HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Սու-25»-ի աղետի գործով հայտնի են մի շարք մանրամասներ

2018-ի դեկտեմբերի 4-ին ուսումնամարզական թռիչքի ժամանակ Շիրակի մարզի Քարաբերդ բնակավայրի մոտ կործանված «Սու-25ՈւԲԿ» ինքնաթիռի գործով նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է:

Այս մասին «Հետքը» տեղեկացել է ՀՀ քննչական կոմիտեից, որի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում քննվում է ՔՕ 378 հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը: Ըստ այդմ՝ «ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման այլ կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով»:

Հիշեցնենք, որ ավիաաղետի հետեւանքով զոհվել են առաջին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Բաբայանն ու երրորդ կարգի օդաչու, մայոր Մովսես Մանուկյանը:   

Մի քանի փորձաքննությունների արդյունքներ հայտնի են

Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նաիրա Հարությունյանը «Հետքին» հայտնել է, որ նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատանյութագիտական, դատաձայնագրային փորձաքննություններ, ավիաինժեներատեխնիկական հանձնաժողովային փորձաքննություն, դատանյութագիտական եւ հրդեհատեխնիկական համալիր փորձաքննություն:

Նշանակված փորձաքննությունների մի մասի եզրակացությունները դեռեւս չեն ստացվել:

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերված մարմնի մասերով նշանակված դատագենետիկական փորձաքննությամբ հաստատվել է դրանց պատկանելությունը նշված ինքնաթիռի օդաչուներ Արմեն Բաբայանին եւ Մովսես Մանուկյանին:

Թռիչքից առաջ՝ նախաթռիչքային սպասարկման ժամանակ, վառելիքի մաքրությունը ստուգելու նպատակով վերցվել է փորձանմուշ, որը նույն օրն առգրավվել է: Առգրավված վառելիքի նմուշով նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության մասնագետներից նշանակված փորձագետներին: Ստացված եզրակացության համաձայն՝ նմուշի փորձաքննությամբ պարզվել է, որ այն սառեցման ջերմաստիճանի, մեխանիկական խառնուկների եւ ջրի, մասազատիչ կազմի, բռնկման ջերմաստիճանի, ընդհանուր ծծմբի զանգվածային բաժնի եւ խտության ցուցանիշներով համապատասխանում է ռեակտիվ շարժիչի վառելիքին ներկայացվող պահանջներին:

Նույն վառելիքի նմուշով եւ դեպքի վայրի 4 հատվածներից վերցված հողի նմուշներով նշանակված դատանյութագիտական եւ հրդեհատեխնիկական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ թվով 3 հատվածներից վերցված հողի նմուշներում հայտնաբերվել են բաց նավթամթերքներին բնորոշ պիկեր: Հետազոտության ներկայացված նավթամթերքը եւ հողերում առկա նավթամթերքի հետքերն ունեն ընդհանուր սեռային պատկանելություն:

Վթարի ենթարկվածը 30 տարվա օդանավ էր

Համացանցային աղբյուրների համաձայն՝ հայկական օդուժում մինչեւ այս աղետն ընդամենը 2 հատ «Սու-25ՈւԲԿ» կար, որոնցից մեկը գնվել էր Սլովակիայից: Ըստ aviation-safety.net մասնագիտացված կայքի ոչ պաշտոնական տվյալների՝ աղետի ենթարկվածը հենց Սլովակիայից ձեռք բերված բորտն էր: Այս գործարքի մասին արդեն գրել ենք: Համաձայն Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI)՝ 2004 թ. հոկտեմբեր-նոյեմբերին Հայաստանը Սլովակիայից ձեռք էր բերել 10 հատ օգտագործված «Սու-25Կ», այդ թվում՝ 1 հատ «Սու-25ՈւԲԿ»:

Ըստ համացանցի բաց աղբյուրների՝ այս ուսումնամարտական «Սու-25ՈւԲԿ»-ն արտադրվել էր Ուլան-Ուդեի ավիացիոն գործարանում 1988-ին: Այնուհետ առաքվել էր Չեխոսլովակիա՝ մտնելով դրա օդուժի կազմի մեջ:

3237.jpg (901 KB)

Բելգիայում (1991 թ., հեղ.՝ Պաուլ Շելեր)

1993-ին, երբ Սլովակիան ու Չեխիան առանձնացել էին, ինքնաթիռը դարձել էր Սլովակիայի ռազմաօդային ուժերի բաղկացուցիչ՝ այդպիսին մնալով մինչեւ 2001 թ.: Եվրոպական երկիրը մինչեւ 2002-ի դեկտեմբեր ամբողջությամբ հրաժարվել էր «Սու-25»-երից, որոնցից 10-ը 2004-ին վաճառեց Հայաստանին: Օդանավերի տեղափոխման համար օգտագործվել էին «Ան-22» եւ «Ան-124» բեռնափոխադրողները: «Սու-25ՈւԲԿ»-ն մեր երկիր էր բերվել 2004-ի հոկտեմբերի 30-ին:

3237-1.jpg (373 KB)

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում՝ դեռեւս Սլովակիայի օդուժի տարբերանշաններով (2005 թ.)

Սլովակիայի օդուժում 3237 համարի տակ շահագործված ինքնաթիռը հայկական բանակում, ըստ ամենայնի, ստացել էր 80 համարը (ՀՀ ՌՕՈւ-ի նմանատիպ մյուս ինքնաթիռի կողային համարը 70 է):

172412.jpg (867 KB)

«Էրեբունի» օդանավակայանում (16.07.2008, հեղ.՝ Անդրեյ Սավելեւ)

Օդանավը Չեխոսլովակային ծառայել է 5 տարի, Սլովակիային՝ 8 տարի, Հայաստանին՝ 14 տարի:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter