HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Ջրաձոր» փոքր հէկ-ի արտադրության լիցենզիան դադարեցնելու պահանջը հասել է դատարան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դիմել է Վարչական դատարան «ԱՆԻ» ԲԲԸ-ին տրամադրված «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու պահանջով:

Նշենք, որ հանձնաժողովն ընկերությանը էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա է տրամադրել 2009 թվականի հուլիսի 15-ին:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայցադիմումը դատարան է մուտքագրվել երեկ:

«Հետք»-ը «ԱՆԻ» ԲԲԸ-ի և իրավապահ մարմինների միջև ծագած մեկ այլ վեճին անդրադարձել էր դեռևս մարտին: Այն վերաբերում էր 2017 թվականի ապրիլի 13-ի որոշմանը: Դրանով Կառավարությունը որոշել էր 30 միլիոն դրամով «ԱՆԻ» ԲԲԸ-ին օտարել Ջրաձոր ջրանցքը, դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը, 7060 քառ. մետր թունելը, ինչպես նաև ջրանցքը սպասարկող կառուցվածքները։

Սակայն Հայաստանում կատարված իշխանափոխությունից հետո Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմը ուսումնասիրել էր գործարքը և պարզել, որ գույքի իրական արժեքը վաճառված գնից մոտ տասն անգամ ավելի է. դրա շուկայական արժեքը ոչ թե 30 միլիոն դրամ է, այլ մոտ 245 միլիոն դրամ, և որ ընկերությունը Պետական գույքի կառավարման կոմիտե կեղծ փաստաթղթեր է ներկայացրել: 

Ընկերության խորհրդատու, սեփականատիրոջ որդի Մեսրոպ Մանուկյանը հակադարձել էր կոմիտեի այս դիտարկումներին և մեզ հետ զրույցում պնդել, որ կոմիտեն ամբողջությամբ չի ուսումնասիրել օտարման գործարքի պայմանները, գույքը վերագնահատողները չեն եկել տարածք, վերագնահատում կատարել և այդ գործընթացը շոու դարձրել:

Ընկերությունը հավաստիացրել էր, որ «ԱՆԻ» ԲԲԸ-ն պատրաստ չէ Ջրաձորի ջրանցքի օտարման համար հավելյալ վճարել, և եթե գործարքը վերանայվի և ուժը կորցրած ճանաչվի, պետությունը տարեկան մոտ 280 միլիոն դրամի վնաս կկրի։ Իսկ եթե քննության ավարտից հետո որոշվի, որ ընկերությունը վերագնահատված արժեքի համար պետք է լրացուցիչ վճար կատարի, Մեսրոպ Մանուկյանը հավաստիացրել էր՝ չեն վճարելու և պահանջելու են իրենց ներդրած 88 միլիոն դրամը՝ գույքը պետությանը հետ վերադարձնելով։

Մեսրոպ Մանուկյանը հակադարձել էր նաև այն մեղադրանքներին, թե Կառավարության 2017 թվականի որոշմանը միջնորդել էր ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ում մոտ 2012-2017 թվականներին աշխատել է որպես օգնական։ Վերջինս պնդել էր, որ գործարքում Գրիգորյանը որևէ միջնորդություն չի ունեցել։

Մանուկյանը հայտնել էր, որ Կառավարության 2017 թվականի որոշման շրջանակներում պետք է 15 տարվա ընթացքում ջրանցքի բարեկարգման համար 540 միլիոն դրամ ներդնել, որից հետո ջրի կորուստը նվազելու էր, իրենց հէկ-ը առավել շատ հոսանք արտադրելու՝ մեծացնելով վճարվող հարկերը:

Մեկնաբանություններ (1)

Զոհրաբ Հովհաննիսյան
ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԲՈԼՈՐ ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐՈԿԱՅԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի ամբողջ տարածքում, սրանց վնասակարությանը դեռևս գնահատական չի տրվել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter