HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Գագիկ Ղազարէն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու․ նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում ՆՓԱԿ-ի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Գագիկ Ղազարէն է։

Գագիկ Ղազարէն՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Կրակն ես գցում մարդուն, Անուշ․․․ Չի՞ լինի շրջանցենք այս հատվածը։

(դադար տասը րոպե)

Ուրիշ տեղեր ես գնում, շատ բան խառնվում է իրար։

Ես կգրեմ, որ մեծ դադար եղավ, ու մեկումեջ քմծիծաղում ես, բայց դեռ բան չես ասում։

(դադար մոտ հինգ րոպե)

Ինքն ի վերջո երեւի այն նույն ինը տարեկան տղան է, որը զարմանում էր մայիսմեկյան տոնախմբությունից, երբ հրապարակները հանկարծ լցվում էին կարմիր դրոշներով, ինչ-որ անսպասելի աղաղակով, գունավորումներով, բոլորի տներից եկող նույն ձայներով, Կրեմլի ձայներով․․․ Բամ-բառա-բամ-բամ։

Ինքը տատի հետ «սրբի դուռը» գնացող, աքլորին մատաղի տանող տղան էր, որը շատ բան չէր հասկանում կատարվածից, բայց ընթացքի մեջ էր։ Այն տղան էր, որ ընկերների հետ շիշ էր հավաքում, հանձնում ու այդ գումարով կինո գնում (ծիծաղում է)։

Գիտե՞ս՝ արդեն փաստ է, որ չի փոխվելու։

Այդկերպ հեշտորեն հաղորդակցվում է իր երեխայի հետ, ով ունի նույն հետաքրքրությունները։ Ինչ-որ կարեւոր բան կա իր եւ երեխայի տարիքային տարբերության, բայց նույնության մեջ, որը չի ձեւակերպվում, կամ իրականում չի էլ ուզում ձեւակերպի, որովհետեւ դա նախ զգացողություն է, որը փրկում է մեծանալուց, «հոպար» չի դարձնում իրեն։ Այդպես կարող ես պուճուրիցդ խռովել այնպես, ինչպես ինքը՝ քեզնից։ Այդպես կարող ես պուճուրիդ հետ ապշել՝ բացահայտելով ինչ-որ բաներ, որոնք ինքն էլ է նոր բացահայտում։

Այս կերպը թեթեւացնում, հեշտացնում է կյանքը, որովհետեւ նման դիրքերում, նման նույնության մեջ չկա շահը, ամբիցիան, ագրեսիան․ կա ունեցածի վայելելու պահը։

Այդպես ինքը դեռ չի հասցրել դառնալ ուրիշը․․․

Ինքնակենսագրությանդ մեջ այսպիսի մի նշում կա․ «1990-95 թվականներին, սովետական կայսրության փլուզմանը համընթաց, սովորել է Մանկավարժական ինստիտուտի Կուլտուրայի ֆակուլտետի Կինոռեժիսուրայի ամբիոնում»։

Այս միջանկյալ՝ «սովետական կայսրության փլուզմանը համընթաց» նշումը ոնց որ թե կարեւոր հաղորդագրության պես մտել է կենսագրական փուլի մի հատվածի մեջ․․․

Իմ սերնդի հասցեականությունն է այդ տողի մեջ, պատկանելիության նշում է։

Հա, իսկապես հատուկ եմ գրել այդ միջանկյալ նախադասությունը, որովհետեւ որոշ իմաստով ուրախությամբ եմ ընդունում, որ ինքս կայսրության փլվելու կրողն եմ՝ միաժամանակ լինելով հանրային ընդվզման ակտիվ մասնակիցը, չնայած որ պատանի էի։

Չեմ կարող այդ տողի կարեւորությունն անտեսել, որովհետեւ այդ տարիները անասելի հետք են թողել ինձ վրա, իմ սերնդակիցների վրա, ներազդել են, եղել մեր կյանքի մասը։ Եվ այսօր զարմանալի չէ արդեն, որ իմ սերնդակիցները ցանկացած անարդարության, բռնության հետ հաշտվել չեն կարող, որովհետեւ լարի վրա գտնվողի պես հիշում են այն փորձառությունը, որով ավարտվեց կայսրությունը, եւ ի հայտ եկան շատ նոր պրոցեսներ։

Այլ կերպ ասած՝ այդ նախադասությունը դիրքավորումն է, որին երբ հետադարձ հայացք եմ նետում, տեսնում եմ ահռելի ազդեցություններն ու փոփոխությունները․․․ Մինչեւ փլուզումը կային չբացահայտված, չպատմված բաներ, որոնք բացվեցին։

«Բացվածն» արտառո՞ց էր։

Գիտե՞ս՝ անգամ մեր տանը չեն խոսել, թե ինչ է կատարվել մարդու հետ մեծ կայսրության մեջ, ինչ է եղել ստալինյան ռեպրեսիաների ժամանակ, որի մեջ մեծացել ու ապրել են մարդիկ, ովքեր քո նախահայրերն են եղել։ Պարզվեց հանկարծ, որ համակարգին դեմ լինելը թաքուն ըմբոստություն է եղել՝ շատ թաքուն պատմություններով, որոնք երբեւէ բարձրաձայնելու հնարավորություն չի եղել մինչեւ կլիներ այդ պայթյունը։

Այդպես բացվեցին բոլորի տան, ընտանիքի պատմությունները, այդպես մենք էլ շոշափելու հնարավորություն ունեցանք այն, ինչ կրում էինք փաստորեն։

1994-95-ին «Հայֆիլմ» կինոստուդիայում պայմանագրային հիմունքներով նկարել ես դեբյուտային ֆիլմդ։ Այդ տարիներին ինչպե՞ս հաջողեցրիր․․․Այն էլ «Հայֆիլմի» հետ համատեղ։ Ֆիլմի նյութը ո՞րն էր։

«Հայֆիլմը» փլուզման եզրին էր, ինչպես տնտեսության այլ միավորները։ Հանկարծ հասկացել էինք, որ ժապավենով կինո կարող ենք նկարել ու ամեն բան անում էինք, որ այդ կինոն ստացվի։ Այդպես վաուչերներ էինք վաճառում, ինչ-որ միջոցներ հայթայթում։ Ֆիլմը Շառլ Բոդլերի «Չարի ծաղիկներ» ժողովածուի նյութի հիման վրա ստեղծվեց։

Ինչու՞ Բոդլեր։

Կինոյի սակրալ (սրբազան) պատկերացմանս դրսեւորումն էրայն պոետիկ, բանաստեղծական էր, իսկ Բոդլերը շատ հարազատ էր 90-ականների ոգուն։ Երեւի տարօրինակ կհնչի, բայց Բոդլերի ամեն տողին զուգահեռվում էր այդ օրերի Երեւանը, այդ օրերին Հայաստանը։

Հերոսական, տարօրինակ եւ գեղեցիկ ժամանակ էր, որն իր մեջ ավերակ ու խեղճություն էր ընդգրկում։ Ուզում էի բողոքի ձեւ գտնել երեւի․․․ Այդպես սկսեցի «զրուցել» Բոդլերի հետ։

Դադար

Մեր սերունդը փաստորեն առաջինն էր, որ Անկախությունից հետո մասնավոր-պետություն հարաբերության մեջ մտնելու փորձ արեց։ Այդպես 4-5 ընկերներով ամրագրեցինք, որ հնարավոր է, որքան էլ դժվար լինի․․․ Գաղտնիք ասեմ իմ ժապավենները գողացել էի ինստիտուտի ամբարից, եւ, կարծում եմ, այդպես էլ պիտի լիներ այն ժամանակ․․․ Այլ կերպ շատ բան հաղթահարել չէինք կարող։

Ինչպե՞ս հայտնվեցիր Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), որտեղ փաստորեն 20 տարի է՝ ինչ գործունեութուն ես ծավալում։

Պատճառը կամ առիթը նորից դեբյուտային ֆիլմն էր։ Այնպես ստացվեց, որ ֆիլմն ավարտելուց հետո անցա զինծառայության, երբ հետ եկա, ֆիլմը ցուցադրելու մեծ ցանկություն ունեի, բայց Երեւանում ոչ մի տեղ դա հնարավոր չէր, որովհետեւ որեւէ կինոթատրոն բնականոն գործունեություն չէր ծավալում․․․Ի վերջո Սէվ Հենդոն ասաց, որ ՆՓԱԿ տանեմ (1998-ի սկիզբն էր)։

Գնացի, խոսեցինք, ասացին, որ պատրաստ են ցուցադրել։ Պատկերացրու՝ շարժական կինոցուցադրման տեխնիկա բերեցինք, եւ ՆՓԱԿ-ում, կարելի է ասել առաջին ու վերջին անգամ, 35 միլիմետրանոց ժապավենով նկարահանված ֆիլմի պրեմիերա եղավ։ Այդպես ամփոփվեց շրջանը, ֆիլմն արխիվացրինք։ Մի քանի ամիս անց՝ արդեն 1999-ին, ինձ հրավիրեցին ՆՓԱԿ-ի գեղխորհրդի նիստին, որտեղ էլ հնչեց առաջարկը։

Կարո՞ղ ենք ասել, որ ՆՓԱԿ-ն այդ թվականներին, որպես արվեստի փորձառական կենտրոն, կղզու նման էր։

Ինձ համար թերեւս ամենակարեւորն այն էր, որ ՆՓԱԿ-ում ազատություն կար։ Մինչ այդ տարբեր փորձեր էի արել, քիթս ուր ասես խոթել էի, բայց բախվել էի կանոնների, պատերի, «ճշմարտությունների», որոնք ճնշումներ էին, որոնք զայրացնում էին, որովհետեւ տեսնում էիր՝ այն, ինչից այդքան ուզում էինք ազատվել, տեսականորեն փաստորեն դեռ կար։ ՆՓԱԿ-ն այդ իմաստով դարձավ այն տեղը, որտեղ փորձելու, սխալվելու, ազատությամբ պայմանավորված տարածք բացվեց։

90-ականներին շատերը գնացին Հայաստանից․․․ Այդ թվում՝ Սէվը։

Ցավոտ էր դա, բայց հետո՝ ինչ-որ պահից սկսած սովորական դարձավ։ Չգիտեմ ինչպես, բայց ներքին ըմբոստությանը փոխարինեց բանական հաստատումը այն իմաստով, որ մարդն ի վերջո ունի ընտրության հնարավորություն եւ կարող է հայտնվել մի այլ տեղ, չմնալ տարածքում, որտեղ իրեն չի զգում։

Դու ինքդ մտածե՞լ ես այստեղից գնալու մասին։

Անցյալ տարվա հունվար ամսին հասկացա, որ խեղդվում եմ, հարցադրումներ եղան՝ ինչու եմ այստեղ ապրում, ինչ է լինելու։ Բովանդազրկվել էր շատ բան, որովհետեւ միշտ եմ հետ պահել ինձ գնալու մտքից՝ ունենալով լավ առիթներ․․․․ Բայց պատրվակները կիրառելի չեն եղել, որովհետեւ սիրում եմ այս երկիրը։ Չեմ պատկերացնում ինձ առանց հայերենի, առանց լեզվի զգայունության այդ կարեւոր էներգիայի․․․

Անցյալ տարվա հունվարը սրեց կուտակումները, մտածեցի՝ երեխաներս ինչ են անելու, արդյոք ինձ նման քսան տարի շարունակ փողոց են դուրս գալու, էլի պայքարելու են․․․ Այսինքն սկսեց աշխատել տրադիցիոն ֆորմուլան, որը ներսում այսպես սահմանվեց «լավ, ես դիմացա, դիմադրեցի, շարունակում եմ այդկերպ, բայց երեխանե՞րս էլ նույնն անելու»։ Երբ արդեն բառիս բուն իմաստով հերթական ցիկլը փակելու մտայնության մեջ  էի, եղավ անցյալ տարվա ապրիլը․․․

Ակնկալիք ունեի՞ր, որ նման բան կլինի։

Բռնկվեցինք կայծից, չէ՞․․․ Շատերի մոտ էր պահը հասունացել, շատերն ինձ նման պատի առաջ էին, ու այդ իմաստով ուրիշ ձեւ չկար։

Ախր ոնց կարող էր տարիներ շարունակ այդպես լինել։ Չէի կարծում, որ անհատի պաշտամունք հնարավոր է, որովհետեւ ավելի բարձր կարծիք եմ ունեցել մեր, մեր պատմության ու մեր մշակույթի մասին։

Անհատի պաշտամու՞նք էր․․․

Գուցե ներսում ուրիշ բան կարող ենք ձեւակերպել, բայց գլոբալ աշխարհի համար պատկերն այսպիսին էրերկիր, որ տոտալիտար ռեժիմով է ապրում, որտեղ «թագավորը» միշտ ճիշտ է ու անբեկանելի։ Հիմա ո՞նց բացատրեմ իմ իսպանացի ընկերոջը, որ այդպես չէ, որ իրականում ներսում այլ բան է․․․ Ինքն իր տեսածին է չէ՞ հավատում։

Մինչ կանցնենք անցյալ տարվա իրադարձություններին, հիշեցի 2013-ի մեր զրույցը, որի նպատակը այդ տարվա «Մէկ քառակուսի մետր» փառատոնի ընթացքը ներկայացնելն էր։

Հիշու՞մ ես՝ ինչ զայրացած, ինչ հիասթափված էիր։ Հարցրեցի՝ ովքեր են ժյուրիի կազմում, ասացիր՝ ժյուրի չունեք, արտագաղթել են․․․ Հետո խնդրեցի՝ այդ տարվա փառատոնի առանձնահատկություններից խոսես, ասացիր՝ դե այս տարի նոյեմբերն ավելի տաք է, քան անցյալ տարվանը․․․

Ախ, հա․․․ Հիշում եմ, իհարկե։

Հիմնադրել ու տարիներ շարունակ իրագործել ես «Մէկ կադր» եւ «Մէկ քառակուսի մետր» փառատոնները, որոնք յուրահատուկ ինդիկատորների պես իրավիճակային պատկերներ են ստեղծել գոնե թե քեզ համար։

Այդ երկու փառատոնները միշտ էլ դիմադրության ձեւեր են եղել, դրանց միջոցով գոնե թե փոքր մի շրջանակի համար տեղ է բացվել մնալու, այստեղ մի բան անելու համար․․․ Մինչեւ անցյալ տարվա ապրիլ դիմադրության պես է գործելհիմա գուցե պիտի վերանայել, նոր մի ձեւակերպում տալ։

Գիտեի, որ անկախ հուսահատությունից, անկախ տիրող վիճակներից, կինոյի մարդը պիտի ունենա էկրանի հնարավորություն, թատրոնի մարդը, թեկուզ մեկ քառակուսի մետր պայմանականությամբ, պիտի ունենա տարածք․․․ Ինչ-որ իմաստով կարծրացած ֆորմուլաների, համընդհանուր մտածումը բեկելու փոքրիկ հնարավորություններ էին, տարածք, որտեղ կարելի էր սխալվել, ձախողվել, ոգեւորվել, ներկայանալ ուղղակի։  Ի վերջո դա հնարավորություն էր ստեղծում երկխոսության, որտեղ «չի կարելին» երբեւէ հնչելու հնարավորություն չուներ։

Կարծում եմ՝ տոտալիտար ռեժիմի համար երկխոսությունն ամենաանցանկալի հնարավորության ձեւն է։ Ի վերջո երկխոսության արդյունքում եզրակացություն գուցե լինի, խնդրականացման դրույթներ առաջ  գան, որը կբեկի համընդհանուրը, հաստատված ռեժիմը․․․

2012-ին «Գրողուցավ» կայքում հրապարակվեց այդպիսի մի երկխոսություն, որի հեղինակը դու էիր։ Գործող անձիք երկուսն էին․․․ Կարծես «Գոդոյին սպասելիս» լինեին, տպավորությունս այդպիսին էր։

Հա, «Բառերն ընդդեմ բառերի կամ բորենիներ»դրա մասին ես ասում։

Բ․- Հին, ճմռթված թերթեր են, կարդացած կլինես։ Մի հինգ տարի առաջ եմ առել: Ժամանակ առժամանակ ծոցագրպանիցս հանում եմ, մի քիչ ճմրթում ու նորից տեղը դնում:

Ա. - Աչքիս, նասկիս ծակվել ա:

Բ. - Կամ քրտնել ես, կամ կոշիկդ ա մաշվել:

Ա. - Կոշիկն ի՞նչ կապ ունի:

Բ. - Մաշվելուց մեխերը դուրս են գալիս:

Հիմա, երբ զրույցն այսպես ծավալեց, երկխոսության կարեւորությանը հասանք, երկու ընկերների այս դիալոգը կարդալու նոր ցանկություն առաջացավ։

Տեւական երկխոսության բացակայության արդյունք էր այս գրվածքը։ Շատ երկար ժամանակ ենք դադար տվել, եթե անգամ խոսել ենք, չենք կարողացել առանց բռնության, առանց ագրեսիայի խոսել։ Լսելու մասին էլ չեմ ասում․․․ Չգիտեմ՝ ոնց ենք ժառանգել նման բան, որտեղից, ինչ շերտեր են։ Ամեն դեպքում համոզվել եմ, որ երկխոսությունների բացակայությունը նախ պայմանավորված է եղել բռնությամբ փակելու մղումներով։

2017-ին «Ոսկե ծիրան» կինոփառատոնում «Լսիր ինձ» ֆիլմիդ ցուցադրումը բացառելու շուրջ մեծ աղմուկ բարձրացավ։ Չցուցադրվեց ոչ մի միայն ֆիլմդ, այլ նաեւ ամբողջ ծրագիրը չեղարկեցին։

Ի՞նչ ես կարծում՝ «լսողի» բացակայության հետեւանք էր, որ ֆիլմն այդպիսի ճակատագիր ունեցավ, թե լսողը կար, եւ մերժումն այլ բանով էր պայմանավորված։

Իմ կարծիքով հանրության մեծ մասը պատրաստ է լսել, եթե իրեն չեն պարտադրում վախեր, ինչ-որ անհանգստություններ։ Հա, հանրությունը ընդունակ է լսելու, ծանոթանալու, վերլուծելու, ի վերջո առանց հիստերիաների նաեւ խոսելու․․․ Հարցը նորից միջամտված երկխոսությանն է վերաբերումայդ երկխոսությունը անհնարին դարձնելու մղումն է առաջ գալիս։

Հա, կա շրջանակ, որը տվյալ թեմայի դիմաց պատ է շարում, եւ դա էլ է նորմալ, ինչ-որ առումով դիրքորոշում է, խոսք է։ Աննորմալն այն է, որ ինչ-որ նեղ շրջանակ հավակնում է թելադրողի դերում հանդես գալ եւ պարտադրել։ Ահա այստեղ է բախումըորեւէ մեկը իրավունք չունի բռնանալ ազատ մտքի վրա, իրավունք չունի սեփական դիրքորոշումը պարտադրել որպես հաստատված, համընդհանուր մոտեցում, կարծիք։

Այսինքն ֆիլմը չցուցադրվեց, որովհետեւ գրաքննությու՞ն եղավ։

Տարբեր հասցեներ գնացին, անհասկանալի փաստարկներ բերվեցին, բայց բոլոր փաստարկներն ու հասցեները թույլ էին, մտացածին, հնոտի ու բորբոսնած, արտահայտություններ, որոնք ուղղակի ծիծաղ էին առաջացնում։

Վերջնարդյունքում պատկերն այսպես է դառնումգրանցել ենք բռնության ակտ նախ «Ոսկե ծիրան» փառատոնի հանդեպ, ապա ֆիլմում ներկայացող մարդկանց հանդեպ, իրենց ազատ արտահայտման իրավունքի հանդեպ, թեմայի հանդեպ․․․ Եվ ի վերջո գրանցել ենք բռնության ակտ արվեստի հանդեպ։

Ուզում եմ՝ ճիշտ հասկանասխնդիրն այն չէ, թե որքանով էր հաջողված ֆիլմը, արվեստային ինչ արժեք ուներ․․․ Հարցը հետեւյալն էեթե կա որեւէ ֆորում, որեւէ փառատոն ընտրություն է անում եւ ցուցադրման ցանկություն ունի, այլեւս չի կարող մարդու կամ մի խումբ մարդկանց պահանջով բացառել այդ ֆիլմը եւ/կամ ամբողջական ծրագիրը։

Հայաստանում պաշտպանության կարիք զգացե՞լ ես։

Ավելի ճիշտ կլինի ասել, որ միշտ պաշտպանելու կարիքն ու անհրաժեշտությունն եմ զգացել։ Այդ իմաստով Հայաստանում բարությունը պաշտպանելու անհրաժեշտություն կա, մարդասիրությունը պաշտպանելու կարիք կա․․․Հանրությունը պիտի բացահայտ ընդունի, չկասկածի եղած դրականի վրա։

Անցյալ տարվա ապրիլ-մայիս ամիսներին այդ կասկածները նահանջե՞լ էին։

Ֆանտաստիկ էր անցյալ տարվա ապրիլ-մայիսը․․․ Սերը, ջերմությունը, միմյանց նման լինելը․․․

Նմա՞ն էինք միմյանց, փաստորեն։

Հա, «անտանելի» լավն էինք։

Քո ու Հայաստանի հարաբերությունների մասին խոսենք։

Օրգանական կապ է, իրար լրացնող ու կպած ենք։ Ասացի, որ ուրիշ տեղ երբեք չտեսա ինձ, որովհետեւ սիրում եմ իրեն։ Ես գյուղից եմ գալիս, քաղաքում չեմ մեծացել, գիտեմ հողը, մարդուն, այնպիսի մանրամասնություններ, որոնք կապել են ինձ այստեղին, եւ, որոնք բախտավորության պես եմ ընդունում։

Հարաբերությունը կապվածությու՞նն է, թե՞ ճանաչելու արդյունքը։

Կյանքն է ի վերջոճանաչելը հո կողքից չի՞ լինում։ Նոր հագուստը ո՞նց էլվանում ես, արդուկում, ճանաչում իր առանձնահատկութունները, ու իմանում ես, որ կարող ես առանց արդուկել էլ հագնել ու դուրս գալ փողոց։

Եթե հովեկի պես ես ապրում քո երկրում, տխուր պատմություն է։ Տեղդ կամ սիրում ես, կամ չէ․․․ Անտեսել չես կարող։

Բալկոնի նախորդ զրուցակիցս ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանն էր։ Երբ խոսում էինք թատրոնի եւ կինոյի մասին, ասաց՝ զարմանում է, երբ իրեն հարցնում են «հայկական կինոյի» կամ «հայկական թատրոնի» մասին, որովհետեւ ինքը կարող է խոսել կինոյի մասին, որ ստեղծվում է Հայաստանում, կամ ներկայացման, որ բեմադրվում է Հայաստանում, բայց, որպես այդպիսին, չի կարող դրանք «հայկական» կինո կամ թատրոն անվանել, որովհետեւ փաստացի չկա այդ ավանդույթը։

Դու, որ 17 տարի շարունակ եւ թատրոնի, եւ կինոյի զարգացումներին հետեւում ես, ի՞նչ կասես այս առիթով։

Կա սովետահայ կինո, ու դրանից հետո կա մի բան, որին վերագրումներ անել չես կարող։ Որպես արտադրություն իհարկե ունենք նման բան, բայց որ լայնորեն ճանաչելի ֆորմուլա, տրադիցիա ունենա․․․ Չենք կարող ամրագրել այդպիսի պնդում։ Անկախությունից հետո նման բան չի ձեւավորվելկան անհատներ, ովքեր իրենց սուբյեկտիվ պատկերացումներով ստեղծում են կինո, էքսպերիմենտ են անում հաճախ, բայց դա չի կարող ամբողջանալ «հայկական կինո» հասկացությամբ։

Նույնը թատրո՞նն է։

Եթե ասենք «հայկական թատրոն», կնշանակի՝ ինչ-որ լեզու կա, դոմինանտ պատկեր, որը հենց մեր թատրոնին է բնորոշ։ Դե օրինակ ո՞րն է այդ լեզուն ես չունեմ պատասխան։ Հասցեական, կոնկերտ մեզ վերաբերող արտառոց բան չկա, կարծում եմ։

Ի տարբերություն կինոյի, թատրոնը պահպանվեց շենքով, կոլապսի մեջ հայտնվեց, հետո ինքնաստեղծման, վերանայման փորձեր արեց եւ շարունակում է այդկերպ, իսկ կինոն լրիվ փլատակների մեջ հայտնվեց․․․ Նոր-նոր  ինչ-որ գործիքներ են ստեղծվում, որոնք գուցե ապահովեն արտադրանքը, շուկայական հարաբերությունները, համատեղ կինո նկարելու փորձերը։ Երեսուն տարին այս իմաստով ուղղակի կորցրեցինք։

Բայց նյութը պահպանվել է․․․

Նյութը ամեն օր կա, ամեն օր ծնվում է, խնդիրն այլ է․․․ Այս ռիթմերի մեջ երբեմն մի քանի ժամվա մեջ թեման սպառվում է, այլեւս դժվարանում ես առանձնացնել այն պատմությունը, որը կարեւոր է, որը բնութագրող է։ Ժամանակը հիմա գրականության, կինոյի, առհասարակ արվեստի հետ կռիվ է տալիս, որովհետեւ պիտի հասցնես բռնել տեղի ունեցածի մեխը, լեզու դարձնես, արվեստի գործի վերածես։

Ամեն դեպքում պատկերն ամբողջացնելու համար ուզում եմ հարցնել՝ ապրումը տեղով պայմանավորված է, թե չէ։

«Պայմանավորված» բառն է ինձ խանգարում։ Կասեմ՝ ապրումը տեղի ու իմ միջեւ առաջացած ներդաշնակության հետ կապ ունի։ Եթե տեղի հետ կոնֆլիկտ ունես, ապրել չի լինի։

Բայց տեղից բացի համակարգ կաայն քեզ խանգարու՞մ է։

Մենք իդեալիստներ ենք․․․

Մենք՝ ո՞վ․․․ Մենք՝ մա՞րդը, թե՞ մենք՝ հայերս։

Մենք՝ մարդը, եւ մենք՝ հայերս։

Դեռեւս չկա մի համակարգ, որը մարդուն լիարժեք զգալու, լիարժեք դրսեւորվելու ազատություն կտա։ Այս իմաստով գուցե միշտ էլ համակարգին դեմ ես գնում, բայց մարդն ուրիշ մի հորինվածք չունի, որը կկարգավորի իր եւ ուրիշի, իր եւ պետության, շատ ու շատ այլ հարաբերություններ։ Գուցե զարգացման պրոցեսի մեջ է այս ամենը, չգիտեմ։

Բայց զարգացումները թվում է, թե համակարգն են հենց ամրապնդում։

Տես՝ գործիքները բազմաբնույթ են դառնում, ստացվում է այնպես, օրինակ, որ մարդն իրեն սպառող չի ընկալում, կամ, եթե նույնիսկ ընկալում է, համընդհանուր պատկերը հանգստացնում է, բնականոն է իրեն զգում։ Ի վերջո աշխարհում չմնաց մի տեղ, որտեղ ոտնահետք չկա։

Համաձայն եմ։ Մարդկությունն առհասարակ սարսափելի փուլում է։ Առանց դադարների այս հոսքը կարող է հանգեցնել երկու ծայրահեղության գուցե․․․ Ի վերջո քաղաքակրթությունը կարող է գնալ դեպի անունդը, կամ էլ հանկարծ կհասկանանք ամենապարզ ճշմարտությունը՝ մարդ լինելու արժեքը։

Բացարձակ արժեքն ի վերջո մարդն է, ումից զգուշանալ պետք չէ, սիրել է պետք իրեն։

Զգուշանու՞մ ենք սիրելուց։

Միտքս այն էր, որ այդ սիրելու հարցում պիտի զգույշ լինենք, պատասխանատվություն զգանք։ Եթե զուտ զգուշանում ենք իրարից, պաշպանվում ենք իրարից, գերադասելու եւ ստորադասելու ձեւեր ենք մշակում, ուրեմն գնալով հեռանում ենք, բաժանվում ենք, սեր չկա։

Նորից հանգում ենք երկխոսության կարեւորության մտքին։ Եթե «մաքուր» երկխոսությունն անհնարին է, ուրեմն միջամտությունները հանգիստ կերպով կարող են ստեղծել արգելքները, սահմանափակումները, կարող են հեռացնել ու բաժանել  մեզ իրարից։

Հա, ցավոք, մարդը ստիպված է ջանք գործադրել, որ հասկանա տողատակը, փորձի այդ կերպ ապահովել իր դիրքը սանդղակի մեջ։

Բոդլերը «վատ» ապակեգործին գլորեց աստիճաններով՝ բղավելով «կյանքը գեղեցկորե՜ն» միայն այն բանի համար, որ վերջինս համարձակվել էր աղքատների թաղամասում անգույն ապակիներ վաճառել՝ գունավորների փոխարեն․․․

Պարզագույն արարքներն ու գործողություններն անտեսվում են փաստորեն, երբ չկա երկխոսություն, որից եզրակացություն կանեինք։

Հակառակին ուղղված բոլոր ավելորդ ջանքերը ավելի են հեռացնելու մեզ իրարից, երբ «կյանքը գեղեցկորեն» արտահայտության հաստատումն այնքան պարզ ու հեշտ կարող էր լինել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter