էլ նրանց կողմից երբեմն բնորոշվում ենք որպես «անհավատներ», «սատանայապաշտներ»։  

Հայաստանից գնալու մասին չեմ մտածել։ Քույրիկս, որ ընտանիքով Ֆրանսիայում է ապրում արդեն մոտ տասը տարի, միշտ հրավիրում է, բայց ես չեմ ուզում գնալ։ Համոզված եմ, որ եթե անգամ գնամ-տեսնեմ, չեմ ցանկանա ընդմիշտ մնալ եւ իմ առջեւ դրված լինի խնդիր, որ չկարողանամ տասը տարի գալ Հայաստան։ Չեմ ուզում այդպես։ Ես ինձ լավ գիտեմ, ու ինձ թվում է, ավելի շուտ` ես վստահ եմ, որ ուզում եմ Հայաստանում ապրել։ Ապրելու առումով Հայաստանը լավ երկիր է, պարզապես պետք է միջոցներդ հերիքեն։ Չեմ ուզում դրսում ապրել։ Եթե ուզեի, հաստատ վաղուց գնացած կլինեի։

Մայրս ու հայրս բարձրագույն կրթություն չունեն, բայց ես ու ավագ քույրս սովորել ենք։ Միջնեկը դիզայներական կուրսեր է անցել, դպրոցում շատ լավ էր սովորում, բայց ԲՈՒՀ չգնաց։ Հիմա երկու քույրիկներս էլ չեն աշխատում, վերջերս երկուսն էլ երեխա են ունեցել։ Ի դեպ, դա էլ է կարծրատիպ, թե եզդիները շատ երեխաներ են ունենում։ Հիմա արդեն երկու- երեք երեխա են ունենում, ո՛չ ավել։ Հնում հայերն էլ են, չէ՞, շատ երեխաներ ունեցել, իսկ հիմա՝ ո՛չ։ Նույն կերպ էլ՝ եզդիները։ Պարտադրանք չկա, որ ազգը շատացնելու համար պիտի շատ երեխաներ ունենաս։ Եթե պիտի երեխա ունենաս ու չկարողանաս նորմալ ապահովել, ի՞նչ իմաստ ունի։ Քույրիկներս հիմա յուրաքանչյուրը երեք երեխա ունի՝ երկու աղջիկ, մի տղա։

Աշխարհում եզդիները երեք միլիոն են, որոնց մեծ մասը Իրաքում է ապրում։ Իհարկե, 2014թ. ցեղասպանությունից հետո Իրաքում էլ մեր թիվը նվազեց։ Ինձ թվում է՝ որտեղ ծնվում ես, այնտեղ էլ քո տունն է։ Բայց, իհարկե, քո ազգի ավանդույթները պահելով։ Մի հետաքրքիր բան ասեմ՝ Ֆրանսիայում ապրող քույրիկիս երեխաները ավելի լավ են պահում իրենց ազգությունը, ինքնությունը, շատ ավելի լավ գիտեն մեր լեզուն։ Ինձ թվում է՝ երբ թվաքանակով քիչ ես, միշտ ավելի սերտ ես կապված լինում քո ազգակիցների հետ, ավելի խիստ ես ստիպված լինում պահել քո ավանդույթները, քան երբ համեմատաբար շատ եք։ Սա ինձ համար ակնհայտ է. քույրիկիս երեխաները արդեն գիտեն՝ իրենց ինչն է կարելի, ինչը՝ ոչ, չնայած ընդամենը յոթ եւ տասը տարեկան են։

Տանը եզդիերեն ենք խոսում։ Դրանով երեխաներն ավելի են մոտենում արմատներին։ Ես մանկուց հիշում եմ, որ պապիկս միշտ ասում էր՝ դրսում ինչքան կուզեք ձեր ընկերների հետ խոսեք հայերեն, բայց տանը պարտադիր իրար հետ եզդիերեն խոսեք։ Հիմա եմ հասկանում, թե ինչքան ճիշտ էր ինքը, որովհետեւ եթե այդ ամենը չլիներ, ես ու իմ սերնդակիցներն էլ չէինք իմանա լեզուն։ Բայց ֆեյսբուքում նամակներ գրելիս եզդիերեն չենք գրում։ Մենք եզդիերեն չենք անցել, բայց ինքս մեկ տարի եզդիերեն եմ դասավանդել դպրոցում։ Դուրս եկա, որովհետեւ դասերիս հետ չէր հարմարվում։ Բացի այդ՝ երբեք մանկավարժի աշխատանքը ինձ չի գրավել, իմը չէ՛։ Հիմա շատ համայնքներ կան, որտեղ եզդիերեն դասավանդվում է։ Մի քիչ դասավանդելու մեթոդից էլ է կախված, որ երեխաները սիրեն իրենց լեզուն։ Ես ուզում եմ, որ տանը, իմ ընտանիքում խոսենք եզդիերեն, ուզում եմ, որ մեր բոլոր ավանդույթները պահպանենք, բոլոր տոներին մասնակցենք՝ ծոմերը պահելով, լրիվ առանց սննդի՝ մինչեւ արեւամուտ, ուզում եմ այդ ամենը պահպանենք։

