
Ապամոնտաժման աշխատանքները վերսկսվեցին. սրճարանների աշխատակիցները փակել են Մաշտոցի պողոտան
Երևանի քաղաքապետարանն Օպերայի հարակից տարածքում այսօր վերսկսել է նախօրեին կիսատ թողած՝ սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, ի պատասխան դրա՝ սրճարանի աշխատակիցները փակել են Մաշտոցի պողոտան, ոստիկանները փորձում են քաղաքացիներին տանել ճանապարհից և բացել փողոցը: Ոստիկանների և սրճարանների աշխատակիցների միջև քաշքշուկ է սկսվել: Տարածքում է նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանը երեկ էր սկսել ապամոնտաժման գործընթացը, սակայն սրճարանատերերը և աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ թույլ չտալով կատարել ապամոնտաժումը: Բանակցությունների արդյունքում որոշվեց սրճարանատերերի հետ հարցը քննարկել քաղաքապետարանում: Քննարկման ավարտից հետո Վիկտոր Մնացականյանը հայտնեց, որ ինքը ապամոնտաժմանն այլընտրանք չի տեսնում, սակայն որոշում կայացնողը քաղաքապետն է:
Առաջին փուլով նախատեսվում է ապամոնտաժել «Ջազվե», «Ատլանտիկ», «Շոկոլադնիցա», «Ռիչ» և «Մոնտալ» սրճարանները: Նշված հատվածներում քաղաքապետարանը կանաչապատում է իրականացնելու, իսկ հաջորդ տարի բաց մրցույթ է հայտարարվելու:
Մեկնաբանել