
Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի նկատմամբ ընտրված կալանքի որոշումը մնացել է անփոփոխ
Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, հրապարկել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի (հայտնի է որպես Լևոն Սարգսյան) խափանման միջոցի գործով դատական ակտ, ըստ որի՝ Սարգսյանի նկատմամբ ընտրված կալանավորման որոշումը մնացել է օրինական ուժի մեջ:
Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից` միաժամանակ նշելով, որ դատարանը մերժել է մեղադրանքներից մեկով խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման դեմ Դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը: Մեր հարցին՝ արդյոք այդ մասով վճռաբեկ բողոք ներկայացվելու է, դատախազությունից ասացին, որ որոշում կկայացվի դատական ակտի հիմքերին ծանոթանալուց հետո: Դատախազությունը դատական ակտի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնում:
Ավելի վաղ գրել էինք որ Վերաքննիչ դատարանում Լյովա Սարգսյանի խափանման միջոցի գործով բողոք են տարել և՛ դատախազությունը, և՛ պաշտպանական կողմը. առաջին ատյանի դատարանը, քննելով Սարգսյանի խափանման միջոցի հարցը, հիմնավոր է համարել նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը, սակայն նրան առաջադրված մեղադրանքներից մեկով կալանք խափանման միջոցի կիրառման պայմանի առկայության խնդիր է տեսել:
Մեզ հայտնի է դարձել, որ «կալանքի խափանման միջոցի կիրառման պայմանի առկայության նկատմամբ խնդիրն» այն է, որ ըստ առաջին ատյանի դատարանի՝ Լյովա Սարգսյանին մեղսագրվող հոդվածներից մեկի դեպքում առկա չէ հիմնավոր կասկած առ այն, որ նա կատարել է իրեն վերագրող արարքը: Այս մասով է, որ դատախազությունը բողոք էր ներկայացրել: Նկատի ունենալով, որ Դատախազության բողոքը մերժվել է, ստացվում է, որ Վերաքննիչ քրեական դատարանը ևս գտել է, որ Սարգսյանին վերագրվող արարքներից մեկում առկա չէ հիմնավոր կասկած:
Նշենք, որ Լյովա Սարգսյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ: Դատարաններն ամռանից քննում են նրա խափանման միջոցի հարցը:
Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ քրեական գործը հարուցվել է Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում, փոխանցվել Հատուկ քննչական ծառայության վարույթ: Այս գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Սարգսյանի որդին և դուստրը` Նարեկ և Անի Սարգսյանները:
Ըստ ՀՔԾ-ի կողմից տարածված հաղորդագրության՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Սարգսյանի և քրոջ՝ Անի Սարգսյանի անվամբ 2017թ.-ի 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր:
Քննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանն ու վերջինիս դուստրը 2017թ.-ի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները և թաքցրել են դրանք, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են:
Պարզվել է նաև, որ Նարեկ Սարգսյանը նույնպես թաքցրել է հայտարարագրման ենթակա գույքը: 2017թ.-ի հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջինս նույնպես ապօրինի հարստացել է»:
Սարգսյանի նկատմամբ այս գործի շրջանակներում հայտարարվել է հետախուզում ու առաջին ատյանի դատարանը հուլիսի 7-ին նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Այդ ժամանակահատվածից առ այսօր, փաստորեն, քննվում են խափանման միջոցի վերաբերյալ բողոքներ:
Մասնավորապես՝ Սարգսյանի նկատմամբ կալանքը խափանմմանբ միջոց ընտրելու վերաբերյալ հուլիսի 7-ի որոշումը Սարգսյանի պաշտպանական կողմը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, որտեղ գործը բեկանվել ու ուղարկվել է առաջին ատյան՝ նոր քննության:
Առաջին ատյանի դատարանը նորից հիմնավոր է համարել Սարգսյանի կալանքը, սակայն, ինչպես արդեն նշեցինք, կալանքի պայմանի հետ կապված խնդիր տեսել, և այս դատական ակտը նորից բողոքարվել է Վերաքննիչ դատարանում: Առաջին ատյանի այս դատական ակտի դեմ տարված բողոքներն են, որ Վերաքննիչ դատարանում դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ քննվել են:
Նշենք, որ Լյովա Սարգսյանը մինչև այժմ գտնվում է հետախուզման մեջ: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ նրա գտնվելու վայրը, անգամ հասցեն իրավապահներին հայտնի է, սակայն նրան Հայաստան բերելու կապակցությամբ դժվարություններ կան:
Մեկնաբանել