Մասնագիտությանս առումով որոշումս կանգ առավ իրանագիտության վրա, քանի որ եզդիերենն էլ է համարվում իրանական լեզվաընտանիքի լեզու։ Ինձ անգամ առաջարկեցին, որ ասպիրանտուրա գնամ, բայց չցանկացա։ Ազատ ժամանակ ընթերցանությամբ եմ զբաղվում։ Հայ գրողներից Չարենցին եմ սիրում։ Բայց հիմա ավելի շատ եզդիերեն եմ կարդում, հատկապես տոների հետ կապված գրքեր, ուսումնասիրում եմ, թեման սկսել է հետաքրքրել, քանի որ թեզս այդ թեմայով էր ու դեռ շարունակում եմ ինձ համար բացահայտումներ անել։ Երաժշտություն եմ լսում։  

Եզդիական հարսանիքների մասին են տարօրինակ պատմություններ շրջում։ Որ փեսացուն խնձորով հարվածում է հարսնացուի գլխին։ Իհարկե, այդպես չէ։ Դուք որ ժամանակակից եզդիական հարսանիքի մասնակցեք, ինքներդ կհամոզվեք։ Ավանդությունը պատմում է, որ հնում, երբ տղան աղջիկ է հավանել, խնձոր է գլորել այդ աղջկա տան ուղղությամբ։ Իսկ հարսանիքի օրը տղան այդ խնձորը նետում է աղջկա ուղղությամբ, որ ցույց տա իր ընտրյալին բազմության միջից։

Մեր պատմական հայրենիքը Իրաքն է, ու այնտեղ հիմա ամենամեծ եզդիական համայնքն է ձեւավորված։ Շատ եզդիներ երազում են գնալ, այնտեղ ապրել։ Ժողովրդական հեքիաթներ ունենք, կարծեմ վերջերս մի գրքում հավաքեցին։ Իմ հորաքույրն, օրինակ, հայտնի ժամանակակից բանաստեղծուհի է, մի քանի գիրք ունի գրած։ Գրի է առել պապիկներիս, մեծ պապիկներիս պատմածները, երգերը, օրորոցայինները, հեքիաթները։ Նաեւ բանաստեղծություններ է գրում։ Եզդիերենով։  

Վաղ ամուսնությունների վերաբերյալ եւս իրավիճակ է փոխվել։ Մենք տարին տարվա վրա ենք զգում այդ փոփոխությունները։ Ինձ թվում է՝ համայնքից, ընտանիքից, օրինակներով են առաջնորդվել նախկինում. օրինակ, տեսել են, որ հարեւանը իր աղջկան շուտ է ամուսնացրել ու որոշել են, որ իրենք էլ շուտ ամուսնացնեն։ Հիմա տեսնում են, որ հարեւանը աղջկան կրթության է տալիս ու որոշում են, որ ճիշտ կլինի՝ իրենք էլ այդպես վարվեն։ Բայց կա նաեւ այսպիսի մի բան երբ տեսնում են, օրինակ, որ հարազատը, հարեւանը աղջկան կրթության է տալիս, դրան նորմալ են վերաբերվում, իսկ երբ բանը գալիս-հասնում է սեփական երեխային, արդեն սկսում են կասկածել՝ արժե՞, թե՞ ոչ։ Ես ճանաչում եմ այդպիսի ընտանիքներ. հիշում եմ, որ տասնչորս տարեկանում ամուսնացրին իրենց աղջկան, քանի որ կարծում էին, որ դա հնուց եկած ավանդույթ է։ Բայց նման ավանդույթ գոյություն չունի։ Ես ինքս եմ որոշել՝ ինչն է ինձ պետք եւ ինչը՝ ոչ։ Գուցե մտածում են, որ եզդի աղջիկը սովորի, շատ բան կհասկանա, բայց կարծում եմ, որ աղջիկն ինքը պիտի գիտակցի իր ազատության չափը։ Մեր ազգակիցները, այո՛, խիստ ավանդապաշտ են վարքի, բարոյականության տեսանկյունից։  

Khane.JPG (108 KB)

Երբ ես առաջին կուրսում էի սովորում, միայն ես էի եզդի ուսանողուհի եւ սկզբում ուսանող տղաների հետ էինք փորձում հասարակական գործունեություն ծավալել։ Իսկ երբ քույրս էր սովորում (ինքն ինձանից ընդամենը չորս տարով է մեծ), այդ ժամանակ ընդհանրապես այդպիսի բան չկար: Դրա համար եմ ասում, որ մենք տարին տարվա վրա զգում ենք փոփոխությունները։

Գիտե՞ք՝ ինչ հետաքրքիր սովորություններ ունենք։ Մեր բոլոր տոների ժամանակ առաջին հերթին այցելում ենք գերեզմաններ։ Քանի որ համարում ենք, որ տոները ոչ միայն ողջերինն են, այլեւ հանգուցյալներինը։ Իրար շնորհավորելիս էլ ասում ենք. «Շնորհավոր հանգուցյալների ու ողջերի տոնը»՝ միշտ առաջինը հանգուցյալներին նշելով։ Առհասարակ մենք լրիվ այլ կերպ ենք վերաբերվում հանգուցյալներին։ Տոն օրերին հանգուցյալների պատվին հոգեհաց ենք տալիս, որ կոչվում է «նանե մրիա»: Տոն օրերին նաև «Խեր» ենք հանում: «Խեր»-ը մի քանի նշանակություն ունի, մեկը՝ «անշահախնդիր լավությունն» է: Տոներից առաջ ծոմ ենք պահում։ Դա էլ ձեւական չէ, այլ իսկապես ինքնամաքրվում ենք դրա միջոցով՝ աշխատում ենք այդ օրերին միայն լավ բաների մասին մտածել, չհայհոյել, չենք լողանում, չենք սափրվում։

Աշխարհի եզդիները բաժանվում են երեք կաստաների՝ շեխեր, փիրեր եւ մրիդներ։ Առաջին երկուսը հոգեւորական կաստաներ են, երրորդը՝ աշխարհիկ։ Այս կաստաների միջեւ ամուսնությունները կրոնով արգելված են։ Շեխերի մեջ էլ ենթակաստաներ կան, որոնց անգամ իրար մեջ ամուսնանալ չի թույլատրվում։ Դա ներկայումս էլ շատ խիստ պահպանվում է։ Ամեն ընտանիք ունի է իր հոգեւորական ընտանիքը։ Մի խոսքով մեր սովորույթներն ու կանոնները բավականին բարդ ու հետաքրքիր աշխարհ են։ Ինձ միշտ հետաքրքրել է այդ ամենը։ Ա՛յ այդ ավանդույթներն եմ ցանկանում պահպանել իմ ապագա ընտանիքում։

Առաջ ամեն ինչ մի քիչ ավելի գունավոր էի պատկերացնում։ Օրինակ, երբ տասնութ տարեկան էի, մտածում էի, որ քսանհինգ տարեկանում ամեն ինչի հասած կլինեմ՝ կունենամ մասնագիտությամբ աշխատանք, ընտանիք։ Հիմա էլ ունեմ շատ նպատակներ, որոնց ձգտում եմ, որոնց անպայման պիտի հասնեմ։ Շարունակում եմ հավատալ, որ հաջողելու եմ, ու ամեն ինչ լավ է լինելու։ Երեւի դա է պատճառը, որ Հայաստանից գնալու մասին դեռ չեմ մտածում։    

Ռուզաննա Ազիզյան, Ստելլա Գեւորգյան

«Խտրականության դեմ պայքարի եւ հանուն հավասարության կոալիցիա» ՀԿ

Լուսանկարներում Խանե Մահմուդյանն է

Այս շարքում տե՛ս նաեւ Առաջ նայելու քաջությունըԵրջանկության եւ ցավի արանքում

Քանի դեռ ամեն ինչ լավ չէ, ուրեմն դեռ վերջը չէ, Իրականության եւ երեւակայության խախուտ սահմանը

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter