HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անկախությունից հետո հայ պատմաբաններն այլեւս կաղապարված չեն ռուս իրականությամբ

Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում ընդգրկված գիտական ինստիտուտների մասին հոդվածաշարը եզրափակում ենք Պատմության ինստիտուտով:

Պատմության ինստիտուտը ԳԱԱ հաստատությունների մեջ ամենահներից է: Չնայած դրա հիմնադրման տարեթիվ է համարվում 1943-ը, երբ կազմավորվել է նաեւ ակադեմիան, դեռ 1932-ին ստեղծվել էր Կուլտուրայի պատմության ինստիտուտը, որի հիմքի վրա 1935-ին հիմնվել էր ԱրմՖԱՆ-ը, իսկ դրա կազմում էլ գործում էր Պատմության եւ գրականության ինստիտուտը: ՊԻ-ն յուրահատուկ է նրանով, որ առաջին տնօրենը եղել է հենց ակադեմիայի նախագահը՝ պատմաբան, արեւելագետ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելին: Ինստիտուտը նաեւ միակն է, որ ունի իր սեփական տպարանը:

ՊԻ-ն զբաղվում է հայ ժողովրդի պատմության բոլոր ժամանակաշրջանների ուսումնասիրությամբ: 2002-ից ինստիտուտը ղեկավարում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

*Քարտեզի վրա նշված են ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտները: Սեղմելով նշանների վրա՝ կարող եք տեսնել տվյալ ինստիտուտի անունն ու դրան վերաբերող «Հետքի» հոդվածի կարճ հղումը: 

1943-ից մինչեւ 1970-ականները ինստիտուտը գտնվում էր Երեւանի Աբովյան փողոցում, որտեղ նաեւ ակադեմիան էր, իսկ երբ 70-ականների սկզբին շահագործման է հանձնվել Բաղրամյան պողոտայում գտնվող ներկայիս բարձրահարկ շենքը, որտեղ պետք է տեղակայվեր նաեւ ՊԻ-ն, վերջինիս տնօրեն, ակադեմիկոս Գալուստ Գալոյանը հրաժարվել էր՝ պատճառաբանելով, որ շենքը սեյսմակայուն չէ:

068A9694.jpg (118 KB)

Այժմ պատմաբանները զբաղեցնում են այդ բարձրահարկի 7-9-րդ հարկերը, իսկ առաջին հարկում ունեն դահլիճ, որը կահավորվել է Մեսրոպ արք. Աշճյանի օժանդակությամբ: Բացի ինստիտուտի աշխատանքային ժողովներից՝ այդտեղ դասեր է անցկացնում նաեւ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը: Շենքի երկրորդ հարկում էլ ինստիտուտի տպարանն է, որը հիմնվել է 15 տարի առաջ:

Հրապարակումները՝ ամենամեծ ձեռքբերում

Ա. Մելքոնյանի խոսքով՝ իրենց աշխատակիցներից ոչ մեկի գիրքն առանց տպագրության չի մնում դարակում: Տարեկան մոտ 40 մենագրություն են տպագրում, 200-ից ավելի հոդված: Վերջիններս հրատարակվում են նաեւ օտար լեզուներով, տարի է եղել, երբ 50 տոկոսն այլ լեզուներով է եղել:

068A9650.jpg (117 KB)

«Մեր ամենամեծ ձեռքբերումներն այս հրապարակումներն են, եւ կարող եմ ասել, որ հումանիտար ու հայագիտական ինստիտուտների մեջ՝ նույնիսկ բուհական համակարգը հաշված, ամենաարդյունավետ հաստատությունը մենք ենք: Բարձրագոչ կհնչի, բայց այդպես է: Համաշխարհային 10 հազար գիտահետազոտական ինստիտուտների մեջ մենք 6 հազարի մեջ ենք, Հայաստանում զիջում ենք միայն Ֆիզիկայի ինստիտուտին»,- ասում է Աշոտ Մելքոնյանը:

068A9658.jpg (87 KB)

Տնօրենն ինստիտուտի հիմնական աշխատանքը համարում է կոլեկտիվ մենագրությունները, որոնց շարքում առանձնացնում է օտար աղբյուրների մեջբերմամբ Հայաստանի եւ հայերի մասին շարքը, նաեւ՝ հայ մամուլի պատմության, հայ գաղթաշխարհի, Հայոց Ցեղասպանության խնդիրների մասին մենագրությունները:

Իրենց գլխավոր գիտական արդյունքը, «Հետքի» զրուցակցի ասելով, ժամանակին եղել է հայ ժողովրդի պատմության 8-հատորյակի հրատարակումը 1967-1981 թթ., որը պետական մրցանակի էր արժանացել: «Իհարկե, խորհրդային տարիներին բազմաթիվ հարցեր դրվում էին գաղափարախոսական կաղապարների մեջ, եւ անաչառ պատմությունը հատկապես նոր եւ նորագույն շրջանների մասին ընկալել հնարավոր չէր»,- նկատում է ակադեմիկոս Մելքոնյանը: Այս առումով կարեւոր է, որ ՊԻ-ն 2010-ից նախաձեռնել է հայոց պատմության 4 ժամանակաշրջանները (հին, միջին, նոր եւ նորագույն) ներկայացնել 8 գրքով՝ յուրաքանչյուր ժամանակաշրջանին հատկացնելով 2 գիրք: Արդեն լույս է տեսել 6 գիրք, այս տարի տպագրվել է 2-րդ հատորի առաջին գիրքը (301-885 թթ.), մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի նաեւ 1-ին հատորի երկրորդ գիրքը (մ.թ.ա. 860-մ.թ. 301 թթ.):

068A9687.jpg (107 KB)

Ա. Մելքոնյանը շեշտում է, որ հարցերի հարցը հայոց պատմության վաղագույն ժամանակաշրջանն է, որի վերաբերյալ տարակարծությունները շարունակվում են գիտական շրջանակներում նույնիսկ ինստիտուտների մակարդակով, բայց վերջին շրջանում ընդհանուր հեռանկար է նկատվում:

«Գաղտնիք չէ, որ խորհրդային տարիներին ռուս իրականությունն էր եղանակ ստեղծում ԽՍՀՄ-ում. միութենական հանրապետությունների պատմությունը գրվում էր ըստ Ռուսաստանի պատմության: Մեր կամ Միջին Ասիայի ժողովուրդներից տաջիկների պատմության պարագայում նման բան անելը հակագիտական էր: Չնայած մենք հնագույն շրջանից գոյություն ունենք, մեզ պարտադրում էին, որ լավագույն դեպքում հայոց պետականության եւ հայ ժողովրդի կազմավորման շրջան համարենք մ.թ.ա. 2-րդ դարը, այսինքն՝ Արտաշեսի դարաշրջանը: Սա, իհարկե, ծիծաղելի է, քանի որ դրա նախորդ շրջանը կա՝ Երվանդական Հայաստանը, Արարատյան կամ Վանի թագավորությունը, դրանից առաջ ունենք Արատտայի պատմություն, Հայասա-Ազզի, Արմենի-Շուպրիա, Էթիունի, Դայա, Նաիրի եւ այլ պետական կազմավորումներ, եւ անկախության շրջանում հնարավոր եղավ մեր վաղագույն պատմությանը գիտական մակարդակով անդրադառնալ»,- բացատրում է ակադեմիկոս Մելքոնյանը:

Ըստ նրա՝ այս հատորները մեծագույն նվեր կլինեն հայ հասարակությանը: Դրանք տպագրվել են 4 հազ. օրինակով, նաեւ նվիրել են բոլոր դպրոցներին, 500 օրինակ էլ՝ ՊՆ-ին: Թեեւ գրախանութներում եւս այս գրքերը կան, Ա. Մելքոնյանն ասում է, որ զարմանալիորեն մարդիկ փնտրում են էլետրոնային տարբերակները:

Ցեղասպանության հարցը պետք է տեղափոխել իրավաքաղաքական դաշտ

ՊԻ-ի առանցքային գիտական խնդիրներից մեկը Հայկական հարցն ու Հայոց Ցեղասպանությունն այսօր որպես գիտական հարց եւ քաղաքականություն ներկայացնելն է: Մեր զրուցակիցը նկատում է, որ իրենք հայեցակարգային առումով խնդիրը դրել են նոր հարթության վրա՝ այսօր ոչ միայն պետք է կանգ առնել Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրի, այլեւ, դիվանագիտական ձեւակերպմամբ, հետեւանքների վերացման, իսկ ուղղակիորեն՝ պահանջատիրության եւ հատուցման վրա: Գիտնականը նշում է, որ «ցեղասպանություն» տերմինը չի բավարարվում միայն էթնիկ, ազգային հողի վրա սպանությամբ: Հայերի պարագայում այն նաեւ հայրենազրկում էր, այսինքն՝ եւս մեկ հանցագործություն. եթե ազգային պատկանելիության համար դու մարդկանց ոչ միայն ֆիզիկապես ես ջնջում, այլեւ զրկում ես հայրենիքից, դա ենթադրում է ողջ մնացած հատվածի ցեղասպանության շարունակություն:

068A9669.jpg (86 KB)

Այս առումով Ա. Մելքոնյանը շեշտում է թեկուզ փոքր տարածքով Հայաստանի գոյության կարեւորությունը ազգապահպանման գործում: Նրա համոզմամբ՝ խնդիրը զուտ ճանաչումից պետք է տեղափոխել իրավաքաղաքական դաշտ, ինչպես Գերմանիայի պարագայում տեղի ունեցավ նյուրնբերգյան դատավարությունը, որի արդյունքում գերմանացիները հարյուր միլիարդավոր դոլարներ են վճարել հրեաներին: Այնինչ մեր պարագայում ոչ միայն հատուցում չի եղել, այլեւ ներողամտություն չի հայցվել մեզնից: Պատմաբանն ասում է, որ թուրքերը վախենում են խնդիրն իրավաքաղաքական դաշտ տեղափոխելուց:

Ցածր աշխատավարձն ստիպում է հեռանալ

ՊԻ-ն ակադեմիայի մյուս ինստիտուտների պես սերնդափոխության խնդիր ունի: Տնօրենն ասում է, որ երիտասարդներն իրենց մոտ հասունանում են, սակայն միջին տարիքից հետո սոցիալական խնդիրների պատճառով ստիպված են լինում դուրս գալ:

068A9666.jpg (76 KB)

Ինստիտուտը կադրային դժվարություններ ունի հին եւ միջնադարյան Հայաստանի պատմության հարցերում: Առհասարակ այս ժամանակաշրջանի ուսումնասիրությունը ենթադրում է բարձր լեզվաիմացություն՝ լատիներեն, հունարեն, ասորերեն, արաբերեն, որոնք սովորելու համար պետք է անցնել պետերբուրգյան, եվրոպական, արեւելքի երկրների դպրոցները: Բայց հարցն այն է, որ այդ լեզուներին տիրապետող երիտասարդներն էլ ստիպված են կա՛մ համատեղել աշխատանքը, կա՛մ հեռանալ գիտությունից՝ դեսպանատներում կամ այլ տեղերում ավելի բարձր վարձատրվելու համար: Ինստիտուտի գիտաշխատողներից մեկն, օրինակ, գործի է անցել Հունաստանի, մյուսը՝ Եգիպտոսի դեսպանատանը:

ՊԻ աշխատողներ
Infogram

Ա. Մելքոնյանի կարծիքով՝ կառավարությունը պետք է մտածի ոչ թե ինստիտուտներն օպտիմալացնելու, այլ ուղղությունները զարգացնելու մասին: Նրա խոսքով՝ կգա մի ժամանակ, երբ հին շրջանի հայոց պատմությունը մարդիկ չեն ցանկանա ուսումնասիրել: Դրա համար նաեւ գրաբար իմանալ է պետք, մինչդեռ այսօր շրջանավարտները գրաբար (հատկապես՝ տեքստային գրաբար) չգիտեն: Պատմաբանն իբրեւ խնդրի լուծում անհրաժեշտ է համարում ասպիրանտուրա ընդունվողներին որոշակի պահանջներ ներկայացնելն ու ընդունվածներին պատշաճ թոշակ տրամադրելը:

068A9665.jpg (105 KB)

Տնօրենը միաժամանակ նկատում է, որ նոր եւ նորագույն պատմության մասնագետներ շատ կան, քանի որ արխիվային նյութերը շատ են, պատմությունն ուսումնասիրելն ու որեւէ բան հրատարակելը խնդիր չէ: Միջին դարերն ուսումնասիրողներ եւս ունեն, բայց, ըստ Ա. Մելքոնյանի, ամեն վայրկյան ահուվախի մեջ են, թե կգան, կասեն, որ հեռանում են: Ասում է՝ նախկինում քանի որ Մատենադարանում բարձր աշխատավարձ էին տալիս, իրենց աշխատակիցների մի մասը «փախչում էր» այնտեղ: Ինստիտուտում միջին «մաքուր» աշխատավարձը 70 հազար դրամ է:

Ահա ՊԻ-ի պետական ֆինանսավորումը 2012-2017 թթ.: Տվյալները վերցված են պետբյուջեի մասին օրենքների հավելվածներից:

ՊԻ
Infogram

Ներկայացնենք նաեւ վերջին 3 տարիներին ստացված գումարները՝ ՊԻ-ի տվյալների համաձայն:

PI-finance.jpg (28 KB)

ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնն ունի պատմության եւ միջազգային հարաբերությունների ամբիոն, որը տարեկան 15-20 մագիստրոս է պատրաստում: ՊԻ-ն ունի նաեւ ասպիրանտուրա, սակայն Ա. Մելքոնյանն ասում է, որ գիտության ցածր ֆինանսավորման պատճառով շրջանավարտները գիտության փոխարեն ձգտում են մտնել պետական ապարատ կամ բիզնես: Ըստ տնօրենի՝ տարիներ առաջ ասպիրանտն ընդամենը 5 հազար դրամ թոշակ էր ստանում, իսկ երբ դիմել էին նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, այն դարձել էր 30 հազար դրամ: Հիշում է, որ եթե իրենց ժամանակ ասպիրանտն իրավունք ուներ տարեկան մեկ ամսով պետության ֆինանսավորմամբ գործուղվել Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ՝ տեղի արխիվներից օգտվելու, ապա այսօր ՊԻ-ն ասպիրանտին անգամ Գյումրի կամ Ստեփանակերտ չի կարող գործուղել միջոցներ չունենալու պատճառով: Ակադեմիկոսն այս հարցը բարձրացրել է ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանի հետ հանդիպումներում՝ նշելով, որ եթե պետությունը որակյալ ատենախոսություններ է պահանջում, ապա պետք է նաեւ ֆինանսապես ապահովի նրանց ուսումնական գործընթացը, հնարավորություն ընձեռի օգտվել այլ երկրների արխիվներից:

Տեղական եւ միջազգային համագործակցություն

Գրել էինք, որ Արեւելագիտության ինստիտուտն ակտիվորեն համագործակցում է դիվանագիտական կառույցների հետ: Պարզվում է՝ նման փորձ ունեցել են նաեւ պատմաբանները: Աշոտ Մելքոնյանն ասում է, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի օրոք (1998-2008 թթ.) ՊԻ-ն համագործակցում էր ԱԳՆ-ի հետ, բայց հետո կապն ընդհատվել է: Փոխարենը պատմաբաններն աշխատում են ՊՆ-ի, ԿԳՆ-ի, մշակույթի, սփյուռքի նախարարությունների հետ:

068A9663.jpg (139 KB)

10 տարի ՊՆ-ի հետ ծրագիր են իրականացրել՝ այցելել են զորամասեր ու հայոց պատմության դասախոսություններ կարդացել: Ներկայում այն, կարծես, փոքր-ինչ սառել է: Մեր զրուցակիցը հիշում է, որ ժամանակին այս նախաձեռնությունը քննադատության ենթարկվեց, թե դա ինստիտուտի ինչ գործն է, բայց հակադարձում է, թե պատերազմի մեջ գտնվող ժողովրդին պետք է նաեւ գաղափարապես զինել: Սփյուռքի նախարարությունից էլ պետպատվերի շրջանակում թեմայի առաջարկ էին ստանում, որի վերաբերյալ այնուհետ մենագրություն էր տպագրվում: Ինստիտուտում ակնկալում են, որ նախարարության փակվելուց հետո այս ծրագիրը կշարունակվի արդեն հանձնակատարի գրասենյակի հետ:

Ինստիտուտն ակտիվորեն մասնակցում է միջազգային ֆորումներին: 2006-ից ՊԻ-ն ԱՊՀ երկրների պատմաբանների ընկերակցության հիմնադիր-անդամ է, իսկ 2017-ից անդամակցում է 1908 թ. Փարիզում ստեղծված Պատմաբանների միջազգային կոնգրեսին, որի կազմում հետխորհրդային երկրներից միայն Հայաստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչներ կան:

Գիտնականի առաջարկը կառավարությանը

Ակադեմիկոսն ուշադրություն է հրավիրում կառավարության, ԱԺ-ի հայեցակարգային ծրագրերին, որտեղ, ասում է, «հայագիտություն» բառը չես գտնի, այնինչ դա գաղափարախոսություն ձեւավորող ռազմավարական ուղղություն պետք է լինի մեզ համար: Նա նաեւ խորհուրդ է տալիս գործադիրին, որ օպտիմալացման անվան տակ հանկարծ չփորձեն քանդել կայացած կառույցները, ինչն անդառնալի կորուստ կլինի գիտության համար (ըստ մեր զրուցակցի՝ խոսակցություններ կան Արեւելագիտության, Հնագիտության եւ ազգագրության, Արվեստի ու Պատմության ինստիտուտները միավորելու մասին): Մելքոնյանը համոզված է՝ միավորումը կնշանակի վերադարձ 1930-ականներ՝ ԱրմՖԱՆ-ի ժամանակներ, այսօրվա ինստիտուտներն էլ կդառնան բաժիններ: Ըստ գիտնականի՝ սա կլինի խայտառակություն, քանի որ կստացվի, որ արեւելագիտության բաժինը պետք է ունենա մի թուրքագետ, մի պարսկագետ, մի քրդագետ… Մինչդեռ այդ ոլորտների ուսումնասիրության համար առանձին բաժիններ պիտի լինեն, ինչպես հիմա:

068A9703.jpg (289 KB)

Աշոտ Մելքոնյանն առանձնացնում է այն, որ պետությունը պետք է խնդիր առաջադրի գիտական կառույցներին, ներկայացնի, թե իրեն ինչ է անհրաժեշտ, որի շուրջ էլ գիտնականները կսկսեն զբաղվել: «Ցավոք սրտի, կար թյուր տեսակետ, թե ֆունդամենտալ գիտությունը փոշիացնում է միջոցները՝ առանց հասկանալու, որ երբ այսօր այդ միջոցները ներդրվում են, արդյունք են տալիս տասնամյակներ անց,- ասում է պատմաբանը,- երբ մեր նախորդ վարչապետներից մեկն ասաց, թե «օտդաչա» չկա, գիտնականներից մեկը ոտքի կանգնեց, ասաց՝ պարոն վարչապետ, Վռամշապուհ արքան Մեսրոպ Մաշտոցին հարցրե՞լ էր, թե հայոց գրերը ստեղծելիս «օտդաչան» որը պիտի լինի»:

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter